ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՉԵՆ ԱՄՐԱԳՐՎԵԼ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
7 տարի առաջ՝ 2012-ի ապրիլին, ՙԱզատ Արցախի՚ համար հարցազրույց անցկացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հետ, խնդրեցինք նրան անաչառ գնահատական տալ 1994թ. մայիսի 12-ի Զինադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրի ստորագրումից առաջ՝ պատերազմի վերջին փուլում, ռազմաճակատում ստեղծված իրավիճակին։ Փորձառու դիվանագետը, ի զարմանս ինձ, դիվանագիտական հնարքների չդիմեց և ուղղակի ասաց. ՙՊատերազմի վերջին փուլում միանգամայն այլ իրավիճակ էր. հայերը հարավում բավականաչափ խորացել էին։ Նրանք կարող էին Արաքսից հասնել մինչև Քուռ գետը և հատել Ադրբեջանի հյուսիսարևմտյան հատվածը։ Եվ եթե ադրբեջանցիներն սկզբում ձգձգում էին ռազմական գործողությունների դադարեցումը՝ անտեսելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերը, ինչպես նաև խաղաղարարական բոլոր առաջարկները, ապա վերջին փուլում նրանց պահվածքն ուրիշ էր՚։ 1992-96 թվականներն ընկած ժամանակահատվածում ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում Կազիմիրովը հանդես էր գալիս նախ որպես Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, իսկ այնուհետև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի առաջին համանախագահ։
Կազիմիրովի այս պատասխանը կանխում է այն հարցը, թե արդյո՞ք զինադադարի համաձայնագրի ստորագրման նախապայման կարող էին լինել Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված՝ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին բանաձևերը։ Իհարկե՝ ոչ։
Միջնորդի խոստովանությանը հավելենք մեկ ուրիշ փաստ. նախքան հրադադարի հաստատումը` Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի աշխատակազմից հեռախոսազանգեր էին հասնում Ստեփանակերտ՝ պատերազմական գործողությունները դադարեցնելու աղերսով։ Ադրբեջանական կողմն այլևս ի վիճակի չէր շարունակել պատերազմը։
Մինչ զինադադարի համաձայնագրի ստորագրումը` Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում մայիսի 4-5-ը տեղի է ունեցել Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների հանդիպում, որոնց կողմից պետք է աջակցության արժանանար կրակի դադարեցման նախաձեռնությունը։ Ադրբեջանը ներկայացված էր մեջլիսի փոխնախագահի մակարդակով։ Ռուսաստանյան կողմի ակտիվ միջամտության արդյունքում ստորագրվեց Բիշքեկյան արձանագրությունը, որում կոչ էր հղվում հակամարտող կողմերին՝ դադարեցնել ռազմական գործողությունները։ Արձանագրության տակ իրենց ստորագրությունները դրեցին ՀՀ-ի, ԼՂՀ-ի խորհրդարանների ղեկավարները, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության և ԱՊՀ անդամ պետությունների ներկայացուցիչներ։ Որպես հյուրընկալ կողմ՝ ստորագրեց նաև Ղրղըզստանը։ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Աֆիյադդին Ջալիլովը հրաժարվեց իր ստորագրությունը դնելուց՝ պատճառաբանելով, թե փաստաթղթում չկա Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի ստորագրությունը։ Ահա այսպիսի դիվանագիտություն բանեցրեց հակառակորդը. նախ խնդրեց դադարեցնել պատերազմական գործողությունները և ապա փորձեց հանդես գալ թելադրողի դերում։
Վլադիմիր Կազիմիրովը Բիշքեկից մեկնեց Բաքու և հանդիպեց Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևին։ Դրանից հետո Բիշքեկյան արձանագրությունում իր տեղը զբաղեցրեց մեջլիսի նախագահ Ռասուլ Գուլիևի ստորագրությունը։
Հրադադարի ռեժիմն ուժի մեջ պիտի մտներ մայիսի 9-ի գիշերը։ Ռուսաստանն, ինչ խոսք, պատահական չէր հրադադարի հաստատման համար խորհրդանշական օր ընտրել։ Դա հիշեցնում էր գերմանական ֆաշիզմի դեմ Խորհրդային Միության ժողովուրդների հաղթանակը։
Բաքվում գտնվելու ժամանակ՝ մայիսի 9-ին, Կազիմիրովը պատրաստեց կրակի դադարեցման մասին փաստաթուղթը՝ համաձայնեցնելով այն Երևանի և Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդովն այն ստորագրեց նույն օրը: Մայիսի 10-ին ստորագրեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, հաջորդ օրը՝ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը։ Համաձայնագիրն ուժի մեջ մտավ մայիսի 12-ին։
Բաքվից հրապարակային հայտարարություն հնչեց, ըստ որի՝ ադրբեջանական կողմը ստիպված է անցնել պաշտպանության, քանի որ այլևս անզոր է գրոհելու, և իրենց համար կրակի դադարեցման համաձայնագիրն անհրաժեշտություն է։ Ավելի ուշ Հեյդար Ալիևը հայտարարեց, որ մայիսյան հրադադարը կարևոր քայլ էր և Բաքուն գիտակցելով է գնացել այդ քայլին։
Մայիսի 16-17-ը Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի պաշտպանության նախարարների և Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի հանդիպումը, որի ընթացքում կողմերը պետք է ստորագրեին մայիսյան համաձայնագրի ամփոփիչ արձանագրությունը։ Փաստաթուղթը վավերացրին Սարգսյանը, Բաբայանը և ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովը։ Մամեդովը Բաքվից հանձնարարություն ստացավ չստորագրել փաստաթուղթը։ Դրանով նախատեսվում էր հակամարտող զորքերի տարանջատում, բուֆերային գոտու ստեղծում և այլն։
Վերադառնալով այն ժամանակվա իրադարձությունների մանրամասներին՝ նպատակ ունենք ընդգծել, որ մենք գործ ունենք մի պետության հետ, որը մշտապես փորձել է պատերազմի դաշտում կրած պարտությունը դիվանագիտական հաղթանակի վերածել։ Դա երևաց նաև 2016թ. ապրիլյան պատերազմում. հրադադար խնդրելուց հետո Ադրբեջանը դարձյալ ցուցադրեց իր մաքսիմալիստական քաղաքականությունը։ Դարձյալ Ռուսաստանի միջնորդությամբ զինադադարի հասնելով՝ Ադրբեջանն ապրիլի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում շրջանառության մեջ դրեց մի սադրիչ նամակ, որով փորձ էր արվում միակողմանիորեն չեղարկել 1994թ. մայիսի 12-ի համաձայնագիրը։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունն այդ առնչությամբ հանդես եկավ հայտարարությամբ, որում խստորեն դատապարտեց Բաքվի այդ քայլը ու միաժամանակ զգուշացրեց, որ ՀՀ-ն հաշվի է առնում այդ քայլից բխող բոլոր հնարավոր վտանգավոր հետևանքները։ ԱԳՆ-ի հայտարարությունն ավարտվում էր այսպիսի տողերով. ՙՀայաստանը, հանդիսանալով զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին 1994-95 թվականների գործող համաձայնագրերը ստորագրած կողմ, ձեռնարկելու է բոլոր հնարավոր միջոցները ու նաև իրականացնելու է անհրաժեշտ քայլերն Արցախի և նրա բնակչության անվտանգությունն ապահովելու համար՚։
Ադրբեջանի, Արցախի Հանրապետության և ՀՀ-ի միջև Զինադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրի ստորագրումից անցել է 25 տարի։ Սա առիթ է՝ ևս մեկ անգամ անդրադառնալու փաստաթղթին։ Այս օրերին մայիսյան եռատոնի տոնակատարությանը մասնակցելու հրավերով Ստեփանակերտում էր մեր սիրելի Կոմանդոսը՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, ում հրամանատարությամբ փայլուն կերպով իրականացվեց Շուշիի ռազմագործողությունը։ Խնդրեցինք նրան գնահատական տալ զինադադարի համաձայնագրին՝ ռազմական և քաղաքական տեսանկյունից։ Նա, ընդհանրապես, բացասական վերաբերմունք ունի այդ փաստաթղթի հանդեպ։ Կոմանդոսի խոսքով՝ այնտեղ կան ձևակերպումներ, որոնք մեզ համար ընդունելի չեն և, առհասարակ, դրանում ամրագրված չեն հայկական կողմի հաղթանակները։