comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍԱՐԴԱՐԱՊԱՏՆ ԷՐ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍԱՐԴԱՐԱՊԱՏՆ ԷՐ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԸ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 1915-ին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունը միջազգային հանրության կողմից գնահատվեց որպես ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Հայկական կոտորածները կայսրությունում իշխանության եկած երիտթուրքական կառավարության կողմից նախապես ծրագրված էին։ Առաջին աշխարհամարտի նախօրեին Օսմանյան կայսրությունում բնակվում էին երկու միլիոնից ավել հայեր։ Ցեղասպանություն իրականացվեց մեկուկես միլիոնի նկատմամբ, մյուսները բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի գրեթե բոլոր ծայրերում։

Ցեղասպանագիտությունը նման ոճրագործությունների վերաբերյալ իր սահմանումն ու բացատրություններն ունի։ Մի օրինաչափություն ակնհայտ է. քաղաքակրթության կործանումը, որևէ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը կամ էլ ուղղակի պետության անկումը վերջնական փուլն է կործանարար մի գործընթացի, որն սկսվում է շատ ավելի վաղ։ Համաշխարհային պատմությունը սովորեցնում է, որ նման փորձությունների ենթարկվելուց առաջ ժողովուրդները նախ ապրում են ներքին քաոսի և արժեքների կորստի ժամանակաշրջան։ Իշխանությունների անկարողությունը և ժողովրդի անկառավարելի վիճակն, ի վերջո, կանխորոշում են տվյալ ժողովրդի ճակատագիրը։ Վերջինս թուլանում է ներսից, որից հետո միայն վրա է հասնում արտաքին թշնամին։
Ցեղասպանագիտությանն անտեղյակ պատմահայր Խորենացին մարգարեական խորաթափանցությամբ բացահայտեց նման ողբերգության պատճառները։ Արշակունյաց թագավորության անկումը նա չկապեց մեծ տերությունների ոտնձգությունների, երրորդ ուժերի միջամտության հետ։ Նրա եզրակացությունն այսպիսին էր. եթե կործանվում է պետականությունը, եթե ժողովուրդը զրկվում է ինքնուրույնությունից, մեղավոր են բոլորը՝ արքայից մինչև ռամիկ։ Նման իրավիճակում հայտնված ժողովուրդը դատապարտված է ողբերգության, և ամենևին էլ կարևոր չէ, թե ով է կատարելու դահճի դերը՝ Բյուզա՞նդիան, թե Պարսկաստանը, արաբնե՞րը, թե մոնղոլները։ Պատմահայրը դարերի խորքից կանխատեսել է հայ ժողովրդին սպառնացող մեծ վտանգը, երբ գրել է, որ հայոց պետականության անկումն սկիզբն է մի ճանապարհի, որտեղ հայ ժողովրդին սպասվում են ավելի ծանր փորձություններ։
Հայկական պետականության կորուստն, այո՜, դարեր հետո հասցրեց Հայոց ցեղասպանության։ Դրա իրականացման պայմաններն էլ քիչ չէին՝ քաղաքակրթությունից հեռու, վայրենի հարևան, Առաջին աշխարհամարտ, աշխարհաքաղաքականություն և անպաշտպան ու թշվառ հայ ժողովուրդ։
Հայոց ցեղասպանությունն իրականացվեց թուրքական պետությունում իշխանության եկած մի քաղաքական ուժի կողմից, որն ուներ կոնկրետ ծրագիր՝ հայերի կազմակերպված բնաջնջում՝ նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով։ Դա պետական հանցագործություն էր, քանի որ միայն պետությունն է տիրապետում այն բոլոր մեխանիզմներին ու ռեսուրսներին, որոնց միջոցով հնարավոր է դառնում ցեղասպանության իրականացումը։
Պետք չէ զարմանալ ու մտահոգվել այն բանով, որ Թուրքիան ցայսօր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որ բոլոր միջոցներով պայքարում է ճանաչման գործընթացի դեմ՝ նենգափոխելով պատմությունը, ապատեղեկատվություն տարածելով միջազգային հանրության շրջանում, տարբեր հարթակներում ծավալելով քարոզչական, լոբբիստական աշխատանք։ Ինչպե՞ս կարելի է ցեղասպանության ճանաչում ակնկալել մի պետությունից, որի իշխանությունը շարունակում է այդ նույն ցեղասպան քաղաքականությունը։ 2016-ի ապրիլին ձեռնարկված թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիան դրա վառ վկայությունն է։ Ճանաչում սպասել մի պետությունից, որը մեր ժամանակներում հովանավորում է քաղաքակիրթ աշխարհին ձեռնոց նետած իսլամիստական ահաբեկչական խմբավորումներին։
Ցեղասպանության պատասխանը 1918-ի մայիսյան հերոսամարտերն էին, Սարդարապատի հաղթանակը և Հայոց պետականության վերածնունդը։ Ցեղասպանության պատասխանն Արցախյան ազատամարտն էր, հինավուրց մշակութային կենտրոն Շուշիում հայկական հաղթական դրոշի ծածանումը: 20-րդ դարասկզբին Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում տարած հաղթանակներով միասնական պատասխան տրվեց ցեղասպանության հանցագործությանը, 20-րդ դարավերջին կերտեցինք Արցախի Հանրապետությունը։
Հարավկովկասյան տարածաշրջանում այսօր մենք ունենք երկու ինքնիշխան հայկական պետություն, որոնք զարգանում են ժողովրդավարական ուղիով՝ բարձր մակարդակով ապահովելով իրենց անվտանգությունն ու սոցիալ-տնտեսական զարգացումը։
Մեր խնդիրն այսօր ազգային գաղափարախոսության և սեփական մտավոր ներուժի վրա կառուցված փիլիսոփայությամբ առաջ շարժվելն է, մեր խնդիրը` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի հանգուցալուծմանը հասնելը։ Հստակ պատկերացնենք մեր ապագայի տեսլականը, որում առաջնահերթ են Հայկական զինված ուժերի հզորացումն ու կատարելագործումը, գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացումը, բնակչության թվաքանակի աճի ապահովումը նաև հայրենադարձության հաշվին։ Եվ այս բոլոր գործընթացներում հայ մարդը դիտարկվում է որպես գլխավոր կապիտալ։
Անշուշտ, հարկ է կարևորել ցեղասպանությունների նկատմամբ միջազգային հանրության կեցվածքն ու երևույթի միջազգային ընկալումը։ ՙՑեղասպանություն՚ տերմինը շրջանառության մեջ դրած՝ հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը, որի ընտանիքը Հոլոքոսթի զոհերից էր, բնականաբար, նպատակ ուներ սույն հասկացությամբ ընդհանրացնել զանգվածային սպանությունների և բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, միաժամանակ, ընդգծել դրան հակազդելու անհրաժեշտությունը։ 1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց ՙՑեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին՚ կոնվենցիան, ըստ որի՝ ցեղասպանությունը սահմանվել է որպես միջազգային հանցագործություն, և այն ստորագրող պետությունները պարտավորվել են կանխել նման ոճիրները, ինչպես նաև պատժել դրանց իրականացնողներին։ Չենք կարող չհիշատակել 1992թ. հունվարին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ՄԱԿ-ին, ԱՊՀ երկրներին, աշխարհի բոլոր պետություններին ուղղված կոչը՝ ճանաչել ԼՂՀ-ն, սատարել նրան և կանխել արցախահայության ցեղասպանությունը։
Այսօր մենք քայլ առ քայլ գնում ենք դեպի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում, հզորացնում ենք մեր երկիրն ու պաշտպանական կարողությունները՝ խաղաղություն պարտադրելով արկածախնդիր հակառակորդին, հասկանալ տալով, որ ոչ մի ուժի չի հաջողվի խոչընդոտել արցախցու՝ սեփական հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքին։