ԳԻ ՏԵՍԻԵ. ՙԱՐՑԱԽԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ է ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԵՆ՚
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Արցախի Հանրապետության ԱԺ նիստերի մեծ դահլիճում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ ՙՖրանսիա-Արցախ՚ բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Գի Տեսիեի գլխավորած պատվիրակության անդամների հանդիպումը Ազգային ժողովի պատգամավորների, ՙԱրցախ-Ֆրանսիա՚ բարեկամության շրջանակի անդամների, գործադիր իշխանության որոշ պատասխանատուների և գիտակրթական շրջանակների ներկայացուցիչների հետ։ Պատվիրակությունը Ֆրանսիայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի ուղեկցությամբ ճանաչողական այցով Ստեփանակերտ էր ժամանել մեկ օր առաջ։
Ողջունելով ներկաներին՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ասաց, որ Ֆրանսիայի հանդեպ հայ ժողովուրդն ունի երախտիքի զգացում։ Այդ երկիրն իր դռները լայն բացեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հազարավոր հայերի առջև՝ հնարավորություն տալով նրանց սերունդներին ինքնադրսևորվել և պատվավոր տեղ զբաղեցնել ֆրանսիական մշակույթի, սպորտի, ռազմարվեստի, տնտեսության և քաղաքականության մեջ։ Լինելով համամարդկային արժեքների օրրան, Ֆրանսիան շարունակում է առաջատար լինել մարդու իրավունքների ընդլայնման օրենսդրական նորարարությունների բնագավառում։ Ղուլյանի խոսքով՝ մեր բարեկամների այցը լավագույն հաստատումն է այն իրողության, որ ազատության, եղբայրության, հավասարության գաղափարներով առաջնորդվող երկրի համար ընկալելի է հանուն ազատության Արցախի ժողովրդի պայքարը։ Այստեղ կարևորում և բարձր են գնահատում այն աշխատանքը, որն իրականացվում է ֆրանսիացի գործընկերների կողմից՝ Արցախի մասին անաչառ տեղեկատվություն ներկայացնելու, մեր ժողովրդի իրավունքների մասին բարձրաձայնելու ուղղությամբ։ Մեր խորհրդարանի արտաքին կապերի մեջ ֆրանսիական ուղղությունն ամենաակտիվն է, իսկ բարեկամության շրջանակը՝ ամենակայացած ինստիտուցիոնալ կառույցը։ Առկա են համատեղ օրակարգն առաջ մղելու, համագործակցության շրջանակներն ընդլայնելու բոլոր նախադրյալները։ Այդ նպատակին է միտված նաև մայրաքաղաքի Ազատամարտիկների պուրակում Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցատախտակի բացումը, որն արցախցիներին և մեր երկիր ժամանած հյուրերին կպատմի հայերի և ֆրանսիացիների բարեկամության մասին։ Ազատամարտիկների պուրակը կխորհրդանշի երկու ժողովուրդների՝ ազատության հանդեպ ունեցած մեծ սերն ու նվիրումը։ՙՇատ կարևոր խորհրդանիշ է և, կարծում եմ, ինչպես ձեզ համար, այնպես էլ մեզ համար կարևոր է իմանալ և հիշել, թե որտեղից ենք գալիս, որպեսզի հասկանանք, թե ո՞ւր ենք գնում՚. ելույթն այսպես սկսեց ՙՖրանսիա-Արցախ՚ բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Գի Տեսիեն։ Նա իր հարգանքն ու խոնարհումն արտահայտեց այն մարդկանց հանդեպ, ովքեր հանուն ազատության իրենց կյանքն են զոհել։ Ֆրանսիայի տարբեր նահանգներ ներկայացնող խորհրդարանականների պատվիրակության անունից նա ասաց, որ Արցախի թեման արծարծվում է բոլոր քաղաքական ուժերի և տարբեր գաղափարակիրների կողմից։ Եվս մեկ հանգամանք. պատվիրակության անդամների ճնշող մեծամասնությունն առաջին անգամ է այցելում Արցախ, ինչը վկայում է այս երկրի հանդեպ ֆրանսիացիների չընդհատվող հետաքրքրության մասին։ Յուրաքանչյուրի նպատակն է սեփական աչքերով տեսնել իրականությունը, հանդիպումներ անցկացնել բնակիչների հետ՝ հասկանալու, թե ինչպես է արցախցիներին հաջողվել իրենց զարգացումն ապահովել՝ հենվելով ժողովրդավարական արժեքների վրա։ Միմյանց հասկանալու համար նախ պետք է միմյանց ճանաչել։
Գի Տեսիեն անցյալ տարի Ֆրանսիայի Ազգային ժողովում կազմակերպել էր արցախյան գինիների համտեսում։ Նրա խոսքով՝ դա Արցախը ճանաչելի դարձնելու ևս մեկ միջոց է։ ՙԲայց ասեմ, որ դժվար էր,-շարունակեց Տեսիեն,-Ֆրանսիայի նման երկրում, որը գինիների հայրենիքն է համարվում, դժվար է արցախյան գինիներ համտեսելն ու հավանելը՚։ Բացի նրանից, որ երկու ժողովուրդները կիսում են ժողովրդավարական և համամարդկային արժեքները, կիսում են նաև գինու հանդեպ հետաքրքրությունը։ Նա տեղեկացրեց, որ իր գործընկերների, ինչպես նաև Ֆրանսիայում ԱՀ մշտական ներկայացուցչության հետ ծրագրում է Արցախին նվիրված մեծ համերգ կազմակերպել, որը թույլ կտա այդ ձևով ևս Արցախը ճանաչելի դարձնել։
Ֆրանսիացի խորհրդարանականն անհրաժեշտ համարեց Արցախի խնդրի վերաբերյալ արտահայտել իր տեսակետը, որը նաև պատվիրակության մյուս բոլոր անդամների տեսակետն է։ Նա ասաց, որ աշխարհում տարբեր երկրներ և տարբեր ուժեր կան, որոնք այսօր ջանք ու եռանդ չեն խնայում՝ Արցախը վերադարձնելու Խորհրդային Միության կողմից կանխորոշված սահմաններ։ Տեսիեի կարծիքով՝ այդ նեղմիտ հեռանկարը չի կարող իրական լինել. բավական է այցելել Արցախ՝ համոզվելու, որ ամեն ինչ վկայում է այս հողի վրա հայերի վաղնջական գոյության մասին։ ՙԱյն սահմանները, որոնք այսօր ամրագրված են, Արցախի սահմանները պետք է միջազգայնորեն ճանաչվեն՚,-հայտարարեց պատվիրակության ղեկավարը։ Երկրագնդի տարբեր մասերում կան նմանատիպ իրավիճակներ, և չի կարելի թույլ տալ, որ հակամարտությունների լուծումը ձգձգվի։ Այստեղ պետք է տեսնել իրավունքի, արդարության և ազատության խնդիրը։
Արցախի բարեկամը հավաստիացրեց, որ շարունակելու են աշխատանքը Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը ՙՖրանսիա-Արցախ՚ բարեկամության շրջանակի դիրքորոշման հետ նույնացնելու ուղղությամբ։
Այնուհետև ելույթ ունեցավ ՙՖրանսիա-Արցախ՚ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ, ֆրանսիական խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն։ Իր համար մեծ պատիվ է ելույթ ունենալ ԱՀ Ազգային ժողովում, որովհետև Արցախն աշխարհի այս տարածաշրջանում ժողովրդավարության օրինակ է ծառայում։ Նաև ուժ է տալիս Ֆրանսիայի իր բարեկամներին։ ՙԴուք պայքարի և դիմադրության օրինակ եք մեզ համար։ Այս առավոտյան, երբ մենք ծաղիկներ էինք դնում ազատամարտիկների շիրիմներին և Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված կոթողին, մտածում էինք՝ ինչքան էլ տխուր են եղել ձեր պատմության էջերը, դուք երբեք ձեր պայքարը չեք թուլացրել։ Միշտ մնացել եք այնպիսին, ինչպիսին եղել եք, հավատարիմ ձեր համոզմունքներին ու ավանդույթներին՚։ Իր և պատվիրակության մյուս անդամների անունից տիկին Բուայեն հավաստիացրեց, որ վերադառնալով Ֆրանսիա՝ պատմելու են իրենց տեսածի մասին, պատմելու են աստիճանաբար մոռացության տրվող հակամարտության մասին, որպեսզի գտնվի մի լուծում, որը կապահովի Արցախի ժողովրդին անհրաժեշտ ազատությունը։ Նա վստահեցրեց, որ Արցախ կատարած այցի մասին ամբողջական տեղեկատվություն կներկայացնեն ֆրանսիական հանրությանը։
ԱԺ ամբիոնից անթաքույց հուզմունքով իր մտքերն ու զգացմունքները փոխանցեց ՙՖրանսիա-Արցախ՚ բարեկամության շրջանակի անդամ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դանիել Կազարյանը։ Առաջին անգամ այցելելով Արցախ՝ նա ցանկանում էր շատ բան տեսնել ու լսել, հանդիպել այն մարդկանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով վերափոխում են այս գեղեցիկ հողատարածքը։ Ֆրանսիայի խորհրդարանի հայազգի պատգամավորն իր արցախցի հայրենակիցների մեջ նաև առանձնացրեց ժողովրդավարական կենսունակությունը և շնորհավորեց այդ առթիվ։ Այս տարածաշրջանում սա հազվադեպ երևույթ է, եթե հաշվի առնենք բռնապետական տարբեր վարչակարգերով Արցախի շրջապատված լինելը։ Սա միայն պատիվ է բերում Արցախի ժողովրդին, այս ամենի մեջ պետք է տեսնել միայն կայուն ապագա ստեղծելու նրա հաստատակամությունը։ Հայրենիքից հեռու ապրող հայուհու համար անչափ կարևոր են արցախցիների կյանքի անվտանգությունը, նրանց կամքն ու խաղաղության հասնելու ցանկությունը։ Այս ամենը սատարվում է Սփյուռքի և հատկապես Ֆրանսիայի հայ համայնքի կողմից։
Ֆրանսիայում շատերն են սատարում արցախցիների՝ ժողովրդավարական երկիր կառուցելու ջանքերին:
Ներկաների հետ իրենց տեսակետները կիսեցին ՙՖրանսիա-Արցախ՚ բարեկամության շրջանակի անդամ, խորհրդարանական Մուհամեդ Լաքհիլան, Ֆրանսիայի Սենատի անդամ Պիեռ Ուզուլիասը, Ազգային ժողովի պատգամավորներ Ժան-Պիեռ Կուբերտաֆոն և Գիյոմ Կասպարյանը։
ՙԱրցախ-Ֆրանսիա՚ բարեկամության շրջանակի անունից ելույթ ունեցավ Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը։