[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ԴԻՐՔԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ, ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ: Բ. ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐԸ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Արցախի Հանրապետության  6-րդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի՝ ապրիլի 30-ին կայացած հերթական նիստում ԱՀ նախագահ Բակո Սահակյանն իր ամենամյա հաղորդման մեջ ամփոփ ներկայացրեց նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքները։ Անդրադարձավ նաև այն ծրագրերին, որոնք մեկնարկել են ընթացիկ տարում՝ մինչև նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը կյանքի կոչելու ակնկալիքով։ 2020թ. մայիսի 21-ին ԱՀ նորընտիր նախագահը կստանձնի իր պարտականությունները։

Հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտներում իրականացվել է մեծածավալ աշխատանք, ինչի արդյունքում արձանագրվել են դրական ցուցանիշներ։ Ներկայացնում ենք նախագահի ելույթի արտաքին քաղաքականությանը, անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հատվածներն ու շեշտադրումները։

Պաշտպանության, անվտանգության և բանակաշինության ոլորտում իրականացված աշխատանքների մասով Սահակյանը նշել է, որ մեր պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրը ժողովրդի անվտանգության ապահովումն է, նրա ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանությունը։ Միայն հզոր ու մարտունակ բանակ ունենալու դեպքում է հնարավոր լուծել այդ խնդիրը։ Ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում դա հնչում է որպես օրվա հրամայական։ Ադրբեջանը չի հրաժարվել հակամարտության կարգավորման ուժային տարբերակից և շարունակում է իրականացնել ռազմատենչ ու հայատյաց քաղաքականություն բոլոր հարթություններում՝ ռազմաքաղաքական, դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական և այլն։ Դրան դիմակայելու լավագույն միջոցը մեր զինված ուժերի շարունակական ու հետևողական զարգացումն է, Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացումը։ Արցախը միշտ հայտարարել է, որ կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց, միևնույն ժամանակ, այստեղ պատրաստ են արժանի հակահարված տալ մեր հայրենիքի անկախության և անվտանգության դեմ հակառակորդի ցանկացած ոտնձգության։ 2019թ. բանակաշինության ոլորտում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված ՊԲ-ի մարտական պատրաստականության, զորքերի դաշտային պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, մարտական հնարավորությունների ընդլայնմանը, բանակի սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացմանն ու համալրմանը, ղեկավարման համակարգի կատարելագործմանը, առաջնագծի տեխնիկական հագեցվածության և ծառայության պայմանների բարելավմանը, ինժեներական ամրակառույցների և կապի համակարգի զարգացմանն ու արդիականացմանը։

Հատուկ ուշադրություն է դարձվել բանակում բարոյահոգեբանական մթնոլորտի շարունակական բարելավմանը, ոչ կանոնադրական հարաբերությունների դեմ համառ պայքար ծավալելուն։ Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում զինված ուժերում բացասական երևույթներն արմատախիլ անելու, ոչ մարտական պայմաններում տեղի ունեցող ողբերգական դեպքերը կանխելու և բացառելու ուղղությամբ։ Բանակը միշտ եղել է մեր ժողովրդի հպարտությունը և այդպիսին կլինի այսուհետ։

Արտաքին քաղաքական ուղղությունում առանցքային նշանակություն է տրվել  Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի և այլ պետությունների միջև փոխգործակցության, բարեկամական կապերի ամրապնդմանը։ Քայլեր են ձեռնարկվել ԱՀ միջազգային ճանաչման գործընթացում առկա դրական միտումների առաջմղման և դրանց անշրջելիության ապահովման ուղղությամբ։ Այսպես, ԱՄՆ Կոլորադո նահանգի սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, որում առանձին կետով ճանաչել է նաև Արցախի անկախությունը։ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը, որը ներկայացված է երկրի օրենսդիր և գործադիր մարմնում, հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պաշտպանելու և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու հայտարարությամբ՝ Ֆրանսիայի նախագահին և կառավարությանը կոչ անելով ճանաչել ԼՂ-ի անկախությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը։ Բարեկամական հարաբերություններ են հաստատվել Ստեփանակերտի և Ավստրալիայի Ռայդ քաղաքի, Հադրութի շրջանի և Ֆրանսիայի Իզեր նահանգի միջև։ Ավստրալիայում ստեղծվել է Արցախի հետ բարեկամության շրջանակ, որին անդամակցում է շուրջ 40 գործիչ։ Երևանում ԱՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպի շրջանային խորհրդի նախագահը ստորագրել են համատեղ հռչակագիր, որին միացել են այդ շրջանի քաղաքների քաղաքապետներ։ Հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել անցած սեպտեմբերին Արցախ այցելած Կիպրոսի Ստրովոլոսի քաղաքապետի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումների ժամանակ։

Միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնման և Արցախի մասին տեղեկացվածության բարձրացման նպատակով Ստեփանակերտում անցկացվեց <<Համագործակցություն՝ հանուն արդարության և խաղաղության>> խորագրով  Արցախի բարեկամների համաժողով, որին մասնակցեցին խորհրդարանական բարեկամության խմբերի և շրջանակների, քույր քաղաքների, ինչպես նաև մեր երկրի անկախությունը ճանաչած կամ համագործակցության մեջ գտնվող տարբեր երկրների վարչատարածքային միավորների (շուրջ 30 երկրներ) 150-ից ավելի ներկայացուցիչներ։ Համաժողովի ժամանակ հայտարարվել է Արցախի բարեկամների միջազգային՝ <<Պրո Արցախ>> ցանց ստեղծելու մասին։

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ նախագահը շեշտեց, որ հիմնական ջանքերն ուղղվել են հակամարտ կողմերի շփման գծում միջադեպերի կանխարգելմանն ու կայունության պահպանմանը, խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շարունակականության ապահովմանը, ինչպես նաև լիարժեք ձևաչափի վերականգնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, Արցախի և Ադրբեջանի միջև պետական սահմանին պահպանվել է հրադադարի ռեժիմը։ Մշտական կապ է պահպանվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հետ։

Հակամարտության կարգավորման վերաբերյալ արցախյան կողմի դիրքորոշումը մեկ անգամ ևս վերահատատվեց մայիսին և հոկտեմբերին տարածաշրջանային այցերի շրջանակում Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ընթացքում։ Հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ապահովելու և խաղաղ կարգավորումն առաջ մղելու համար առանցքային է համարվել բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության լիիրավ և ուղղակի մասնակցությամբ։

Արտաքին քաղաքական օրակարգում առանձնակի կարևորություն է տրվել առկա միջազգային կապերի ամրապնդմանը և միջազգային համագործակցության աշխարհագրության ընդլայնմանը։ Միջազգային կառույցներում արցախյան կողմը նախաձեռնել է միջազգային համաձայնագրերի, առաջին հերթին՝ մարդու իրավունքների ոլորտին առնչվող դրույթների իրականացման վերաբերյալ ազգային զեկույցներ ներկայացնելու գործընթաց։ Արցախը նաև ընդլայնում է իր ներգրավվածությունը գլոբալ խնդիրների քննարկման գործընթացներում։ Այս համատեքստում պիտի դիտարկվի Արցախի միանալը ՄԱԿ-ի <<Կայուն զարգացման 2030 օրակարգ>>-ին, որի շրջանակում մեր հանրապետությունում ստեղծվել է Կայուն զարգացման ազգային խորհուրդ, նախապատրաստվել և ՄԱԿ է ներկայացվել կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ ազգային զեկույց։ ՄԱկ-ում և ԵԱՀԿ-ում ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ տարածվել է ԱՀ տարբեր պետական կառույցների կողմից պատրաստված 7 փաստաթուղթ։

Մեր երկրի անկախության միջազգային ճանաչումը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այսուհետ ևս կմնա ԱՀ արտաքին քաղաքական առանցքային առաջնահերթությունների շարքում, համոզմունք է հայտնել Բակո Սահակյանը։ Արտաքին ուղղությունում, որպես կարևորագույն խնդիրներ, կշարունակեն մնալ Արցախի անվտանգության ապահովումը, տարածաշրջանում Արցախի դիրքերի ամրապնդումը՝ որպես խաղաղության և կայունության գործոնի, այլ երկրների և կազմակերպությունների հետ կապերի հաստատումը, ընդհանուր շահերի և համաձայնությունների որոնումը։ Աշխատանքներ կտարվեն տեղեկատվական քաղաքականության ընդհանուր ռազմավարության մշակման ուղղությամբ։

Նախագահի հաղորդումը լսելուց հետո խորհրդարանն անցել է հարցերին և կարծիքների փոխանակմանը։ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը Սահակյանին  դիմել է հարցով, որը վերաբերում էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակի քննարկման մասին հայտարարությանը։ Վերջինս հայ հանրության շրջանում մտահոգության տեղիք է տվել։ Արդյո՞ք գործ ունենք ինչ-որ օրակարգի հետ, որի շուրջ քննարկումներ են ընթանում, թե՞ դրանք պարզապես դիվանագետի խոսքեր են, հարցրել է Բալայանը։

Սահակյանը նախ նշել է, որ երբ մենք խոսում ենք հակամարտության մասին, նշանակում է, որ խոսում ենք մեր ճակատագրի մասին։ Նա հարգանքով է վերաբերվում այն առաքելությանը, որն իրականացնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը. հարաբերական խաղաղությունն ապահովվում է նաև նրանց գործունեության շնորհիվ։ Փոխադարձ հարգանքի մթնոլորտում համանախագահների հետ անցկացված հանդիպումների ժամանակ Սահակյանը ներկայացրել է մեր երկրի սկզբունքային դիրքորոշումը՝ Արցախի անկախությունը և անվտանգությունը սակարկման ենթակա չեն։ Նաև խնդրել է նրանց, որ նման դիրքորոշումը չընդունեն որպես ծայրահեղություն։ Անցած տարիներին Արցախը չի շեղվել իր դիրքորոշումից և սկզբունքներից։ Մեր հաստատակամությամբ, հարգելով նաև միջազգային հանրության շահագրգռվածությունը հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու հարցում, Արցախը շարունակելու է առաջ տանել իր դիրքորոշումը։ Սահակյանը հիշեցրեց, որ ինքն Ազգային ժողովում ունեցած հանդիպումների ժամանակ մշտապես ընդգծել է, որ վերադարձ անցյալին՝ թե՜ տարածքների և թե՜ կարգավիճակի առումով, չի լինելու։ Մենք պարտավոր ենք մեր ազատագրված հայրենիքը գրկել և շարժվել առաջ, ասել է Սահակյանը։