ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՌՆՈՒ՞Մ Է ԻՐԱՆԻՆ
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Նախօրեին Բաքվում Իրանի դեսպան Ջհանգիրզադեն հանդես է եկել մամուլի ասուլիսով, որտեղ անդրադարձել է նաեւ ԼՂ կարգավորման հարցում իր երկրի պաշտոնական դիրքորոշմանը։ Ըստ այդմ, Իրանը նախանձախնդիր է խաղաղ կարգավորմանը՝ ՙԱդրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության շրջանակներում՚։
Թվում է, իրանցի դիվանագետի այս հայտարարությունը պետք է արժանանար ադրբեջանական կողմի անվերապահ հավանությանը։ Պարզվում է՝ ոչ, իրանա-ադրբեջանական հարաբերություններում անվստահությունն այնքան խորն է, որ Բաքվում պարզապես հավատ չեն ընծայում պաշտոնական Թեհրանի եւ ոչ մի, այդ թվում՝ ԼՂ կարգավորմանն առնչվող, հայտարարության։ Ընդ որում, հասկացվում է, որ դա պետական մոտեցում է։ Հակառակ դեպքում Ադրբեջանի նման երկրում, որտեղ մամուլի ցանկացած հրապարակում նախապես համաձայնեցվում է պատկան մարմինների հետ, հակաիրանական արշավ չէին սկսի գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները։ Բաքվում, երեւում է, ընտրել են ամենահարմար պահը՝ Իրանը դժվարին ժամանակներ է ապրում։ Պատժամիջոցներն անում են իրենց գործը, սոցիալ-տնտեսական իրավիճակը գնալով ավելի ու ավելի է սրվում, աճում է գործազրկությունը, նվազում են մարդկանց եկամուտները։ Երկրին սպառնում է աղետ, եթե հրատապ լուծումներ չգտնվեն։ Ադրբեջանում գիտեն իրանական իրականության մասին։ Եվ հասկանում են, որ նման իրավիճակում Իրանը չի կարող իրեն թույլ տալ հավելյալ խնդիրներ ունենալ նաեւ հարեւան երկրների հետ։ Այդ իսկ պատճառով ընտրվել է հարձակողական ոճ։
Ադրբեջանական մամուլն ուղղակի սպառնալիքներ է հնչեցնում այն կտրվածքով, որ եթե Իրանը չվերանայի Հայաստանի հետ հարաբերությունները, ապա Բաքուն խոսքից կանցնի գործի։ Մեկնաբաններից մեկը բաց տեքստով ձեւակերպել է Ադրբեջանի պահանջը՝ Իրանը պարտավոր է խզել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ, այդ հարցում համերաշխվել Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի հետ։
Պաշտոնական հարաբերություններում, իհարկե, Բաքուն հազիվ թե նման խնդիր դնում է Թեհրանի առաջ։ Բայց մամուլի հրապարակումները վկայում են, որ նման տրամադրությունները գնալով դառնում են գերիշխող։ Ադրբեջանում, ըստ երեւույթին, հաշվարկել են, որ հայտնվելով բարդ իրավիճակում` Իրանն ստիպված կլինի գնալ էական զիջումների։ Պատահական չէ, որ ադրբեջանական մամուլում կրկին թեժացել է այսպես կոչված ՙՀարավային Ադրբեջանի՚ թեման։ Բաքուն Թեհրանի հետ հարաբերություններում միշտ նկատի է ունեցել այդ հանգամանքը։ Ներկայումս այն ավելի ակտուալացվել է։ Ադրբեջանական կողմից ակնարկում են, որ Իրանին երկու սկզբունքային զիջում արդեն իսկ արված է։
Բաքուն հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքը չի տրամադրի հակաիրանական ուժերին եւ ձեռնպահ կմնա ՙՀարավային Ադրբեջանում՚ իրավիճակի վրա ազդեցություն գործելու քայլերից։ Ադրբեջանական քարոզչությունը համարում է, որ Իրանը պարտավոր է փոխհատուցել պաշտոնական Բաքվի նման կեցվածքի դիմաց՝ սառեցնելով կապերը Հայաստանի հետ։
Թեհրանում այդ սպառնալիքներին լուրջ չեն վերաբերվում։ Օրերս Իրան էր այցելել Հայաստանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը, որն արժանացել է բարձր մակարդակի ընդունելության։ Քննարկվել են տնտեսական հարաբերությունների խորացման հետ կապված հարցեր։ Այդ մասին տեղեկատվությունը բառիս բուն իմաստով հունից հանել է ադրբեջանական կողմին։ Մամուլը հեղեղված է հակաիրանական հրապարակումներով։ Ըստ երեւույթին, հենց այդ հիստերիան մեղմելու համար է, որ Բաքվում Իրանի դեսպանը ԼՂ կարգավորման վերաբերյալ վերոհիշյալ տեսակետն է հայտնել։ Բայց դա, ինչպես ասվեց, իրավիճակը չի լիցքաթափել։
Ադրբեջանում բացեիբաց հայտարարում են, որ քաղաքականությունը ոչ թե խոսք է, այլ՝ կոնկրետ քայլեր։ Իսկ կոնկրետ քայլերով Իրանը զարգացնում է հարաբերությունները Հայաստանի հետ։ Բաքվում կարծում են, որ նման իրավիճակում Իրանը չի կարող ԼՂ հարցում անկողմնակալ լինել, քանի որ Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստող քայլերն ամրապնդում են հակամարտության գոտում ստատուս-քվոն պահպանելու հայկական կողմի հնարավորությունները։
Գործնականում ի՞նչ կարող է անել Ադրբեջանն Իրանի դեմ։ Հնարավոր բոլոր քայլերն արված են։ Մնում է մեկը՝ փորձել ապակայունություն սադրել Իրանի հյուսիսի ադրբեջանաբնակ շրջաններում։ Բայց ունի՞ Բաքուն նման ռեսուրս։ Ավելի շուտ կարող է տեղի ունենալ հակառակը, եթե իրանական կողմն զգա, որ Ադրբեջանից իրական սպառնալիք կա։
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի հարավը գտնվում է իրանական կրոնապետության ազդեցության տակ եւ իսլամական հեղափոխական շարժումը միայն տեխնիկայի հարց է։ Մանավանդ որ Ադրբեջանում սոցիալական խռովության համար բոլոր նախապայմաններն առկա են։ Այս իրողությունը Բաքվում գերազանց գիտեն։ Եվ, իհարկե, Իրանի դեմ կոնկրետ ոչինչ չեն ձեռնարկի։ Հակառակ դեպքում Ալիեւի ռեժիմը կփորի սեփական գերեզմանը։
;