ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՈՂՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ Է
Աշոտ ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՙՀայաստանը, ինչպես լեռնայինղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, այնպես էլ արտաքին գլոբալ ուժերի հետ իր փոխհարաբերություններում գործում է` ելնելով տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության պահպանման նկատառումներից։ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության պահպանումն ու ամրապնդումը բխում են տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերից՚,- օգոստոսի 27-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայությունների ղեկավարների ամենամյա համաժողովին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Ընդսմին, հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ այս հավասարակշռությունը խախտելու Ադրբեջանի փորձերը սպառնալիք են տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարի այս և օբյեկտիվ իրողություններն արտացոլող մյուս հայտարարությունները հարուցեցին Ադրբեջանի քաղաքական վերնախավի միանգամայն սպասելի հիստերիկ արձագանքը, և հայկական երկու պետությունների հասցեին որպես ավանդույթ մահացու սպառնալիքներ տեղացին։
Անվտանգության ու կարգավիճակի հարցերը, միանշանակ, ինքնիշխան Արցախի համար առաջնահերթ նշանակություն ունեն, և հայկական երկու հանրապետությունների ղեկավարները բազմիցս նշել են հակամարտության այն տարբերակի անհնարինությունը, որը սպառնալիքի տակ կդներ Արցախի ժողովրդի անվտանգությունն ու կսահմանափակեր նրա ինքնորոշման իրավունքն իրացնելու հնարավորությունները։
Մինչդեռ ղարաբաղյան հակամարտության ՙկարգավորումը՚ Բաքվի ընկալմամբ ենթադրում է նախևառաջ ՙտարածքների վերադարձ՚, ինչն ուղղակիորեն նշանակում է անվտանգության` գոյություն ունեցող հավասարակշռության խախտում՝ ինչպես հենց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում, այնպես էլ կովկասյան տարածաշրջանում` ընդհանրապես։ Բնականաբար, ադրբեջանական ռազմական ուժերը հաջորդիվ կփորձեն օկուպացնել Արցախն ու այնտեղից վտարել նրա բնիկ ժողովրդին։ Բաքվի քաղաքական ռեժիմի այս պարզունակ ու նույնքան լկտի մարտավարությունը դժվար չէ կռահել։
1992-94թթ. Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական ագրեսիան հակադարձելու ընթացքում հակահարձակողական գործողությունների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից ազատագրված տարածքներն այն ժամանակ ԼՂՀ-ի համար ծառայում էին որպես յուրատեսակ անվտանգության գոտի և կարևորագույն նշանակություն ունեին բնակչության ֆիզիկական գոյության համար։ Լեռնային Ղարաբաղի շուրջ թշնամու օղակն ավելի էր սեղմվում, խաղաղ բնակչությունը ենթարկվում էր ավիառմբահարումների և կենտրոնացված հրետակոծությունների ադրբեջանական մերձակա բնակավայրերից, որոնք Բաքվի իշխանությունները գործնականում վերածել էին ռազմական հենակետերի: Ամեն օր զոհվում էին տասնյակ մարդիկ, և միայն համաժողովրդական ջանքերի ու Արցախի անօրինակ տոկունության ու հերոսության շնորհիվ հաջողվեց բեկել պատերազմի ընթացքը։
Իր իսկ մեղքով ստեղծված իրավիճակը պաշտոնական Բաքուն առայսօր փորձում է միջազգային հանրությանը մատուցել որպես ոչ այլ ինչ, քան հայկական ագրեսիայի արդյունք, այն դեպքում, երբ իրականությունը ճիշտ հակառակն է։ Ոչ թե Լեռնային Ղարաբաղը, այլ Ադրբեջանն է սանձազերծել պատերազմ՝ նպատակ ունենալով ոչնչացնել արցախցիներին՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և այլ բնակավայրերի հայության զանգվածային սպանությունների օրինակով։ Այստեղ, սակայն, Բաքվի ռազմաքաղաքական ռեժիմը լիակատար ձախողվեց։ Արդյունքում ստեղծվեցին աշխարհաքաղաքական նոր իրավիճակ, պետական նոր սահմաններ, որոնք Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները համառորեն չեն ուզում ճանաչել։
Միանգամայն ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն մտադիր չեն ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել կառուցողական ճանապարհով, այլև, հակառակը՝ փորձում են 1994թ. մայիսին կնքված հրադադարի անժամկետ համաձայնագիրն օգտագործել իրենց ռևանշիստական նպատակների իրականացման համար։ Ադրբեջանի 2016թ. ապրիլյան խարդախ ու անմարդկային լայնածավալ ագրեսիան ընդամենը հրատապություն հաղորդեց Արցախի տարածքային ամբողջականության հարցին։
Փորձագետները բազմիցս նշել են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը գտնվում են պատմական ու իրավական տարբեր հարթություններում։ ԼՂՀ անկախությունը ոչ մի կերպ չի խախտում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նախևառաջ այն պատճառով, որ հայկական հինավուրց երկրամաս հանդիսացող Արցախը երբևէ չի եղել և, ըստ էության, չէր կարող Ադրբեջանական պետության մաս լինել, որը (հաշվի առնելով խորհրդային շրջանը) ընդամենը 100 տարեկան է։
Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների ընթացքում այս կամ այն կողմի վերահսկողության տակ անցած տարածքների հարցին, Արցախն ունի իր` բավականին ծանրակշիռ և կոնկրետ տարածքային հավակնություններն Ադրբեջանի նկատմամբ։ Մասնավորապես` Ադրբեջանի օկուպացման տակ գտնվող ողջ Շահումյանի շրջանը, որտեղից վտարվեց բազմահազարանոց հայկական խաղաղ բնակչությունը, Մարտակերտի և Մարտունու շրջանների որոշ մասը և այլն։ Տվյալ խնդիրը հնարավոր կլիներ քննարկել ադեկվատ հակառակորդի և ոչ թե, ըստ էության, ֆաշիստական ռեժիմի հետ, որը ողջ աշխարհի հայերին ոխերիմ թշնամի է հայտարարել։
Եթե պաշտոնական Բաքվի համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ընդամենը քաղաքական պատվախնդրության հարց է, ապա Արցախի հայերի համար՝ կյանքի, պատվի ու արժանապատվության հարց։ Ինչպես վերը նշվեց, գործնականում նմանակելով կարգավորման գործընթացում իր մասնակցությունը, պաշտոնական Բաքուն իրականում իր ցեղասպանական ծրագրերն է հասունացնում։ Եվ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը գնալով ավելի մեծ վտանգ է ներկայացնում, մի երկիր, որը, օգտվելով Թուրքիայի տեսանելի ու անտեսանելի աջակցությունից, այսօր լուրջ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային անվտանգության համար։
Այնպես որ հզոր, ինքն իրեն պաշտպանելու ունակ Արցախը նույնպես ծանրակշիռ գործոն է ընդհանուր տարածաշրջանային կայունության համատեքստում։ Եթե հակիրճ, ապա Արցախի անվտանգության հարցը ողջ տարածաշրջանի անվտանգության հարցն է։