comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՔԱԹԱՐԸ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱԹԱՐԸ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

altՔաթարը երբևէ եղել է Պարսից ծոցի ամենաաղքատ երկրներից մեկը։ Սակայն նավթի և գազի հսկայական  պաշարների շահագործման շնորհիվ այն,  ըստ ՙՖորբս՚ հանդեսի, այսօր հանդիսանում է աշխարհի ամենահարուստ երկիրը (նրան է բաժին ընկնում մոլորակի վրն գազի ապացուցված պաշարների ավելի քան 15%-ը)։ 
Քաթարը, որի տարածքի հիմնական մասը կազմում են անպտղաբեր անապատները, եղել է բրիտանական գաղութ մինչև 1971 թվականը, և երբ անկախություն հռչակեց, Բահրեյնից անմիջապես հետո հրաժարվեց միանալ Միացյալ Արաբական Էմիրություններին։ Երկրի բնակչությունը փոքրաթիվ է`ընդամենը կես միլիոն մարդ, որի  20 տոկոսը ածխաջրածնային ռենտայով ապրող տեղական արաբներ են, որոնք հանդիսանում են լիիրավ քաղաքացիներ, իսկ 80 տոկոսը կազմում է  էժան աշխատուժը  Պակիստանից, Հնդկաստանից և այն երկրներից, որոնք ոչ մի իրավունք չունեն։ Անձնական կյանքում բարքերը կարող են չափազանց ազատ լինել։  Իսկ Քաթարի ընտանեկան իրավունքի մեջ իշխում է շարիաթը, թույլատրվում են հարեմներ, սակայն չափազանց մեծ ազատությունների համար կնոջը կարող են մինչև կուրծքը թաղել հողում և քարկոծելով սպանել նրան։ 
Քաթարում բացարձակ միապետություն է։ Ժողովրդավարական ինստիտուտներ, քաղաքական կուսակցություններ և ժամանակակից պետության այլ ատրիբուտներ գործնականում չկան։ Գրեթե 150 տարի երկիրը կառավարում է Ալ-Տանի շեյխերի դինաստիան։ 1995թ. Համադ Բին-Խալիֆա գահաժառանգը գահընկեց արեց իր հորը և դարձավ Քաթարի էմիրը։ Նա պաշտոնապես երեք կին ունի։ Դավադրության ոգին և առաջատար ուժը Համադ բեն Ջասեմ բեն Ջաբր Ալ - Տանին էր, որը  երկրի վարչապետն է ու արտաքին գործերի նախարարը։ Համադ բեն Ջասեմը բացառիկ անհատականություն է նաև արաբական աշխարհում, որտեղ փեշքեշը (նվերը, նվիրատվությունը) ընդունվում է որպես նորմա, լեգենդներ են շրջվում նրա կոռումպացված լինելու մասին։ Նա ավելի հարուստ է, քան Էմիրը, ինչն Արևելքի համար առավել քան ոչ կոռեկտ է։ Նրա անձնական հարստությունը գնահատվում է 3-4մլրդ դոլար՝ չհաշված Քաթարի Ներդրումների վարչության հիմնադրամի 90 մլրդ դոլարը, որը գտնվում է նրա վստահելի կառավարման տակ։ Քանի որ  Քաթարում բացարձակ միապետություն է, հիմնադրամը, որի հիման վրա շեյխը կազմակերպում է իր  բիզնեսը, պատկանում է էմիրին:Համադ բեն Ջասեմը, կարելի է ասել,  կողոպտում է էմիրին, և ողջ արաբական աշխարհը տեսնում է և  գիտի այդ մասին: Որպես հետևանք` Էմիրի անձնական հարաբերությունները արաբական ղեկավարների հետ լարված են: Վարչապետի գլխավոր աշխատասենյակը գտնվում է  ոչ թե Դոհայում, որտեղ նա լինում է կարճ ժամանակով, այլ` Լոնդոնում: Հենց այդտեղից նա և նրա բազմաթիվ որդիները կառավարում են իրենց բիզնես-կայսրությունը:
Արաբական շեյխերը, իհարկե, հավակնոտ են, և կարելի է վերհիշել ոչ մեկ ֆանտաստիկ նախագիծ:  Քաթարի էմիրը բնավ ժլատ չէ, սակայն նա կառուցում է ոչ թե շքեղ հյուրանոցներ կամ լցնովի կղզիներ, այլ նավթագազային  ենթակառուցվածքներ` հաշվի չառնելով ծախսերը: Քաթարն իր տարածքում կառուցում է նոր հսկայական նավահանգիստ` 7 մլրդ դոլար արժողությամբ, ինչպես նաև հեղուկ բնական գազի (ՀԲԳ) ընդունման  տերմինալներ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայի և Լեհաստանի միացման կետում ու Եվրոպայի հարավում: Քաթարը միջոցներ է ներդնում Հարավային Կորեայում ՀԲԳ փոխադրող սուպերլցանավերի նավատորմի շինարարության մեջ։  Q Max նախագծի տանկերները մեկ երթաշրջանում կարող են փոխադրել 266 հազար խոր. մ ՀԲԳ, ինչը համարժեք է մոտ 150 մլն խոր. մ բնական գազին։ Նախատեսվում է կառուցել 25 այդպիսի տանկերներ, որոնցից առաջինը կրում է էմիրի  երկրորդ և սիրած կնոջ անունը`Mozah: Կառուցվում են նաև Q -flex կարգի 29 տանկերներ, որոնք կարող են փոխադրել 166 հազար խոր. մ ՀԲԳ։ Միայն Q –Max -ով քաթարյան գազի փոխադրումների ծավալը տարեկան կկազմի ավելի քան 56 մլրդ խոր. մ ՀԲԳ, որը հավասար է Եվրոպային մատակարարվող ռուսական բնական գազի մեկ երրորդին։ 
Այդպիսի թափը,  հաշվենկատությունն ու պլանաչափությունը դժվար է անվանել արաբական։ Իրագործվող ռազմավարության հետևում զգացվում է մեկ ուրիշ ոճ, և հարց է ծագում, ո՞վ է մշակում ու անցկացնում քաթարյան քաղաքականությունը։ Պատասխանը բավական պարզ ու թափանցիկ է, եթե ուշադրություն դարձնենք, թե վերազգային  նավթային ինչ ընկերություններ գոյություն ունեն Քաթարում. ամերիկյան ՙExxon Mobil՚, անգլիական ՙBP՚ և ֆրանսիական ՙTotal՚։ Քաթարյան քաղաքականությունն ու ռազմավարությունը ձևավորվում և անցկացվում են ամերիկյան, անգլիական, ֆրանսիական խորհրդականների կողմից։ Քաթարի  քիչ թե շատ նշանակալի յուրաքանչյուր քաղաքագետ կամ քաղաքական քայլ գտնվում են ՙղեկավարների՚ կոշտ ու բարյացակամ ձեռքերում։ Այսպիսով, խոսելով Քաթարի մասին, պետք է խոսել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի մասին։ Քաթարն Արևմուտքի հուսալի հենակետն է, որը պահվում է տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենահզոր ռազմական բազայի՝ Ալ - Ուդեյդի միջոցով։ Այսօր քաթարյան քաղաքականությունն ակտիվորեն ձեռնամուխ է եղել լիբիական գազին և աչքը գցել է Ալժիրի վրա, որը գազի ոլորտում  առայժմ անց է կացնում ինքնուրույն քաղաքականություն։ Ու ավելի շուտ, երբ Քաթարը ստեղծի ՀԲԳ-ի մատակարարման համար անհրաժեշտ ենթակառույցներ, նրա հետևում կանգնած ուժերը կդնեն ու կլուծեն նաև Ալժիրի հիմնախնդիրը։ 
Տարածաշրջանի վրա Քաթարի ներգործության հիմնական գործիքը տեղեկատվական դաշտում համարվում է Al-Jazeera հեռուստաալիքը։ Եգիպտական վերլուծաբանը գրում է.ՙՔաթարը 11 հազար քառ. կմ-ից քիչ ավելի տարածքով, կես միլիոն բնակչությամբ երկիր է։ Չնայած դրան, Քաթարն իրեն տեսնում է համաշխարհային քաղաքական քարտեզի կենտրոնում, և նման դիրքորոշման հասնելու գլխավոր միջոցը հանդիսանում է Al-Jazeera հեռուստաալիքը։ Այն արաբական աշխարհի հետ ԱՄՆ-ի կապի գլխավոր պորտալն է, և նրա միջով է անցնում այն ամենը, ինչ կամենում է ԱՄՆ-ն։ Դա արաբական առաջին ալիքն է, որտեղ երևան եկան իսրայելական քաղաքագետներն ու վերլուծաբանները՝ արաբական և մահմեդական աշխարհի ոխերիմ թշնամիները։ Հենց այդ ալիքը սրեց լարվածությունը Թունիսում, Եգիպտոսում և Լիբիայում հեղափոխությունների ժամանակ։ Այսօր ալիքի գլխավոր նպատակը Սիրիան է՚։ 
Երբ կստեղծվի ՀԲԳ-ի փոխադրման համար անհրաժեշտ ենթակառուցվածքը՝ Հնդկական օվկիանոսում ամենամեծ նավահանգիստ-տերմինալը, սուպերլցանավերի նավատորմը և վերագազիֆիկացիոն հզոր տերմինալները Եվրոպայում և ոչ միայն, Քաթարը կդառնա գազի եվրոպական շուկայից Ռուսաստանին դուրսմղման արևմտյան քաղաքականության կարևոր գործիքը։ Եվրոպական շուկայի ապամենաշնորհայնացման և ոլորտների, ուղղությունների բազմազանեցման պատրվակի տակ Արևմուտքը պատրաստվում է հարվածել Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին, ինչը կարող է ունենալ ողբերգական հետևանքներ։ Ռուսական գազի՝ Եվրոպա մատակարարումների նվազումը կհանգեցնի Ռուսաստանի բյուջեի փլուզման, դրանով իսկ պայմաններ ստեղծելով սոցիալական պայթյունների համար։ Դեկտեմբեր-մարտ ամիսների դեպքերը ցույց տվեցին, որ ապակայունացման տեխնոլոգիաները խիստ կիրառելի են նաև Ռուսաստանում։ 
Վերը քննարկված աշխարհառազմավարության նեղ հատված է համարվում նրա խիստ կախվածությունը Օրմուզյան նեղուցի շուրջ իրավիճակից, որի հանդեպ վերահսկողությունն Իրանի կողմից դառնում է անընդունելի։ Քաթարի և Սաուդյան Արաբիայի նավթագազային նախագծերը, որոնց օժանդակում է Արևմուտքը, ինչպես պարզվւմ է, չափազանց խոցելի են, և դրանք չեն կարող կառուցվել այնպիսի անկայուն հիմքի վրա, ինչպիսին Իրանի չեզոքությունն է։ Սիրիան դառնում է կարևորագույն տարր՝ Օրմուզյան նեղուցի հիմնախնդրի լուծման գործում։ Սիրիայում վարչակարգի փոփոխությունը և երկիրը սեփական վերահսկողության տակ դնելը թույլ կտան այդ երկրի տարածքով անցկացնել խողովակաշարեր, որոնք նավթն ու գազը կհասցնեն Միջերկրական ծով, իսկ այնտեղից Թուրքիայի տարածքով՝ Եվրոպա։  Էներգակիրների՝ Եվրոպա մատակարարումների նոր երթուղիները թույլ կտան որակապես փոխել Իրանի կողմից Օրմուզյան նեղուցի վերահսկողության խնդիրը։ 
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ պարզ է դառնում, որ առաջիկա տարիներին Սիրիայի և Իրանի, ինչպես նաև Ալժիրի հիմնախնդիրները պետք է լուծվեն։ Կարելի է խոսել նշված խնդրի լուծման վերջնական ժամկետների մասին՝ 2014թ., երբ Քաթարի (Արևմուտքի) կողմից  կկառուցվեն գազային ապագա պատերազմի ենթակառուցվածքների կարևորագույն տարրերը, պատերազմ, որի արդյունքը կդառնա հարավեվրոպական ուղղությամբ ռուսական խողովակաշարային նախագծերի  կործանումը։ Չպետք է մոռանալ, թե որքան  հեշտությամբ փլուզվեց ԽՍՀՄ-ը։ Դրա համար բավական էր, որպեսզի ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան պատեհ ժամին իջեցնեն նավթի գները՝ նավթն օգտագործելով որպես աշխարհաքաղաքական գործիք։ Սակայն գազի նկատմամբ Միացյալ Նահանգները նման գործիք չունեին, և այսօր այն ստեղծվում է։ 
Ռուսաստանն ի՞նչ կարող է հակադրել այդպիսի ռազմավարությանը։ Հնարավոր է՝ նրան հաջողվի աշխարհաքաղաքական դաշինք կնքել Գերմանիայի հետ,  ինչի շնորհիվ Ռուսաստան կթափանցեն գերմանական տեխնոլոգիաները՝ ածխաջրածինների երաշխավորված ապահովման դիմաց։ 19-20-րդ դարերում նման դաշինքը չկայացավ, և արդյունքում երկու տերությունները կործանարար պարտություն կրեցին։ Բացի այդ, ռուսական արտաքին քաղաքականությունը պետք է անհապաղ ստեղծի Ռուսաստան-Սիրիա-Իրան-Չինաստան-Հնդկաստան ռազմավարական առանցքը՝ դիմակայելու ընդհանուր  վտանգին։ Նման բարդ քաղաքականության իրագործումը, աշխարհաքաղաքական դաշինքների ստեղծումը ցայտնոտների պայմաններում առավել քան բարդ խնդիր է,  բայց՝ իրագործելի, եթե Ռուսաստանը ի վիճակի լինի գնահատել սպառնալիքների մակարդակը, իսկ նրա վերնախավը քաղաքական կամք ցուցաբերի։ Վերջին 20 տարիների փորձը, առաջին հերթին` ԽՍՀՄ-ի փլուզումը և Արևելյան Եվրոպայի հանձնումը, ցույց են տալիս, որ մենք կարող ենք արդեն հերթական անգամ ականատես լինել ողբերգական բեմագրի իրագործման, ինչին պետք է պատրաստ լինել։ 
 
Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
 
 ՙԱզատ Արցախ՚ թերթի խմբագրությունը բացում է ՙՏարածաշրջանը և աշխարհը՚ խորագիրը, որի շրջանակներում կհրապարակվեն Հյուսիսային Աֆրիկայից մինչև Աֆղանստան և Պակիստան փռված պետությունների քաղաքականությանն ու ռազմավարությանը վերաբերող  ընդհանրական հոդվածներ։ Ինչո՞վ է թելադրված այդպիսի որոշումը։ Պատասխանը կարելի է հանգեցնել մեկ նախադասության. այդ մեծ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներն անմիջականորեն ազդում են ղարաբաղյան կարգավորման հիմնախնդրի վրա։ Այն փաստը, որ համաշխարհային ասպարեզի իրադարձություններն անդրադառնում են Արցախի վրա, վաղուց է հայտնի։ Սակայն աշխարհի հերթական աշխարհաքաղաքական վերաբաժանումը, որը 2011 թվականին սկսվել է, այսպես կոչված՝ ՙԱրաբական զարթոնքից՚, ամենայն ակնհայտությամբ ցուցադրեց, թե որքան մոտիկ ու փոխկապակցված է դարձել աշխարհը 21-րդ դարում։ Թունիսում սկսված գործընթացները մեկ տարուց էլ պակաս ժամանակ անց հասան Սիրիա, ինչպես նաև Իրան, որը ծայրաստիճան կարևոր պետություն է և հանդիսանում է հայկական պետությունների հարևանը։
Գործընթացների թափն ու դինամիկան աներկբայորեն վկայում են, որ այն ժամանակները, երբ Հարավային Կովկասն ու նույնիսկ  Կովկասն ամբողջությամբ կարող էին դիտարկվել Մեծ Մերձավոր Արևելքից անջատ, մնացել են անցյալում։ 2012 թվականին մենք արդեն իրավունք չունենք արցախյան հիմնախնդիրը համարել բացառապես երկու ժողովուրդների հիմնախնդիր, և պարզվում է, որ այն ներգծված է շատ ավելի մասշտաբային տարածաշրջանային ու գլոբալ գործընթացների մեջ։ Հասկանալու համար, թե ինչպիսին է արցախյան կարգավորման դինամիկան, արդեն բավական չէ նկատի ունենալ հայկական պետությունների և Հարավային Կովկասի պետությունների վիճակը։ Հայկական հասարակայնությունը, քաղաքականությունն ու դիվանագիտությունը պարտավոր են տեսադաշտում պահել և  հաշվի առնել Արցախի սահմաններից շատ հեռու տեղի ունեցող գործընթացները, որոնք, սակայն, գործնականում ակնթարթորեն կարող են անմիջական ազդեցություն ունենալ երկու հայկական պետությունների վրա։ 
Այս պայմաններում խմբագրությունը նպատակահարմար գտավ համառոտ տեսությունների շրջանակներում իր ընթերցողներին ծանոթացնել տարածաշրջանի առավել կարևոր  գործընթացներին ու Մեծ Մերձավոր Արևելքի պետություններին՝ հասկանալով, որ այդպիսի տեղյակությունն օգտակար կարող է լինել ոչ միայն տարածաշրջանով զբաղվող քաղաքական  գործիչներին ու քաղաքագետներին, այլև լայն հասարակությանը։