comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԴԻՐՔ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԴԻՐՔ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

Լսումները հետաձգվեցին


ԱՀ Ազգային ժողովի ՙԺողովրդավարություն՚ խմբակցության նախաձեռնությամբ ապրիլի 26-ին ԱԺ նիստերի փոքր դահլիճում անցկացվեցին ՙՀեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրները՚ թեմայով խորհրդարանական լսումներ։ Ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պատգամավորներ, ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը, հեռահաղորդակցության ոլորտում բջջային և ինտերնետային ծառայություններ մատուցող միակ կազմակերպության՝ ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Գարեգին Օդաբաշյանը, իրավասու պետական կառույցների ներկայացուցիչներ, իրավաբաններ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ։ Հրավիրված էին նաև ՙԱԼՕ՚ նախաձեռնող խմբի անդամներ։
Խմբակցության անդամ Դավիթ Մելքումյանն իր ներածական խոսքում նշեց, որ հեռահաղորդակցության զարգացման տեմպերը պահանջում են ուշադրության կենտրոնում պահել ոլորտում արձանագրվող զարգացումները։ Դրանք, նախևառաջ, պետք է ուսումնասիրվեն, ապա գործի դրվեն ոլորտի կատարելագործմանը միտված օրենսդրական, վերահսկողական և մյուս միջոցները։ Ներկա մարտահրավերները նույնպես հրատապ են դարձնում հեռահաղորդակցության բնագավառում շարունակական բարեփոխումների իրականացումը։
Մյուս կողմից, մեր հանրության շրջանում առկա է մատուցվող ծառայությունների և սակագների հետ կապված դժգոհություն, ինչը ենթադրում է խորհրդարանական հարթակում թեմայի շուրջ քննարկումների ծավալում։ Նկատի ունենալով այս մտահոգությունները, ԱԺ ՙԺողովրդավարություն՚ խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանն առաջարկել է խորհրդարանական լսումների հրավիրել շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչներին՝ իրավիճակին համակողմանի և անաչառ գնահատական տալու, ինչպես նաև անհրաժեշտ լուծումներ գտնելու մտադրությամբ։
Նախքան իր կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները ներկայացնելը, Ստեփանյանն ասաց, որ մեր երկրում կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կատարված հեղափոխությունը հիմնովին փոխել է մեր քաղաքացիների աշխարհընկալումն ու տեղեկատվություն ստանալու հնարավորությունը։ Աշխարհում ծավալվող գործընթացներն այսօր հասանելի են դարձել մեր բնակչությանը։ Հեռահաղորդակցությունն այն ոլորտն է, որում փոփոխությունները կատարվում են ոչ թե ամեն ամիս, այլ ամեն օր և ամեն ժամ։ Դրան զուգընթաց բարձրանում են նաև հասարակության պահանջները. նախկին տեխնոլոգիաները մարդկանց այլևս չեն բավարարում, նրանք ցանկանում են ընտրություն կատարել մատչելի և որակյալ ծառայությունների միջև։
Հաշվի առնելով մեր հանրապետության բնակչության շրջանում առկա դժգոհությունը, Ստեփանյանը մի քանի ամսվա ընթացքում կատարել է ուսումնասիրություններ, խորհրդատվություններ անցկացրել ոլորտի մասնագետների և փորձագետների հետ։ Արդյունքում պարզվել է, որ հանրության դժգոհությունը հիմնավորված է։ Պատգամավորը ներկայացրեց իր երկու նախնական եզրակացությունները՝ մեր բնակչության եկամուտների և ՙՂՏ՚ ՓԲԸ-ի սահմանած սակագների անհամապատասխանությունը, երկրորդ՝ սույն ընկերության մատուցած ծառայությունների որակի և դրանց դիմաց գանձվող սակագների անհամապատասխանությունը։ Եվ որպեսզի նշված եզրակացությունների հիմնավորումները խորհրդարանական լսումների մասնակիցների համար հասկանալի լինեն, Ստեփանյանը որոշ տվյալներ ներկայացրեց աշխարհի տարբեր երկրներում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների մասին՝ օգտագործելով նրանց կողմից հրապարակված տեղեկությունները։ Դրանց հիման վրա կարելի է պատկերացում կազմել, թե մի շարք երկրներում ինտերնետի դիմաց վճարներն ինչ հարաբերակցություն ունեն բնակչության եկամուտների հետ։
Պատգամավորի ներկայացրած աղյուսակներում Արցախը բավականաչափ անբարենպաստ դիրք է զբաղեցնում։ Մինչև 10 ՄԲ/վրկ արագությամբ ինտերնետ կապի մեկ ամսվա արժեքը կազմում է 18 հազ. դրամ, իսկ 10 ՄԲ/վրկ և ավելի արագությամբ ինտերնետ ծառայությունից օգտվելու համար պահանջվում է 30 հազար։ Եթե նկատի ունենանք մեր երկրում ընդունված միջին աշխատավարձի չափը, ապա իրավիճակն, իրոք, մտահոգիչ է. այդ թվերը հնարավոր չէ համեմատել անգամ թույլ զարգացած երկրների հետ։
Գրեթե յուրաքանչյուր օպերատոր ստանդարտ առաջարկներից բացի ունի նաև փաթեթային տարբերակով առաջարկներ, որոնցից օգտվելով, սպառողը կարող է զգալի չափով գումարներ խնայել։ Ստեփանյանն օրեր առաջ գործուղումով գտնվում էր ՀՀ- ում, որտեղ նա օգտվում էր գործող օպերատորներից մեկի ծառայությունից։ 500 ՄԲ/վրկ շարժական ինտերնետի համար նա վճարել է 100 դրամ, իսկ այստեղ նույն արագությամբ ինտերնետ ծառայությունից օգտվելու համար վճարում է 3 500 դրամ։
Բանախոսը կարևորեց այս ոլորտում պետական վերահսկողության կարևորությունը՝ մատնացույց անելով օրենսդրական մակարդակով ռոումինգ ծառայությունը եվրոպական երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում չեղարկելու փաստը։ Մենաշնորհն այս ոլորտում ուղղակի անընդունելի է։ Նա այնուհետև խոսեց սպառողների իրավունքների խախտման մասին՝ ընդգծելով, որ հեռահաղորդակցության ծառայություններ մատուցելիս պետք է աչքի առաջ ունենալ ԱՀ քաղաքացու սոցիալական վիճակը։
ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Գարեգին Օդաբաշյանը հնչած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ չներկայացրեց՝ ասելով, որ ինքը դա կարող է անել մեկ այլ ձևաչափով քննարկումների դեպքում։ Տնօրենը կոմերցիոն շահերի բախման ակնարկ արեց։ Բայց և այնպես, պատրաստակամություն հայտնեց թեման քննարկել ժողովրդի ընտրյալների հետ։
Լսումներին ներկա պատգամավորներ Գագիկ Պետրոսյանը, Գագիկ Բաղունցը, Ալյոշա Գաբրիելյանը, Արպատ Ավանեսյանը քննարկվող թեմայի վերաբերյալ ներկայացրին իրենց տեսակետները։
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանի խոսքով՝ ՙՂՏ՚-ի հետ աշխատելիս առնչվում են տարբեր խնդիրների։ Դրանք կարող են լինել փակ, պարունակել կոմերցիոն գաղտնիքներ, կարող են նաև հանրությանը մատչելի լինել։ Բայց բոլոր կարգի խնդիրներն ինչ-որ կերպ պետք է համադրվեն։ Այնպես է ստացվել, որ այս ընկերությունը մենաշնորհի դիրքում է հայտնվել օրենքի ուժով։ Հանձնաժողովն, աշխատելով իր լիազորությունների շրջանակներում, անում է հնարավորը, որպեսզի մենաշնորհային այդ դիրքը ընկերությունը չչարաշահի։ Այս հարթությունում Վիրաբյանը երկու խնդիր է տեսնում. նախ՝ աշխատանքներին խոչընդոտում է մեր երկրի չճանաչվածությունը, մյուս հանգամանքը ոլորտում մրցակցության բացակայությունն է։
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն առաջարկեց հնչած մտահոգությունները փոխանցել ՙՂՏ՚-ին։ Նա ափսոսանք հայտնեց, որ լսումների ընթացքում հնարավոր չեղավ ստանալ հասարակությանը մտահոգող հարցերի պատասխանները։ Ընդհանրապես, լսումները հրապարակային միջոցառում են և մարդկանց հրավիրելու հարցում որևէ սահմանափակում չպիտի լինի։ Եթե ընկերությունը որոշել է ներկայացնել միայն փակ տեղեկատվություն, ապա կարելի է կազմակերպել հանդիպում պատգամավորական կազմի հետ։ Ղուլյանի առաջարկով խորհրդարանական լսումները հետաձգվեցին։