[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊՏՏՎՈՒՄ Է COVID-19-Ի ՇՈՒՐՋԸ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի տարածման մասշտաբների ընդլայնումը զուգորդվեց միանգամայն անսպասելի աշխարհաքաղաքական զարգացումներով, ինչը վերլուծաբաններին մղեց մի ընդհանուր կանխատեսման՝ համավարակի գլոբալ հետևանքներն այլևս անխուսափելի են, և ներկայիս գործընթացները հանգեցնելու են նոր աշխարհակարգի ձևավորմանը։ Որքանով է այս թեզը կենսունակ, ցույց կտա իրադարձությունների հետագա ընթացքը, բայց նման եզրահանգումը  հետաքրքրություն է ներկայացնում ինչպես առանձին պետություններում ծավալված քաղաքական գործընթացների, այնպես էլ համավարակով պայմանավորված՝ մերօրյա ոչ ավանդական միջպետական հարաբերությունների տեսանկյունից։ 

Համաճարակը կաթվածահար արեց համաշխարհային տնտեսությունը և, բնականաբար, իր ազդեցությունը թողեց նաև գլոբալ քաղաքական գործընթացների վրա։ Այն բռնկվեց Չինաստանում, ապա մեծ արագությամբ տարածվեց 200-ից ավելի պետություններում՝ տասնյակ հազարավոր մարդկանց մահացության պատճառ դառնալով։ Հատկապես Եվրոպայում իրավիճակն անկառավարելի էր այնաստիճան, որ այդ աշխարհամասի պետությունները, որոնք միավորված են միասնական ընտանիքում ու նաև ռազմաքաղաքական մի ընդհանուր կազմակերպությունում, ինչն էլ իր հերթին ենթադրում է անվտանգության և պաշտպանության փոխադարձ պարտավորություններ, օրհասական պահին չկարողացան միասնություն դրսևորել։ Ամենացայտուն օրինակն առկա է։ Համավարակից մեծ կորուստներ կրած Իտալիայի կառավարությունն օգնություն խնդրեց արտաքին աշխարհից, անշուշտ, առաջին հերթին դաշնակիցներից։ Սակայն օգնությունը եկավ ոչ դաշնակիցներից։ Ստեղծված իրավիճակն առանց մեկնաբանության ներկայացրել է CNN հեռուստաալիքը՝ տեղեկացնելով, որ մարտի 23-ին Իտալիայի կառավարությունը  Պենտագոնից ռազմական աջակցություն էր խնդրել։ Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին դիմեց ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերին՝ խնդրելով տրամադրել բժշկական դիմակներ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր։ Իտալական իշխանությունները հույս էին հայտնել, որ կարող են ապավինել Իտալիայում գտնվող ամերիկացի ռազմական բժիշկների օգնությանը։ Նշված աղբյուրն ուշադրություն է հրավիրում մի նրբության վրա. Իտալիայի պաշտպանության նախարարը Միացյալ Նահանգների իր պաշտոնակցին էր դիմել այն բանից հետո, երբ ռուսական ռազմական ինքնաթիռները բարձրակարգ վարակաբաններով և բժշկական սարքավորումներով ժամանել էին Իտալիա։ Միջանկյալ նշենք, որ Մոսկվայից Հռոմ էր մեկնել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ՙԻԼ-76՚ տասնչորս ռազմական ինքնաթիռ, որոնցում կային 8 բժշկական թիմ, ախտորոշման և ախտահանման համար նախատեսված ժամանակակից սարքավորումներ։

Փաստն ակնառու է. ո°չ ՆԱՏՕ-ն և ո°չ էլ Եվրամիության անդամ պետություններն Իտալիայի համար չարեցին այն, ինչ արեց  Ռուսաստանը, որն Արևմուտքի կողմից պարբերաբար պատժամիջոցների է ենթարկվում։

Ռուսաստանյան ժեստը դիտարկվեց  այս երկրի արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորի համատեքստում։ Դրանից ոչ պակաս հետաքրքիր էր նախագահ Վլադիմիր Պուտինի ներքաղաքական ծրագիրը։ Չինաստանում համաճարակի տարածման օրերին նա միջնորդավորված՝ Պետական դումայի միջոցով, իրազեկեց իր պաշտոնավարումը երկարաձգելու մտադրության մասին։ Քաղաքական վերլուծաբանները նախագահի քայլը գնահատեցին որպես արևելյան տիպի ավտորիտարիզմի դրսևորում։ Նաև արձանագրեցին, որ նոր տիպի կորոնավիրուսի համավարակը և դրա հետ կապված տնտեսական դժվար կացությունը Ռուսաստանի նախագահին նոր հնարավորություններ են տվել։ Ինչի՞ մասին է խոսքը։ ՌԴ քաղաքացիների մի ստվար զանգված համաձայն է ներքաղաքական զարգացումների նման ընթացքին, քանի որ դժվար ժամանակներ են, մարդկանց առաջին հերթին մտահոգում են իրենց առողջությունն ու սոցիալական խնդիրները և, բացի այդ,  Պուտինի նման փորձված պետական գործիչը կարող է հաջողությամբ երկիրը դուրս բերել ամենածանր իրավիճակից։

Անակնկալները շարունակվեցին. այն ժամանակ, երբ կորոնավիրուսը թափով ներթափանցում էր ԱՄՆ, և նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում էր պետության սահմանները փակելու, արտասահմանցի ներգաղթյալներին արտաքսելու մասին, Չինաստանը հայտարարեց, որ արտասահմանցիների և հատկապես ընդունակ մարդուժի մուտքը Չինաստան ավելի դյուրին կդարձվի։ Վերջինիս նախագահ Սի Ծինփինն իր համաշխարհային հավակնությունը ներկայացրեց այսպես. ՙԱշխարհն ընթանում է բազմաբևեռականացման, համաշխարհայնացման և առևտրական կապերի առավել ազատականացման ուղղությամբ։ Նման պայմաններում Չինաստանը պիտի ստանձնի դեպի նոր աշխարհակարգ առաջնորդելու և միջազգային անվտանգությունը երաշխավորելու պարտականությունը՚։

Եթե գլոբալ կարանտինը խմբագրումներ է մտցրել որոշ պետությունների փոխհարաբերություններում, ապա նույնը չի կարելի ասել Սպիտակ տան՝ Իրանի նկատմամբ իրականացվող քաղաքականության մասին։ Աշխարհի մի շարք երկրների նախկին դիվանագետներ և պետական այլ պաշտոնյաներ ԱՄՆ նախագահին կոչ արեցին կորոնավիրուսի համավարակի պայմաններում հակաիրանական որոշ պատժամիջոցներ չեղարկել, որպեսզի համաշխարհային շուկան հասանելի լինի Թեհրանին՝ դեղորայք, բժշկական պարագաներ և սննդամթերք ձեռք բերելու համար։ 

Բժշկական սարքավորումների և դեղորայքի վրա սահմանված էմբարգոն շատ դեպքերում մարդկանց մահվան պատճառ է դարձել։ Վաշինգտոնն իր արձագանքն արտահայտել է Իրանի հարցով ԱՄՆ կառավարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքի շուրթերով՝ կշարունակենք Իրանի ռեժիմի նկատմամբ մեր առավելագույն ճնշման քաղաքականությունը։ Իրանից ստացված հաղորդագրությունները վկայում են, որ բանկային համակարգի և նավթի արտահանումների նկատմամբ կիրառված պատժամիջոցները սահմանափակել են դեղորայք արտադրելու նպատակով արտերկրից անհրաժեշտ բժշկական սարքեր գնելու կարողությունը։ ԻԻՀ արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարեց, որ ԱՄՆ-ի շրջափակման քաղաքականությունը COVID-19-ի դեմ պայքարի հիմնական խոչընդոտն է։ Նա պահանջել է չեղարկել պատժամիջոցները։

Ծայրահեղ դժվար կացության մեջ հայտնված Իրանի նկատմամբ աշխարհը, բարեբախտաբար, խուլ չգտնվեց։ Մի խումբ պետությունների կողմից ցուցաբերված հումանիզմի դրսևորում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղված նամակը։ Դրանում նշված էր, որ Իրանի նկատմամբ իրականացվող տնտեսական ահաբեկչությունը հակասում է Գլխավոր ասամբլեայի ընդունած օրենքներին։ Հատկանշական է, որ  շատ երկրների առաջնորդներ նոր տիպի կորոնավիրուսի համավարակը համարում են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդկության դեմ ուղղված ամենամեծ սպառնալիքը, որի դեմ անհրաժեշտ է պայքարել գլոբալ մասշտաբով։

Համավարակն ավելի բորբոքեց աշխարհաքաղաքական կրքերը. տարբեր տարածաշրջանների հակամարտությունների շուրջ արդեն առաջ են քաշվում նոր հայեցակարգեր, երբեմն ոչ այնքան իրական, բայց խիստ հավակնոտ։ Այսպես, Ուկրաինայում ԱՄՆ նախկին երեք դեսպաններ Սթիվեն Պիֆերը, Ջոն Հերբստը և Ուիլյամ Թեյլորն առաջարկեցին կորոնավիրուսի համաճարակն օգտագործել Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելու և Ղրիմն Ուկրաինային ՙվերադարձնելու՚ նպատակով։ Նախկին դեսպանները կարծում են, որ կորոնավիրուսի տարածման և նավթի գների անկման պայմաններում ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պետք է հանդես գան Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները վերացնելու առաջարկով։ Մի պայմանով՝ եթե դադարեցվի հակամարտությունը Ուկրաինայում։ Ըստ նրանց՝ ճգնաժամային իրավիճակը կարող է ստիպել Կրեմլին համաձայնության գալ։

Համաշխարհային քաղաքականության ճարտարապետներն իրենց  համար  ուրվագծում են այն աշխարհը, որը գալու է համաճարակի նահանջից հետո, և յուրաքանչյուրը գլոբալ գործընթացներում սեփական դիրքն ու դերակատարությունը դիտարկում է գլխավորապես սեփական ներուժի և հավակնությունների պրիզմայով։ Ինչպիսի՞ն է լինելու այդ նոր աշխարհակարգը, ոչ ոք չունի հարցի հստակ պատասխանը։ Բայց դա ինքնըստինքյան մեկ այլ հարց է հարուցում՝ արդյո՞ք միջազգային աղետները կարող են փոխել ուժային կենտրոնների ռազմավարությունը և արդյո՞ք քաղաքական հաշվարկին երբևիցե կփոխարինեն համամարդկային արժեքները։