comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍԱ ՀԻՇԱՏԱԿ ԵՎ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ՍԱ ՀԻՇԱՏԱԿ ԵՎ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ Է

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունն առհավետ դրոշմվել է հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ` անկախ բնակության վայրից: Այդպես էլ ի կատար չածված վրիժառության զգացումը և միջազգային հանրակցության կողմից թուրքական պետությանն անպատիժ թողնելը հետք թողեցին ամբողջ հայության և նրան կարեկից մարդկանց հոգիներում: Այդ ցավը` որպես գենետիկ կոդ, հայերը փոխանցում են սերնդեսերունդ: Չէ՞ որ չկա որևէ հայ ընտանիք, որը ցեղասպանություն վերապրած չլինի և որի պատմությունն, այսպես թե այնպես, կապ չունենա այդ բարբարոսական ծրագրի հետ: Ի դեպ, սա` ինչպես և Մեծ Հայրենականի պարագայում է, որին մասնակցել է 500 հազար հայ: Նրանցից գրեթե կեսը զոհվել է մարտի դաշտում, մյուսները` տանջարաններում, ճամբարներում` իրենց վրա կրելով նացիզմի սարսափները:

Վերջին շրջանում կարելի է լսել. ՙԻսկ ինչու՞ վերհիշել: Ինչի՞ համար: Դե, ինչ եղել, անցել-գնացել է…՚ Պետք է հիշել ոչ միայն այն մասին, ինչ եղել է, բայց նաև հասկանալ, որ եթե այսօր մարդիկ կան, ովքեր դեռ ժխտում են Հայոց ցեղասպանությունը, ապա ամեն ինչ կարող է կրկնվել: Թեպետ արդեն կրկնություն ունեցել է. Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու, Մարաղա… Սա հիշատակ և նախազգուշացում է, որպեսզի ոչ թե պարզապես ցեղասպանություն չլինի, ընդհանրապես ատելություն, ազգային, ռասայական, էթնիկ անհանդուրժողականության որևէ մի դրսևորում չմնա:
Չէ՞որ անցյալի համար պայքարը սովորական պայքար չէ նրա համար, որպեսզի միայն ինչ-որ բան ճանաչեն, սա պայքար է հանուն այն բանի, որպեսզի ապագայում նման բան երբեք և ոչ մի տեղ չկրկնվի: Քանզի ամենամեծ ողբերգությունը մարդկության դեմ կատարված հանցագործությունն է:
Այդ առիթով հիշողության մեջ արթնանում են մի իրավապաշտպանի, փիլիսոփա Միխայիլ Հեֆտերի խոսքերը, ով յուր ժամանակ ՙՀոլոքոստ՚ կենտրոնն էր ստեղծել. ՙՉի լինում ցեղասպանություն մեկ ժողովրդի դեմ, ցեղասպանությունը միշտ բոլորի դեմ է լինում: Քանի որ մարդկության, մարդկայնության դեմ իրագործված յուրաքանչյուր հանցագործություն հանգեցնում է նրան, որ այսօր դա հայերը, հրեաներն են, վաղը` ուկրաինացիները, վաղը չէ մյուս օրը` ևս ինչ-որ մեկը, և այդպես շարունակ՚:
Շատ ճիշտ բառեր, եթե հաշվի առնելու լինենք այն, որ այսօր մենք հրեշավոր ատելության մթնոլորտում ենք ապրում: Մեկ այստեղ, մեկ այնտեղ տեղային հակամարտություններ են բռնկվում: Տպավորություն է ստեղծվում, որ Երկիր մոլորակի մարդիկ ատելությամբ են վարակված: Թեև բոլորը խոսում են համբերատարության, հանդուրժողականության, բարության, սիրո, հավատի մասին, այդ թվում և՜ մահմեդական երկրներում, և՜ Ադրբեջանում, և՜ Թուրքիայում, բայց իրականում դա չկա: Իրականությունը միանգամայն այլ է, կոնկրետ Թուրքիան և Ադրբեջանը ոչ թե զղջացել են իրագործած արարքների համար, այլ ընդհակառակը` հայատյացությունը պետական քաղաքականության աստիճանի են բարձրացրել: Այդ առնչությամբ կցանկանայինք օրինակ բերել Գերմանիային: Նա շատ կարևոր քայլ է արել` նա ձերբազատվել է նրանից, ինչ արել էին ֆաշիստական Գերմանիան, ֆաշիզմը, նա ապաշխարել է, ներում է հայցել բոլոր այն մարդկանց անունից, ովքեր իրագործել են դա: Բայց Թուրքիան և Ադրբեջանը երկար ճանապարհ ունեն անցնելու, թեև նրանք փորձում են ժողովրդավարական քաղաքակիրթ պետության տպավորություն թողնել:
Բոլորը դեռ հիշում են շշմեցուցիչ լուրը, որն անտարբեր չթողեց աշխարհի երեսին ապրող ոչ մի մարդու: Հռոմի պապը համբուրել է Հարավային Սուդանի քաղաքական գործիչների ոտքերը, որպեսզի նրանց խաղաղության կոչ անի: Այդ երկրում մի քանի տարի զինված հակամարտություններ են ընթանում գործող նախագահի կողմնակիցների և նրա հակառակորդների միջև: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հարավային Սուդանի առաջնորդների հետ ունեցած հոգևոր հանդիպումից հետո նրանց առաջ ծնկի է եկել ու համբուրել նրանց ոտքերը: Այդպես նա քաղաքական գործիչներին խաղաղության կոչեց` ՙՁեզ երեքիդ, ովքեր հաշտության պայմանագիր եք կնքել, ես որպես եղբայր խնդրում եմ խաղաղություն պահպանել: Ամբողջ սրտով խնդրում եմ. առաջ շարժվեք, դեռ շատ խնդիրներ կլինեն, բայց դուք մի երկնչեք: Առաջ գնացեք, լուծեք խնդիրները: Ձեր միջև դեռ կլինի պայքար, բայց ժողովրդի առաջ միասնական մնացեք: Այդպես հասարակ քաղաքացիներից կդառնաք ազգի հայրեր՚,- ասել է Ֆրանցիսկոս պապը:
Մեկ հատված էլ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հռոմի պապի ելույթից, ով ասել է, որ մարդկության դեմ առաջին հանցագործությունը ՙերիտթուրքերի՚ կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունն է: Այնուհետև նա անվանեց Հոլոքոստը, նացիզմը: Իսկ հետո` ստալինիզմը` այն, ինչ տեղի էր ունենում ԽՍՀՄ ճամբարներում: Երբ կաթոլիկ քահանայապետ Ֆրանցիսկոս պապի շուրթերից նման հայտարարություն հնչեց, շատերի աչքերում արցունքներ հայտնվեցին: Նա նշեց, որ հայերի, հրեաների դեմ կատարված հանցագործությունները չի դիտարկում որպես բացառապես նրանց վերաբերող երևույթ: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ամբողջ աշխարհն է տառապում դրանից, և այդ պատճառով ամբողջ աշխարհը պետք է հասկանա, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել, սպառնալիք է հենց ողջ աշխարհի համար: Եվ ես մտածում եմ, որ մենք պետք է գլուխ խոնարհենք Պապի, այդ մեծն քահանայի առաջ այն բանի համար, որ նա իրերն իրենց անուններով կոչեց:
Այսօր մեր քաղաքակիրթ ժամանակներում ազգային կամ կրոնական հատկանիշով մարդկանց ոչնչացնելն ամենևին էլ հազվադեպ երևույթ չէ. Թուրքիայի տարածքում ոչնչացնում են քրդերին, Սիրիայի և Իրաքի տարածքում արմատական խմբավորումները ոչնչացնում են եզդիներին, այլ ազգությունների ներկայացուցիչների և, վերջիվերջո, ցայսօր մեզ` արցախցիներիս փորձում են բռնի կերպով, բանակի, զենքի, քաղաքական ինտրիգների օգնությամբ դուրս մղել մեր իսկ բնիկ հայկական հողից:
Ո՞րն է պատճառն այն բանի, որ համաշխարհային քաղաքակիրթ հանրությունը չի կարող մեկընդմիշտ վերջ դնել ազգային և կրոնական հատկանիշով մարդկանց ոչնչացնելու կործանարար երևույթին: Անպատժելիությունը: Խնդիրն այն է, որ միլիոնավոր հայերի ոչնչացման մեջ մեղավոր պետությունն այդպես էլ պատասխանատվություն չի ստանձնել կատարած անմարդկային ոճրագործությունների համար: Իսկ անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է ամենաթողություն, ինչին ականատես ենք լինում նաև այսօր:
Ամեն տարի ապրիլի 24-ին ամբողջ մոլորակով մեկ սփռված հայերը խնկարկելով ցեղասպանության զոհերի հիշատակը, վերհիշելով Օսմանյան կայսրության ղեկավարության անմարդկային քաղաքականությանը զոհ գնացած հայ ժողովրդի ներկայացուցիչներին` աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնում են այն մասին, որ Թուրքիան այդպես էլ չի ճանաչել հայերի կանխամտածված ցեղասպանության փաստը, չի ապաշխարել, իսկ ապաշխարության բացակայությունն իր հերթին զրկում է մեզ երաշխիքից այն հարցում, որ նման բան հետայսու չի կրկնվի: