comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆՆ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆՆ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻՆ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

ՙՀամագործակցություն հանուն արդարության և խաղաղության՚ խորագրով Արցախի բարեկամների համաժողովը մեկնարկեց հոկտեմբերի 11-ին՝ մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատում, որին մասնակցում էին 27 երկրների 150 ներկայացուցիչներ։ Համանախագահներն էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանն ու ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Ներկա էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։
Համաժողովի բացումն ազդարարեց ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։
Նա իր ելույթում մասնավորապես նշեց, որ արդարության և խաղաղության արժեքները համամարդկային են։ Այս գաղափարներն են մի հարկի տակ հավաքել մոտ երեք տասնյակ երկրներից ժամանած պատվիրակներին, ովքեր, հնարավոր է, չճանաչելով միմյանց, նույն աշխատանքն են տանում աշխարհի տարբեր կետերում։ Եվ նրանցից յուրաքանչյուրն Արցախի հետ կապված իր ուրույն պատմությունն ունի։ Արցախի շուրջ այս համախմբումը հատուկ ուղերձ է՝ մեր ժողովուրդը միայնակ չէ իր իրավունքների համար պայքարում։ Սեփական ճակատագիրը տնօրինելու և մյուս ժողովուրդների հետ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու ցանկությունն ընկալվում ու արձագանք է գտնում տարբեր երկրների խորհրդարանականների, քաղաքական ու հասարակական գործիչների, լրագրողների, մշակութային ու ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների կողմից։ Այս համատեքստում ԱԺ նախագահը բարձր գնահատեց Արցախի բարեկամների պատրաստակամությունն ու աշխատանքը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցություն հաստատելու ուղղությամբ։ Ղուլյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի մեր հայրենակիցներին, ովքեր իրենց մարդկային ու գործնական հատկանիշների, հետևողական ջանքերի շնորհիվ կապող օղակ են դառնում Մայր Հայրենիքի ու իրենց համար երկրորդ հայրենիք դարձած երկրների միջև։ Դրանով նրանք իրենց կարևոր ներդրումն են ունենում Արցախի միջազգային կապերի ընդլայնման գործում։
Ողջունելով աշխարհի տարբեր անկյուններից մեր հանրապետություն ժամանած հյուրերին՝ ԱԺ նախագահը համաժողովը հայտարարեց բացված։

ԱՀ օրհներգի կատարումից հետո ներկաներին ողջունեց ԱՀ նախագահ Բակո Սահակյանը։ Դիմելով Արցախի բարեկամներին և համաժողովի մասնակիցներին՝ նա ասաց, որ միջոցառումն առանձնահատուկ է թե՜ բովանդակությամբ և թե՜ մասնակիցների առումով։ Առաջին անգամ տեղի է ունենում Արցախի բարեկամների համաժողով։ Այստեղ են Արցախի հետ բարեկամական խմբերի և շրջանակների անդամներ, մեր հանրապետության անկախությունը ճանաչած և Արցախի հետ համագործակցող վարչական միավորների և հավաքական ուժերի ներկայացուցիչներ։ ՙԺողովրդավարական սկզբունքներին և մարդասիրական արժեքներին նվիրվածությամբ դուք տարիներ շարունակ քրտնաջան աշխատանք եք կատարել՝ ուղղված Արցախի սատարմանը, միջազգային տարբեր հարթակներում մեր երկրի մասին ճշմարիտ տեղեկատվության ներկայացմանը, երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը։ Մենք շնորհակալ ու երախտապարտ ենք ձեզ այս ամենի համար, բարձր ենք գնահատում ձեր առաքելությունը և ուրախ ենք, որ ունենք ձեզ նման ընկերներ և բարեկամներ՚,-իր խոսքում ընդգծել է հանրապետության Նախագահը։ Նա նաև նշել է, որ համաժողովում քննարկվելիք թեմաներն առնչվում են Արցախի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներին, և նման ձևաչափը հնարավորություն է տալիս ավելի լավ պատկերացնել իրականությունը, նաև նախանշել ու հստակեցնել հետագա անելիքները։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ողջունելով հյուրերին, համոզմունք հայտնեց, որ այն քննարկումները, որոնք տեղի են ունենալու, խորքային, արդյունավետ և օգտակար կլինեն բոլորի համար։ Ընտրված թեմաներն ընդգրկուն են՝ ինքնորոշման իրավունք և համագործակցություն։ Արցախի ժողովուրդն անթերի է իրացրել իր ինքնորոշման իրավունքը։ Իրավունք, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ որպես նրա երեք նպատակներից մեկը, իրավունք, որին չի կարելի հակադրել որևէ միջազգային իրավունքի սկզբունք, ներառյալ և առաջին հերթին տարածքային ամբողջականությունը։ Իրավունք, որը գերակա է ցանկացած այլ միջազգային փաստաթղթի նկատմամբ, ուստի բոլորիս պարտքն է սատարել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։ Մյուս կարևոր թեման համագործակցությունն է, որը պետք է դառնա լուրջ քննարկումների առարկա։ Մարդկությունն անընդհատ ձգտում է, որ աշխարհն ավելի քաղաքակիրթ դառնա, հարաբերությունները զարգանան, բայց այդ ճանապարհին, դժբախտաբար, կան խոչընդոտներ։ ՀՀ փոխարտգործնախարարի խոսքով՝ եթե խորքային դիտարկման ենթարկենք բոլոր զարգացումները, ապա, ըստ էության, այդ խոչընդոտը հակաքաղաքակրթական ուժերից է գալիս։ Իրականում անընդհատ խորքային պայքար է գնում քաղաքակրթությունների և հակաքաղաքակրթական ուժերի միջև։ Հայ ժողովուրդը դա զգաց իր մաշկի վրա, որի վկայությունը Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացված դաժանություններն էին։ Այդ հակաքաղաքակրթական ուժերը խոչընդոտում են մարդկության զարգացման ընթացքին։ Պատահական չէ, որ ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը միշտ գտնվել և գտնվում է քաղաքակրթական ուժերի կողքին, պատահական չէ, որ Երկրորդ աշխարհամարտին մասնակցած արցախահայությունն աշխարհին բազմաթիվ հերոսներ ու գեներալներ տվեց։
Քոչարյանն իր ելույթում մատնացույց արեց այսօր Մերձավոր Արևելքում քաղաքակրթական և հակաքաղաքակրթական ուժերի բախումը՝ շեշտելով, որ այնտեղ իրենց բնօրրանում ոչնչացվում են ավանդական քաղաքակրթություններ, ժողովուրդներ, ազգեր, ցեղեր։ Նրա բնորոշմամբ՝ Արցախի համագործակցությունն իր բարեկամների հետ համագործակցություն է քաղաքակրթական ուժերի հետ։ Եվ այսօր խնդիր կա միավորել բոլոր քաղաքակրթական ուժերի ջանքերը, որպեսզի հակաքաղաքակրթությունը չկարողանա գլուխ բարձրացնել։ Իր կողմից ընդգծելով համաժողովի կարևորությունը, ՀՀ փոխարտգործնախարարը շնորհակալություն հայտնեց համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին էլ մաղթեց արդյունավետ աշխատանք։

ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը ներկաներին տեղեկացրեց, որ Արցախում նման համաժողով անցկացնելու գաղափարը ծագել է մոտ երկու տարի առաջ. Նախագահ Բակո Սահակյանը հավանություն էր տվել գաղափարին և ամենայն աջակցություն ցուցաբերել դրա կյանքի կոչմանը։ Գաղափարի իրագործումն ԱՀ կառավարության՝ ի դեմս արտաքին գործերի նախարարության, և ՀՅԴ Արցախի կառույցի միջև արդյունավետ համագործակցության արդյունք է։ Այդ կապակցությամբ Մայիլյանը նախ իր երախտագիտությունը հայտնեց ՀՅԴ բյուրոյին։ Նաև բոլոր նրանց, ովքեր դժվարագույն օրերին, երբ թվում էր, թե Արցախը դատապարտված է, եղել են Արցախի կողքին։ Արցախը երախտապարտ է իր բարեկամներին նրա համար, որ այդ մարդիկ աջակցել են մեր ժողովրդի ձգտումներին առ արդարություն և ազատություն, որ շարունակում են նպաստել Արցախի միջազգային կապերի զարգացմանը։ ՙԱրցախի ճակատագրում ձեր ունեցած ավանդն անգնահատելի է,-շարունակեց արտգործնախարարը,-և այսօր զարգացնելով համագործակցությունը, մենք տարածաշրջանում ապագա խաղաղության հիմքերն ենք դնում։ Ես անկեղծորեն հավատում եմ մեր համագործակցության հեռանկարներին, քանզի նրա հիմքում ընկած է ընդհանուր արժեհամակարգի նկատմամբ հավատարմությունը, արժեհամակարգ,որում առանցքային դեր են խաղում ազատության, հավասարության, մարդու իրավունքների իդեալները, ինչպես նաև ձգտումը դեպի արդարություն, խաղաղություն և զարգացում՚։ Քննարկումների արդյունքում կստեղծվի մշտապես գործող հարթակ՝ նոր գաղափարների և առաջարկների շուրջ կարծիքներ փոխանակելու և դրանք իրագործելու համար, համոզմունք հայտնեց Մայիլյանը։ Ավարտելով խոսքը՝ նա վստահություն հայտնեց, որ համաժողովը միջազգային հանրությանն ուղղված ազդակ կդառնա առ այն, որ Արցախին մեկուսացնելն ու նրա քաղաքացիներին միջազգային համագործակցության հնարավորություններից զրկելն անթույլատրելի է։ Մեկուսացումը պատերազմի շարունակումն է, մինչդեռ համագործակցությունը խաղաղության հիմքն է։ Բոլորիս ընդհանուր խնդիրն է աշխատանք տանել այս հիմքի ամրապնդման ուղղությամբ՝ հանուն մեր տարածաշրջանի խաղաղ ապագայի։
Հետևել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի ելույթը։
Համաժողովի մասնակիցներին տեսաուղերձներ են հղել ԱՄՆ կոնգրեսականներ Էլիոտ Էնգելը, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջուդի Չուն, Դինա Թայթուսը և Ջեյմս ՄըքԳովերնը։
Համաժողովի մասնակիցների ուշադրությանը ներկայացվեց նաև ՙԱրցախ. պատմություն և հակամարտություն՚ խորագիրը կրող տեսաֆիլմը, որը հնչեց անգլերեն լեզվով։
Ապա ելույթ ունեցավ ԱՄՆ-ում և Կանադայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։ Արցախի խորհրդարանական դիվանագիտության նոր հնարավորությունների մասին խոսեց ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը, ԱՀ միջազգային ճանաչումը՝ որպես տարածաշրջանի կայունության և խաղաղության գրավական, թեման ընդհանրացրեց արտգործնախարար Մ. Մայիլյանը։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Շ. Քոչարյանն անդրադարձավ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին և խաղաղ կարգավորման գործընթացին։
Ռուսաստանի Դաշնությունից համաժողովին մասնակցելու հրավեր էր ստացել Կոնստանտին Զատուլինը։ Նա հանդես եկավ ողջույնի խոսքով՝ կարևորելով ինքնորոշման համար Արցախի ժողովրդի պայքարը և հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը։
Օրվա երկրորդ կեսին քննարկումները շարունակվեցին։
Արցախի բարեկամների համաժողովն ընդունեց հռչակագիր։