[ARM]     [RUS]     [ENG]

Ի՞նչ է կատարվում Ադրբեջանում

Վահրամ ԱԹԱՆԴՍՅԱՆ

 Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանում ձերբակալվել է գործադիր իշխանության շրջանային երկու ղեկավար: Նրանց առաջադրվել է լիազորությունները գերազանցելու, սոցիալապես անապահով խավերին կորոնավիրուսի տարածման պայմաններում հատկացված օգնության յուրացման, կաշառակերության, հողերի ապօրինի տնօրինման եւ վաճառքի, փողերի լվացման մեղադրանք: Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չորսամսյա կալանքը: Զբաղեցրած պաշտոններից ազատվել են նրանց բոլոր հարազատները:

Իլհամ Ալիեւը ձերբակալված պաշտոնյաներին անվանել է ,,ազգային դավաճաններ,,: Կոռուպցիան, կաշառակերությունը եւ հովանավորչությունը Բաքվում իշխող վարչախմբի հիմնական գործիքներն են եղել միշտ, Ալիեւի իշխանությունը կառուցված է բուրգի սկզբունքով, ներքեւները սնուցում են վերեւներին: Եւ դա այնքան տարածված է, որ հանրությունը վաղուց է հաշտվել իրողության հետ, չի բողոքում: Ադրբեջանում մարդիկ մի հիմնական մտահոգություն ունեն՝ ինչպես հարաբերություններ կառուցել գործող համակարգի հետ, որպեսզի համատարած կողոպուտից եւ ազգային բարիքի յուրացումից ունենան թեկուզ փոքրիկ, բայց սեփական մասնաբաժինը:

Այդ պարտադրված համակեցությունը գործում է տասնամյակներ ի վեր, եւ շատերի համար անակնկալ է, թե ինչու՞ են ձերբակալվում եւ քրեական պատասխանատվության ենթարկվում գործադիր իշխանության շրջանային երկու ղեկավար, երբ հանրության համար պարզ է, որ կաշառք վերցնում, ազգային բարիքը յուրացնում եւ փաստացի ֆեոդալական կարգ  են սահմանում բոլորը՝ դպրոցի տնօրենից եւ  հիվանդանոցի բժշկից մինչեւ վարչության պետեր եւ նախարարներ: Այդ ցուցադրական միջոցառումների մասին մամուլի արձագանքներն, իհարկե, հիացական են: Ադրբեջանում բոլոր լրատվամիջոցները վերահսկվում են Ալիեւի աշխատակազմի կողմից եւ պարտադրված են դրական լույսի ներքո ներկայացնել նրա ցանկացած որոշում:

Բայց ո՞րն է տրամաբանությունը: Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի երկարամյա բռնապետը: Ադրբեջանական վտարանդիության աղբյուրները կարծում են, որ իշխանության վերնախավում սկսված է ,,իրավահաջորդության,,  սուր պայքար, եւ այսպես կոչված ,,բարենորոգչական,, նախաձեռնությունները գալիս են առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայից: Իշխող տպավորություն էր, որ տարեսկզբին այցելելով Մոսկվա եւ արժանանալով Ռուսաստանի նախագահ Պուտինի բարեհաճ ընդունելությանը՝ Մեհրիբան Ալիեւան ստացել էր նոր իշխանություն ձեւավորելու քարտ-բլանշ: Այդ տեսակետն ամրապնդվում էր խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ ընտրություններ նշանակելու՝ Իլհամ Ալիեւի ընդունած որոշմամբ: Այդուհանդերձ, կազմակերպված ,,ընտրություններում,, արտառոց ոչինչ տեղի չունեցավ: Պատգամավորների մեծ մասը ներկայացնում է իշխող ,,Ենի Ազարբայջան,, կուսակցությունը: Մեհրիբան Ալիեւայի մոտ առաջին գրոհով իշխանություն փոխելու տարբերակը, հավանաբար, վերջին պահին բախվել է կլանային-պահպանողական թեւի  սուր դիմադրությանը, որին հաջողվել է պահպանել դիրքերը:

Վտարանդի վերլուծաբանները նշանային են համարում երկու պաշտոնյայի քաղաքական ճակատագիրը՝ կմնա՞ն իրենց պաշտոններին Նախիջեւանի ինքնավարության ղեկավար Թալիբովը եւ արտակարգ իրավիճակների նախարար Հեյդարովը: Երկուսն էլ բարեկամական կապեր ունեն Ալիեւի ընտանիքի հետ: Տեղեկություններ կան, որ նախիջեւանյան ,,աքսորի,, տարիներին նրանք են հիմնականում հոգացել Հեյդար Ալիեւի անվտանգության եւ կենցաղի հետ կապված հարցերը: Միլլի մեջլիսի ընտրություններից հետո երկուսն էլ պահպանեցին պաշտոնները: Եւ պարզ դարձավ, որ Ալիեւի ,,վերեւից հեղափոխությունը,, պարզ մանիպուլյացիա է, որով նա փորձում է հանրային բարենսպաստ կարծիք ձեւավորել սեփական անձի եւ կլանային իշխանության նկատմամբ: Բայց, երեւում է, քարոզչությունն արդեն արդյունավետ չի ներգործում:

Կորոնավիրուսային իրավիճակը բացահայտել է ադրբեջանական ,,տնտեսական հրաշքի,, սնանկությունը: Աշխատանքից եւ եկամուտներից զրկված ավելի քան 600 000 ընտանքի համար Ալիեւի կառավարությունը կարողացել է նշանակել ընդամենը 190 մանաթի նպաստ, որի իրական շուկայական արժեքը կազմում է ոչ ավելի, քան 100 ԱՄՆ դոլար: Կրկնենք, սա նախատեսված է ամբողջ ընտանիքի մեկ ամսվա կեցության համար: Իսկ եթե հավելենք, որ նախատեսված գումարի մի զգալի մասն էլ պետական պաշտոնյաներն են յուրացնում, ապա պատկերն ավելի ողբերգական կդառնա: Այս իրավիճում պետական անվտանգության ծառայությունը լայնածավալ ստուգումներ է իրականացնում մշակույթի նախարարությունում, ձերբակալվել է երիտասարդ փոխնախարարներից մեկը: Երեւույթն այնքան հնչեղություն է ստացել, որ խորհրդարանի մի խումբ պատգամավորներ բարձրացրել են ոլորտի քսնամյա ղեկավար Աբուլֆաս Գարաեւին քրեական պատասխանատվության ենթարկելու եւ ապօրինի հարստությունն ազգայնացնելու հարց: Այդ տրամաչափի պաշտոնյայի դեմ պատգամավորական արշավն ակնհայտորեն համաձայնեցված է Իլհամ Ալիեւի հետ: Խնդիրն այն է՝ վերջինս կհրապարակայնացնի՞ կառավարության անդամների կոռումպացվածությունը, տեղի կունենա՞ն բաց դատավարություններ:

Նախկինում մի քանի բարձարստիճան պաշտոնյաներ ուղղակի ենթարկվել են ,,կուլակաթափության,,՝ փակելով պետական բյուջեի 5 միլիարդ դոլարի ճեղվածքը: Դրա դիմաց դադարեցվել է նրանց նկատմամբ քրեական հետապնդումը: Նավթի գների կտրուկ անկման եւ պետական եկամուտների աղետալի կրճատման համատեքստում, կարելի է ենթադրել, Իլհամ Ալիեւը վերստին կընտրի կոռումպացված պաշտոնյաներին ունեզրկելու ճանապարհը: Բայց ինչպես ամբողջ աշխարհում, Ադրբեջանում նույնպես իրավիճակ է փոխվում: Բացառված չէ, որ  հանրությունն ի հակակշիռ իշխանության, կընտրի սոցիալական բունտի տարբերակը: