ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ՝ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Ներկա աշխարհաքաղաքական զարգացումներն ու գլոբալ մարտահրավերները, միջինարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում ծավալվող գործընթացներն ու թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումներն ստիպում են ուշադրությունը սևեռել Հայաստանի և Արցախի պաշտպանական կարողությունների կատարելագործման խնդրին։
Այս տեսանկյունից կարևորվում է Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը ոչ միայն ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլև մի շարք այլ պետությունների հետ։ ՀՀ ռազմական գերատեսչությունը տարբեր առիթներով իրազեկել էր կոնկրետ ուղղություններում մի շարք համաձայնագրերի առկայության մասին։ Ռազմատեխնիկական համագործակցությունն արդյունավետորեն իրականացվում է մասնավորապես Լեհաստանի և Հունաստանի հետ։ Նախկինում մշակվել են նաև Չեխիայի հետ ռազմատեխնիկական և Սերբիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրերի նախագծեր։
Անցյալ տարվա աշնանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ կապված խնդիրն ստացավ իր հանգուցալուծումը. տարաձայնությունները հարթվեցին Մոսկվայի ակտիվ դերակատարության արդյունքում։ Գլխավոր քարտուղարի պարտականությունները դրվեցին տեղակալի՝ Վալերի Սեմերիկովի վրա։ Հայտնի դարձավ նաև, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վիկտոր Բիյագովը նշանակվել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ։
Մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 22-ին, Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացավ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստ, որի ընթացքում գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրվեց Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը։ Զասը, ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, այդ պաշտոնը պետք է զբաղեցնի 2020թ. հունվարի 1-ից։ Նրա թեկնածությունը կհաստատվի առաջիկա աշնանը նախատեսված ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության իրազեկմամբ՝ Բիշքեկի հանդիպման մասնակիցների կողմից մի շարք փաստաթղթեր են ստորագրվել։ ՏԱՍՍ գործակալությունն անմիջապես տարածել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ կառույցի շրջանակներում ստեղծվելու է միասնական ՀՕՊ համակարգ։
Զասի թեկնածության հետ կապված ՀՀ փորձագիտական շրջանակներում այն կարծիքն է շրջանառվում, որ հայկական կողմը չէր կարող տորպեդահարել ՀԱՊԿ-ի բնականոն աշխատանքը, այսինքն՝ ճիշտ արեց, որ հավանություն տվեց Բելառուսի ներկայացուցչի թեկնածությանը։ Բայց, դրա հետ մեկտեղ, Զասի նշանակումը Հայաստանի համար կարող է որոշ խնդիրներ ստեղծել։
Անցյալ տարվա նոյեմբերին մենք ականատես եղանք Բելառուսի ներկայացուցչի թեկնածության առաջադրման հարցում Բաքվի շահագրգռվածությանը։ Եթե փորձագետների կանխատեսած խնդիրները չստեղծվեն էլ, Ադրբեջանի համար, համենայն դեպս, դա ինչ-որ նոր հնարավորություն կարող է լինել։ Նախևառաջ, կարելի է Բելառուս-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցության խորացում ակնկալել, ինչու չէ՝ ՀԱՊԿ շրջանակներում ինչ-որ չափով ադրբեջանական շահի առաջմղում։
Բիշքեկի հանդիպումից մեկ շաբաթ առաջ Բելառուսում անցկացվեց ռազմարդյունաբերական ցուցահանդես (MILEX-2019), որի շրջանակներում կայացավ հանդիպում Բելառուսի պաշտպանական արդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Ռոման Գոլովչենկոյի և Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչ Յահյա Մուսաևի միջև։ razm.info-ի տեղեկացմամբ՝ կողմերը քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում Բելառուս-Ադրբեջան համագործակցության առկա և հեռակա ուղղությունները։
Մինսկում անցկացված ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում Ադրբջանի ԶՈՒ պատվիրակությանը ցուցադրել են ՙՊոլոնեզ՚ ՀԿՌՀ-ի (համազարկային կրակի ռեակտիվ համակարգ) ավելի հզոր հրթիռ։ Տեղեկացնելով այս մասին՝ ադրբեջանական Azeridefence լրատվական կայքը հրապարակել է նաև լուսանկար, որում երևում է չինական M20 բալիստիկ հրթիռը։ Բելառուսական համակարգերը զինված են 130կգ մարտագլխիկով չինական A200 հրթիռներով։ Յուրաքանչյուր արձակման կայանի վրա կա այդպիսի 8 հրթիռ։ Հնարավոր է, որ ՀԿՌՀ-ի հենց այս հրթիռներով տարբերակն է մատակարարվել Ադրբեջանին։
Ներկա իրողությունների հաշվառմամբ՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են ուշադրությունը սևեռել ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը։ Այս տարվա փետրվարի սկզբին վարչապետ Փաշինյանն ընդունեց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և լեհական ՙԼյուբավա՚ ռազմարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմարդյունաբերության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Եվ այս համատեքստում երկուստեք կարևորվել է Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը։
Հարկ է կարևորել մայիսի 24-ին վարչապետի նախագահությամբ անցկացված ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը։ Փաշինյանը նշել է, որ կառավարության համար ռազմարդյունաբերության ոլորտը գերակայություն է, և այս ոլորտի հետ կապված լուրջ ծրագրեր ու նպատակներ կան։ Կառավարության կառուցվածքի փոփոխությունների արդյունքում ստեղծվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։ Ռազմարդյունաբերական համալիրը, արտադրական ներուժը, արտադրական ձեռնարկությունները պետք է տեղավորվեն այս նախարարության կառուցվածքի մեջ։ Վարչապետի խոսքով՝ ոլորտի առաջ պետք է լուրջ խնդիրներ դրվեն, որպեսզի այս ուղղությունը խթան հանդիսանա ոչ միայն մեր անվտանգության մակարդակի բարձրացման, այլև տնտեսության զարգացման համար, որի հետ կապված կարևորագույն խնդիրներից մեկը Հայաստանը տեխնոլոգիապես զարգացած երկիր դարձնելն է։
Հայաստանի ռազմական ներուժի աճի հետ կապված՝ հարկ ենք համարում վկայակոչել Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի՝ SIPRI-ի, զեկույցը։ Անդրադառնալով նախորդ տարի աշխարհում կատարված ռազմական ծախսերին, սպառազինությունների մրցավազքի տեմպերին, դրանց քաղաքական, ռազմական, տնտեսական և այլ բնույթի դրդապատճառներին` ռազմական փորձագետներն արձանագրել են, որ Հայաստանը սպառազինությունների մրցավազքում գնալով կրճատում է Ադրբեջանի հետ տարբերությունը։ 2015-ին Հայաստանի ռազմական բյուջեն կազմում էր 417 մլն դոլար, 2016-ին՝ 431 մլն։ 2018 թվականին ՀՀ-ի ռազմական ծախսերը 2017-ի համեմատ աճել են 33%-ով՝ կազմելով շուրջ 609 մլն դոլար։ Հայաստանն ընդգրկվել է աշխարհի այն 10 երկրների շարքում, որոնք ամենամեծ ռազմական բեռն ունեն ՀՆԱ-ի համեմատ։ 2018-ին Ադրբեջանի ռազմական ծախսերը, նախորդ տարվա համեմատ, նույնպես ավելացել են, բայց, ըստ SIPRI-ի, աճի ծավալները մեծ չեն։