comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԱՇԽԱՐՀԸ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ԽՈՐՆ Է ԳԻՏԱԿՑՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ ԱՌԿԱ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԱՇԽԱՐՀԸ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ԽՈՐՆ Է ԳԻՏԱԿՑՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ ԱՌԿԱ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1r.jpgՖրանսիացի սենատորների համոզմամբ՝ 
Լեռնային Ղարաբաղը  զարգացման ճիշտ ուղի է ընտրել
Մայիսի 23-ին ԼՂՀ ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորները հանդիպում ունեցան Արցախ ժամանած ֆրանսիացի սենատորներ Սոֆի Ժուասենի, Ֆիլիպ Մարինիի և Բերնար Ֆուրնիեի հետ։ 
Հանդիպումից հետո հյուրերը պատրաստակամություն հայտնեցին պատասխանել լրագրողների հարցերին։ Այդ երեք սենատորները ներկայացնում են Ֆրանսիայի իշխող` ՙԺողովրդական շարժման միություն՚ կուսակցությունը։ 
ԼՂՀ կատարած այցից հետո ֆրանսիացի սենատորներն, ամենայն հավանականությամբ, կհայտնվեն Ադրբեջանի ՙսև ցուցակում՚։ Հետաքրքիր է, ինչպե՞ս նրանք կմեկնաբանեն  նման վերաբերմունքը։ Ֆ. Մարինին ի պատասխան հարցի ասաց, որ ինքը շատ կափսոսա դրա համար, որովհետև երբեք Ադրբեջան չի այցելել։ Բայց աշխարհում շատ երկրներ կան, ուր ինքը չի այցելել։ 
Ֆ. Մարինիին ուղղված մեր հարցը հետևյալն էր. ՙԼՂՀ  ԱԺ ամբիոնից հայտարարեցիք, որ առաջին անգամ եք այս դահլիճում, միաժամանակ ասացիք, որ անորոշ է այս երկրի վիճակը։ Քսան  տարվա պետականությունը հիմք չի՞ ստեղծում միջազգային ճանաչման համար՚։ Ֆ. Մարինիի խոսքերով՝ 20 տարվա ջանքերը շատ կարևոր են։ Դրանք պայմաններ են ստեղծել, որպեսզի ժողովրդավարական ինստիտուտները հաստատվեն այս երկրում և լինեն հարատև։ Միևնույն ժամանակ, այս իրավիճակը բերում է նրան, որ երկրի բոլոր ուժերը միակարծիք են մեկ խնդրի և համախմբված` սուրբ նպատակի շուրջ։ Եվ այս տեսանկյունից երկրորդական պլան են մղվում մնացած բոլոր պակաս  կարևոր հարցերը։ ՙԱԱ՚-ի հաջորդ հարցը բխեց Մարինիի խոսքից. ուրեմն, կարո՞ղ ենք ասել, որ այստեղ ապրում է ինքնորոշված ժողովուրդ, որն ի վիճակի է հասնել իր նպատակին։ ՙԱյո,- ասաց սենատորը՝ շարունակելով։- Ժողովուրդն ամրապնդվել է՝ շնորհիվ իր ոգու, քաջության, շնորհիվ Լեռնային Ղարաբաղում գործող հաստատությունների արդյունավետ գործունեության։ Իհարկե, կարիք կա, որ,  խաղաղությունը հարատևի, երկրի ապագան պարզ լինի, նաև որպեսզի ապագա ներդրողները կարողանան համարձակ գալ այստեղ։ Ձեր երկիրը կովկասյան փոքրիկ Շվեյցարիայի տպավորություն է թողնում՚։ 
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ քրիստոնեական աշխարհը չի օգտագործում իր հնարավորություններն այս կղզյակը պահպանելու համար, տիկին Սոֆի Ժուասեն ասաց, որ, բնականաբար, քրիստոնյա աշխարհը հետևում և գիտակցում է, թե ինչ է կատարվում այս երկրում, և հոգևոր առումով պաշտպանում է այստեղ առկա արժեքները։ Նրա կարծիքով՝ ժողովրդավարական երկրները շատ ավելի մեծ ըմբռնումով են վերաբերվում այս ժողովրդի պայքարին։ Ժամանակակից ժողովրդավար աշխարհը բավականաչափ խորն է գիտակցում այն փաստը, որ Ղարաբաղն ընտրել է զարգացման ժողովրդավարական ուղին։ Ֆ. Մարինին, շարունակելով գործընկերոջը, շեշտեց, որ այցի առաջին օրը, հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և հոգևոր առաջնորդ Պարգև Սրբազանի հետ հանդիպման ժամանակ լսել է խոսքեր միայն խաղաղության մասին։ 2r.jpg
Սենատորներին ուղղվեց նաև այսպիսի հարց. արդյո՞ք նրանք աջակցում են ԼՂՀ միջազգային ճանաչմանը։ Ֆ. Մարինին հարցին պատասխանեց դիվանագիտորեն՝ ասելով, որ խնդիրը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններում, Մադրիդյան սկզբունքների հիման վրա։
Այսօր Եվրամիությունը ձգտում է ակտիվ ներգրավվածություն ունենալ Հարավկովկասյան տարածաշրջանում։ Գիտենք նաև, որ եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է։ ԵՄ-ն ձգտում է առավել ակտիվ շփումներ ունենալ Լեռնային Ղարաբաղի հետ, նույնիսկ խոսակցություններ կան, որ եվրոպական այդ կառույցը, հնարավոր է,  ներկայացուցիչ ունենա մեր հանրապետությունում։ Այս իրողությունը նոր երանգներ չի՞ հաղորդում ավանդական դիվանագիտությանը։ ՙԱԱ՚-ի հարցին պատասխանելով՝ Ֆ. Մարինին մասնավորապես ասաց. ՙՀավանաբար, բայց ինչքան շատ հետաքրքրություն լինի այս տարածաշրջանի նկատմամբ, այնքան լավ։ Կարծում եմ, ինչպես Ֆրանսիան, այնպես էլ Եվրամիությունն իրենց գործունեությունը պիտի ծավալեն՝ անպայման ելնելով  իրականությունից։ Աշխարհում կան շատ տարածաշրջաններ ու երկրներ, մասնավորապես ձեր տարածաշրջանը, որտեղ շատ են բռնությունները, հակամարտությունները։ Եվ անգամ եթե 1994-ից ի վեր առկա իրողությունը չի համապատասխանում հակամարտող բոլոր կողմերի ձգտումներին ու ցանկություններին, այնուամենայնիվ, այդ իրականությունն այստեղ հաստատված խաղաղությունն՚ է։  
  
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ