ՙՇՈՒՇԻՆ ԱՎԵԼԻՆ ԷՐ, ՔԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ՚

altՀարցազրույց գրող, հրապարակախոս, Արցախի հերոս Զորի Բալայանի հետ
- Պարոն Բալայան, Արցախյան շարժումն իր շրջադարձներով նոր էջ բացեց մեր ժողովրդի պատմության մեջ…Դուք, որ կանգնած էիք իրադարձությունների կիզակետում, այսօր, տարիների հեռվից, ի՞նչ դերակատարություն եք վերապահում Ձեզ։
- Ես չեմ կարծում, թե տարիներ անց ինձ, նաև բոլորիս համար, որակապես  այլ դեր է հայտնվել մեր պայքարում։ Բանն այն է, որ մենք այսօր պետք է շատ ավելի զգոն  հայացքով նայենք ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին։ Մեծ հաշվով վերցրած՝ մենք չկարողացանք գործուն կերպով գնահատել մեր բուն հաղթանակը։ Այո, մենք հիանալի գիտակցում էինք, որ մեծ հաղթանակները չափվում են դրանց դժվարությունների աստիճանով։ Եվ իրոք, մշտական պարտություններից հարյուրավոր տարիներ անց Արցախյան պատերազմում տարած մեր հաղթանակը փառահեղ էր։ Սակայն դա չի նշանակում, թե Բիշքեկում վերջակետ դրվեց։ Չէ՞ որ Բիշքեկը բոլորովին էլ Նյուրնբերգ չէ։ Բիշքեկը մեզ պարտադրեցին, կանգնեցնելով մեր հարձակումն այն ժամանակ, երբ թշնամին լքել էր իր բոլոր դիրքերը, երբ պատրաստ էր թողնել նաև պատերազմի տարիներին զավթված Շահումյանի շրջանը, Գետաշենը, Մարտունաշենը։ Համենայն դեպս, Բիշքեկը դադարեցրեց արյունահեղությունը։ Դա նույնպես հաղթանակ էր։ Սակայն մենք չգիտակցեցինք գլխավորը։ Իսկ գլխավորն այն է, որ հստակ իմանանք. եթե չես դառնում քո սեփական հաղթանակի տերը, ապա այն, վաղ թե ուշ, անպայման փոխվում է պարտության։ Այնպես որ, մենք այսօր ունենք մեկ կարևոր խնդիր՝ լինել մեր հաղթանակի տերը, որ ձեռք բերեցինք մեծ արյան գնով։ Դրա համար անհրաժեշտ է, որ ամեն օր հաղթենք ինքներս մեզ, կամ ինչպես Նժդեհն է ասում՝ մեր մեջ հաղթենք պարտությանը։ Ամեն օր պայքարենք մեր ժողովրդի պառակտման դեմ։
- Այս վերջին 24 տարիների ընթացքում մենք շատ հաղթանակներ ունեցանք, նշանակալից, իրադարձային։ Սակայն Շուշիի ազատագրումն այդ ամենի գագաթնակետն էր։ ՙՇուշին ավելին էր, քան հաղթանակ՚. սրանք Ձեր բառերն են։ Խնդրում եմ վերհիշեք քսանամյա վաղեմություն ունեցող իրադարձությունները և վերաարժևորեք ու ՙսրբագրեք՚ Ձեր այդ հայտնի արտահայտությունը։
- Այո, ես հաճախ եմ կրկնում և չեմ հոգնում կրկնելուց, որ Շուշին ավելին էր, քան հաղթանակ։ Մեր բոլոր տարածքների կամ բնակավայրերի ազատագրումը դարձավ բուն Ղարաբաղյան շարժման հաղթանակը։ Չէ՞ որ եթե մենք երկար տարիների ընթացքում ահռելի աշխատանք չտանեինք Հայաստանում, Արցախում, Գարդմանքում, Սփյուռքում, առանձնապես՝ Մոսկվայում, ապա 1988 թվականի փետրվարի 20-ին Ստեփանակերտի ցույցի ժամին բոլոր հինգ աշխարհամասերում ոտքի չէր կանգնի ողջ հայությունը քսանչորս ժամվա ընթացքում։ Թշնամին մեզ պարտադրեց սարսափելի, հիրավի ժամանակակից պատերազմ՝ իր բոլոր նորագույն միջոցներով, և մենք ընդունեցինք մարտը։ Ոչ մեկը չէր կորցնում հավատը հաղթանակի հանդեպ։ Եվ դա այն դեպքում, երբ համարվում էր, թե Շուշին վերցնելը պարզապես անհնար է։ Մայիսի յոթի, լույս ութի գիշերը այն բլրի գագաթին, որտեղ տեղադրված էր հրամանատարական կետը, Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) 2.30-ին հրաման արձակեց՝ ՙԿրա՜կ՚։ Ես գրառում կատարեցի իմ ռազմաճակատային հուշատետրում։ Մայիսի 9-ի վաղ առավոտյան գեներալ Դալիբալթայանի հետ մենք մտանք ազատագրված Շուշի, որտեղ վառվում էին տները։ Ազատամարտիկները, հագնված՝ ով ինչպես կարող էր, դանդաղ քայլում էին դեպի Քրիստոս Փրկչի տաճար։ Շատերի հագուստի տակ կպցված էին կարմիր-կապույտ-ծիրանագույն պաստառներ։ Դա արդեն նշանակում էր, որ տղաները հավատում էին հաղթանակին, հավատում էին անառիկ ամրոցի առմանը։ Եվ երբ դրոշը բարձրացրին անգմբեթ տաճարի (այն պայթեցրել էին 1990 թվականին) վերին կետում, ես իմ հուշատետրում գրեցի. ՙՇուշին հաղթանակ է, ո՜չ, Շուշին ավելին է, քան հաղթանակ։ Քանզի զգում ենք, գիտակցում ենք, թե ինչեր կարող ենք անել։ Մենք կարողացանք։ Այսօր Արցախը XX դարի Ավարայրն է…՚։
Ահա՜ թե ինչու Շուշին ավելին էր, քան հաղթանակ։ Իմ ընկեր Ժյուլվեռն Հովհաննիսյանը, որ այնքան շատ ու եռանդուն օգնել էր Արցախին ու Ղարաբաղյան շարժմանը, ծնունդով սասունցի, գեներալ Անդրանիկի համհարզ Ղուկաս Հովհաննիսյանի որդին, այն ժամանակ ասաց. ՙՇուշին ճանապարհ բացեց դեպի Սասուն՚։
-Դուք եղել եք հրամանատարական կետում, առաջիններից մեկը մտել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, առաջինը հատել ՙԿյանքի ճանապարհը՚… Որքան էլ դժվար լինի, խնդրում եմ կրկին վերապրեք այդ, քիչ է ասել՝ պատմական պահի Ձեր ապրումները։
- Ես այդ թեման արդեն շոշափել եմ։ Բայց համաձայն եմ, որ կարելի է նորից ու նորից անդրադառնալ դրան, քանզի այն, ինչ վերապրեցինք ես և մենք բոլորս, կյանքում գուցե և մեկ անգամ է պատահում։ Խոսքը հաղթանակի զգացողության մասին է, շոշափելի երջանկության, որը մարմնավորում է երազանքի իրագործվածությունը։ Ես երբեք չեմ մոռանա 1992 թվականի մայիսի 7-ի առավոտը։ Այդ օրը ՙՇուշի՚ գործողության ղեկավարության ձեռքին նոր ու փոքրիկ ՙԱլինկո՚ ռադիոհեռախոսներ կային։ Իմ կանչի ազդանշանն էր ՙԿոմիսար՚։ Առաջին պաշտոնական զանգը ես հասցեագրեցի Պարգև Սրբազանին։ Ի դեպ, նրա ազդականչն էլ պարզապես ՙՊարգև՚ էր։ Ես նրան առաջարկեցի, որ պարտադիր կարգով ուղիղ ժամը 18-ին ներկայանա շտաբ, որը գտնվում էր Քարքարի ձախ ափին։ Եվ երեկոյան ճիշտ ժամը 6-ին Կոմանդոսը շարք կանգնեցրեց նրանց, ովքեր այդ ժամանակ գտնվում էին շտաբում։ Կատարվեց ամենակարևորը և, իմ կարծիքով՝ ամենագլխավորը։ Արցախի թեմի առաջնորդ Պարգև եպիսկոպոսն օրհնեց ՙՇուշի՚ գործողության սկիզբը։ Կոմանդոսը մի տեսակ հարցական նայեց ինձ՝ ասես ցանկանալով իմանալ, թե ինչ պետք է անի ինքը Սրբազանի ելույթից հետո։ Ես առաջարկեցի, որ ինքն էլ իր խոսքն ասի, և Արկադին բարձր արտաբերեց այն բառերը, որոնք մտան Արցախյան պատերազմի տարեգրության քրեստոմատիա. ՙՄենք կատարում ենք ժողովրդի կամքը՚։ Ահա այդ պահից էլ մինչև Քրիստոս Փրկչի եկեղեցու վրա դրոշի բարձրացումը ես հիշում եմ պատերազմի համարյա թե յուրաքանչյուր ակնթարթը։ Երկու գիշերն ու երկու ցերեկը ինձ համար տևեցին ոչ այն է՝ որպես մի ողջ հավերժություն, ոչ այն է՝ մեկ պահ։ Մի ամբողջ հուշատետր գրոտեցի։ Չեմ մոռանա մայիսի 7-ի լույս 8-ի առաջին գիշերը։ Ես ողջ աշխարհն եմ շրջել և միշտ, հինգ աշխարհամասերում էլ գիշերները համեմատել եմ արցախյան գիշերների հետ։ Բայց հրամանատարական կետի այդ գիշերը մի տեսակ կախարդական էր։ Հարմար տեղավորվելով խրամատում, որը ծածկված էր արհեստական բաց կանաչավուն տերևներով քողարկիչ ցանցով, ես անընդհատ աչքս հառում էի երկնքին, ակամայից հիշելով մանկությունս։ Գուցե այն պատճառով, որ հենց այստեղ, Արցախում ես առաջին անգամ տեսա իմ երկինքը, իմ աստղերը։ Բայց այդ գիշերն առանձնահատուկ էր։ Չորս ուղղություններով Շուշին գնդակոծվում էր, և ժամանակ առ ժամանակ, երբ պայթում էր ՙԳրադ՚ հրթիռը, լույսի վառ կարմրաոսկեգույն խորապատկերին հստակորեն գծագրվում էր հոգուս հարազատ Ղազանչեցոց տաճարը։ Սրտիցս արյուն էր կաթում, երբ առաջին անգամ ցավի չափ հարազատ տաճարը տեսա առանց սրածայր գմբեթի։ Հիշեցի, թե ինչպես երկու տարի առաջ Ստեփանակերտ հասավ բոթն այն մասին, որ ազերիները պայթեցրել են Քրիստոս Փրկիչ տաճարի գմբեթը։ Այն ժամանակ ես, որ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր էի, աշխարհով մեկ բոլոր միջազգային քրիստոնեական կազմակերպություններին, բոլոր պառլամենտներին հեռագրեր հղեցի ղարաբաղցիների անունից՝ դատապարտելով ազերիների հերթական սրբապղծությունը, հերթական վանդալիզմը։ Այդ ժամանակ մենք Շուշիի մասին շատ էինք գրում։ Բայց այնտեղ՝ հրամանատարական կետում, ես սրտի տրոփյունով էի սպասում այն պահին, թե երբ եմ մտնելու ազատագրված Շուշի։ Մայիսի 9-ի վաղ առավոտյան, չթաքցնելով ուրախության արցունքները, ընկերներիս հետ բարձրանում էի այն ճանապարհով, որով չէի անցել ամբողջ տասը տարի։ Կողքիս գեներալ Դալիբալթայանն էր։ Դանդաղ քայլում էինք հայկական լեգենդար գերեզմանոցի կողքով, և ինձ բռնացրի այն մտքի վրա, որ այստեղ ամենուր, Արծվաբնի (հնում այդպես էր անվանվում Շուշին) յուրաքանչյուր քար, հողի յուրաքանչյուր պատառ իրենց վրա պահպանել են իշխան Սախլ Սմբատյանի (XI դար), Հասան Ջալալյանի (XIII դար), Մելիք-Շահնազարյանի և զորավար Ավանի (XVII-XVIII դար) ոտնահետքերը։ Մտածում էի այն մասին, որ բոլոր առումներով լավագույնս նախապատրաստված էինք Շուշիի ազատագրմանը։ Հետագայում քչերն էին իմանալու, որ բոլոր ուղղություններով արդեն պատրաստի դաշտային հոսպիտալներ ունեինք, որ օր ու գիշեր գործուն կերպով մտածում էինք այն մասին, թե ինչպես ուղղաթիռներով (մնացած բոլոր ուղիներն ամուր փակված էին) տեղ հասցնենք նավթ, բենզին, դիզելային վառելանյութ, դեղորայք, վիրակապման նյութեր, մի խոսքով, այն ամենը, ինչ պետք էր պատերազմին։ Եվ այդ ամենն արվում էր այն պայմաններում, երբ արդեն չկար հին պետությունը, իսկ կառավարական նոր կառույցներ դեռ չէին ստեղծվել։ Բայց փոխարենը՝ կար ոգին, որի մասին երազում էր Նժդեհը։ Երբ մտանք Շուշի, ինձ թվաց, թե քայլում եմ հարազատ քաղաքի փողոցներով, որտեղ 1918 թվականին ծնվել էր մայրս, որտեղ 1913-ին ծնվել էր Նելսոն Ստեփանյանը, որի մասին ես գիրք էի գրել և հրատարակել Ղարաբաղյան շարժման նախաշեմին։ Ինձ թվաց, թե քայլում եմ 1828 թվականի փողոցներով, երբ Շուշիում արդեն սկսել էին լույս տեսնել թերթեր ու ամսագրեր։ Շոշափելիորեն պատկերանում էին աչքիս առջև արհեստագործական շինությունները, հին խանութները, Խանդամիրյանի թատրոնը, Ժամհարյանի հիվանդանոցը։ Մատիտը ձեռքիս հիշում էի անցյալը։ Շուտով ազատագրեցինք Զարսլուն, Լիսագորը, Տաս վերստը, Լաչինը, Զաբուխը, և ամեն անգամ ես նորից վերադառնում էի Շուշի, որպեսզի գրեմ աթոռանիստ քաղաքի մասին։ Նախապատրաստվում էի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նիստում խորհրդարանին առաջարկել Արցախի մայրաքաղաքը տեղափոխել Շուշի, ինչպես եղել է դարեր շարունակ։ Նիստը տեղի էր ունենում թատրոնի շենքում։ Ցավոք, պատգամավորներից շատերը պատրաստ չէին այդ պատմական փաստաթղթին։ 
Թեև մի քանի ձայն պակասեց, ես այն ժամանակ մտածեցի. ՙՈչ մի սարսափելի բան չկա։ Գալո՜ւ է մեր Արցախի մայրաքաղաքի ժամը։ Շուշիի ժամը՚։
- Շուշին ներկա էր մեր հետագա բոլոր հաղթանակներում… Շուշին իր պատմական դասերով այսօր ի՞նչ է սովորեցնում մեզ։  Մենք բոլորս էլ, մեր բնույթով ասեմ, թե բնությամբ, մեծ երազողներ ենք, սակայն եթե մենք միայն հասցնում ենք երազել, Զորի Բալայանը մեր և իր բոլոր երազանքներն իրականություն է դարձնում… Ո՞րն է գաղտնիքը։
- Այստեղ ոչ մի գաղտնիք չկա։ Ես կարծում եմ, իմ ողջ  սերունդն Արցախում, որ ծնվել է երեսնականների վերջին և քառասնականների սկզբին, մի ինչ-որ առանձնահատուկ կոփում է ստացել։ Մի կողմից՝ ստալինյան բռնաճնշումների ամենաթեժ շրջանը, մյուս կողմից՝ երկար ձգվող Հայրենական պատերազմը մեզ ստիպում էին, որ վաղ մանկությունից մեծահասակ զգայինք մեզ։ Դա մի սերունդ էր, որը գործնականում չգիտեր, թե ինչ է փողը, ինչ է սպիտակ հացը, շաքարը, կոնֆետները, էլեկտրականությունը։ Փոքրիկ մանչուկներ էինք, երբ անտառ էինք գնում՝ ցախի։ Բոլորս առանց բացառության աշխատում էինք բանջարանոցներում՝ լավ իմանալով, որ հակառակ դեպքում սովից կմեռնենք։ Ինքներս էինք հող մշակում, տնկում կարտոֆիլ, լոբի, կաղամբ, կանաչի, սոխ։ Շատերը դեռևս պատերազմի սկզբին զրկվել էին հայրերից և նույնիսկ մայրերից, դարձել ստալինիզմի զոհեր։ Իսկ պատերազմը ռազմաճակատում սպանեց պատերազմին մասնակից յուրաքանչյուր երկրորդ ղարաբաղցուն։ Եվ ահա այս ողբերգական խորապատկերի վրա մեր աչքի առջև ադրբեջանական ղեկավարությունը ստեղծում էր ազերական նոր բնակատեղեր, հայտնվում էին ազերական դպրոցներ։ Ամեն ինչ անում էին, որ ինստիտուտները և բանակային ծառայությունն ավարտելուց հետո հայերը Ղարաբաղ չվերադառնան։ Մեծ խմբերով Բաքվից Ստեփանակերտ և հայկական գյուղեր էին գալիս կուսակցականներ և կոմերիտականներ և հայ երիտասարդությանը կոչ անում մեկնելու Սումգայիթում, Մինգեչաուրում և աշխարհագրական այլ կետերում գտնվող Կոմունիզմի կառույցներ (այդպես էին դրանք կոչվում)։ Այնպես որ, մենք վաղ մանկությունից արդեն տեսնում էինք և հաստատ գիտեինք, թե ինչի է հանգեցնում այդ ողջ, այսպես կոչված՝ լենինյան-ստալինյան ազգային քաղաքականությունը։ 
Այնպես որ, իմ սերունդը հստակ յուրացրեց, որ մենք պարզապես դատապարտված ենք պայքար մղելու հանուն Ղարաբաղի փրկության։ Հաճախ արցախցի տղաներին ծառայության էին զորակոչում Նախիջևան, և մենք նրանցից իմանում էինք, որ հայկական ինքնավար հանրապետությունում համարյա թե չեն մնացել բնիկ հայեր։ Դրա համար էլ Արցախի ճակատագրի նկատմամբ անհանգստության սրված զգացում ունեինք։ Գուցե հենց դա էր պատճառը, որ մեր ամենասիրելիները ռազմագիտության համազգեստավոր ուսուցիչներն էին, և գուցե դա էր պատճառը, որ արցախցիների, մանավանդ ստեփանակերտցիների շրջանում այդքան հարգի էին սպորտը և ռազմական ուսումնարանները։
Ստեփանակերտում դպրոցն ավարտելուց հետո ճակատագիրն ինձ նետեց աշխարհով մեկ, բայց չէր լինում մի ամառ, որ Արցախ չգայի։ Չորս տարի որպես ռազմական նավաստի եմ ծառայել Բալթիական նավատորմում, վեց տարի սովորել եմ Ուզբեկստանում և Ռյազանում բժշկական ինստիտուտում, տասը տարի ապրել և որպես բժիշկ եմ աշխատել Կամչատկայում և երբեք չեմ խզել կապն Արցախի հետ։ Հետագայում արդեն հասկացա, որ Արցախի ճակատագրով գործուն կերպով անհանգստացած է ոչ միայն իմ սերունդը, այլև բոլոր նրանք, ովքեր ծնվել էին 20-րդ դարի տասական, քսանական թվականներին, նաև նրանք, ովքեր հիսունական, նույնիսկ վաթսունական թվականների ծնունդ էին։ Գտնվելով հեռավոր թերակղզում, ես նամակագրական կապի մեջ էի Լեոնիդ Հուրունցի և Բագրատ Ուլուբաբյանի, Ջոն Կիրակոսյանի և Հրանտ Եպիսկոպոսովի հետ։ Ամեն անգամ Կամչատկայից Մոսկվա թռչելով կանգ էի առնում Կիմ Գրիգորյանի մոտ և համոզվում, որ մայրաքաղաքում ապրող համարյա բոլոր ղարաբաղցիներն զբաղվում էին Արցախի խնդրով։ Հետո միայն հասկացա, որ Ալիևներն ու Կևորկովները նույնիսկ գլխի չէին ընկնում, որ իրենց կեղտոտ նկրտումներն ու հրեշավոր սադրանքները միայն համախմբում էին մեզ։ Եվ այդ դաժան բրեժնև-սուսլովյան ժամանակներում, երբ այսպես կոչված՝ այլախոհներին բանտերն էին նետում, երբ բանաստեղծությունների գրքերի, նամակների պատճառով արտաքսում էին երկրից, մենք համառորեն ու ջանադրաբար զբաղվում էինք հիրավի հեղափոխական-նամակագրական ժանրով. բաց նամակներ՝ ուղղված երկրի ղեկավարին, քաղբյուրոյի անդամներին։ Դա դժվարին և բավական բարդ ժանր է։ Չէ՞ որ պետք էր գրել խստիվ ճշմարտությունն այն ամենի մասին, ինչ Ադրբեջանի կողմից կատարվում էր ոչ միայն Նախիջևանի և Ղարաբաղի հայերի նկատմամբ, այլև Գարդմանքում, Շահումյանի շրջանում, Կիրովաբադում, բուն Բաքվում։ Միաժամանակ պետք էր ճարպկորեն օգտագործել մեջբերումներ ԽՄԿԿ համագումարների զեկուցումներից և մարքսիզմ-լենինիզմի դասականներից։ Մեր շատ նամակների տակ ստորագրում էին Մարտիրոս Սարյանը, Արամ Խաչատրյանը, մարշալ Բաղրամյանը, Պարույր Սևակը, Անդրանիկ Իոսիֆյանը։ Իսկ Ղարաբաղյան շարժման շեմին դժվար էր գերագնահատել Սիլվա Կապուտիկյանի, Սերո Խանզադյանի, Գևորգ Էմինի, Հրաչյա Հովհաննիսյանի, Հրանտ Եպիսկոպոսովի, Գյուլաբ Մարտիրոսյանի, Սոս Սարգսյանի, բազմաթիվ հայ պատմաբանների և գիտնականների դերը։ Պայքարի ասպարեզում հայտնվեցին արդեն գործնական և գործուն Սուրեն Այվազյանը, Իգոր Մուրադյանը և շատ ուրիշներ։ Այս ամենն ասում եմ պարզաբանելու համար, որ մեր փրկիչ պայքարում ներգրավված էին ամբողջ սերունդներ։ Չմոռանանք և այն, որ այդ սերունդները, հատկապես յոթանասունական թվականների պատանիները, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի ազատության, հանուն հայկական պատմական տարածքների ազատագրման, դաստիարակվել էին Շիրազի, Համո Սահյանի, Սևակի բանաստեղծություններով, պատմության և գրականության ուսուցիչների դասերով։ Պատահական չէ, որ Օտտոֆոն Բիսմարկը խոստովանել է, որ ֆրանս-պրուսական պատերազմը շահել է պատմության ուսուցիչը։ Այնպես որ, երազանքները, որոնց մասին խոսում եք, մեր ընդհանուրն են, և դրանք կյանքի են կոչել ողջ սերունդներ։
- Դուք ծովից ծով Հայաստանի գաղափարին ավիշ ու արյուն ներարկեցիք… Եվ ոչ միայն դա։ Բազում են Ձեր ծրագրերն ու երազանքները։ Ի՞նչ ՙանակնկալներ՚ են մեզ սպասում մոտ ապագայում Զորի Բալայանի կողմից։
- Դեռևս անցած հարյուրամյակի վաթսունական թվականներին ՙԼիտերատուրնայա գազետա՚, ՙՄեդիցինսկայա գազետա՚, ՙԿոմսոմոլսկայա պրավդա՚, 
ՙՍովետսկի սպորտ՚ թերթերը, տպագրելով իմ նյութերը, անպայման գրում էին գետերով ու ծովերով իմ նավարկությունների, հյուսիսային տունդրայով շնասահնակներով ու եղջերվասահնակներով ճամփորդությունների մասին։ Գործնականում իմ բոլոր առաջին, այսպես կոչված՝ հյուսիսային գրքերը երկարատև ճամփորդությունների արդյունք էին։ Ըստ էության, հաջորդ գրքերն էլ գրվել են ճամփորդությունների ընթացքում։ Հիմա այնպես ստացվեց, որ ՙԿիլիկիա՚ և ՙԱրմենիա՚ առագաստանավերով նավարկությունները ստվերեցին անցյալը։
Ես ոչ միայն երկար եմ ճամփորդել, այլև հետաքրքրվել եմ ճամփորդությունների և մեծ ճանապարհորդների պատմություններով։ Հայտնաբերել եմ, որ Հայաստանում եղել է միայն մեկ պրոֆեսիոնալ ճանապարհորդ. դա Մարտիրոս Երզնկացին էր, որ հաղթահարեց Եվրոպայի բոլոր ճանապարհներն ու լայնությունները, լողաց Սև և Միջերկրական ծովերով։ Տեղեկություններ կան, որ նավարկել է Քրիստափոր Կոլումբոսի կարավելլաներից մեկով։ Դա 1492 թվականին էր։ Եվ ես ուրախ եմ, որ հիմա մենք ունենք իսկական, իրոք պրոֆեսիոնալ ճանապարհորդներ։ Եվ հպարտ եմ, որ եղել եմ մեր ժողովրդի պատմության մեջ ՙԱրմենիա՚ առագաստանավով առաջին շուրջերկրյա նավարկության կազմակերպիչը։ Ինչ վերաբերում է ապագային, ապա ես և ընկերներս նոր ծրագրեր ունենք։ Համենայն դեպս, մեր ՙԱրմենիա՚-ն, որ հիմա գտնվում է հայկական Սուրբ Ղազար կղզու վենետիկյան ծովախորշում, սպասում է մեզ։
- Ձեր խոսքն ու բարեմաղթանքները մեր ժողովրդին՝ Եռատոնի կապակցությամբ, իհարկե՝ նաև Շուշիի ազատարարներին և բոլոր նրանց, ովքեր իրենց հոգում պահում ու փայփայում են Շուշիի հաղթանակների ոգին։ 
- Երկար դարեր մեր ժողովուրդը տոների առիթներ չի ունեցել։ Ահա թե ինչու Շուշիի հաղթանակից հետո մենք այդպիսի հանդիսավորությամբ նշում ենք մեր մարտական հաջողությունների բոլոր օրերը։ Դա պետք է բոլորին։ Բոլոր ողջերին ու մեռածներին։ Վետերաններին ու նորակոչիկներին։ Մեր ողջ ժողովրդին և մեր ապագային։
Սակայն միաժամանակ միշտ պետք է հիշել Գարեգին Նժդեհի խորհուրդը, որը պնդում էր, թե մարտի դաշտում հաղթանակից հետո վերջնականապես հաղթում է նա, ով հակառակորդին զարկում է իր իսկ զենքով։ Իսկ այսօր մենք տանուլ ենք տալիս տեղեկատվական ճակատում։ Եթե շքեղ հարսանիքների ու քեֆերի վրա ծախսվող մեր փողերը դնեինք բառ ու բանի վրա, մերկացնելու համար հակառակորդի կողմից տարածվող զրպարտանքներն ու կեղծարարությունները, ապա առանց դժվարության կկարողանայինք պահպանել ու պաշտպանել մեր փառավոր հաղթանակը։ Մենք պարտավոր ենք միշտ մնալ մեր հաղթանակի տերերը։ Բոլոր ժամանակներում ամենահուսալի զենքը եղել է խոսքը։ Հաղթանակի և բանակի ստեղծման տոները մեզ առաջին հերթին պետք են նրա համար, որ հիշելով զոհվածներին, գործուն կերպով մտածենք խաղաղությունը պահպանելու մասին։ Մենք Շուշիից հետո հասկացանք ամենակարևորը։ Դա այն է, որ շատ ավելի հեշտ է պատերազմ շահել, քան խաղաղություն։ Ու նաև հոբելյանների ժամանակ շքերթները հարկավոր են նրա համար, որ գիտակցենք՝ պետք է սիրել սեփական բանակն այնպես, ինչպես սիրում ենք մեր զավակներին ու ծնողներին։ Պետք է հարգել ուսադիրները, հարգել զինվորական համազգեստը։ Դպրոցական նստարանից մեր երեխաները պետք է գիտենան, որ խաղաղությունը կայուն և արժանապատիվ կարող է լինել միայն այն ժամանակ, երբ հենվում է ուժի վրա, որն ի վիճակի է ստիպել, որ հարգեն քեզ։
Ահա այսպիսի դասեր ունենք քաղած Շուշիից։ 
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ