ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Օգոստոսի սկզբներին ՙՌուսաստանի թալիշական համայնք՚ հասարակական կազմակերպության նախագահ, ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարցերով խորհրդի անդամ Իսմայիլ Շաբանովը ՙՌեալիստ՚ տեղեկատվական գործակալությանը հարցազրույց էր տվել և իր տեսակետը ներկայացրել ադրբեջանա-արցախյան հակամարտության վերաբերյալ։
Մենք չգիտենք, թե հակամարտության քաղաքական, պատմական և իրավական հիմքերին որքանով է ծանոթ սույն հասարակական գործիչը, բայց այս դեպքում դա այնքան էլ կարևոր չէ։ Մի բան հստակ է՝ նրա տրամաբանության ու դիտարկումների հիմքում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահի առաջնայնության ընկալումն է, հակառակ պարագայում, ասել է թե՝ նախանշված շրջանակներից դուրս գալը հարցականի տակ կդներ նրա ՙնախագահին կից՚ կարգավիճակը։
Շաբանովի դատողությունները պտտվում են ՙԱրցախը Հայաստան է, և վերջ՚ համահայկական կարգախոսի շուրջ, որը քանիցս շեշտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթում։ Ինչպե՞ս դրան կպատասխանի Ադրբեջանը. հռետորական հարց է հնչեցրել ՙՌուսաստանի թալիշական համայնք՚ կազմակերպության ղեկավարը և ինքն էլ պատասխանել. ՙԱդրբեջանն ինչ-որ կերպ պետք է չեզոքացնի Փաշինյանի հանդուգն հայտարարությունը, գոնե՝ ոչինչ չորոշող քաղքենիների մտածողության մեջ՚։ Նրա վերլուծության վերջնակետը. ՙՂարաբաղի շուրջ ցանկացած փոփոխություն կարող է վտանգել տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը, սակայն տարածաշրջանային դերակատարները պատրաստ չեն դրան, բացի նրանցից, ովքեր ցանկանում են Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից և վերջնականապես փակել Իրանի ճանապարհը՚։ Հարցազրույցը եզրափակվում էր պատերազմի վերսկսման հավանականության և հնարավոր հետևանքների դիտարկմամբ։
Հայ ժողովրդի երկու հատվածների միացման կարգախոսն ինչո՞ւ է մտահոգել թալիշ հասարակական գործչին։ Եվ ինչո՞ւ է թալիշական ազգային շահը նրա մոտ այդաստիճան մարգինալացվել. Շաբանովը չխոսեց Ադրբեջանից կախվածությունը թոթափելու համար պայքարող թալիշների իրավունքների և ձգտումների մասին։ Հայ և թալիշ ժողովուրդների բարեկամությունը չդիտարկեց ալիևյան վարչակարգի կողմից իրականացվող այլատյացության քաղաքականության համատեքստում։
Ազգային հպարտության առկայությունը, թերևս, նրան կստիպեր ծանրանալ թալիշ ժողովրդի առաջնորդներից մեկի՝ Ֆահրադին Աբոսզոդայի արտահանձնման տխուր պատմության վրա։ Խայտառակ գործարք, որը տեղի ունեցավ Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայիս իշխանությունների միջև։ Գիտնականն ու քաղաքական գործիչը, ով 1993-ին եղել է թալիշների ազգային ապստամբության առաջնորդներից մեկը, նաև համարվում է Թալիշ-Մուղանական ինքնավար հանրապետության սահմանադրական ակտի հեղինակն ու Ազգային մեջլիսի խոսնակը։ Աբոսզոդային են պատկանում հետևյալ խոսքերը. ՙՂարաբաղի ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ ինչպես և ում հետ ապրել՚։ Ի գիտություն միջազգային հանրակցության՝ նա հայտարարել էր, որ այս խոսքերով ինքն արտահայտում է թալիշ ժողովրդի և իրենց հողերում բնակվող մյուս ժողովուրդների տեսակետը։
Շաբանովի խնդիրն ուրիշ է, նա գերտերության շահի սովորական սպասարկու է։ Միացման կարգախոսը նրան վտանգավոր թվաց, քանի որ ՙտարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերի փոփոխության՚ է հանգեցնելու։ Բռնապետական վարչակարգի ճնշումներին ենթարկվող ազգի մտավորականը, իր հայրենակիցների հոգսերն ու ազգային խնդիրները մոռացության մատնած, բռնապետին հուշում է ՙինչ-որ կերպ չեզոքացնել Փաշինյանի հանդուգն հայտարարությունը՚։
Իսկ թե ինչպե՞ս պիտի լինի ՙչեզոքացման՚ գործընթացը, թողնենք այդ տխրահռչակ գործչի երևակայությանը։ Իսկ նրա երևակայության բարձրակետը ՙոչինչ չորոշող քաղքենիներ՚ արտահայտությունն է՝ այսինքն՝ վիրավորանք մի ամբողջ ժողովրդի հասցեին, որն իր ազատագրական պայքարն սկսել է Հայաստանի հետ Արցախի վերամիավորման գաղափարով զինված։
Ռուսաստանի Դաշնությունում հայտնի քաղաքագետներից կամ հայ մտավորականներից որևէ մեկն այդ հարցազրույցին արձագանքե՞լ է։ Նրան համապատասխան տե՞ղ են ցույց տվել։
Շաբանովին հայտնի է, որ թալիշ ժողովուրդը ժամանակին իր համերաշխությունն էր հայտնել Արցախի ժողովրդի ազատագրական պայքարին՝ համարելով այն իր պայքարը, քանզի այն ընդհանուր է՝ հանուն անկախության և ազգային ինքնության պահպանման։
Թալիշ ժողովրդի պայքարի հստակ ու հակիրճ հիմնավորումը ևս մեկ անգամ տրվեց Թալիշ-Մուղանական ինքնավար հանրապետության նախագահ Ալաքրամ Հումմատովի կողմից՝ վերջերս ՙԳոլոս Արմենիի՚ թերթին տված հարցազրույցում. ՙԱդրբեջանի կազմում գոյատևելը հավասարազոր է մահվան՚։ Նրա խոսքով՝ 26 տարվա գոյատևումը բավարար է թալիշական պետականության վերականգնման կարևորությունը համոզմունք դարձնելու համար։ Իշխանություններն իրենք են այս գործընթացին նպաստել՝ թալիշ ժողովրդի առջև չկատարելով իրենց պարտավորությունները, մասնավորապես անտեսելով ու չհարգելով Ադրբեջանի բնիկ ժողովուրդների իրավունքները, որոնք սահմանված են երկրի հիմնական օրենքով։ Այդ իրավունքները հաստատվել են Եվրոպայի խորհրդի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորություններում։ Նախագահը խոսել է փաստերի լեզվով՝ երեխաները զրկված են մայրենի լեզուն սովորելու իրավունքից, ՙթալիշ՚ հասկացությունն, առհասարակ, իշխանության համար անընդունելի է, նորածիններին թալիշական անուններով կոչելը նույնպես արգելված է։ ՙԺողովուրդը հաշվետվորեն գիտակցում է, որ կանգնած է անհետացման վտանգի առաջ, և այդ մշուշոտ հեռանկարն էլ մեզ հարկադրում է առաջ շարժվել՚,-հայտարարել է Հումմատովը։ Նա առանձնահատուկ կարևորել է ս.թ. մայիսին Երևանի պետական համալսարանի Իրանագիտության ամբիոնի կողմից կազմակերպված Թալիշական 3-րդ միջազգային համաժողովը, որը հերթական անգամ արձանագրեց ադրբեջանական իշխանությունների կողմից կիրառվող կոշտ քաղաքականության արդյունքում թալիշական ինքնության վտանգման փաստը։
Նշենք, որ համաժողովն անդրադարձել է անցյալ դարի 90-ականների դեպքերին ու դրանց հետևած զարգացումներին։ 1993թ. հունիսին մի խումբ թալիշ գործիչներ հռչակեցին Թալիշ-Մուղանական ինքնավար հանրապետությունը, որը գոյատևեց մինչև օգոստոս ամիսը։ Ժողովրդական ելույթները դաժանորեն ճնշվեցին, ակտիվիստները հայտնվեցին բանտերում կամ ընդհատակում, շատերն էլ տարագրվեցին։ Էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ իրականացված խտրականության քաղաքականության արդյունքում թալիշական ազգային խնդիրները հետին պլան մղվեցին, ուսուցման և հաղորդակցության հիմնական լեզուն դարձավ ադրբեջաներենը։ Թալիշերենով հրատարակություններ գրեթե չկան, հազվադեպ դարձած թալիշական մամուլն ու գրականությունը հրատարակվում են ադրբեջաներենով։ Ներկա դրությամբ գոյություն ունի թալիշերենով հեռարձակվող՝ 15 րոպե տևողությամբ ռադիոեթեր։
Միջազգային համաժողովում բարձրաձայնվել է նաև այն մասին, որ Ադրբեջանի բնիկ ժողովուրդների որոշ ներկայացուցիչներ, նաև թալիշներ, ադրբեջանական կողմից Արցախյան պատերազմին մասնակցել են իշխանությունների ճնշման ներքո, ինչի համար նրանք ցավ և ափսոսանք են հայտնել։ Երևանում թալիշ գործիչները հայտարարեցին, որ Հարավային Կովկասում ոչ միայն իրենց պատմական, մշակութային և լեզվական ներկայությունն են հաստատել, այլև շարունակում են հավատարիմ մնալ հայ ժողովրդի հետ բարեկամության կամուրջներ կառուցելու գաղափարին։
Վերադառնանք Իսմայիլ Շաբանովի ՙառաքելությանը՚։ Ադրբեջանա-արցախյան հակամարտության մասին խոսելիս նա աչքի առաջ պիտի ունենար այն փաստը, որ ալիևյան վարչակազմն այսօր էլ իր հայրենակիցներին՝ ազգությամբ թալիշ զինվորներին, առաջնագծում է պահում՝ ոչ միայն նրանց էթնիկական ներկայությունից ձերբազատվելու, այլև հայերի նկատմամբ թշնամանք հարուցելու մտադրությամբ։ Ազգամիջյան ընդհարումներ հրահրողը, սովորաբար, երրորդ ուժն է լինում, իսկ երբ օտարի ճիրաններում տառապող ազգի մտավորականն իր ազգային շահը ստորադասում է գերտերության աշխարհաքաղաքական շահին, դրանով միայն նպաստում է պատմության թատերաբեմից այդ ազգի հեռացմանը։