Logo
Print this page

Լոբբի ունենք՝ ոչ ոք չունի՞

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

  Մի քանի օր առաջ Արցախի գործող ԱԺ նախագահի խորհրդականը լուր էր տարածել, թե ԱՄՆ նահանգներից մեկի Սենատը ,,ճանաչել է Արցախի անկախությունը,,: Կարճ ժամանակ անց լուրը հերքվեց: Տեղեկատվությանն անդրադարձավ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը եւ պարզաբանեց, որ հայկական մեդիա-տիրույթում տարածված փաստաթղթի լուսապատճենը ոչ այլ ինչ է, քան նահանգային սենատորներից մեկի հայտարարություն, եւ դա ԱՄՆ –ում տարածված պրակտիկա է: Համապատասխան պարզաբանումներ արեց նաեւ Հայ դատի ԱՄՆ գրասենյակը, եւ ,,միջադեպը հարթվեց,, այն սպասումով, որ տվյալ բանաձեւն այդ նահանգի Սենատում կդրվի քվեարկության, կընդունվի:

Դիցուք այդպես էլ կլինի, բայց ահա հայրենական մամուլի եւ փորձագիտական հանրության ուշադրությունից ,,վրիպել է,, մի չափազանց կարեւոր փաստ. ԱՄՆ պետքարտուղարությունը որոշում է հրապարակել 907-րդ ուղղումից հրաժարումը երկարաձգելու մասին: Խոսքը 1992թ. ընդունված ,,Ազատության աջակցության,, օրենքի մի սահմանափակման մասին է, որով ԱՄՆ կառավարությանն արգելվում է ուղղակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին՝ մինչեւ որ վերջինս չդադարեցնի Հայաստանի շրջափակումը եւ թշնամանքը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: ԼՂ հակամարտության միջազգայնացումից հետո սա միակ օրենսդրական ակտն է, որով Ադրբեջանը ճանաչվում է ագրեսոր եւ նրա դեմ փաստացի պատժամիջոցներ են սահմանվում: Միացյալ Նահանգների կառավարությունն առաջին անգամ օրենսդրական արգելքը շրջանցել է 2001թ.-ին՝ ահաբեկչության դեմ պայքարում Ադրբեջանի տրանզիտային հնարավորություններն օգտագործելու պատճառաբանությամբ: Այդուհետեւ Սպիտակ տունը մշտապես կիրառում է օրենքի 907-րդ ուղղումից հրաժարվելու պրակտիկան:

Ըստ էության, օրենքը չեղարկված չէ միայն ֆորմալ առումով, եւ ԱՄՆ կառավարությունն Ադրբեջանին նույնիսկ ռազմական օժանդակություն է ցուցաբերում՝ Կասպից ծովում անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու եւ տեխնիկական միջոցները կատարելագործելու համար: Ադրբեջանում նույնիսկ չեն թաքցնում, որ դրա համար սոլիդ միջոցներ են ծախսվում՝ ԱՄՆ հրեական շրջանակներում լոբբիստական ուժեր հավաքագրելու եւ նրանց միջոցով Սպիտակ տան որոշումների վրա ազդելու նպատակով: Եւ, ինչպես տեսնում ենք, հասնում են հաջողության:

Տվյալ դեպքում կարեւորը ոչ այնքան տարեկան մի քանի տասնյակ միլիոն դոլարն է, որ Ադրբեջանն ստանում է ԱՄՆ-ից, որքան երեւույթի քաղաքական ասպեկտը: Այսինքն, օրենքն Ադրբեջանը ճանաչում է ագրեսոր, բայց ԱՄՆ վարչակազմն այդ երկրի հետ զարգացնում է կապերը անվտանգային հարցերում: 2001թ.-ից ի վեր ամերիկյան պաշտոնական եւ փորձագիտական բառապաշարում Ադրբեջանը բնութագրվում է որպես միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Միացյալ Նահանգների հուսալի դաշնակից: Այս քաղաքական կլիշեն էլ, ըստ ամենայնի, պայմանավորում է ԱՄՆ-ի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, մոտեցումը ԼՂ կարգավորման հարցում:

Ի՞նչ իրավիճակում եւ ջանքերով է ընդունվել ,,Ազատության աջակցության,, ակտի 907-րդ ուղղումը՝ հասկանալի է: Իր դերն է խաղացել նաեւ հայկական լոբբին: Բայց պետք է իրականությունը տեսնել այնպես, ինչպես որ այն կա: Եւ ընդունել, որ մեր լոբբիստական հնարավորությունները հարկ է ծառայեցնել բացառապես գործնական հարթությունում:  Արցախի անկախությունը ճանաչելու մասին նահանգային Սենատի բանաձեւն, ինչ խոք, քարոզչական էֆեկտ տալիս է, բայց՝ միայն այդքանը: Իրական քաղաքական ռեժիմում ԱՄՆ- Ադրբեջան հարաբերությունները դրանից չեն տուժում: Բոլորովին այլ իրավիճակ կունենայինք, եթե պետական-պաշտոնական եւ լոբբիստական ջանքերի համադրմամբ կարողանայինք հասնել նրան, որ ,,Ազատության աջակցության,, ակտի 907- րդ ուղղումը Միացյալ Նահանգների կառավարության կողմից չշրջանցվեր:

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.