comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ ՓՐԿԵԼ է ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ ՓՐԿԵԼ է ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Օրերս ադրբեջանական կայքէջերից մեկը հերթական ցնդաբանությունն է տարածել ռուս հայտնի դիվանագետ, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում ՌԴ նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ, ներկայում ՌԴ  արտգործնախարարության վետերանների խորհրդի նախագահ Վլադիմիր Կազիմիրովի՝ հայկական լրատվամիջոցներում արտահայտած մտքերի, մասնավորապես մեր թերթին տված հարցազրույցի կապակցությամբ։ 
Հրադադարի հաստատման 18-ամյակի նախօրեին դիվանագետի հայտարարությունները մի շարք հարցերի վերաբերյալ յուրահատուկ արձագանք են գտել  Բաքվում։ Մեր ընթերցողներն արդեն տեղյակ են, որ ռուս դիվանագետը հարցազրույցի ընթացքում բացահայտել է իր գլխավոր միտքը՝ հակամարտող կողմերի միջև փոխզիջումը ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորման հիմք կարող է լինել, իսկ հայկական կողմը պետք է վերադարձնի այն տարածքները, որոնք ձեռք է բերել պատերազմի արդյունքում։ 
Չգիտես ինչու, ազերի չարչի քարոզիչների խելքին փչել է, որ ռուս պաշտոնաթող դիվանագետին նախապատրաստել են հայ ՙհովանավորները՚, որոնք իրենց ՙմոսկովյան կապալառուին՚ պատվիրել են հայանպաստ հայտարարություններ անել հայկական լրատվամիջոցներում։ Իսկ այդ հայտարարությունները, ըստ ազերիների, վնասում են հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին։ Այդ պատճառով էլ իրենք չեն կարող անուշադրության մատնել այդ ամենը։ 
Նախ պարզենք, թե որոնք էին այն ՙհայանպաստ՚ հայտարարությունները, որոնք ափերից հանել են հարևան երկրի քարոզիչ-մեկնաբաններին։ Կարծում ենք, իմաստ չունի նրանց բացատրել, որ մեր հարցերին պատասխանելիս Վլ. Կազիմիրովը, ով ՌԴ արտգործնախարարության վետերանների խորհրդի նախագահն է, հանդես է եկել բացառապես  Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի պաշտպանության դիրքերից՝  չշեղվելով իր երկրի արտաքին քաղաքական ուղեգծից։ Այս պարզ տրամաբանությունը կամ չի ընկալվել հարևան երկրում, կամ, որ ավելի հավանական է, ազերիները սովորականի պես առաջնորդվել են իրողություններն ու փաստերը գլխիվայր շուռ տալու իրենց հատուկ դիտավորությամբ։ Իրականում Կազիմիրովը հորդորել է հայկական կողմին՝ հանձնել ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի արդյունքում մեր զինված ուժերի կողմից ազատագրված պատմական հայկական տարածքները։ Դե, եթե ադրբեջանցիները գտնում են, որ ռուսական դիվանագիտության կողմից առաջ քաշվող այս պահանջը վնասում է բանակցային գործընթացին, մնում է միայն ողջունել։ Անկեղծ ասած, Ադրբեջանից չէինք սպասում։
Անցնենք հաջորդ ՙհայանպաստ՚ հայտարարությանը։ Դիվանագետի կողմից երկու անգամ ընդգծվել է այն միտքը, որ Մոսկվան մշտապես առաջնորդվելու է իր շահերով՝  բարեկամական հարաբերություններ պահպանելով ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների հետ։ Բնականաբար, նա ամեն ինչ չէր կարող ասել բաց տեքստով,  քանի որ դիվանագետ է։ Չէր կարող ասել, որ էներգակիրների գործոնը ստիպում է Մոսկվային՝ ոչ մի վայրկյան չանտեսել Ադրբեջանին։ Սա, ըստ երևույթին, Բաքվի համար այնքան էլ կարևոր չէ։
Իսկ ո՞րն է կարևորը։ ՙԱզերպրոպ՚-ի հայտնի և անհայտ դեմքերին խիստ անհանգստացրել է հատկապես ռուս պաշտոնաթող դիվանագետի այն տեսակետը, որ ՄԱԿ-ի ԱԽ բոլոր 4 բանաձևերը խախտել է հենց ադրբեջանական կողմը։ Ի դեպ, պետք է շեշտել, որ գրեթե ամեն տարի, հրադադարի հաստատման հերթական տարեդարձի նախօրեին, հանդես  գալով հրապարակային ելույթներով, Կազիմիրովը մշտապես կրկնում է այդ անհերքելի ճշմարտությունը՝  ամեն անգամ խիստ զայրացնելով ազերիներին։ Իսկ հրադադարի ռեժիմի խախտման մասին ազերական ցնդաբանություններն այնպես են մատուցվում, կարծես շփման գծում հայ դիպուկահարներն են ադրբեջանցի զինվորներ սպանում։ Պարզ է, հո չե՞ն ասելու, թե իրենք են մեղավորը։ Բայց փաստն այն է, որ մեկ շաբաթվա կտրվածքով ադրբեջանական կողմից հրադադարի խախտման հարյուրավոր դեպքեր են արձանագրվում, շփման գծում դիպուկահարների չընդհատվող կրակահերթերից հայ զինվորներ են զոհվում։ Երբ այս կարգի իրողություններն են կատաղեցնում ազերի քարոզիչներին, ուրեմն՝ սա իսկական մարազմ (զառամախտ) է, որին հակադրվելն անիմաստ է։
Այժմ անդրադառնանք դիվանագետի այն հայտարարությանը, որի վրա ՙշախսեյ-վախսեյ՚ են անում մեր հարևանները։ Վլ. Կազիմիրովն ասել է, որ հայկական զորքերը պատերազմի ավարտական փուլում զգալի առաջ էին շարժվել հարավային ուղղությամբ, և այդ առաջընթացը չկանխելու դեպքում նրանք կարող էին հասնել մինչև Քուռ գետը՝ հատելով Ադրբեջանի հյուսիս-արևմտյան հատվածը։ ՙՀայկական զորքերն իրավունք են ստացել իրենց թողնել զավթված տարածքները և նույնիսկ շարունակել  ընթացքը՝ օկուպացնելով և երկրի երեսից ջնջելով նոր բնակավայրեր՚. սա է ադրբեջանական ողբը։  
Մեր հարևաններին դժվար է հասկացնել, որ դրանք երբեք ադրբեջանական չեն եղել, այլապես այդքան շուտ չէին ջնջվի իրենց երկրի երեսից։ Բայց քանի որ սա Բաքվի համար անչափ ցավոտ, գրեթե սիրտ մաշող թեմա է, բավարարվենք նրանով, որ հայկական զորքերի՝ Քուռ գետը հասնելու մասին համոզմունքը ռուս դիվանագետն է արտահայտել։ Իսկ նա չէր կարող չասել ճշմարտությունը։  Եթե մենք ասեինք՝  միանգամայն այլ կերպ պիտի ասեինք։ Մեր զինված ուժերն այդ փուլում ի վիճակի էին հակառակորդին ստիպել անվերապահ կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրել։ Ահա այս գործում մեզ ռուսներն իրոք խանգարեցին։ Իսկ թե ինչու  խանգարեցին, հասկանալի է։ Դա հակասում էր նրանց ազգային ու աշխարհաքաղաքական շահերին. նրանք թույլ չէին տա, որ Ռուսաստանի հարավային սահմանում Հայաստանն այդաստիճան հզորանա։ Հակառակը, Ռուսաստանի առաջնահերթ խնդիրը տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանումն էր։ Բայց արդյո՞ք Հայրենական մեծ պատերազմում ռուսներն այսպես վարվեցին. մարդկությունը չի մոռացել, թե ինչպես են խորհրդային զորքերը կապիտուլյացիայի ենթարկել ֆաշիստական Գերմանիային՝ ֆաշիզմը խեղդելով իր որջում՝ Բեռլինում։ Եվ բացի այդ՝ ամեն ինչ արել են, որպեսզի Ռայխստագի վրա առաջինը հաղթական դրոշ բարձրացնեն խորհրդային զինվորներ Եգորովն ու Քանտարիան, ոչ թե, ասենք, անգլիացի Չարլզն ու ամերիկացի Ջոնը։ Ռուսները ոչ մի դեպքում չէին կարող թույլ տալ, որ երկրորդ ռազմաճակատը բացած ԱՄՆ-ն ու Անգլիան առաջ անցնեին իրենցից։  Սակայն ռուսները մեզ թույլ չտվեցին անել այն, ինչ իրենք  արեցին Հայրենական մեծ պատերազմի ավարտին։ Այնպես որ՝ հանուն ճշմարտության պետք է ասենք, որ ռուսներն օգնել են ադրբեջանցիներին՝ փրկելով նրանց վերջնական կործանումից։ Իսկ ահա դրա համար ազերիները պետք է ոչ միայն շնորհակալություն հայտնեն, այլև երախտապարտ լինեն ռուսներին՝ իրենց գոյության համար։                           
Այժմ ուշադրություն հրավիրենք ադրբեջանական աբսուրդ տրամաբանության վրա։ Ըստ նրանց՝ ՙուխտադրուժ հարձակումների՚ պրակտիկայի սկիզբը դրել են հայերը՝  1991-ի սեպտեմբերի 23-ի Ժելեզնովոդսկի համաձայնագրի կնքումից հետո։ Այսպես, ազերիներն ասում են, թե 1992-ին, խախտելով այդ համաձայնագիրը, հայերը ուխտադրժորեն հարձակվել են Շուշիի վրա և զավթել։ Կարծում ենք, այստեղ մեկնաբանություններն ավելորդ են, որովհետև բանական մարդու ուղեղում նման մտքեր չեն կարող հասունանալ։ Այլապես պիտի մտածեինք, որ հայերը մի ժամանակ ՙՋդրդյուզ՚-ում երդում են տվել, որ Շուշիի վրա երբեք աչք չպիտի ունենան, առավել ևս, չմտածեն այն վերադարձնելու մասին։ Տեսեք՝ հայերն ուխտը խախտեցին... 
Իսկ վերջում՝ ամենակարևորի մասին. քանի որ մեր կյանքն այլևս դժվար է պատկերացնել առանց  թուրք-ադրբեջանական սպառնալիքների, մեջբերենք ազերական սպառնալիքներից ամենաթարմը. ՙԵթե Հայաստանը չհասկանա, որ հարկավոր է ազատել ուրիշ երկրի տարածքը, ապա Ադրբեջանը հարկադրված  կլինի  ինքը վերադարձնել, քանի որ ունի համապատասխան միջազգային իրավունք՚։ Մենք պարտավոր ենք  հիշեցնել, որ իլհամական պատն արդեն կառուցված է, որի վրա ադրբեջանական դրոշներն արդեն տնկված են, ասել է թե՝ Ալիևը վաղուց ձեռք է քաշել Ղարաբաղից։ Մնացածը՝ ով ինչպես կհասկանա։ Բայց նա, իհարկե, չի խանգարելու իր հայրենակիցներին՝ երազել Ղարաբաղի մասին։ 
Ի վերջո, ադրբեջանական երազանքն էլ արևի տակ կարող է տեղ ունենալ։    
 
 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ