comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՖՐԱՆՍԻԱՑԻ ՍԵՆԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
[ARM]     [RUS]     [ENG]

ՖՐԱՆՍԻԱՑԻ ՍԵՆԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

DSC03259.jpgԱրցախ ժամանած ֆրանսիացի սենատորներ Սոֆի Ժուասենը, Ֆիլիպ Մարինին և Բերնարդ Ֆուրնիեն Ստեփանակերտի ՙԱրմենիա՚ հյուրանոցի կոնֆերենց-դահլիճում մայիսի 24-ին հանդիպում ունեցան հանրապետության  երիտասարդական հասարակական կազմակերպությունների ղեկավարների, ուսանողական միությունների և ԱրՊՀ քաղաքագիտության բաժնի ուսանողների հետ։ Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը երիտասարդներին ներկայացրեց հյուրերին։ 
Նրանցից յուրաքանչյուրը Ֆրանսիայի տարբեր շրջանային  կենտրոնների քաղաքապետ կամ փոխքաղաքապետ է, ներկայացնում է Ֆրանսիայի իշխող՝ ՙԺողովրդական շարժման միություն՚ կուսակցությունը։ Հյուրերն անչափ տպավորված էին  այս այցով, նրանք հետաքրքրություն  ցուցաբերեցին նաև  Արցախի երիտասարդական կառույցի ներկայացուցիչների, նրանց ծավալած աշխատանքների, խնդիրների վերաբերյալ։ 
ՙԱրցախի երիտասարդության զարգացման կենտրոն՚ ՀԿ նախագահ Սուսաննա Պետրոսյանը ֆրանսերենով տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը նպատակ ունի նպաստել երիտասարդության զարգացմանը երկրի տարբեր ոլորտներում։ Կենտրոնում գործում են մի շարք ակումբներ, այդ թվում՝ անգլախոսների և ֆրանսախոսների, ու համատեղ ծրագրեր են իրականացնում նաև SPFA ֆրանսիական բարեգործական կազմակերպության հետ։ Նա հյուրերին  առաջարկեց աջակցել, որպեսզի Արցախում գործող երիտասարդական հասարակական կազմակերպության ղեկավարները հնարավորություն ունենան ծանոթանալու Ֆրանսիայի երիտասարդական և այլ ՀԿ-ների գործունեությանը, ղեկավարների հետ, համատեղ մշակել ծրագրեր, կազմակերպել քննարկումներ, փոխայցելություններ ու երկուստեք փորձի փոխանակման ու կիրառման քայլեր անել։ Այդ առումով Ֆ. Մարինին նշեց, որ նման կապեր հեշտ է հաստատել, նույնիսկ  եկեղեցիների միջև, պարզապես պետք է նամակ գրել և ներկայացնել խնդիրքը։ 
Արցախում գործող երիտասարդական կառույցների ղեկավարները մեկ առ մեկ ներկայացրին իրենց գործունեության ոլորտները, իսկ ԱրՊՀ պատմաքաղաքագիտության ֆակուլտետի ուսանողներն ընդգծեցին, որ հյուրերի այցը ցանկալի  կլիներ նպաստեր  երկրի ճանաչմանը։ ՙԱրցախի Եվրոպական շարժում՚ ՀԿ ղեկավար Հայկ Խանումյանը՝ նույնպես ֆրանսերենով, իր հերթին առաջարկեց, որ հնարավորություն ընձեռվի արցախցի երիտասարդների՝ հատկապես ապագա քաղաքագետների համար որակավորման և ստաժավորման դասընթացներ կազմակերպել Ֆրանսիայի Սենատում կամ էլ քաղաքապետարաններում։ Բ. Ֆուրնիեն սենատորների անունից պատրաստակամություն հայտնեց աջակցել երիտասարդներին՝ նշելով, որ այդ ուսանողները պետք է լավ տիրապետեն ֆրանսերենին, և նրանց ստաժավորումը հնարավոր է կազմակերպել նաև Ֆրանսիայի այն շրջաններում, որտեղ կա հոծ հայություն։ 
ՙՀայկի Սերունդ՚ ՀԿ իրավաբան Վլադիմիր Գրիգորյանի հավաստմամբ՝ իրենք փորձել են կապեր հաստատել Ֆրանսիայի տարբեր տարիքի երիտասարդների հետ։ 
Հյուրերը տպավորված էին  հանդիպմանը ներկա երիտասարդներից ոմանց կողմից  ֆրանսերենով  ներկայանալու հանգամանքով։ Բացի այդ, Արցախում շրջագայելիս ականատես եղան Ֆրանսիայի հետ իրականացվող մի շարք տնտեսական և այլ համատեղ ծրագրերի։ Պարոն Մարինիի խոսքերով՝ իրենք մեծ համակրանք ունեն Արցախի նկատմամբ, չնայած Ադրբեջանը փորձում է ամեն կերպ  ճնշում գործադրել, որին նշանակություն չեն տալիս։ 
Հանդիպման վերջում ԶԼՄ ներկայացուցիչը  ֆրանսիացի սենատորներին տեղեկացրեց,  որ հենց այդ պահին նրանք հայտնվել են Ադրբեջանի ՙսև ցուցակում՚։ Այդ լուրը հյուրերը հումորով ընդունեցին՝ նշելով, որ իրենք իրականում չեն էլ կարող մեկնել աշխարհի բոլոր երկրները։ Սակայն խնդրին լրջորեն մոտենալով՝ նրանք ափսոսանք հայտնեցին, որ Ադրբեջանը դիմում է նման ծայրահեղ բացասական ու քաղաքակրթությանը ոչ հարիր քայլերի։ Ու եթե առիթ լինի հանդիպելու Ադրբեջանի դիվանագետների հետ, ապա, ինչպես նշեց պրն Մարինին, ինքն անպայման հարց կուղղի, թե ինչու են իրենք հայտնվել այդ սև ցուցակում։ ՙԻ՞նչ ենք մենք արել, որ դատապարտվել ենք ձեր թշնամական վերաբերմունքին։ Մենք այցելել ենք արցախյան գյուղ, մանկապարտեզներ, գործարաններ, Մշակույթի կենտրոն, հանդիպել երիտասարդական կառույցների ներկայացուցիչների և մեր գործընկերների հետ, ովքեր ընտրվել են ժողովրդի կողմից։ Եվ ինչո՞ւ այդքան ագրեսիվ ու բռնի եք ընդունում մեր քայլերը,¬ ասաց պրն Մարինին։¬ Ադրբեջաննը այս ծայրահեղ վերաբերմունքով միակն է  աշխարհում։ Օրինակ՝  ես եղել եմ Գազայի շրջանում, Դամասկոսում, հանդիպել տեղի ղեկավարների հետ, սակայն այսօր ես Իսրայելի ՙսև ցուցակում՚ չկամ, նույնիսկ կարող եմ ասել, որ Իսրայելի կարծիքով ավելի վատ բան եմ արել, քան Ադրբեջանի պարագայում։ Բայց և այնպես,  Իսրայելի վերաբերմունքը նույնը չէ, ինչ Ադրբեջանինը՚։ 
Արցախի ՀԿ ներկայացուցիչներն էլ իրենց հերթին ասացին, որ Ադրբեջանի ՙսև ցուցակում՚ հայտնվում են աշխարհի ամենալավ մարդիկ։ Հյուրերը խորին շնորհակալություն հայտնեցին ներկաներին՝ ջերմ վերաբերմունքի համար, հավաստելով, որ իրենք միշտ պատրաստ են աջակցել տեղի երիտասարդությանը։ 
 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ