comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԴԵՄՔՈՎ ԴԵՊԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԴԵՄՔՈՎ ԴԵՊԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Մայիսի 19-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցության  (ԼՂԿԿ) 6-րդ համագումարը։ Հաշվետու ժամանակաշրջանում, որն ընդգրկում է 2008 թ. օգոստոսից մինչև 2012թ. մայիսը, ԼՂԿԿ Կենտկոմի կատարած աշխատանքների մասին զեկուցմամբ հանդես եկավ նրա առաջին քարտուղար Հրանտ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ։ 
Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման հասնելու համար կոմունիստների առաջնորդն անհրաժեշտ է համարում արմատապես փոխել հանրապետության սոցիալ¬տնտեսական, քաղաքական, ժողովրդագրական, բարոյահոգեբանական  իրավիճակը, որպեսզի ԼՂՀ¬ն ժողովրդավարացման ու մարդու իրավունքների պահպանման չափանիշներով համեմատության եզրեր չունենա ցեղասպան Ադրբեջանի հետ։
Հաշվետու ժամանակաշրջանում որակական փոփոխություններ են տեղի ունեցել մեր հանրապետության սոցիալ¬տնտեսական, հասարակական¬քաղաքակական կյանքի տարբեր բնագավառներում, նշեց բանախոսը։ Հատուկ մշակված պետական քաղաքականության շնորհիվ հանրապետությունում էլեկտրաէներգետիկան, հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը  հայտարարվել են որպես տնտեսության զարգացումն ապահովող  գերակա ճյուղեր։ Ըստ զեկուցողի՝ մեր հանրապետությունը ագրարային երկիր է, և պետք է գլխավոր ուղղությունը գյուղատնտեսության զարգացումը լինի։ Բայց ինչպե՞ս պիտի այն զարգանա, եթե հանրապետության վարելահողերի 40-45 տոկոսն է մշակվում։ Գյուղացիական շատ ընտանիքներ հրաժարվում են հողերի մշակումից ու անասնապահությունից  և զանգվածաբար տեղափոխվում քաղաքներ, երբեմն էլ լքում հայրենիքը։ Այս վիճակից դուրս գալու ելքը Հ. Մելքումյանը տեսնում է խոշոր կոոպերատիվ տնտեսությունների վերստեղծման մեջ, ինչպես այն արվում է Հայաստանում։ Կոմկուսը քննադատական վերաբերմունք է ցուցաբերել կառավարության տնտեսական այդ քաղաքականության և բարեփոխումների ծայրահեղ ազատական բովանդակության դեմ, որի արդյունքում բնակչության հիմնական մասի կենսամակարդակի բարելավում չապահովվեց, բյուջեի հետ կապված լուրջ դժվարություններ ունեցանք և դեռ կունենանք։ Բանախոսի կարծիքով, իրական քայլեր չեն ձեռնարկվում սոցիալական ոլորտում արդարություն հաստատելու համար, որի հետևանքով հանրապետությունում ստեղծվել է մի տեսակ սպասողական իրավիճակ։ Իրականացվող բարեփոխումները լիարժեք չեն նպաստում չքավորության անհետացմանը,  խիստ ցածր է բնակչության կենսամակարդակը, անվճարունակության պատճառով մարդիկ չեն կարողանում ժամանակին բուժվել, անհրաժեշտ  դեղամիջոցներ գնել, որի պատճառով էլ շատացել է միջին տարիքի մարդկանց մահացածությունը։
Ինչպես զեկուցողը, այնպես էլ ելույթ ունեցողները՝ կուսակցության Ստեփանակերտի քաղկոմի, Մարտակերտի, Ասկերանի, Հադրութի, Մարտունու, Շուշվա շրջկոմների առաջին քարտուղարներ Հենրիխ Մովսիսյանը, Հենրիխ Մանուկյանը, Էդվարդ  Վարդանյանը, Էդիկ Արզումանյանը, Վալերի Հայրապետյանը, Վալերի Հարությունյանը խոր մտահոգություն հայտնեցին, որ բնակչության աղքատ մասին ընկնող ընդհանուր եկամտի մասնաբաժինը տարեցտարի նվազում է դեղամիջոցների, կոմունալ¬կենցաղային վճարումների գների թանկացումների պատճառով։ Մինչդեռ պատերազմում հաղթանակած ժողովուրդը պետք է ապրի արժանավայել կյանքով։ Դրա համար նրանք պահանջում են, որ հանրապետության իշխանությունները դեմքով շրջվեն դեպի ժողովուրդը, իրականացնեն արմատական փոփոխություններ՝ պետական մենաշնորհ սահմանելով տնտեսությանը գերշահույթ ապահովող ճյուղերի նկատմամբ, որպեսզի այդ շահույթները մտնեն պետական գանձարան։ Վճռական միջոցների պիտի դիմել  ստվերային տնտեսությունը հարկային դաշտ բերելու համար, հրաժարվել կենսաթոշակների նշանակման խտրական  քաղաքականությունից, պետության ձեռքում կենտրոնացնել  տնտեսության ռազմավարական ճյուղերը, կապի միջոցները, էներգետիկան,  հանքարդյունաբերությունը, օդային և ավտոմոբիլային տրանսպորտը, վարչական ծախսերը կրճատելու նպատակով հստակեցնել պետական ուռճացված ապարատի կառուցվածքը։ 
Մեր իրականության մեջ, բոլոր բնագավառներում  չարաշահումներն ու սխալները քիչ կլինեին, եթե հանրապետության իշխանությունները որդեգրեին ճիշտ  կադրային քաղաքականություն, չէ՞ որ կադրերն են որոշում ամեն ինչ։
Համագումարն իր քննարկած հարցերի կապակցությամբ ընդունեց մի շարք բանաձևեր և որոշումներ, որոնք միտված են կոմկուսի աշխատանքների բարելավմանը, նրա վերակենդանացմանը։ Չէ՞ որ ԼՂԿԿ¬ն յուրաքանչյուր ղարաբաղցու շահերից բխող, հստակ  սոցիալական ուղղվածություն ունեցող  գաղափարախոսությամբ է առաջնորդվում, որը կարող է Արցախում  հաստատել սոցիալական արդարություն, մեղմացնել սոցիալական բևեռվածությունը և սահմանադրական կարգուկանոն  հաստատել մեր կյանքի ամեն մի բնագավառում։ 
Այնուհետև տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի կոմկուսի նորընտիր կենտկոմի առաջին պլենումը, որը քննարկեց կազմակերպական հարցեր։ Իրենց պաշտոններում  վերընտրվեցին Կենտկոմի առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանը, երկրորդ քարտուղար Բահատուր Դավթյանը, քարտուղար Անուշավան Պողոսյանը։ ԼՂԿԿ  վերստուգիչ հանձնաժողովի նախագահ վերընտրվեց Վալենտին Աղաջանյանը։
 
Ջամալ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ