comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑՆ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑՆ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Հունիսի 27-ին տեղի ունեցավ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը։ Նիստին մասնակցում էին ԿԸՀ անդամներ, տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները, ԿԸՀ պատասխանատու աշխատողներ և լրագրողներ։ 

Օրակարգում Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) 2019թ. սեպտեմբերի 8-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման մասին հարցն էր։
Ինչպես տեղեկացրեց Ե. Արզումանյանը, ընթացիկ տարվա սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրությունների անցկացման վերաբերյալ կա Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումը, որի հիման վրա ԼՂՀ ընտրական օրենսգրքի 143-րդ հոդվածին համապատասխան ՝ նիստում քննարկվել և հաստատվել է 228 համայնքներում սպասվող ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Ընդ որում՝ բոլոր համայնքներում միաժամանակ կանցկացվեն և՜ համայնքի ղեկավարի, և՜ ավագանու անդամների ընտրություններ։ Այդ կապակցությամբ ԱՀ ԿԸՀ-ն կազմել է որոշման նախագիծ, համաձայն որի՝ ՏԻՄ ընտրությունների կազմակերպման և անցկացման համար 61 հիմնական միջոցառում է նախատեսված՝ սկսած դիտորդների հավատարմագրումից, նախընտրական շտաբների ձևավորումից և այլն։ Նշված միջոցառումները, ինչպես ասաց զեկուցողը, այսօրվանից կարող են սկսել շահագրգիռ մարմինները։
Ընտրական տեղամասերը կկազմավորվեն մինչև հուլիսի 25-ը, տեղամասային կենտրոնները՝ մինչև հուլիսի 27-ը։ Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասախան տարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել օգոստոսի 4-ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժամը 18.00-ն։ Թեկնածուների գրանցումը կկատարվի օգոստոսի 9-ից մինչև օգոստոսի 14.00-ը՝ ժամը 18.00-ն։ Տեղամասային ընտրական հանձնաժողովները կկազմավորվեն նույնպես օգոստոսի 9 -14-ը։ Նախընտրական քարոզչության ժամանակահատված է սահմանվում օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 6-ի՝ ժամը 24.00-ը։ Ընտրողների վերջնական ցուցակները՝ այդ թվում լրացուցիչ, տեղամասային կենտրոններում կփակցվեն մինչև սեպտեմբերի 6-ը։
Ըստ շրջանների՝ ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Ստեփանակերտում, Ասկերանի շրջանի 42 համայնքներում, Հադրութի շրջանի՝ 30, Մարտակերտի շրջանի՝ 43, Մարտունու շրջանի՝ 35, Շահումյանի շրջանի՝ 16, Շուշիի շրջանի՝ 7 և Քաշաթաղի շրջանի՝ 54 համայնքներում։ Ընդհանուր առմամբ՝ կձևավորվի 278 ընտրական տեղամաս։
Նիստը հաստատեց ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ քննարկված ժամանակացույցը։
ԿԸՀ նիստը հաստատեց նաև վերոնշյալ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված ԱՀ ընտրական հանձնաժողովների ծախսերի նախահաշիվները՝ 77 միլիոն 958 հազար 520 դրամ՝ ընդհանուր գումարի չափով։
Միջոցառումների ժամանակացույցը և դրանից բխող համապատասխան այլ իրավական ակտերն ու փաստաթղթերը կտրամադրվեն շահագրգիռ գերատեսչություններին ու պատասխանատու կատարողներին։ ՙԱմեն ինչ պետք է արվի՝ ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար՚,- ասաց Եղիշե Արզումանյանը։