ԱԴՐԲԵՋԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ՊԱԿԻՍՏԱՆ. Ի ՑՈՒՅՑ Է ԴՐՎՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Պաշտոնական Բաքուն շարունակում է ի ցույց դնել Նախիջևանի՝ որպես թուրք-ադրբեջանական ռազմական հենակետի ռազմավարական նշանակությունը՝ այս անգամ ընդգծելով տեղանքի պաշտպանունակության ամրապնդումը։ Շաբաթվա սկզբին Իլհամ Ալիևն ընդունել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մեջլիսի ղեկավար (Նախիջևանի փաստացի ղեկավարը) Վասիֆ Թալիբովին և նրա հետ քննարկել սահմանային գոտում տիրող իրավիճակը։ Նախագահը մասնավորապես հետաքրքրվել է, թե Հայաստանի հետ սահմանին տեղակայված բարձրլեռնային մարտական հենակետերին զինամթերքի և սննդամթերքի մատակարարումն ինչ մակարդակի վրա է։ Ալիևը հատուկ ընդգծել է, որ Նախիջևանի բանակը զինված է ամենաժամանակակից սպառազինությամբ։ Թալիբովն էլ իր հերթին նախագահին զեկուցել է ադրբեջանական մարտական հենակետեր տանող ճանապարհների կառուցման մասին։ Նրանք քննարկել են նաև հակաօդային պաշտպանության կարողությունների հարցը։
Հայկական կողմի ունեցած տվյալներով Նախիջևանում գործում է առանձին համազորային բանակ, որը կազմավորվել է 2013 թվականին։ Ռազմական փորձագետների շրջանում տիրապետող է այն կարծիքը, որ Ադրբեջանն այս պահին Նախիջևանում թուրքական զինված ուժերի մշտական ներկայության կարիք չունի, քանի որ Հայաստանի հետ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում սահմանին մոտ տեղակայված թուրքական ստորաբաժանումները կարող են ներգրավվել այդ ճակատում։ Հայկական razm.info-ն տեղեկացնում է, որ այդտեղ տեղակայված՝ հայկական կողմին հայտնի բոլոր զորամասերը պատկանում են Նախիջևանի բանակին և ինքնավար հանրապետության ուժային մյուս կառույցներին։ Նախիջևանի հետ սահմանային հատվածում տեղակայված են Բայազեթ քաղաքի 1-ին մեխանիզացված բրիգադը և այդ բրիգադի ենթակայությամբ գործող 5-րդ սահմանապահ գունդը։
Նախիջևանի ղեկավարի հետ Ադրբեջանի նախագահի հանդիպումն ու պաշտպանական կարողությունների քննարկումը սոսկ քարոզչություն չէ, դա միաժամանակ ռազմավարության ցուցադրում է։ Որպես կանոն, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները պարբերաբար, ի տես միջազգային հանրության, հանդիպում են Նախիջևանում՝ ընդգծելով Հայաստանի նկատմամբ իրենց ագրեսիվ նկրտումները։
Թուրքիայի նախագահը, սակայն, չէր կարող գտնվել Ադրբեջանում։ Ներկա դրությամբ նա զբաղված է մերձավորարևելյան խնդիրներով. արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 18-ին հայտարարություն-սպառնալիք հնչեցրեց Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունները վերսկսելու մասին, եթե քրդական ստորաբաժանումները դուրս չգան թուրք-սիրիական սահմանից։ Թուրքիայի քաղաքականությունը բացահայտող ևս մեկ փաստ. Իրաքի ռազմական հետախուզության պետ Սաադ ալ-Ալլաքը CNN հեռուստաընկերությանը հայտնել է, որ Թուրքիա փախած ՙԻսլամական պետության՚ ահաբեկչական խմբավորման ղեկավար կազմի անդամները նախապատրաստվում են նոր զինված հարձակումների։ Հետախուզական տվյալների համաձայն՝ ծրագրվում է հարձակում կազմակերպել բանտերի վրա՝ ազատելու Սիրիայում և Իրաքում բանտարկված ԻՊ-ի անդամներին։ Հետախուզության պետի՝ լրատվամիջոցին տրամադրած տեղեկություններում նշվում է, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է միջազգային ջանքեր գործադրել։ Հանցագործներն այդ ճամբարներից կարող են դուրս գալ և վերադառնալ իրենց երկրներ։ Նրանք մեծ վտանգ են ներկայացնում Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի հյուսիս-արևմտյան երկրների համար, ասել է Իրաքի ռազմական հետախուզության պետը։
Կարծում ենք, հենց այս համատեքստում պիտի դիտարկենք Անկարայի մատուցած վերջին նորություններից մեկը. Թուրքիան շարունակում է ՙԻսլամական պետություն՚ ահաբեկչական խմբավորման օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անդամների՝ իրենց երկրներ ուղարկելու գործընթացը։ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված ահաբեկիչների ցուցակում կան Ադրբեջանի 29 քաղաքացիներ, որոնք կարտաքսվեն իրենց երկիր։ Արտաքսման ենթակա անձանց ցուցակում կան ՙԻՊ՚-ի 959 անդամներ։
Ցուցակում առավել մեծ թիվ են կազմում Ռուսաստանի (99), Ուզբեկստանի (82), Իրաքի (296) և Սիրիայի (273) քաղաքացիները։ Պաշտոնական Անկարայի կողմից նման ցուցակի հրապարակումը ինքնանպատակ չէ։ Ադրբեջանցի 29 գրոհայիններին, այսպես ասած, հետ ուղարկելու մասին տեղեկատվությունը մտահոգության տեղիք է տալիս։ Իրազեկ աղբյուրների կողմից նախկինում հրապարակված տվյալները վերջինիս հետ չեն համադրվում. սիրիական հակամարտության գոտում ՙԻՊ՚-ի կողմից շատ ավելի մեծ թվով ադրբեջանցիներ էին կռվում։ Ըստ ամենայնի, պաշտոնական Անկարան իսլամիստ գրոհայիններին Բաքու ուղարկելու գործընթացը դնում է օրինական հիմքի վրա։ Պարզից էլ պարզ է, որ նրանց օգտագործելու են ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում։ Մենք չենք մոռացել 2016-ի ապրիլյան ագրեսիայի մանրամասները, չենք մոռացել ահաբեկիչների վայրագությունները ոչ միայն Պաշտպանության բանակի զինծառայողների, այլև սահմանին մոտ ապրող խաղաղ բնակիչների նկատմամբ։ Այս փաստերը մշտապես աչքի առաջ պիտի ունենանք։
Հիշյալ իրադարձությունների շղթայում նշենք նաև Թուրքիայի և Պակիստանի համատեղ գործողությունները։ Պակիստանը մասնակցում է Թուրքիայի կողմից կազմակերպված ՙԱրևելյան Միջերկրածով-2019՚ զորավարժություններին։ Ըստ թուրքական աղբյուրի՝ Պակիստանը զորավարժություններին մասնակցում է ծովային հատուկ նշանակության ջոկատով։ Զորավարժությունների ավարտից հետո նաև կմասնակցի Թուրքիայի ծովային ուժերի հրամանատարությամբ մեկնարկած ՙՄիջերկրածովյան վահան-2019՚ գործողությանը։ Որպես ուշագրավ փաստ նշենք, որ Թուրքիան արդեն 1,5 տարի աշխատում է այս գործողությունը միջազգային հարթություն տեղափոխելու ուղղությամբ։ Ծրագիրն սկսել է իրականացնել 2006 թվականից, որի նպատակը Միջերկրական ծովում Թուրքիայի անվտանգության ապահովումն է։
Վերոշարադրյալի համատեքստում դիտարկենք մի կարևոր հանգամանք՝ Էրդողան-Թրամփ նոյեմբերի 13-ի հանդիպման հետ կապված։ Թուրքիայի նախագահը Վաշինգտոն մեկնելուց առաջ հայտարարել էր, որ ո՜չ Ռուսաստանը, ո՜չ Միացյալ Նահանգները չկարողացան Սիրիան մաքրել ահաբեկիչներից։ Ակնառու է Թուրքիայի նախագահի դիվանագիտությունը. համաշխարհային ուժային կենտրոնների աշխարհաքաղաքական հակասություններից օգտելով՝ Էրդողանը փորձում է տարածաշրջանում ամրապնդել իր դիրքերը՝ հենվելով հենց արմատական իսլամի գործոնի վրա։ Պատահական չեն նրա խոսքերն առ այն, որ քրդական զինված ՙժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների՚ հետ ամերիկյան շփումներն անթույլատրելի են։ Պաշտոնական Անկարան նախևառաջ ահաբեկիչներ է անվանում իրենց ինքնության պահպանման համար պայքարող քուրդ զինյալներին՝ նրանց հավասարեցնելով ՙԻսլամական պետության՚ անդամների հետ։ Գաղտնիք չէ, որ վերջիններս հովանավորվում են թուրքական իշխանությունների կողմից։ Այսինքն՝ եթե գերտերությունները քրդական հարցը ծառայեցնում են իրենց աշխարհաքաղաքական նպատակներին, ապա Թուրքիայի նախագահը կրոնական գործոնը վաղուց արդեն դարձրել է արտաքին քաղաքականության գլխավոր բաղադրիչ։ Իսկ Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան դաշինքը հիմնականում սևեռված է ադրբեջանա-արցախյան հակամարտության վրա։
;