[ARM]     [RUS]     [ENG]

Կան բոլոր պայմանները՝ ընտրություններն իրենց տրամաբանական ավարտին հասցնելու համար

Սրբուհի Վանյան

 Ստեփանակերտի 1/22 ընտրատեղամասում մարտի 31-ին, ժամը 13:00-ին  իր քաղաքացիական պարտքն է կատարել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա տեղամաս էր ներկայացել  տիկնոջ  ուղեկցությամբ:

Քվեարկելուց հետո նախագահը պատասխանել է զանգվածային լրատվամիջոցների հարցերին:  Լրագրողների՝ իրեն ուղղված առաջին հարցը վերաբերում էր նրան, թե որտե՞ղ է ապրելու հեռացող նախագահը՝ մնալու է հայրենի քաղաքո?ւմ, թե? Արցախի նախորդ նախագահների նման թողնելու է այն: Ի պատասխան Բակո Սահակյանը նշել է, որ ապրելու է Արցախում:

Իսկ  կցանկանա՞ր  մնալ քաղաքական դաշտում և որևէ պաշտոն զբաղեցնել՝ ԱՀ նախագահի խոսքով  նման քննարկումներ  ինքը  որևէ մեկի հետ չի ունեցել: Բայց գտնում է, որ  պաշտոնաթող նախագահը կոչված է անտարբեր չլինելու երկրի ներսում  տեղի ունեցող  զարգացումների հանդեպ և ինքն  իր հնարավորությունների սահմաններում օգտակար է լինելու  իշխանությանը և հայրենիքին:

Ինչ վերաբերում է  ընտրություններին, ապա համապետական ընտրություններն  ընկալում է որպես կարևոր  իրադարձություն: Ընտրությունների նախընտրական փուլը գնահատում է դրական,  քարոզարշավի ընթացքը՝ բաց, ազատ և մրցակցային:

Համոզված է՝ այս տարիների ընթացքում Արցախում կայացած բոլոր ընտրությունները նպաստել են  երկրի անվտանգության աստիճանի բարձրացմանը, տնտեսության զարգացմանը, ինչն էլ օժանդակել է, որ արցախցին ավելի հաստատակամ զգա իրեն սեփական հողում: Գտնում է, որ  Արցախը յուրահատուկ կարգավիճակ ունի, և այդ յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն  հավասարաչափ պատկանում է աշխարհի տարբեր մասերում ապրող հայերին, այն միայն արցախցիներինը չէ, և այստեղ արցախցիների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելով, գիտակցել են, որ իրականացնում են հատուկ առաքելություն՝  բարձր պահելով հայ ժողովրդի արժանապատվությունը: ՙԵս շատ  ուրախ եմ, որ ապրում եմ մի երկրում, որտեղ բնակվող ժողովուրդը գիտակցում է դրա նշանակությունը և իր կարողությունների շրջանակներում արել է և այսուհետ ևս կանի ամեն ինչ հայ ժողվրդի արժանապատվությունը բարձր պահելու համար: Այս ընտրությունները յուրահատուկ հնարավորություն են՝ ապագայում այդ առաքելությունն ավելի արդյունավետ կատարելու, և ես համոզված եմ, որ այդպես էլ լինելու է»,- ասել է Բ. Սահակյանը: ԱՀ նախագահի խոսքով,  Արցախի  բոլոր ձեռքբերումները գրանցվել են հավաքական ներուժի միջոցով, ինչի համար   երախտապարտ է   բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերել և շարունակում են բերել այդ հաջողությունները արձանագրելու գործում:

«Ունեցել ենք բացեր և չլուծված խնդիրներ, և ես ավելի քան համոզված եմ, որ հաջորդ իշխանությունը ցուցաբերելու է  անհրաժեշտ վերաբերմունք և լուծումներ է տալու բոլոր հարցերին՝ ստեղծելով ավելի բարենպաստ պայմաններ մեր երկրի համար»,- մասնավորապես ասել է  նա:

Ինչո?ւ  կորոնավիրուսով պայմանավորված վտանգները հաշվի առնելով, համապետական ընտրությունների հետաձգման որոշում իշխանությունները չեն կայացրել՝ այս հարցին պատասխանելով,  Բ. Սահակյանը նշել է, որ համապետական ընտրությունները չհետաձգելու որոշումը եղել է գիտակցված և հիմնավորված: ՙԻհարկե, բացառվում է, որ դիմենք այնպիսի որոշումների, որոնց հետևանքով կվտանգվի ԱՀ քաղաքացիների առողջությունը և անվտանգությունը,-ասել է Բ. Սահակյանը:- Այդ թեմայով  կազմակերպել ենք բազմաթիվ և բազմապիսի քննարկումներ և եկել այն տրամաբանական որոշման, որ, Սահմանադրության պահանջներին համապատասխան, ունենք բոլոր նախադրյալները, որպեսզի կազմակերպենք համապետական ընտրությունները: Այս պահի դրությամբ ԱՀ-ում  Նոր կորոնավիրուսի  գրանցված դեպք չկա. ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում կատարվում է մշտադիտարկում, այնպես որ  այդ որոշումը եղել է գիտակցված և հիմնավորված»:

Պատասխանելով հետընտրական գործընթացների վերաբերյալ հարցին, Բ. Սահակյանն ասել է, որ  ստեղծվել են ու այսօր էլ կան բոլոր պայմանները, որպեսզի ընտրությունները սահմանված չափորոշիչներով հասցվեն իրենց տրամաբանական ավարտին: