comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՐՑԵՐ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐՑԵՐ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

Ազգային ժողովի սեպտեմբերի 26-ի լիագումար նիստի օրակարգում նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգն էր ներառվել։ Կառավարության անդամները խորհրդարան էին ներկայացել ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Պատգամավոր Գագիկ Բաղունցի հարցը վերաբերում էր կրթության որակի բարձրացմանը, ինչը նախևառաջ նշանակում է ուսուցչի աշխատավարձի բարձրացում։ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այս առնչությամբ նշեց, որ օրեր առաջ կառավարության կողմից հաստատվել է 2020-22թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որով նախատեսվել է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը։ Վերջինիս շրջանակներում 2020-ի հունվարի 1-ից հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 10%-ով։ Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում սա արտացոլված կլինի։ Հետագա տարիների համար հստակ ծավալներ պետնախարարը չնշեց, քանի որ այդ մասին դեռևս խոսք չկա։
Պատգամավոր Էրիկ Հարությունյանին մտահոգում էր Բերձորում մշակույթի տան բացակայության փաստը։ Կառավարությունում եղե՞լ են քննարկումներ, ինչ-որ քայլեր նախատեսվո՞ւմ են՝ թեկուզ մասնավոր ներդրումների հաշվին։ Պատասխանելով հարցին, ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը նշեց, որ ոչ միայն Բերձորը, այլև Ասկերան քաղաքը չունեն մշակույթի տներ։ Մի քանի տարի առաջ Բերձորի մշակույթի տան վերակառուցման մասին խոսք է եղել. քանի որ անմխիթար վիճակում գտնվող շինությունը ներկայում չի օգտագործվում, նախարարությունը նպատակահարմար է գտել մշակել վերակառուցման նախագիծ։ Այն արդեն պատրաստ է, անցել է փորձաքննություն, այսինքն՝ պետբյուջեի ծրագրում կարելի է ընդգրկել։ Այս պահի դրությամբ նշված օբյեկտի վերանորոգման համար ֆինանսական միջոցներ հատկացված չեն։ Նախարարի խոսքով՝ դա պահանջում է մոտավորապես 700 մլն դրամ։
Պատգամավոր Արմեն Սարգսյանը կառավարությանը դիմեց հետևյալ հարցով՝ յուրաքանչյուր գյուղի զարգացման համար գործադիրն ունի՞ կոնկրետ ծրագիր։ Պետնախարար Մարտիրոսյանը նշեց, որ օրենսդրությամբ նախատեսվել է տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից համայնքի զարգացման քառամյա ծրագրի մշակում և հաստատում։ Ծրագրերը հաստատվում են համայնքի ավագանու կողմից։ Կառավարությունն առանձին համայնքների վերաբերյալ ծրագիր չի քննարկում և չի հաստատում, այլ կենտրոնանում է ոլորտային կամ, առանձին դեպքերում, տարածաշրջանային ծրագրերի վրա։

Պատգամավոր Ռոբերտ Ղահրամանյանը բարձրաձայնեց Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի բնակիչ Վարդան Հայրիյանի բնակարանային խնդրի մասին. բազմանդամ ընտանիքը՝ հինգ անչափահաս երեխաներով, վթարային բնակարանում է ապրում։ Ղահրամանյանը ս.թ. փետրվար ամսին գրավոր դիմել է քաղաքաշինության նախարարին, սակայն առ այսօր խնդիրը մնում է չլուծված։
Պատգամավորի երկրորդ հարցը վերաբերում էր Ավետարանոցի դպրոցի շենքին, որը նույնպես անմխիթար վիճակում է՝ ջարդված պատուհաններ, շարքից դուրս եկած ջեռուցման համակարգ, քանդված տանիք, մի խոսքով՝ ուսումնական պարապմունքներն այդտեղ դարձել են անհնարին։ Խնդրին իրազեկ են կրթության և քաղաքաշինության նախարարները, 2018-ի հուլիսին նաև պետնախարարին են նամակով դիմել։ Ձմռան ցրտաշունչ օրերին դպրոցում հարկադրաբար դադարեցվում են պարապմունքները։ Այս տարվա ընթացքում խնդրին լուծում կտրվի՞, թե՞ ոչ։
Հարցերին պատասխանեց քաղաքաշինության նախարար Շահրամանյանը։ Առաջին հարցի առնչությամբ ասաց, որ ինքը բազմիցս է նշել, որ հինգ և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագիրը դեռևս համատարած չի իրագործվում, որի պատճառը ֆինանսական մեծ միջոցների բացակայությունն է։ Ըստ կառավարության որոշման՝ նշված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագիրն ավարտին կհասցվի 2021թ. դեկտեմբերին։ Խոսքը հինգ և ավելի երեխաներ ունեցող մոտ 400 ընտանիքի մասին է։ Նախարարությունը շրջանների վարչակազմերից ստացել է բազմազավակ ընտանիքների ցուցակները և մտադիր է նրանց բնակարանային պայմանները բարելավել՝ ըստ առաջնահերթության։ Նախարարը հավաստիացրեց, որ 2020թ. պետբյուջեով հատկացումներ կլինեն։ Ինչ վերաբերում է Վարդան Հայրիյանի վթարային վիճակում գտնվող բնակարանին, Շահրամանյանն առաջարկեց համատեղ քննարկել խնդիրը և, նախքան բնակարանային հարցին վերջնական լուծում տալը, ժամանակավոր ինչ-որ տարբերակ գտնել։
Ավետարանոցի դպրոցի հետ կապված՝ նախարարն ասաց, որ վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են, և այս տարի, հավանաբար, դրանք կավարտվեն։ Ավետարանոցի և Ակնաղբյուրի դպրոցների համար վերակառուցման նախագծեր են պատվիրվել։ Դրանց մշակման աշխատանքներն ավարտին կհասցվեն, իսկ հաջորդ տարվա պետական բյուջեն քննարկելիս համապատասխան որոշումներ կկայացվեն։

Պատգամավոր Ռամելա Դադայանին հետաքրքրում էրն սեպտեմբերի 10-ին աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն ժամանած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի այցի ընթացքում ծավալված քննարկումները, որոնք վերաբերում էին ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, սոցիալական աջակցության և վերաբնակեցման ծրագրերին։ Այդ ամենի մասին Դադայանը տեղեկացել է մամուլի հրապարակումներից։ Ոլորտի երկու նախարարները փոխգործակցության ի՞նչ ծրագրերի շուրջ են պայմանավորվել։ Պատասխանելով հարցին՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանն ասաց, որ ցանկացած առիթ օգտագործվում է՝ ընդգծելու, որ սոցիալական պաշտպանության ոլորտն ու կարգավորող օրենսդրությունը երկու հանրապետություններում լավագույն դեպքում պետք է լինեն նույնը։ Իսկ եթե այդպես չէ, առկա տարբերությունները նվազագույնի հասցնելու ուղղությամբ պիտի աշխատեն։ Նրա խոսքով՝ ցանկացած նոր որոշում, նոր մոտեցում, որոնք մեզ հեռացնում են այդ նպատակից, մեզ մոտ ցավոտ են ընդունվում։ Նախարարը հայկական երկու պետությունների նույնանուն նախարարությունների համագործակցությունը շարունակական որակեց՝ ընդգծելով փոխադարձ այցելությունների կարևորությունը։ Տիկին Բաթոյանի հետ քննարկվել են հարցեր, որոնք օրակարգային են ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։ Հայաստանյան գործընկերներին գլխավորապես հետաքրքրում էր մեր հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցը։ Կարևորվեց նաև հասարակական սեկտորի հետ աշխատանքների ակտիվացումը։
Պատգամավոր Հայկ Խանումյանը, նախքան հարցը հնչեցնելը, ասաց, որ հասցեատերերը դահլիճում չեն։ Հիշեցրեց, որ ԱԺ քննիչ հանձնաժողովը խոշտանգումների վերաբերյալ հաղորդումներ է լսել, առաջարկություններ ներկայացրել, որոշ գործընթացների արդյունքում աշխատանքից հեռացվել է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան։ Բայց այդ մարդը նորից վերականգնվել է։ Պատգամավորին դա մտահոգում էր. խորհրդարանի դիրքորոշումը ոչինչ չարժե՞, թե՞ խոշտանգումները մեր երկրում պետք է շարունակական բնույթ կրեն։ ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը Քննիչ հանձնաժողովի մասով նշեց, որ ցանկալի է գրավոր հարցերով դիմել կառավարությանը, իսկ որպես այդ ոլորտը ղեկավարող պաշտոնյա իրավասու է տեղեկացնել, որ այժմ նախարարության կողմից աշխատանքներ են տարվում խոշտանգումներին վերաբերող կոնվենցիան ընդունելու ուղղությամբ։ Դա, իհարկե, չի նշանակում, թե կոնվենցիայի բացակայությունը հիմք է ստեղծում խոշտանգումների համար։ Միջազգային պայմանագրերի վերաբերյալ մեզ մոտ նոր օրենք կընդունվի։ Նախարարը ևս մեկ անգամ խորհուրդ տվեց հարցը գործադիրին ներկայացնել գրավոր։
Պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանին է դիմել փախստական Վիկտորիա Ասրյանը, ով 1988թ. հայտնի իրադարձությունների ժամանակ Ադրբեջանից արտագաղթել է Արցախ։ Նրան գրանցել են Մխիթար Գոշի 7 հասցեում գտնվող հանրակացարանում՝ խոստանալով նաև ապահովել բնակարանով։ Վիկտորիան 31 տարի շարունակ ապրում է վարձով և միաժամանակ, բնակարան ստանալու ակնկալիքով դիմում տարբեր ատյանների։ Ո՞ր մարմինը կարող է լուծում տալ նրա խնդրին։

Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանն ի պատասխան հարցի՝ ասաց, որ փախստականների հարցով իր կողմից ղեկավարվող գերատեսչությունն է զբաղվում, ապա հարցրեց՝ ո՞վ է բնակարան տրամադրելու խոստում տվել փախստականին։ Փախստականներին բնակարան հատկացնելու պետական ծրագիր մեր հանրապետությունում չկա։ Նախարարի ենթադրությունն այն էր, որ կառավարությունն այդ հարցին կանդրադառնա մեկ-երկու տարի հետո։ Նշված ընտանիքը, սակայն, կարող է շարունակել ապրել վարձով՝ փոխհատուցում ստանալու ակնկալիքով, մինչև հարցի արմատական լուծումը։
Պատգամավոր Վիլեն Սաֆարյանը նախկինում իր կողմից բարձրացված հարցերին անդրադառնալուց բացի՝ արծարծեց նաև սննդի անվտանգության հարցը։ Գյուղատնտեսության նախարարությունն ի՞նչ կապ ունի լոլիկի կամ ձմերուկի մեջ նիտրատների քանակի, ժամկետանց երշիկի, թթվասերի հետ։ Այս հարցերը, Սաֆարյանի կարծիքով, ավելի շատ առնչվում են առողջապահության ոլորտին։ Կառավարությունում ի՞նչ կարծիքի են։
Պետնախարարն այն կարծիքին էր, որ գերատեսչական ենթակայությունը որևէ կերպ չի խոչընդոտում աշխատանքի արդյունավետության ապահովմանը։ Այս պահի դրությամբ կառավարության կառուցվածքային փոփոխությունների կամ առանձին ծառայությունների ենթակայության վերանայման հարցերը գործադիրի օրակարգում ներառված չեն։
Պատգամավոր Ռիտա Մնացականյանի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային պայմանների բարելավման հարցն արծարծվեց։ Պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգով վարկ է տրվում պայմանագրային զինծառայողներին և սպայական անձնակազմին։ Վարկավորումից դուրս են մնում ենթասպաները։ Որքանո՞վ է դա արդարացի այն դեպքում, երբ ենթասպաների գերակշիռ մասը մարտական ծառայության մեջ է։ Պատգամավորի երկրորդ հարցը փաստաբանական ծառայության մասին էր, որը հաճախ անմատչելի է շարքային քաղաքացուն։ Մի սովորական հայցադիմում գրելու համար առնվազն 50 հազար դրամ են պահանջում։ Որտե՞ղ և ովքե՞ր են հաստատում այդ գնացուցակը։
Առաջին հարցին պատասխանեց պետնախարարը։ Բնակարանային պայմանների բարելավման նպատակով զինծառայողներին հիփոթեքային վարկեր տրամադրելու կարգը սահմանվել է կառավարության կողմից։ Ենթասպաները և մյուս շահառուներն ընդհանուր պայմաններով են օգտվում հիփոթեքային վարկերի մատչելիության ապահովման ծրագրերից։
Արդարադատության նախարար Դանիելյանը երկրորդ հարցի առնչությամբ նշեց, որ փաստաբանական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են համապատասխան օրենքով։ Կա նաև հանրային պաշտպանի գրասենյակը, որն, օրենքի համաձայն, մոտ 12-13 խմբի քաղաքացիների տրամադրում է անվճար իրավաբանական օգնություն։ Նախարարն իր կողմից հավաստեց, որ իրոք նման իրավիճակ մեզ մոտ գոյություն ունի։ Փաստաբանական ծառայություն մատուցողները հաճախ թաքցնում են գումարների չափը, իսկ դա դժվարացնում է նրանց նկատմամբ վերահսկողությունը։ Խնդրի լուծումը հնարավոր է նաև քաղաքացիական հասարակության աջակցությամբ։