[ARM]     [RUS]     [ENG]

Ադրբեջանում ,,մտահոգված են,, մեր առողջությամբ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Կորոնավիրուսի դեմ պայքարում աշխարհի առաջատար երկրները, գոնե հրապարակային հայտարարությունների մակարդակով, ջանքեր միավորելու քայլեր են ձեռնարկում: Ռուսաստանյան լրատվամիջոցները թարմացնում են պատմական հիշողությունը, թե ինչպես էին Խորհրդային Միությունը, Մեծ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները միասնական ճակատ կազմել ֆաշիստական Գերմանիայի դեմ՝ մի կողմ թողնելով գաղափարական տարաձայնությունները: Նույնիսկ Իրանի դեմ պատժամիջոցները մասնակի կամ լրիվությամբ վերացնելու հորդորներ են հնչում, իսկ Եվրամիությունն արդեն իսկ այդ երկրին մարդասիրական օգնություն է ցուցաբերում՝ չնայած Միացյալ Նահանգների չկամությանը:

 

Բանը հասել է նրան, որ անգամ Թուրքիայի նախագահն է Պոլսո Հայոց պատրիարքի հետ հեռախոսազրույց ունեցել եւ ակնարկել, որ պատրաստ է կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցել Հայաստանի կառավարությանը եւ Թուրքիայում բնակվող Հայաստանի քաղաքացիներին: Էրդողանի անկեղծությունն, իհարկե, հայ հանրությունը չի ընդունում, բայց Թուրքիայի նախագահի դիվանագիտական նրբանկատությանն, ամեն դեպքում, պետք է արժանին մատուցել: Հայաստանին անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերում նաեւ Վրաստանը՝ ապահովելով անարգել բեռնափոխադրումներ եւ մարդասիրական միջանցք՝ Թուրքիայից Հայաստան վերադարձողների համար: Տարածաշրջանում միակ երկիրը, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը փորձում է օգտագործել քաղաքական նպատակներով՝ Ադրբեջանն է:

Այդ երկրի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովն, օրինակ, գտնում է, որ համավարակը Հայաստանին եւ Ադրբեջանին թողել է դեմ առ դեմ, եւ Բաքուն պետք է առիթն օգտագործի՝ պատերազմի միջոցով լուծելու Լեռնային Ղարաբաղի հարցը: Այլ խոսակցության թեմա է, թե ինչ իրական վիճակ է այսօր Ադրբեջանում. նավթի գների կտրուկ անկման, տնտեսության կոլապսի պայմաններում Բաքուն պատրա՞ստ է դիմել արկածախնդրության: Ուշագրավն այն է, որ երկրի նախկին պաշտոնյան հույս է կապում համավարակի տարածման պայմաններում միջազգային զգոնության թուլացման հետ:

Այլ փորձագետներ, մինչդեռ, արտահայտում են ,,մտահոգություն,,՝ կապված Արցախում համապետական ընտրությունների հետ: Նրանք գտնում են, որ Հայաստանի իշխանություններին ,,չի հուզում Ղարաբաղի հայերի ճակատագիրը, այլապես չէին անցկացնի ընտրություններ կամ դրանք կհետաձգեին՝ մինչեւ կանցներ համավարակի վտանգը,,: Ակամայից զուգահեռ է ծնվում այս եւ հայ որոշ քաղաքական գործիչների տեսակետների միջեւ, երբ վերջիններս նույնպես խորհուրդ են տալիս հետաձգել նախագահական ընտրությունները, բայց դա այլ թեմա է, որի վրա այս պահին մտասեւեռվելու անհրաժեշտություն, կարծես, չկա: Ավելի ուշագրավ է ադրբեջանական կողմի ,,մտահոգությունը,,: Մանավանդ համավարակի առիթն օգտագործելու եւ պատերազմ սկսելու՝ նախկին արտգործնախարարի հորդորի համատեքստում:

Ստացվում է, որ Արցախի դեմ պատերազմի կոչն ավելի ,,մարդասիրական,, է, քան՝ համապետական ընտրությունների անցկացու՞մը: Ահա պարադոքսը: Ըստ էության, անհասկանալի կամ արտառոց ոչինչ չկա: Ադրբեջանական կողմը հերթական անգամ ապացուցում է, որ ադեկվատ չէ միջազգային քաղաքականությանը եւ քաղաքակրթությանն առհասարակ, որովհետեւ անգամ համավարակի պայմաններում չի կարողանում հաղթահարել հայատյացությունը: Փորձագետներից մեկն իշխանություններին կոչ է արել ,,կարանտինային ռեժիմ հայտարարել նաեւ Լեռնային Ղարաբաղում՝ դրանից բխող քայլերով հանդերձ, քանի որ Հայաստանի կառավարության համար Ղարաբաղի հայերի առողջությունը գրոշի արժեք չունի,,: Սա նույն պատերազմի կոչն է, որ փարիսեցիաբար քողարկվում է արցախահայության առողջության մասին ,,խիստ մտահոգությամբ,,:

Արցախի պատկան մարմինները, քաղաքական ուժերը եւ քաղաքացիական հանրությունը միացյալ ջանքերով պետք է միջազգային հանրությանը հասցնեն Ադրբեջանից արվող ակնարկներն ու սպառնալիքները: Ստեղծված իրավիճակում հակառակորդը կարող է անկանխատեսելի վարք դրսեւորել: Միջնորդները պարտավոր են զսպել Ադրբեջանի հայատյացությունը եւ իրավիճակը պահել կառավարելի: