comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԴԱՍ ՄԱԿ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԴԱՍ ՄԱԿ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Միջազգային լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ մայիսի 28-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհթիևը նամակ է հղել կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին, որում, մասնավորապես, Ստեփանակերտում մայիսի 9-ին կայացած զորահանդեսը որակել է սադրիչ ակցիա և ուժի ցուցադրում, միաժամանակ մեղադրանք  ներկայացնելով ՀՀ իշխանություններին՝ վարած քաղաքականության համար, որն իբր սպառնալիքի տակ է դնում տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։ 

Մեկնաբանելով Ադրբեջանի մշտական ներկայացուցչի գնահատականները՝ ԼՂՀ  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նշել է, որ ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը զբաղված է անպտուղ նամակագրությամբ, քանի որ չունի հստակ արտաքին քաղաքական ուղեգիծ և անելիք այդ կառույցում։ Առաջին անգամ չէ, որ Ա. Մեհթիևը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունով պաշտոնական փաստաթղթեր է դնում շրջանառության մեջ՝ անցնելով դիվանագիտական էթիկայի բոլոր թույլատրելի սահմանները։ Հանձնաժողովի նախագահի խոսքերով, հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ զորահանդեսը Ստեփանակերտում տեղի է ունեցել մայիսի 9-ին, իսկ ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանն իր նամակը տարածել է մայիսի 28-ին, գրեթե երեք շաբաթ անց, այնինչ, տրամաբանությունը ենթադրում է, որ իրեն հարգող սուվերեն պետությունը նման երևույթներին արձագանքում է շատ օպերատիվորեն։ Եվ հետո՝  Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ է, և ստանձնել է այդ կառույցի նախագահությունն ընթացիկ նստաշրջանում, հետևաբար, նրա դեսպանը հնարավորություն ունի այդ հարցը դնել քննարկման ԱԽ-ում և ոչ թե զբաղվել իր պետության համար նվաստացուցիչ նամակագրությամբ։ Այդ կառույցում որևէ երկրի դեսպանի  նման բովանդակությամբ նամակն իրավական որևէ հետևանք չպարունակող հղում է, որը, բնականաբար, արժանանալու է  ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պատասխան նամակին։
Ի՞նչն է դրդել Ադրբեջանի մշտական ներկայացուցչին՝ դիմելու այդ քայլին. հարցնում է Վ. Աթանեսյանը և պատասխանում. ՙԿարծում եմ, վերջին շրջանում, մանավանդ  ՙԵվրատեսիլ-2012՚-ի կապակցությամբ Բաքվում իրավիճակը սրվելուց հետո, Ադրբեջանը դարձել է միջազգային կառույցների և լրատվամիջոցների քննադատության թիրախ։ Դրանք իրենց զեկույցներում ու դիտարկումներում Ադրբեջանին բնութագրել են որպես կոռումպացված բռնապետություն։ Դրան գումարած նաև այն, որ ՙԵվրատեսիլի՚ օրերին Եվրախորհրդարանն ընդունեց շատ խայտառակ բանաձև Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Համանման զեկույց պատրաստվում է ընդունդունել ԵԽ խորհրդարանական վեհաժողովը, որում հստակ դրված է Ադրբեջանոում քաղբանտարկյալների խնդիրը։ Ադրբեջանն այս ոչ բարենպաստ միջազգային գունապատկերն իրենից հեռացնելու միտումով օգտագործում է կատարելապես արժեզրկված մեկ փաստարկ, որ ինքը չի կարող գնալ ներքին կյանքի ժողովրդավարացման, չի կարող հարգել մարդու իրավունքներն այն չափով, որ Եվրոպան է պահանջում, քանի դեռ Ադրբեջանի տարածքի մի մասը ՙօկուպացված է՚։  Այս միակ փաստարկը տրամաբանորեն արժանանում է եվրոպական կառույցների հակազդեցությանը։ Նրանք տրամագծորեն հակառակն են պնդում. Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման միակ տարբերակն Ադրբեջանի համար իր իսկ երկրի ժողովրդավարացումն է, մարդու իրավունքների հարգման սկզբունքի անվերապահորեն պահպանումը, ինչպես նաև ազգերի ինքնորոշման սկզբունքի հարգման ճանապարհով ԼՂ հիմնախնդրի լուծումը՚։ 
Մեհթիևի նամակում այն միտքն է ընդգծվում, որ իրենք չեն  կարող լինել ժողովրդավարական, եթե Ստեփանակերտում անցկացվում է զորահանդես։  Անհասկանալի է, թե ինչ կապ է տեսնում ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը Ստեփանակերտի զորահանդեսի և Բաքվում ոստիկանների կողմից ՙՀանրային պալատ՚ կոչվող ընդդիմադիր կառույցի ակտիվիստների հանդեպ  ձեռնարկված բռնությունների միջև։ Համացանցում տեղադրված տեսանյութերը դիտելուց հետո չի կարելի ասել, թե Ադրբեջանը 21-րդ դարի երկիր է կամ ընդհանրապես պետություն է։   Վ. Աթանեսյանը հիշեցրեց 2011-ի հունիսին Ադրբեջանում անցկացված զորահանդեսը, որը բացարձակ մարտահրավեր էր ԼՂՀ-ին։ Ստեփանակերտում մայիսի 9-ին կայացած շքեղ, հոյակապ զորահանդեսը, որտեղ ցուցադրվեցին նաև նորագույն զինատեսակներ, ներառյալ անօդաչու թռչող սարքերը, սառը ցնցուղի ազդեցություն թողեցին Ադրբեջանի հասարակության վրա։ Վերջինս իր իշխանությունից պահանջում է բացատրել, թե ինչ հիմքով են նրանք հայտարարում, որ ցանկացած պահի կարող են կորցրած հողերը ետ նվաճել։ Այս պարագայում նրանց մնում է ասել միայն, որ Ղարաբաղում զորահանդես անցկացրել է Հայաստանի ՙօկուպացիոն բանակը՚։
Մեր հարևանները գտնում են, որ ՀՀ նախագահը չպիտի ներկա  գտնվեր այդ զորահանդեսին։ Վ. Աթանեսյանը նրանց հակադարձում է՝ իսկ ինչո՞ւ ՀՀ նախագահը չպիտի ներկա գտնվեր այդ զորահանդեսին։ Բոլորի համար  պարզ է, որ ԼՂ անվտանգության երաշխավոր պետությունը Հայաստանի Հանրապետությունն է։ Դա ընդունված է նույնիսկ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերով, իսկ ճանաչված իրողության դեմ ինչ-որ բան ասելն անիմաստ է։ Շարունակելով միտքը՝ հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ ՀՀ նախագահը պետք է ներկա գտնվեր զորահանդեսին, քանի որ Շուշիի ազատագրման ժամանակ նա եղել է ԼՂ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահը։ Կարելի էր հրավիրել ադրբեջանցիներին. ամենայն հավանականությամբ, Շուշիի ազատագրման 25-ամյակին պաշտոնապես հրավեր կուղարկվի Ադրբեջանին՝ որպես հարևան երկիր, ներկա  գտնվելու մեր հերթական զորահանդեսին։ 
Ադրբեջանական վերոհիշյալ պաշտոնյան ամենավերջում գնահատական է տվել Հայաստանի վարած քաղաքականությանը, որն, ըստ մեհթիևական ձևակերպման, լուրջ սպառնալիք է՝ ուղղված տարածաշրջանային և միջազգային խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը։ ՙԵս ինձ թույլ եմ տալիս ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանին իրավաքաղաքական երկու դաս տալ,- Մեհթիևի  եզրահանգման առնչությամբ ասաց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝  հավելելով,- միջազգային որևէ փաստաթուղթ, ի հակակշիռ ադրբեջանական պնդումների, Հայաստանը չի ճանաչել որպես օկուպանտ երկիր։ Երկրորդ՝ ՄԱԿ-ի ԱԽ ընդունած չորս բանաձևերի համաձայն՝ Հայաստանը փաստորեն ճանաչված է  միջնորդ երկիր, և Հայաստանի դերակատարությունն այս ամբողջ ժամանակաշրջանում, սկսած 1991 թվականի Ժելեզնովոդսկի համաձայնագրից առ այսօր, միջնորդությունն է Ադրբեջանի և ԼՂ-ի միջև։ Եթե միջազգային կառույցները՝ ՄԱԿ-ը, ԵԽ-ն, ԵԱՀԿ-ն Հայաստանին պետք է զրկեն միջնորդություն իրականացնելու լիազորությունից, ապա Մեհթիևն, իր նախագահի գլխավորությամբ, պետք է ընդունի, որ բանակցությունները տեղափոխվելու են ուղղակի՝ Բաքու-Ստեփանակերտ հարթություն։ Այդ ժամանակ Ադրբեջանը բացարձակապես որևէ փաստարկ չի ունենա  ԼՂ անկախության իրավաքաղաքական հիմքերի դեմ՚։ 
Մեր զրուցակիցը ցանկություն հայտնեց լրատվամիջոցների միջոցով ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Մեհթիևին փոխանցել հետևյալը. ՙՄիջազգային հանրությունը, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների՝ հարգում և պաշտպանում է այն պետության տարածքային ամբողջականությունը, որտեղ կա ամբողջ ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանություն, և որը հարգում է ազգերի ինքնորոշման և մարդու իրավունքները։ Ադրբեջանը չունի ամբողջ ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանություն, Ադրբեջանը չի հարգում ազգերի ինքնորոշման իրավունքը, չի հարգում նաև մարդու իրավունքները։ Ուստիև, մանկամտություն է միջազգային հանրությունից պահանջել, որ պետք է վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Պետությունն առաջին հերթին ինքը պիտի շահագրգռված լինի իր տարածքային ամբողջականության պահպանմամբ, իսկ դրա համար Ադրբեջանը բավական երկար ժամանակ է ունեցել։ 1991թ. սեպտեմբերի 2-ից մինչև Ղարաբաղի բնակչության դեմ մարտական գործողություններ սկսելը Ադրբեջանի իշխանությունները ժամանակ են ունեցել ԼՂ  դե ֆակտո իշխանություններին առաջարկել իրավական որևէ կարգավիճակ։ Եթե այդ առաջարկությունն արժանանար ԼՂ բնակչության մեծամասնության հավանությանը և ամրագրվեր Ադրբեջանի սահմանադրության մեջ, և եթե դրանից հետո ԼՂ-ն խախտեր այդ համաձայնությունը, ապա այդ դեպքում Ադրբեջանն իրավասու կլիներ պահանջել վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը։ 
Վ. Աթանեսյանի համոզմամբ՝ Ադրբեջանը միջազգային ոչ մի հենարան չունի. նրան ճանաչում են միայն այն բանի համար, որ նավթ ու գազ ունի, իսկ դրանց կարիքը զգում են աշխարհի շատ պետություններ, որոնք էլ հարկադրաբար ճանաչում են Ալիևի իշխանությունը։ Եթե Ադրբեջանն ունենար որևէ հենարան, ապա անկասկած կդիմեր մարտական գործողությունների։ Այդ երկրի իշխանությունները գոնե գիտակցում են, որ նման գործողություններ ձեռնարկելով՝ արժանանալու են միջազգային հանրության ավելի խիստ վերաբերմունքին։ 
Ընդհանրացնելով մեկնաբանությունը՝ քաղաքագետը շեշտեց, որ այս ամենը կապ ունի ադրբեջանական ընդդիմության ակտիվացման հետ։ Վերջինս, բավականաչափ  լավ օգտագործելով ՙԵվրատեսիլ՚-ի ընձեռած հնարավորությունը, կազմակերպեց մի քանի ցնցող ակցիա՝ աշխարհի առջև բացելով Ադրբեջանի իրական դեմքը։ Ի դեպ, ինչպես նկատեց Վ. Աթանեսյանը, ընդդիմությունը ԼՂ¬ի խնդիրը չի դնում. բավականին հստակ ադրբեջանական ընդդիմությունը պահանջում է, որ  2013թ. Ալիևը չպետք է առաջադրվի երրորդ ժամկետով, պետք է փոխվի խորհրդարանական ընտրակարգը, ինչպես նաև  վերականգնվեն քաղաքացիների սահմանադրական իրավունքները։ Սա նշանակում է, որ ղարաբաղյան խնդիրն ադրբեջանական հասարակության համար հրատապություն չի ներկայացնում։ 
ՙԵվ ամենակարևորը. Ագշին Մեհթիևը չի ներկայացնում ադրբեջանական պետությունը. նա ներկայացնում է Իլհամ Ալիևին՚,- եզրակացրեց խորհրդարանական հանձնաժողովի նախագահը։    
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ