Logo
Print this page

ԲԱՔՎԻ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻՆ ՈՐՔԱ՞Ն ԿՏԵՎԻ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Ադրբեջանում խորացող ներիշխանական ճգնաժամի շուրջ միջազգային հետաքրքրությունն ավելի է մեծանում։ Թեմային վերջերս անդրադարձավ BBC հեռուստաընկերությունը՝ արձանագրելով Հեյդար Ալիևից ժառանգություն մնացած պաշտոնյաների և Ադրբեջանի առաջին տիկնոջ կողմնակիցների միջև ընթացող սուր պայքարի փաստը։ Լրատվամիջոցի ադրբեջանցի թղթակցի պատրաստած տեսանյութում այդ գործընթացը ներկայացվել է որպես իշխանության մաքրում <<հին գվարդիայից>>։ Միջին մակարդակի պաշտոնյաների պաշտոնանկություններն ու ձերբակայությունները, որ սկսվել են դեռևս անցյալ տարվա աշնանը, չեն դադարում նույնիսկ համաճարակի և խիստ կարանտինի պայմաններում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանության արշավն ավելի զանգվածային է դառնում. աշխատանքից հեռացված պաշտոնյաների և քաղաքացիական ծառայողների ցուցակներում շատ ազդեցիկ մարդիկ են, որոնցից մեկն Ադրբեջանի գլխավոր  դատախազն է։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է երկու տասնամյակ։ BBC-ի հարցմանն ի պատասխան Ալիևի վարչակազմը մեկնաբանություն է ներկայացրել, ըստ որի՝ պաշտոնանկությունները  կապված են կորոնավիրուսի պատճառով տնտեսության մեջ արձանագրված մեծ կորուստների և նավթի գների անկման հետ։

Պաշտոնական Բաքուն, ակնհայտորեն, շրջանցել է հարցը, որովհետև իրականում սա իշխանության ներսում քաղաքական զտման ծրագրի շարունակությունն է, որն սկսվել է անցյալ տարվա երկրորդ կեսին՝ հետապնդելով պետական կառույցներից Հեյդար Ալիևի հավատարիմներին հեռացնելու  նպատակ։

Իրականությունն այն է, որ Իլհամ Ալիևի իշխանության առաջին տարիներին նավթագազային պաշարները մեծ եկամուտներ էին բերում, ինչը նրան թույլ էր տալիս ոչ միայն ամրապնդել իր իշխանությունը, այլև վստահորեն մասնակցել միջազգային տնտեսական նախագծերի կյանքի կոչմանը։ Տարիների ընթացքում, բռնապետական վարչակարգի հաստատմանը զուգընթաց, երկրում արմատավորվեց կոռուպցիան՝ հնարավորություն ընձեռելով իշխանությանը նավթադոլարներն օգտագործել միջազգային կառույցներում ավտորիտար համակարգի հասցեով հնչեցվող քննադատությունները կասեցնելու համար։ Ալիևների կլանի կողմից եվրոպական պաշտոնյաներին կաշառելու փաստերն ու կոռուպցիոն սխեմաների բացահայտումը հանգեցրին միջազգային ասպարեզում երկրի վարկանիշի զրոյացմանը։ Մյուս կողմից՝ հասարակության մեջ խորացավ անվստահությունը քրեաօլիգարխիկ խավի հետ սերտաճած իշխանության հանդեպ։

Իլհամ Ալիևն իր առջև խնդիր դրեց պահպանել իշխանությունը <<հին գվարդիա>>-ին հեռացնելու գնով։ Նախագահ ամուսնուն կարող է փրկել փոխնախագահ տիկինը։ Վերջինիս համար հենարան պիտի դառնային արևմտյան հայտնի համալսարաններում կրթություն ստացած այն երիտասարդները, ովքեր պատրաստ են փոխարինել հներին՝ չփոխելով, սակայն, Ալիևների տիրապետությունը։ Պարզ էր նաև, որ բարեփոխումների նմանակման պայմաններում արմատական փոփոխությունների մասին խոսք լինել չի կարող, իսկ կոռուպցիայի դեմ պայքարն ադրբեջանական հասարակության համար մնալու է անիրականանալի երազանք։ Սա էլ նշանակում է, որ ժողովրդավարական նորմերի և մարդու տարրական իրավունքների ոտնահարումը, խոսքի և խղճի ազատության անտեսումը, այլախոհներին բանտերը լցնելը շարունակելու են մնալ հասարակությանը հնազանդության մեջ պահելու կարևոր միջոցներ։

Ստեղծված իրավիճակն Ադրբեջանի նախագահին թելադրեց անհանդուրժողական վերաբերմունք արտահայտել եվրոպական  արժեհամակարգի նկատմամբ։  Բռնապետական բարքերը քննադատող եվրոպական հանրությանն Ալիևն առայժմ ուրիշ ասելիք չունի։ Ամենևին պատահական չէր նրա կողմից Եվրամիության հետ հարաբերությունների և եվրաինտեգրման հարցերի վերաբերյալ սեփական տեսլականի հանրայնացումը. Ադրբեջանը չի շտապում խորացված համագործակցության մասին պայմանագիր կնքել ԵՄ-ի հետ։  

Ներիշխանական ճգնաժամի փաստն արձանագրել է նաև Freedom House  միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր ամենամյա զեկույցում, որը հրապարակվել է մոտ մեկ շաբաթ առաջ։ Ըստ կազմակերպության վերլուծության՝  Ադրբեջանը դասվում է ավտորիտար պետությունների շարքը։ Զեկույցում նշված է, որ  նախագահ Իլհամ Ալիևն իշխանությունը ժառանգել է հորից 2003թ. տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, որոնք անցել են խիստ վերահսկողության պայմաններում։ Այժմ կան նախանշաններ, որ իշխանության փոխանցումը տեղի կունենա ընտանիքի ներսում։ Այդ նկատառումով էլ նախագահն իշխանության վերին էշելոններում փոփոխություններ է իրականացնում՝ հիմնականում հօգուտ  կնոջ։

Միջազգային այս կազմակերպությունն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Ադրբեջանի ներկայիս նախագահը տնտեսական անկման և կլանային քաղաքականության պայմաններում լիովին կորցրել է հանրային աջակցությունը, բայց իշխանությունը պահելու և կնոջը փոխանցելու համար փորձում է վերնախավի ներսում նվազեցնել դավադրության հնարավորությունը։ Հեռացվող պաշտոնյաները <<հին գվարդիայի>> ներկայացուցիչներ են, ովքեր հակազդում են երկրի կառավարման ղեկը Մեհրիբան Ալիևային փոխանցելու գործընթացին։ 

Զեկույցում, որը նվիրված է հետխորհրդային և եվրասիական 29 երկրներում ժողովրդավարության մակարդակին, արձանագրված է ոչ միայն ադրբեջանական իրականությունը. Տաջիկստանի և Թուրքմենստանի նախագահները նույնպես իրենց հարազատներին նշանակում են պատասխանատու պաշտոնների՝ հող նախապատրաստելով ընտանիքի ներսում իշխանության փոխանցման համար։ 

Freedom House-ում, անկասկած, քաջատեղյակ են եվրոպական ինտեգրացիայի վերաբերյալ Իլհամ Ալիևի արտահայտություններին։ Անցյալ տարվա նոյեմբերին Բաքվի պետական համալսարանում նախագահը հայտարարեց, որ Ադրբեջանը չի պատրաստվում ինտեգրվել Եվրոպային, որը ճգնաժամի մեջ է, որը կնոջ և տղամարդու միջև տարբերություն չի տեսնում։ 

Ադրբեջանի նախագահը դրանից հետո մեկ ուրիշ ցուցադրական քայլ արեց՝ Մեհրիբան Ալիևային գործուղեց Մոսկվա, որտեղ առաջին տիկինը սիրալիր ընդունելության արժանացավ ՌԴ նախագահի կողմից։ Զարմանալի ոչինչ չկար. պաշտոնական Բաքուն ռուսական կողմնորոշում էր ցուցադրում, և այդ պարագայում Վլադիմիր Պուտինին մնում էր Ադրբեջանի առաջին փոխնախագահին բարձր պարգև շնորհել՝ ընդունելով նրա քաղաքական ռևերանսը։

Իրադարձությունների զարգացման նման ընթացքը մի շարք հարցականներ է հարուցում, որոնցից մեկն այն է, թե մոտ ապագայում Բաքուն ինչ քայլեր կանի եվրասիական ուղղությունում։ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը, ինչպես հայտնի է, աժիոտաժի և լայն քննարկումների տեղիք տվեց։ Հայաստանը հայտարարեց վետոյի իր իրավունքը կիրառելու մասին։ ԵԱՏՄ-ի շուրջ առայժմ լռություն է տիրում։

Հայտնի չէ, թե պաշտոնական Բաքուն որքան ժամանակ հավատարիմ կմնա ռուսական կողմնորոշմանը։ Քաղաքական հաշվարկների հիմքում առանցքայինն, անշուշտ, հակամարտության կարգավորման գործընթացում Մոսկվայից ունեցած ակնկալիքներն են։ Բայց չմոռանանք, որ առաջին տիկնոջ թիմում եվրոպական համալսարաններում կրթություն ստացած երիտասարդներ են, ասել է թե՝  կողմնորոշում կոչվածը, հնարավոր է, ընդամենը քաղաքական մանյովր է։ Բաքվում արդեն համոզվել են, որ ուժային կենտրոնների միակողմանի աջակցությամբ հիմնախնդրի հանգուցալուծումը բացառվում է։ Ամեն դեպքում հայկական դիվանագիտությունն անելիք ունի։ Պաշտոնական Երևանին հատկապես հակացուցված է հայտարարել, թե բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքորոշումը կառուցողական է։  

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.