[ARM]     [RUS]     [ENG]

ԼԻՆԵԼ ՈՒԺԵՂ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ. ՍԱ Է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի

  Մայիսը հայ ժողովրդի համար դարձել է հարության, հարատևության ու հաղթանակների ամիս. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակ, Շուշիի ազատագրում... Սերունդները երբեք չեն մոռանա այն վիթխարի ավանդը, որ 75 տարի առաջ ներդրեցին աշխարհի ժողովուրդները՝ երկրորդ աշխարհամարտում հաղթանակի հասնելու համար։ Հայրենական մեծ պատերազմում հայերն իրենց կես միլիոնանոց մասնակցությամբ զիջեցին միայն սլավոնական ժողովուրդներին։ Արցախահայությունը ևս իր լավագույն զավակներին ուղարկել էր ռազմաճակատ։ Եվ եթե հայ զավակները 1945-ի Մայիսի 9-ին քոչարի պարեցին Ռայխստագի պատերի տակ, ապա գրեթե կես դար անց, նորից  Մայիսի 9-ին, նրանց զավակներն ու թոռները ավանդական քոչարին պարեցին Շուշի բերդաքաղաքում՝ սրբագրելով պատմության սխալները։ Այսօր հպարտությամբ նշում ենք նաև, որ Շուշիի ազատագրումը ԼՂՀ պաշտպանության բանակի ծննդյան տարեկիցն։

Հիրավի, օրվա մեջ խտացված են մեր ժողովրդի սխրանքն ու պատիվը։

Ամեն տարի Արցախում մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշվում Մայիսյան եռատոնը։ 2020-ին այն փոքր-ինչ տարբերվում էր նախորդ տարիներից. համավարակի պատճառով որոշակի սահմանափակումներ են մտցվել տոնական միջոցառումների ցանկում։ Ստեփանակերտում վաղ առավոտից մարդիկ փոքր խմբերով, ընտանիքներով, գաղափարակից ընկերներով այցելում էին ուխտատեղի դարձած Հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցում երկու պատերազմներում նահատակված քաջորդիներին։

Հասարակության փոքրաթիվ խմբերին միացան և ժամը 11.00-ին Հուշահամալիր այցելեցին երկու հայկական հանրապետությունների՝ Արցախի և Հայաստանի պաշտոնական պատվիրակությունները՝ ԱՀ գործող Նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Պատվիրակությունների կազմում էին ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ գործող նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնատար այլ անձինք։ 

Պետական այրերը նախ ծաղիկներ դրեցին Մեծ Հայրենականում զոհված արցախցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հուշահամալիրի տարածքում ամփոփված՝ Արցախյան ազատամարտում նահատակված հայորդիների շիրիմներին։

Այստեղից կառավարական մեքենաների շարասյունն ուղևորվեց  Շուշի։ Որպես ավանդույթ՝ պատվիրակությունների անդամներն այցելեցին Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի բարձունքում կանգնեցված Տանկ-հուշարձանին և ծաղիկներ դրեցին ազատարար Տանկի պատվանդանին։

Մերօրյա Շուշին եռակի ցնծությամբ դիմավորեց պատվարժան հյուրերին։ ԱՀև ՀՀ ղեկավարները, պետական այրերն ու Արցախ ժամանած հյուրերն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին, որն արդեն քանի տարի շարունակ՝ իր քարեղեն ներկայությամբ, հսկում է բերդաքաղաքի անդորրը։

Տարիներ անց փառապանծ Հաղթանակին իրենց գնահատականն են տալիս Արցախյան պատերազմի մասնակիցները։

 

Պարգև արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ.

-Առաջին հերթին ես ուզում եմ շնորհավորել արցախցիներին և ամբողջ հայությանը՝ այս մեծ ու փառահեղ տոնի առթիվ։ Չնայած ժամանակի առումով տարեցտարի հեռանում ենք պատերազմի ահեղ օրերից և Շուշին արդեն դառնում է հիշողություն, սակայն անկարելի է մոռանալ մայիսյան այդ օրը։ Շուշիից հետո ունեցել ենք ուրիշ փայլուն հաղթանակներ, հերոսամարտեր։ Բայց պատմական քաղաքի համար մղված մարտն անկարելի է տեղադրել որակական չափանիշների մեջ, արժևորել բառերով, գնահատել ածականներով։ Իսկ օրվա խորհուրդը մեր միասնականության մեջ է՝ լինել միասնական՝ եռակի միասնությամբ՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք։ Դեռ վտանգներ ունենք, դեռ փորձություններ են սպասվում մեզ, և պետք է ազգովի հաղթահարենք դրանք։

Խաղաղություն եմ մաղթում այս տառապյալ հողակտորին։ Բավ է՝ ինչքան ողբերգություն ապրեցինք։ Թող այսուհետ ծիծաղն ու ժպիտը թագավորեն Արցախ աշխարհում։

 

Ջալալ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր.

-Սրտանց շնորհավորում եմ Հաղթանակի օրվա, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ։ Եռատոն, որը սրբագործվել է մեր եղբայրների ու քույրերի արյամբ և դարձել համաժողովրդական ամենանվիրական տոներից մեկը։

Մեծ Հայրենականում մեր հայրենակիցների հերոսական օրինակը ոգեշնչեց մեզ և կոչեց նոր հաղթանակների։ Արցախյան ազատամարտում ձևավորվեց  ու կոփվեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, և  հայորդիների  արյամբ գրվեց մեր ժողովրդի պատմության փառավոր էջերից մեկը։ Շուշիի ազատագրմամբ կրկին վերածնվեց հայի ոգին ու հավատը սեփական ուժերի հանդեպ։ Մեր բանակը պատվով կատարեց և այսօր էլ շարունակում է կատարել հայրենիքի պաշտպանի իր սրբազան առաքելությունը։ Հայոց բանակի շնորհիվ է պահպանվում նաև խաղաղությունն ու կայունությունը ողջ տարածաշրջանում։ Սա անժխտելի իրողություն է, որի հետ հնարավոր չէ  հաշվի չնստել։ Ուստի՝ օրվա խորհուրդն է՝ էլ ավելի ուժեղացնել, հզորացնել Պաշտպանության բանակը. եթե մենք ունենանք հզոր զինուժ՝ կկարողանանք թե՜ առաջին գծում, և թե՜ բանակցությունների սեղանի շուրջ  թելադրողի դերում լինել։

 

Վլադիմիր ԿԱՍՅԱՆ, Շուշիի շրջվարչակազմի ղեկավար.

-Եռատոնը արցախցիներիս համար յուրահատուկ նշանակություն ունի, քանզի Շուշիի վերատիրումը հայ ռազմիկների կողմից վերջնականապես հուսալքեց թուրք-ադրբեջանցի զինվորներին, ովքեր այլևս ճողոպրում էին ռազմադաշտի տարբեր ճակատներից։ Շատերին էր թվում, թե անմատչելի ամրոց հանդիսացող Շուշին անհնար է գրավել։ Սակայն 1992թ. մայիսին հայ ազատամարտիկը տիրոջ իրավունքով գնաց հայոց հինավուրց բերդաքաղաքն ազատագրելու։ Քսանվեց ժամ տևած ռազմագործողության արդյունքում հայկական կողմը տվեց քիչ թվով զոհեր ։

Ազատագրվելուց հետո բոլորն էլ գիտեն, թե ինչ վիճակում էր հայոց հինավուրց Բերդաքաղաքը։ 28 տարվա ընթացքում բավականին աշխատանքներ են տարվել քաղաքը վերականգնելու ուղղությամբ, իսկ վերջին 10 տարիներին շինարարական աշխատանքները լայն թափ են ստացել։ Փորձում ենք ամեն ինչ անել Շուշիի՝ որպես հայկական մշակույթի կենտրոն, վաղեմի փառքը վերադարձնելու։  Հուսով եմ՝ մեզ կհաջողվի վերականգնել Շուշիի փառքը։

Շնորհավորում եմ բոլորիս՝ շուշեցիներին, արցախահայությանն ու աշխարհով մեկ սփռված հայությանը՝ պանծալի Եռատոնի առթիվ։