comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԲԵՌԼԻՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԶԱՏ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԺԻՆՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԳՈՐԾԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ԲԵՌԼԻՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԶԱՏ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԺԻՆՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԳՈՐԾԻ

altԲեռլինի պետական ազատ համալսարանի դասախոս, հայագետ, հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության դոկտոր Ժիրայր ՔՈՉԱՐՅԱՆՆ Արցախ էր հրավիրվել՝ ներկա գտնվելու Մայիսյան հաղթանակներին նվիրված զորահանդեսին։
 Նա հաճախակի է լինում մեր հանրապետությունում, ուրախանում մեր ժողովրդի հաջողություններով ու ձեռքբերումներով, իսկ Գերմանիայում մեր հայրենակիցը թուրք-ադրբեջանական միասնական գաղափարախոսության և քարոզչության գլխավոր հակազդողներից է, իր ազգի հոգսերով ու խնդիրներով ապրող մարդ։ 
Տոնական Արցախում ստացած տպավորությունները կիսելով ՙԱԱ՚-ի հետ, Ժ. Քոչարյանը մեր հարցազրույցում միաժամանակ ներկայացրեց համալսարանի հայկական բաժնի փակման հետ կապված իր մտահոգությունները։-Ի՞նչ ապրումներ ունեցաք  զորահանդեսը դիտելուց հետո։
- Ես բախտ եմ ունեցել մասնակցել նաև 1995-ի ռազմական շքերթին. երբ հրապարակով անցնում էին տանկերը, ես ուրախությունից սկսեցի ծափ տալ, և այդ պահին լուսանկարչական ապարատը ձեռքիցս ընկավ ու ջարդվեց։ Իսկ այսօր… Արցախի պաշտպանության բանակի մարտական պատրաստվածության ու կայացածության ներկա մակարդակն ավելի քան խոսուն է։ Հիշում եմ առաջին այցս 1991 թվականի վերջին, արցախահայության համար ճակատագրական օրերին, երբ մարդիկ պատրաստվում էին մահու և կենաց պայքարի, և ապա  տեսնում եմ այսօրվա Վերածննդի հրապարակը, որով կուռ շարքերով քայլում են հաղթական բանակի զինվորները, ինձ հասկանալի է դառնում ժողովրդի սրտաբուխ ուրախությունը։ Ինչ խոսք, զորահանդեսն անցավ բավականին բարձր մակարդակով և մեծ տպավորություն թողեց։ Համոզված եմ, որ Արցախի կազմակերպված բանակը պատրաստ է պաշտպանել իր ժողովրդին, հետ մղել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։ 
- Պարոն Քոչարյան, մտովի տեղափոխվենք Գերմանիա, որտեղ թուրքերը զգալի թվաքանակ են կազմում, և որոնց դեմ պայքարում հայ համայնքը շատ հաճախ արգելքների առաջ է կանգնում։ Ի՞նչ նորություններ կան այնտեղ, և, մասնավորապես, ի՞նչ կասեիք վերջերս բացված ԼՂՀ ներկայացուցչության մասին։
- ԼՂՀ ներկայացուցիչը Հարություն Գրիգորյանն է, ում հետ անմիջական կապ ենք հաստատել։ Առանձին հարցեր լուծելու համար անհրաժեշտ է լինում աշխատել համատեղ։ Քանի որ ներկայացուցչությունը նոր է բացվել, ուստի և վաղ է խոսել նրա գործունեության մասին, պարզապես այս փուլում այն ծրագրում է իր առաջիկա անելիքները։ Մենք՝ գիտնականներս, շարունակում ենք  աշխատանքը մեր ուղղությամբ։ Արցախցիներն արդեն տեղյակ են, թե ինչով է զբաղված Բեռլինի պետական ազատ համալսարանի հայկական բաժինը։ Գերմանիայում, գիտեք, թուրք-ադրբեջանական քարոզչությունը բավականին ակտիվ է իրեն դրսևորում, ինչին հակազդելը մեր հիմնական պարտականությունն է. եթե հակաարցախյան հոդվածներ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են հայտնվում տեղական մամուլում, մենք անմիջապես պատասխանում ենք։ Սակայն մտահոգության տեղիք է տալիս այն իրողությունը, որ ցայսօր Արցախի հիմնախնդրի մասին գերմաներեն լույս չի տեսել գոնե մեկ պատշաճ գիրք։
- Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Բեռլինի պետական համալսարանում. դեռևս 2007-ին, այստեղ մեր հարցազրույցի ժամանակ մտավախություն էիք հայտնել համալսարանի հայկական բաժնի ապագայի առնչությամբ։  
- Դժբախտաբար, մեր բաժինը փակվում է, ինչի վերաբերյալ, այո, ես տարիներ առաջ էի մտահոգությունս հայտնել։ Պիտի ասեմ, որ ՀՀ սփյուռքի և գիտության ու կրթության նախարարությունները չարեցին այն, ինչ կարող էին և պետք է անեին այդ բաժինը ձեռքից չտալու համար։
- Ո՞րն էր նշված նախարարությունների բացթողումը։ 
- Պարզապես դրա արժեքը չհասկացան։ Ցավով եմ այդ ամենն ասում։ Բեռլինի պետական ազատ համալսարանի հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության սեմինարների մասին է խոսքը, որի հայկական բաժինը հիմնադրվել է 1921-ին։ Այդ համալսարանն էլիտար կրթական հաստատություն է և ունի 63 հազար ուսանող։ Ամբողջ աշխատակազմի հետ մեկտեղ մարդկանց ընդհանուր թիվը հասնում է 100 հազարի։ Գերմանացի Նոբելյան մրցանակակիրների մեծ մասը այդ ուսումնական հաստատության դասախոսներ են։ Չմոռանամ ասել նաև, որ ատոմի ճեղքումն առաջին անգամ իրականացվել է այդ համալսարանում։ 
- Ուրեմն, պարոն Քոչարյան, հայկական բաժնի փակվելուց հետո ինչ-որ մեկը կզբաղեցնի այդ տեղը։
- Արդեն մեկուկես տարի է, ադրբեջանցիները փորձում են ներս խցկվել, բնականաբար, դա կնշանակի մեր դիրքերի թուլացում։ 
- Իսկ պատրաստվո՞ւմ եք ինչ-որ կերպ հակազդել այդ մարտահրավերին։ 
- Իմ կարծիքով, եթե նշված նախարարությունները ժամանակին իրենց ուշադրության կենտրոնում պահեին խնդիրը, այսօր արդեն դա լուծված կլիներ։ Բայց հարցը մի քանի անգամ ձգձգվեց, արդեն ոչինչ հնարավոր չէ անել։ 
Հարկ եմ համարում ընդգծել, որ մեր այնտեղ լինելը միայն գիտական խնդիրներ լուծելու նպատակ չէր հետապնդում։ Մենք, այսպես ասած, աշխատում էինք Հայաստանի Հանրապետության քաղաքական վարկը բարձր պահելու ուղղությամբ, ինչն անչափ կարևոր է։ Եթե Բեռլինի պետական ազատ համալսարանում ադրբեջանցիները փորձում էին ցուցահանդես կամ դասախոսություն կազմակերպել, խանգարում էինք։ Եթե չհակազդեինք, պարզ է, պատկերն այլ կլիներ։ Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ հայկական բաժնում դասերն այս տարվա սեպտեմբերի վերջին կդադարեցվեն։ 
- Իսկ ի՞նչ օժանդակություն էիք ակնկալում հայրենիքից։
- Մեզ կարող էին օժանդակել Հայաստանի գիտական կենտրոնները՝ հայագիտական, ակադեմիական և այլն, որոնք պետք է երաշխավոր կանգնեին ֆինանսական հարցում. մեր տարեկան բյուջեն  կազմում էր 48 հազար եվրո, որի 24 հազարը տալու էր համալսարանը, մյուս կեսը կտար հայկական կողմը։ Սա միայն հայոց լեզվի ուղղությամբ լեկտորատ բացելու համար է, իսկ ապագայում դա կարելի էր ընդարձակել։ Մասնավորապես Հայաստանից մասնագետներ կհրավիրեինք Գերմանիա։ Ես արդեն այդ ուղու վրա էի. Բեռլինի, Երևանի ու Արցախի պետական համալսարաններն իրար հետ կապելու ծրագիր էի մշակել, և արդեն քննարկումներ էինք սկսել հարցի շուրջ։ Եղել են հետաքրքիր առաջարկներ։
- Դուք անչափ կարևորում էիք Արցախի մայր բուհի և Բեռլինի պետական ազատ համալսարանի միջև համագործակցությունը։  
- Համալսարանի արտաքին հարաբերությունների պատասխանատուն Գուգոլդ անունով մի հրաշալի անձնավորություն է, նախկին Գերմանական Դեմոկրատական Հանրապետության քաղաքացի։ Նա եղել էր Հայաստանում և հայերին շատ է սիրում։ Մի անգամ նրան հարցրի. եթե Արցախը միջազգայնորեն իրավական ճանաչման չի արժանացել, նրա պետական համալսարանը չի՞ կարող  համագործակցել Բեռլինի պետական համալսարանի հետ։ Նա օրենքն ուսումնասիրեց, եկավ ու ասաց. ՙԱյնտեղ գրված չէ, որ չճանաչված պետության համալսարանի հետ չի կարելի հարաբերություններ հաստատել՚։ Այս խոսքերից պարզ դարձավ, որ կարելի է գործն սկսել։ Գուգոլդն անձամբ շատ լավ առաջարկներ արեց։ Ասաց՝ ամենևին պետք չէ, որ երկու բուհերի ռեկտորներն ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն, պարզապես կարելի է ուղղություններ որոշել և բուհերի միջև կապ ստեղծել։ 
Ես առաջարկել էի, որ երկու համալսարանները  համատեղ աշխատանք ծավալեն հնագիտության, հայոց լեզվի, պատմության և քաղաքական խնդիրների շուրջ, ինչն ընդունվել էր գերմանացի մեր գործընկերների կողմից։ Այդ բոլոր ծրագրերը, ցավոք, մնացին անկատար։
- Պարոն Քոչարյան, կուզենայի, որ այս տոնական օրը հոռետեսական տրամադրություններով չավարտեինք մեր զրույցը։
- Անհրաժեշտ եմ համարում շեշտել Հայոց ցեղասպանության գերմանացի գիտակ Թեսսա Հոֆմանի կողմից կատարվող մեծ աշխատանքը Բեռլինում։ Այս տարի ապրիլի 24-ին ցույց կազմակերպեցինք թուրքական մզկիթի դիմաց, որտեղ թաղված են Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից երկուսը՝ Ջեմալ փաշան և Բահադդին Շեքերը։ Այդ մզկիթը կոչվում է ՙմարտիրոսների մզկիթ՚, ասել է թե՝ այնտեղ թաղված ոճրագործները մարտիրոսներ են։ Հոֆմանը մի մերկացնող նամակ գրեց Բեռլինի գլխավոր քաղաքապետին և այն թաղամասի պետին, որտեղ գտնվում է մզկիթը, որում  ցույց տվեց Հայոց ցեղասպանությունն իրականացրած թուրք մարդակեր-առաջնորդների, այդ թվում՝ մզկիթում թաղվածների ձեռնարկած  գործողությունները։ Նամակը միաժամանակ ամոթանք էր՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր թույլ են տալիս հերոսացնել նման ոճրագործներին։ Պիտի ասեմ, որ ցույցն անցավ բավական պատշաճ մակարդակով՝ անհարմար կացության մեջ դնելով,  նախևառաջ, քաղաքի իշխանություններին։ 
Ինձ ուրախացնում է այն փաստը, որ Գերմանիայում ապրող հայերն ավելի գործունյա են դարձել. նրանց հաջողվում է զարգացնել իրենց սեփական գործը, հաստատուն քայլերով առաջ շարժվել, ինչպես նաև համագործակցել Գերմանիայի տարբեր համայնքների հետ։ 
Հայերի թվաքանակի նվազում առայժմ չի նկատվում։ 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ