comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՌԴ-ՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿՐԿՆԱԿԻ-ԵՌԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՌԴ-ՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿՐԿՆԱԿԻ-ԵՌԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է՚

altՄայիսյան եռատոնին նվիրված զորահանդեսին ներկա գտնվելու հրավերով Արցախում էր Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ ԵՍԱՅԱՆԸ։ Ներկայացնում ենք նրա հետ մեր բացառիկ հարցազրույցը։ 
-Պարոն դեսպան, Դուք նորից հայրենիքում եք և մեզ հետ կիսում եք մայիսյան հաղթանակների բերկրանքը։ Ի՞նչ ապրումներ ունեցաք՝ համաժողովրդական այս տոնի վկան լինելով, և մասնավորապես զորահանդեսն ի՞նչ տպավորություն թողեց Ձեզ վրա։ 
- Զորահանդեսը կազմակերպված էր արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ներկայացված էր Արցախի ժողովրդի ոգին՝ իր ամբողջ իրական թափով։ Մտածում եմ՝ ուրիշ էլ ի՞նչ տարր կարելի էր ավելացնել այդ զորահանդեսին, որպեսզի այն ավելի ամբողջական լիներ։ Նման շտրիխ այդպես էլ չգտա։ Մոսկվայից և այլ երկրներից ներկայացուցիչներ էին կանգնած իմ կողքին, նրանց տպավորությունը նույնպիսին էր։ 
Զորահանդեսի բոլոր մասնակիցներին պայմանականորեն կբաժանեի երեք խմբի. առաջին՝ նրանք, ում գործունեությունն արտացոլում էր այդ զորահանդեսը, ովքեր կանգնած էին առավելապես տրիբունաներում, երկրորդ՝ բուն անկախության զավակները։ Ինչքան էլ շատ լիներ մեր առնչությունն այդ շարժմանը, միևնույն է, մենք այդ շարժման ծնունդը չենք։ Անգամ լինելով դրա՝ գուցեև հեղինակները։ Անկախության ծնունդ են 18-20 տարեկան այն երիտասարդները, ովքեր խրոխտ ու հպարտ քայլվածքով անցնում էին Վերածննդի հրապարակով։ 
Զորահանդեսը նվիրված էր նաև Մեծ Հայրենականում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 67-րդ տարեդարձին։ Պիտի ասեմ, որ այն ինձ ու իմ տարիքի յուրաքանչյուր մարդու համար սրբազան պատերազմ էր։ Միայն այն փաստը, որ իմ ծնողները մասնակցել են պատերազմին, իսկ ես ծնվել եմ պատերազմից անմիջապես հետո, այսինքն՝ հետպատերազմյան առաջին ՙթողարկումն՚ եմ (1946թ.), բավական է, որ ես սրբությամբ մոտենայի այդ հաղթանակին։ Դառնալով զորահանդեսի հիշյալ երիտասարդ մասնակիցներին, մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել, որ նրանք այս պատերազմի անմիջական արդյունքն են, պաշտպանված այդ բանակի կողմից։ Եվ այսօր բանակում ծառայող այդ երիտասարդները պաշտպանում են այն սերնդին, որը  Ղարաբաղի պետական դրոշը ձեռքին դիմավորում էր հրապարակով անցնողներին։ Ինձ համար զորահանդեսը  զուտ տեխնիկայի շարժ չէր հրապարակով. ես տեսա երեք սերունդ՝ կողք-կողքի կանգնած, որպես մեկը  մյուսի շարունակություն։ 
Զորահանդեսներ կլինեն և ապագայում, որոնք կկազմակերպվեն տեխնիկայի նոր խոսքին համապատասխան, բայց այս մեկն առանձնանում էր նրանով, որ տրիբունայում կանգնած էին բոլոր նրանք, ովքեր ղեկավարել են մեր ժողովրդի պայքարն անցած 20 տարիների ընթացքում։ Սա ավելի քան խորհրդանշական է։ Հետագայում կունենանք նոր ղեկավարներ, բայց նրանք 92-ի Մայիսի 9-ին այնպիսի առնչություն կունենան, ինչպես ես՝ 1945-ի Մայիսի 9-ին։ 
Բավականին տպավորիչ էր նաև տոնական համերգը։ Կուզենայի առանձնացնել երկու հանգամանք. առաջին՝ նախկինում մեր երգերն ավելի շատ անցյալին ուղղված ողբ էին, քան հույս՝ ապագային։ Ես Ստեփանակերտի մարզադաշտում լսեցի երգեր, որոնք ինչ-որ բան էին ոգեկոչում, պարերն ուղղորդում էին ինչ-որ նպատակի։ Այս պարագայում կատարողական վարպետությունն էական նշանակություն չունի։ Մարդիկ ինքնամոռաց պարում էին։ Համերգի ժամանակ իմ կողքին էր Ռուսաստանի մեր թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանը։ Նա ասաց. ՙՊարոն դեսպան, էլ ե՞րբ այսքան հայ միաժամանակ կարող էին ուրախանալ՚։ 
- Ձեր ասածն ընկալում եմ որպես մեր ժողովրդի անցած ճանապարհի փիլիսոփայական ընդհանրացում։ Իսկ ի՞նչ կասեիք բուն Եռատոնի մասին։ 
- Այստեղ գալիս ամբողջ ճանապարհին մտածում էի, որ գնալով Շուշիի ազատագրումը, որպես տոն, շատ ավելի հզոր է ներկայանում իմ պատկերացումներում։ Ասում են՝ մեծությունները հեռվից ավելի լավ են երևում։ Այս ճշմարտությունը տարածվում է պատմական ու ռազմաքաղաքական իրողությունների վրա ևս։ Բայց ես յուրովի եմ ուզում հիմնավորել Շուշիի ազատագրման՝ որպես երևույթի, մեծությունը։ Անշուշտ, երեք ինքնուրույն տոների մասին է խոսքը, բայց մեր պարագայում Մայիսի 9-ը համընկավ Հայրենական մեծ պատերազմում տարած մեծ հաղթանակի օրվան։ Իմ կարծիքով, երեք ինքնուրույն տոներն ունեն ներքին տրամաբանական կապ. էլ ո՞վ, եթե ոչ Մեծ Հայրենականում հաղթողների սերունդները պետք է ազատագրեին Շուշին, եթե երբևիցե պետք է ազատագրվեր այն։ Պատահական չէր, որ շարասյան սկզբում տանում էին հայ նշանավոր, հատկապես ծագումով ղարաբաղցի, զորավարների նկարները, ինչպես նաև պատահական չէ, որ մեր բանակի օրը պիտի լիներ հենց այն օրը, երբ այդ բանակն ազատագրեց հայոց հինավուրց Շուշին։ Լինելով տրամաբանական հաջորդականության մեջ՝ երեք տոներն ամբողջությամբ կազմում են մեկ միասնություն։ Ահա ինչու ամբողջ աշխարհում հայությունը նշում է այդ տոնը. մեկը կենտրոնանում է Շուշիի անվան, մյուսը՝ բանակի, երրորդը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի վրա, նայած ում մոտ ինչն է գերակշռում սեփական ընկալումների տեսանկյունից։ 
Ես կուզենայի, համենայն դեպս, Շուշիի ազատագրումն առանձնացնել։ Ինչո՞ւ։ Զուտ ռազմաքաղաքական տերմինաբանության առումով որևէ քաղաքի ազատագրումը կնշանակեր կա՜մ ազատագրում նրանցից, ովքեր մինչ այդ ապրել են այդ քաղաքում, կա՜մ վերացում այն վարչակարգի, որը տիրում էր այդտեղ։ Գուցե մեր պարագայում առկա է թե՜ մեկը, թե՜ մյուսը, բայց, այնուամենայնիվ, եթե այդ իրադարձությունը սահմանափակվեր միայն դրանով, այդքան նշանակալից չէր լինի։ Իմ պատկերացմամբ՝ փայլուն կերպով իրականացված այդ ռազմագործողությունը, որի արդյունքում հայակերտ քաղաքը շարունակեց մնալ հայկական, ունի ավելի խոր իմաստ։ Հարցնում եմ. կազատագրվեի՞ն այն բոլոր պատմական հայկական տարածքները, եթե չազատագրեինք Շուշին։ Իհարկե, ոչ։ Ազատագրելով Շուշին՝ առաջին հերթին մենք ազատագրել ենք մեզ դարերից եկող հոգեբանական մի բարդույթից։ Հայոց աշխարհին առնչվող գրեթե յուրաքանչյուր աշխարհաքաղաքական երևույթ պարտադիր պետք է հասցներ հայ ժողովրդի և հայրենիքի մի մասի կործանման։ Ազգը կարծես համակերպվել էր իր այդ ճակատագրին. կորսված Արևմտյան Հայաստան, կորսված Նախիջևան ու Ղարաբաղ... Իսկ 1915-ը դարձավ մեր ողբերգության գագաթնակետը։ Շուշիի ազատագրումով մենք ազատվեցինք մեր դժբախտությանը համակերպվելու հոգեբանական բարդույթից։ Այդպես եմ միշտ վերաբերվել այդ երևույթին, բայց առաջին անգամ եմ արտահայտվում։ 
Մի հանգամանք ևս, որին չեմ կարող չանդրադառնալ։ Ազգային-ազատագրական պայքարի մեծագույն արդյունք է երկրի ընդերքից Տիգրանակերտի  երևան  հանելը։ Մենք վերադարձրել ենք մեր պատմությունը՝ թե՜ ուղղակի և թե՜ փոխաբերական իմաստով։ Չազատագրեինք Շուշին` Տիգրանակերտը կմնար մեր պատմության ընդերքում։ ՙԸնդերք՚ բառն եմ օգտագործում՝ հիշելով Հ. Շիրազի խոսքերը. ՙՎանա լիճը պետք է փնտրել Սևանա լճի լույսերով՚։ Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ Շուշիի վառած լույսերով մենք բացահայտեցինք Տիգրանակերտը։
Եվ վերջապես, ինչպես չասենք, որ Շուշին դարձավ ազգը միավորող գործոններից մեկը։
- Ուզում եմ շարունակել Ձեր վերջին միտքը և ասել, պարոն դեսպան, որ հայոց հինավուրց բերդաքաղաքի ազատագրումը նոր խնդիրներ է դնում համայն հայության առջև։ Զորահանդեսից հետո ես զրույց ունեցա Սփյուռքի տարբեր համայնքներից ժամանած մեր հայրենակիցների հետ, ովքեր ուշադրություն հրավիրեցին մի կարևոր գաղափարի վրա. արտերկրում ապրող հայ երիտասարդներին հնարավորություն տալ ծառայել Հայոց բանակում, եթե նրանք այդպիսի ցանկություն ունեն։ Պարզվում է, որ ցանկացողները քիչ չեն։ Ռուսաստանում կա՞ն նման տրամադրություններ։
- Եթե նման խոսակցություններ կան նաև այլուր, ապա ես շատ ուրախ եմ։ Ասեմ, որ Ռուսաստանի Դաշնությունում ապրող հարյուրավոր հայեր, ովքեր Ռուսաստանի քաղաքացիներ են, դիմում են մեր դիվանագիտական ներկայացուցչություններ (միայն Մոսկվայում չէ, որ ներկայացված ենք)՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ինչը թույլատրվում է ՀՀ օրենսդրությամբ։ Հիշեցնեմ, որ ՀՀ օրենսդրությունը լիովին թույլատրում է երկքաղաքացիությունը։ Մարդիկ կարող են դիմել մեր դիվանագիտական ներկայացուցչություններին, պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ վերջում արդեն քաղաքացիության հարցով դիմել Հայաստանի Հանրապետության նախագահին։ Պարզեցված ընթացակարգով մեր հայրենակիցները, դառնալով Հայաստանի քաղաքացիներ, կարող են ծառայել Հայոց բանակում։ Այդպիսի օրինակներ իմ նստավայր երկրում շատ կան։ Օգտվելով առիթից՝ կցանկանայի ևս մեկ անգամ հիշեցնել, որ արական սեռի յուրաքանչյուր ներկայացուցչի, անկախ նրա բնակության վայրից, սրբազան պարտքն է բանակում ծառայելը։ Դա անփոխանցելի պարտականություն է մեր բանակի, հետևաբար նաև մեր անկախության գոյատևման պարտադիր պայման։
- Կանգնած լինելով Արցախի պետականաշինության ակունքներում, Դուք այստեղ հիմնականում կենտրոնացած էիք երկրի ներքին խնդիրների լուծման վրա։ Այժմ դիվանագիտական առաքելություն եք իրականացնում. ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն եք Ռուսաստանի նման գերտերությունում, մյուս կողմից էլ՝ Ղարաբաղի հողուջրից սերած մարդ, ինչը հավելյալ պատասխանատվություն է դնում Ձեր ուսերին։ 
- Հունիսի 1-ին լրանում է իմ դիվանագիտական գործունեության 6 տարին. առաջին չորս տարին եղել եմ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Բելառուսի Հանրապետությունում, ինչպես նաև ԱՊՀ մարմիններում ՀՀ մշտական ու լիազոր ներկայացուցիչ՝ հաշվի առնելով այն, որ Մինսկը  ԱՊՀ նստավայրն է։ Իսկ արդեն երկու տարի է՝ ՀՀ դեսպանն եմ ՌԴ-ում։ Դիվանագիտական գործունեության առանձնահատկություններից մեկն այն է, որ ամեն ինչ չէ բաց դաշտում ծավալվում։ Այն ամենը, ինչ կապված է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և դրան առնչվող հարցերին, բնականաբար, պահանջում է Մոսկվայում ՀՀ դեսպանության և ԼՂՀ ներկայացուցչության համատեղ աշխատանք, ինչը  ևս իրականացվում է փոխըմբռնման և պատասխանատվության մթնոլորտում։
Արտերկրում ԼՂ հիմնախնդրին առնչվող հարցերի ուղղությամբ ՀՀ դիվանագիտական գործունեությունը նախագահ Ս. Սարգսյանը որակել է որպես յուրաքանչյուր դեսպանի անմիջական պատասխանատվության խնդիր։ Այնպես որ, սա բարձրագույն հանձնարարական է յուրաքանչյուր դեսպանի համար։ Իմ պարագայում դա կրկնակի-եռակի պատասխանատվության խնդիր է, ինչին ես ցուցաբերում եմ համապատասխան մոտեցում։
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ