comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՀրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՀրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Սաուդյան Արաբիայի  Թագավորությունը  Մերձավոր  Արևելքի  առավել  կրոնական  և  փակ  պետություններից մեկն է։ Ածխաջրածնային  հումքի  հսկայական պաշարների  շնորհիվ (այստեղ  է գտնվում  աշխարհում  հետախուզված նավթի  պաշարների  ավելի քան 25%-ը) այն պատկանում է  նաև Մերձավոր Արևելքի  ամենահարուստ  երկրների թվին։ Ժամանակակից  Սաուդյան  Արաբիան՝ որպես  պետություն, 1932 թվականին  հիմնադրվել է  Աբդել Ազիզ  իբն Սաուդի կողմից և իր  անվանումն  ստացել  կառավարող  Սաուդյանների   դինաստիայի անունից։ 1953 թվականին Աբդել  Ազիզի  մահից հետո,  մեկը մյուսին  փոխարինելով, երկիրը  կառավարում են  նրա որդիները։ Սաուդյան  Արաբիան  բացարձակ  միահեծան կրոնապետություն է։  Քաղաքական կուսակցություններն արգելված են,  ընդդիմությունը կազմակերպվում է երկրի  սահմաններից դուրս։ 
Սաուդյան Արաբիայում  է գտնվում Հիջազ գավառը՝ Մուհամեդ  Մարգարեի հայրենիքը և իսլամի օրրանը։  Տիրապետող իսլամական  վարդապետությունն է  (դոկտրինը) հանդիսանում վահաբիզմը, որը՝ որպես  կրոնաքաղաքական  շարժում, ձևավորվել է 18-րդ դարում և իր անվանումն ստացել  հիմնադրի՝  Մուհամեդ իբն Աբդ ալ  Վահաբ ատ Թամիմի անունից։  Շատ  երկրներում վահաբիզմն աղանդ  է համարվում։ Որպես կանոն, նրա գաղափարների  կողմնակիցներն  իրենց կոչում են սալաֆյաններ։ Հիջազ  գավառին տիրելն ու  վահաբիզմին  նվիրվածությունը  հանգեցրել  են այն բանին, որ  Սաուդյան  Արաբիայում  հսկայական  դեր է խաղում  կրոնը,  և կրոնական անհանդուրժողականություն  է  տիրում։ Օրինակ, մարտ ամսում  Սաուդյան  Արաբիայի  գերագույն  մուֆթի  Աբդուլ  Ազիզ բեն Աբդուլան  հայտարարել է. ՙԱնհրաժեշտ է  ոչնչացնել  բոլոր եկեղեցիները Պարսկական ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների տարածքում՚, որի կազմի մեջ են մտնում Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը,  Արաբական  Միացյալ  Էմիրությունները (ԱՄԷ), Օմանը և Սաուդյան  Արաբիան։ 
Սաուդյան Արաբիան  ավանդաբար վատ հարաբերություններ ունի  Իրանի  հետ։ Հենց  Սաուդյան  Արաբիան ու Քաթարն են այսօր  համակարգում  տարածաշրջանի  սուննի պետությունների ակտիվությունը՝ ուղղված  Իրանի դեմ, որի  մի տարրը հանդիսանում է  նավթային  քաղաքականությունը։ Վերջին  ժամանակներս  Սաուդյան Արաբիան  հայտարարել է  նավթի  արդյունահանության  քվոտաները մեծացնելու  իր  մտադրության մասին, որպեսզի  իջեցնի նավթի գները համաշխարհային շուկայում։ Էր Ռիյադն արդեն  արդյունահանության  օրական  ծավալը հասցրել է  30 տարվա ընթացքում առավելագույնին՝ 10 մլն բարելի,  և հայտարարել, որ  անհրաժեշտության դեպքում  կարող է  արդյունահանությունն ավելացնել  ևս 25 տոկոսով։ Նավթի գների  իջեցումը, Էր Ռիյադի կարծիքով, պետք է  դառնա Իրանի  վրա ճնշման լծակներից մեկը։ Ըստ Սաուդյան  Արաբիայի հայտարարության՝ նա ի վիճակի է  փոխարինել ու Իրանի  արդյունահանության  ամբողջ ծավալը, որը  ՕՊԷԿ-ում ունի  Սաուդյան  Արաբիայից հետո  ըստ մեծության  երկրորդ  քվոտան։ 
ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում՝ ուղղված Իրանի և Սիրիայի դեմ  տարածաշրջանի  սուննի  պետությունների  ընդհանուր  ռազմական  ստրատեգիայի  ձևավորմանը։ 
Թեպետ այդ երկրներին  միավորում է  ընդհանուր ատելությունը  շիա Իրանի հանդեպ, լուրջ  հիմնախնդիրների  և հակասությունների  առկայությունը  մինչ օրս  նրանց թույլ  չի տվել միավորվել  և  համաձայնեցված  ռազմավարություն մշակել։ 
Տվյալ  ռազմավարության  բաղադրիչ մասն է դառնում  տարածաշրջանում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի տարրերի  ծավալման նախաձեռնությունը, որը, դատելով ըստ ամենայնի,  հաջող է երևում։ Բացի այդ, ԱՄՆ-ը ՙՍիրիական ժողովրդի բարեկամներ՚ նախաձեռնության շուրջ, որի մեջ մտնում է 60 երկիր, սիրիական ընդդիմության տարանջատ ուժերը միավորելու և նախագահ Ասադի կառավարության այլընտրանք ստեղծելու հույսը չի կորցնում։ Քաթարը և Սաուդյան Արաբիան էական դեր են խաղում այդ գործընթացներում։ Մասնավորապես՝ նրանք պաշտպանում են սիրիական ընդդիմությունը զինելու գաղափարը և խոստացել են 500-միլիոնանոց հիմնադրամ ստեղծել Սիրիական ազատ բանակի այն մարտիկներին ու զինծառայողներին աշխատավարձ վճարելու համար, որոնք կդասալքեն կառավարական զորքերից ու կանցնեն ընդդիմության կողմը։ Այսօրվա տեսքով գոյություն ունեցող սիրիական պետականության ոչնչացումը հանդիսանում է ԱՄՆ¬ի և  Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային քաղաքականության կարևոր օղակը։ Սիրիան տարածաշրջանի այն ոչ մեծաթիվ պետություններից մեկն է, որոնք աներկբայորեն սատարում են Իրանին, և աշխարհագրական կարևոր դիրք է գրավում։ Սիրիայի նկատմամբ վերահսկողությունն Արևմուտքին ու տարածաշրջանում նրա դաշնակիցներին թույլ կտա լուծել բազմաթիվ խիստ հրատապ հիմնախնդիրներ։ 
 Սակայն պլանների իրացմանը կարող են խանգարել Սաուդյան Արաբիայի ներքին հիմնախնդիրները։  Բացարձակ միապետությունն ի վիճակի է արագորեն ձևավորել ու վարել պետք եղած քաղաքականություն ու ռազմավարություն, քանի որ բոլոր կարևոր հարցերի լուծումները վճռականապես  կենտրոնացված են մեկ անձի՝ թագավորի ձեռքում։ Սակայն մեդալի հակառակ կողմն է դառնում վարվող քաղաքականության ու ռազմավարության ծայրաստիճան կախվածությունը թագավորող անձնավորությունից։ Վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ կարելի է հանդիպել կառավարող  դինաստիայի ներկայացուցիչների առողջության հիմնախնդիրների մասին տեղեկատվության։ Օրինակ, վերջերս 89-ամյա թագավոր Աբդալան կառավարական նիստն անցկացրել է իր պալատում՝ հրաժարվելով կառավարության շենք մեկնելուց, իսկ ներքին գործերի նախարարի տեղակալ, արքայազն Ահմեդ բեն Աբդուլազիզը ստիպված է եղել ժխտել թագավորության արտաքին գործերի նախարար, 79-ամյա թագաժառանգ Նաիֆ բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի առողջության մասին լուրերը։ Արքայազն Նաիֆը Սաուդյան Արաբիա է վերադարձել երկարատև բացակայությունից հետո։ Պաշտոնապես հաղորդվում էր, որ նա ՙարձակուրդում՚ է գտնվում Մարոկկոյում, բայց հետո նա ԱՄՆ՝ Քլիվլենդ է մեկնել՝ Ալժիր թռչելուց առաջ ՙսովորական՚ բժշկական թեստեր ու պրոցեդուրներ անցնելու համար։ Ուղևորությունների երթուղու այդպիսի զիգզագները և որևէ տեղեկատվության բացակայությունը նրա առողջության վերաբերյալ տեղիք են տվել բազում ասեկոսեների։
Նման պայմաններում այդ երկրով զբաղվող քաղաքական գործիչներն ու փորձագետները սկսել են ուշադրություն դարձնել 76-ամյա արքայազն Սալմանի վրա, որը պաշտպանության նախարար է նշանակվել նոյեմբերին։ Թագավորության թերթերը լի են արքայազնի լուսանկարներով և սկսում են նրան աստիճանաբար պատրաստել մեծ դերի համար՝  հնարավորություն տալով պաշտոնական այցերով մեկնել Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, որտեղ նա հանդիպում է զինվորական և քաղաքական շրջանների հետ։ Սակայն արքայազն Սալմանը նույնպես թույլ առողջություն ունի։ 
Խնդիրն այն է, որ Ազիզ թագավորի որդիները, որոնք կարող են հավակնել գահին,  կյանքից  հեռանում են, և Նաիֆը ժառանգների առաջին սերնդից վերջինն է։ Գալիս է սերունդների հերթափոխության ժամանակը, ինչը Սաուդյան Արաբիայում դեռ չի եղել։ Մինչ այժմ թագավորներ են դարձել միայն Ազիզի զավակները, իսկ թոռների հարցում լուրջ հիմնախնդիրներ են ծագում՝ կապված մայրական ճյուղերի բազմության հետ։ Ազիզի որդիներից յուրաքանչյուրն ունի մեծ թվով կանայք ու երեխաներ, և Ազիզի հետնորդների երրորդ սերունդը կազմում է շուրջ 300 մարդ (երկու սեռերի ժառանգներ)։
Եվ դա՝ երկրի ներսում հուզումների համապատկերի վրա։ Սաուդյան Արաբիայի արևելյան գավառներում, որտեղ շիաներ են ապրում,  զանգվածային ցույցեր են տեղի ունեցել երկրում բարեփոխումներ անցկացնելու և բանտարկյալներին ազատելու պահանջներով։ Հնչել են Սաուդյան Արաբիայի թագավորի՝ երկրի շիա բնակչության ելույթների ճնշմանն ուղղված գործողությունները  դատապարտող կարգախոսներ։ Կանանց համալսարանի հազարավոր ուսանողուհիներ պարապմունքների բոյկոտի արշավ են սկսել՝ ի նշան անորակ ուսուցման դեմ բողոքի՝ պահանջելով բարեփոխումներ։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում բողոքները ճնշվելուց հետո դրանք սկսել են տարածվել թագավորության մյուս քաղաքներում։  Սաուդյան իշխանությունները բողոքներին պատասխանել են բռնությամբ՝ սպանելով մեկ ուսանողուհու և վիրավորելով ակցիայի 54 մասնակցի։ Փետրվարի 24-ին սաուդյան ինտելեկտուալները ստորագրել են ՙԱզգային բարեփոխությունների հռչակագիր՚ կոչը երկրի քաղաքական ղեկավարությանը, որում նրանք իրենց ցանկությունն են հայտնել Սաուդյան Արաբիան տեսնել որպես սահմանադրական միապետություն՝ բոլոր քաղաքացիների համար հավասար իրավունքներով։ Սաուդյան ինտելեկտուալները պահանջում են պահպանել դատական և օրենսդիր իշխանության անկախության, կանանց համար հավասար իրավունքների, սոցիալական արդարության սկզբունքները և նավթից եկամուտների վերաբաշխում՝ հօգուտ երկրի բնակչության։
Այսպիսով, Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Արևմուտքի և նրա դաշնակիցների կողմից իրացվող ռազմավարությունը խոցելի է դառնում ՙՍաուդյան Արաբիա՚ գոտում։ Ստեղծված ուժերի հավասարակշռությունը ամենաանբարենպաստ պահին կարող է անկայուն դառնալ, քանի որ իրացվող քաղաքականությունը տարվում է Սաուդյան Արաբիայում սերունդների մոտեցող հերթափոխության և իշխանության համար անխուսափելի գոտեմարտի իրադրությունում, որից օգտվել չեն հապաղի մնացած տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական ակտորները։ Իրանն ու նրա դաշնակիցները հնարավորություն ունեն համարժեք պատասխան պատրաստելու, և նա առայժմ ցուցադրում է արդեն ծավալվող պայքարում հավասարապես խաղալու իր ընդունակությունը։ Իրանի՝ ճնշմանը դիմանալու ընդունակությունն անշուշտ կբարձրացնի Կովկասի կայունությունը՝ թույլ տալով պահպանել գոյություն ունեցող ստատուս քվոն և խուսափել լարվածության ահագնացումից, որը կազմակերպելուն դեմ չեն ակտորներից ոմանք, այդ թվում Իսրայելը։ Ստեղծվող իրադրությունում միակ իրոք  վճռորոշ ռեսուրս հանդիսանում է ժամանակը, որը տվյալ  դեպքում աշխատում է Իրանի և նրա դաշնակիցների օգտին, որոնց խնդիրն է խուսափել սադրանքներից ու տարածաշրջանն ապակայունացնելու փորձերից, ինչն, անշուշտ, համապատասխանում է նաև երկու հայկական պետությունների շահերին։
 
Հ.Գ. Հենց Սաուդյան Արաբիայի փողերով է այսօր գրոհ անցկացվում Իրանի վրա։ 2008 թվականի օգոստոսի վրաց¬օսեթական պատերազմից առաջ շեյխերը սերտորեն շփվում էին Վրաստանի հետ։ Մոտավորապես կես տարի առաջ նրանք հաճախակի  եղել են նաև Ադրբեջանում։ Ի դեպ, նրանք ֆինանսավորել են նաև աֆղանական մոջահեդներին, որոնցից մի քանի հազար հոգի Արցախյան պատերազմի ժամանակ կռվել են Ադրբեջանի կողմում։ 
 
 
Հրաչյա  ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ