comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Թուրքիայի կայուն և արագ զարգացումը վերջին տասնամյակների ընթացքում կրկին նրան վերադարձրել է  տարածաշրջանային գերտերություն դառնալու հույսը։ Ընդ որում,  բավական հաճախ է խոսվում նեոօսմանականության կամ նեոպանթուրքիզմի և Օսմանյան կայսրության դերի ու գործառույթների վերադարձի մասին։ 
Նման հայացքը գոյատևման իրավունք ունի, բայց այն թույլ չի տալիս գնահատել և ընդգրկել աշխարհում կատարվող փոփոխությունները և դրանով իսկ վերլուծությունը կապել իրողության հետ, որը դարձել է պատմության մի մասը։ 
Հայացքը 21-րդ դարի Թուրքիային` որպես Օսմանյան կայսրության հետնորդի, պետք է ծառայի  որպես մեկնակետ և` ոչ ավելի։  21-րդ դարում Թուրքիայի դերի ըմբռնումը պահանջում է  թուրքական պետությունը  գնահատել տարածաշրջանային և գլոբալ համատեքստում։ 
Ինչպես Օսմանյան կայսրությունը, այնպես էլ Թուրքիան զգուշավորությամբ են վերաբերվել ռուսական կայսրությանը, այնուհետև՝ ԽՍՀՄ-ին և Ռուսաստանին, ինչն աշխարհաքաղաքական դիմակայության օբյեկտիվ հետևանք է։ Ռուսաստանի ելքերը դեպի ծով պատմականորեն գտնվում են  աշխարհաքաղաքական այլ խաղացողների վերահսկողության տակ։ Թուրքիայի կողմից Բոսֆորի նեղուցի տնօրինումը նրան թույլ է տվել  շրջափակել Ռուսաստանի ելքը դեպի Միջերկրական ծով, և ռուսական դարավոր քաղաքականությունն ու ռազմավարությունը ուղղված են եղել Բոսֆորի տիրապետությանը։ Որպես հետևանք՝ Թուրքիան և Ռուսաստանն անընդհատ   հայտնվում էին թշնամական ճամբարներում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքական կայսրությունը Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ մտավ Գերմանիայի հետ։ Պատերազմից հետո ռուսական և օսմանյան կայսրությունների փլուզումը հանգեցրեց բոլշևիկների և քեմալականների միջև տակտիկական դաշինքի, որի շրջանակներում երկու պարտված կողմերը լուծում էին ֆիզիկական գոյատևման խնդիրը։ Կարողանալով ապրել ու ամրապնդվել՝ Թուրքիան ճիշտ ընտրություն կատարեց  և 1945թ. փետրվարին միացավ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած երկրներին, չնայած Թուրքիայի համակրանքը Գերմանիայի հանդեպ ոչ ոքի համար գաղտնիք չէր։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Թուրքիան ռազմավարական դաշինքի մեջ մտավ ԱՄՆ-ի հետ և դարձավ ՆԱՏՕ-ի անդամ՝` զգուշանալով ԽՍՀՄ-ի կողմից ճնշումից և Արևմտյան Հայաստանը վերադարձնելու հավանական պահանջից։ Որպես հետևանք` սառը պատերազմի ժամանակաշրջանում Թուրքիան ԳՖՀ-ի հետ միասին դարձավ ԽՍՀՄ-ի ռազմավարության զսպման կարևորագույն տարրը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԽՍՀՄ-ը դարձավ  գերտերություն, և նրա հզորությունը թույլ կտար առանց որևէ դժվարության իր կամքը թելադրել Թուրքիային։ Թուրքիայի տեսակետից` ինքն այլ  ելք չուներ, քան մտնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անվտանգության հովանու տակ։ Եթե մի պահ ենթադրենք, թե Թուրքիան այն տարիներին կարող էր ընտրել խորհրդամետ կողմնորոշում, ապա  արդյունքը կլիներ ամբողջ Մերձավոր և Միջին Արևելքը խորհրդային ազդեցության  ոլորտ մտնելը, ինչն ակնհայտորեն անընդունելի կլիներ ԱՄՆ-ի համար։ 
Սառը պատերազմի ողջ ընթացքում Թուրքիան մնաց ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը՝ թույլ չտալով ԽՍՀՄ-ին՝ ստեղծել ազդեցության չընդհատվող ոլորտ արաբական իր դաշնակիցների, առաջին հերթին Սիրիայի և Իրաքի հետ: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզման հետ իրավիճակը որակապես փոխվեց: Բազում դարերի ընթացքում Թուրքիան առաջին անգամ  սպառնալիք չզգաց Ռուսաստանի կողմից, ինչը նոր ռազմավարության մշակման անհրաժեշտություն առաջ բերեց: Սակայն պարզվեց, որ ավելի դժվար է ռազմավարություն ձևավորել ու իրագործել ընդգծված սպառնալիքների, քան` անորոշության և նոր հնարավորությունների պայմաններում։ Թուրքիայի համար հնարավորությունները մեծացան, սակայն կողմնորոշվել, թե ինչպես օգտագործել կրկին ծագած առավելությունները, լուրջ մարտահրավեր դարձավ։ Ճիշտ է, ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ¬ի հետ մնացին անփոփոխ, բայց դա, ավելի շուտ՝ իներցիայով։
Շրջադարձային կետ դարձավ 2003 թվականը, երբ ԱՄՆ¬ն ներխուժեց Իրաք։ Թուրքիայի տեսակետից ներխուժումն իմաստ չուներ, քանի որ այն հանգեցրեց Իրանի ուժեղացմանը և այլ լուրջ հիմնախնդիրների ու մարտահրավերների։ Թուրքիան առաջին անգամ բախվեց մի իրավիճակի, երբ ԱՄՆ¬ի հետ դաշինքն ավելի շատ   հիմնախնդիրներ ու մարտահրավերներ էր ստեղծում, քան պաշտպանում երկիրը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից սկսած՝ առաջին անգամ թուրքերը ոչ միայն հրաժարվեցին մասնակցել ամերիկյան նախաձեռնությանը, այլեւ նույնիսկ արգելեցին ԱՄՆ¬ին՝ Թուրքիայի տարածքն օգտագործել  իրաքյան  ռազմագործողությունների համար։ 
Միացյալ Նահանգների հետ կապերը պարտադիր ու այլընտրանքայինից պայմանագրայինի վերածվելը Թուրքիային ստիպեց մշակել նոր ռազմավարություն։ Թուրքիայի նոր ձևավորված ռազմավարության համար որոշիչ կարելի է համարել հետևյալ գործոնները։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ Թուրքիան կանգնած չէր իր գոյության  սպառնալիքի առջև։  Թուրքիայի տնտեսությունը զարգանում է արագ տեմպերով, և նա  միաժամանակ  մնում է տարածաշրջանի առավել հզոր ռազմական տերություններից մեկը։   Թուրքիան բոլոր կողմերից շրջապատված է անկայուն հարևաններով, և սպառնալիքները՝ կապված տարածաշրջանի հավանական ապակայունացման հետ, կարող են ունենալ ողբերգական հետևանքներ, եթե Թուրքիան կորցնի իրավիճակի վերահսկողությունը։ Եվ, վերջապես, դա ուժի աշխարհաքաղաքական կենտրոնների, առաջին հերթին ԱՄՆ¬ի, տարածաշրջանում իր դերի վերանայման գործընթաց է։ 
Թուրքիան դառնում է խաղացող՝ գտնվելով անցումային վիճակում, երբ նա արդեն  Արևմուտքի դրածոն չէ, բայց և` դեռ չի դարձել տարածաշրջանային գերտերություն։ Թուրքիայի հզորությունը տատանվում է ԱՄՆ¬ի ենթակայության և ինքնուրույն քաղաքականության ու քայլերի միջև։ Թուրքիան այլևս չի սահմանափակվում դերով, որ խաղում էր սառը պատերազմի ժամանակ, բայց դեռևս  չի կառուցել բազիս՝ տարածաշրջանային հասուն քաղաքականության համար։ Երկրի քաղաքական վերնախավը պատրաստ չէ Թուրքիան դիտել որպես գերտերություն։ Թուրքիան ի վիճակի չէ այսօր վերահսկել տարածաշրջանը, երբ ինքը կձևավորեր ու կկառավարեր տարածաշրջանային գործընթացները, այլ ոչ թե պարզապես կհարմարվեր կատարվող փոփոխություններին։ Բայց միաժամանակ նա ի վիճակի չէ անտեսել կատարվող գործընթացները։ Դա ակնհայտ երևում է Սիրիայի օրինակով։ Սիրիայում կատարվող դեպքերն ուղղակիորեն շոշափում են Թուրքիայի շահերը, սակայն նա չի կարող իրեն թույլ տալ բացահայտ միջամտել սիրիական գործին, առավել ևս՝ գլխավորել միջազգային կոալիցիան` պատշաճ կարգուկանոն ՙհաստատելու՚ համար, քանի որ տարածաշրջանը, որ հիշում է Օսմանյան կայսրության ոչ բարի համբավը, պատրաստ չէ Թուրքիայի վերադարձին։
Եթե  նայենք Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, ապա կտեսնենք, որ այն երկակի է ու անցումային՝ բոլոր ուղղություններում՝ Իրաքում, Իրանում, Սիրիայում, Կովկասում։ Այսօրվա դրությամբ Թուրքիան չի ձևավորում ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունը, ինչպես պետք է վարվի առողջ տարածաշրջանային պետությունը, բայց ավելի շուտ ստեղծում է ուժերի թուրքական հաշվեկշիռ։ Ընդ որում, Թուրքիան հայտնվում է երկու լուրջ խնդիրների առջև` հենց որ որոշում է առաջ ընթանալ դեպի տարածաշրջանային գերտերության կարգավիճակ։ Նախ,  դա աճող լարվածությունն է պետական և կրոնական տարրերի միջև` թուրքական հասարակության մեջ։ Թուրքիայի վերածվելը իսլամական պետության, հատկապես արմատական իսլամականների համատեքստում, կարող է ահազանգ ծառայել ոչ իսլամական պետությունների, ուժի տարածաշրջանային և աշխարհաքաղաքական կենտրոնների համար՝ Թուրքիայի հանդեպ վերաբերմունքը  փոխելու առումով։ Երկրորդ, դա քրդական և հայկական հիմնախնդիրներն են։ Եվ եթե  առաջին հիմնախնդիրն այսօր հրատապ է շատ պետությունների համար, ապա վերջին երկուսը բացառիկ են և առնչվում են տարածաշրջանային այլ հիմնախնդիրների։ Քրդական և հայկական հարցերն, անկասկած, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խաղացողների կողմից կօգտագործվեն որպես գործիք, որի օգնությամբ կարագանա կամ կարգելակվի Թուրքիայի՝ տարածաշրջանային գերտերություն դառնալու գործընթացը։
Այսպիսով՝ կարելի է խոսել մի ինքնատիպ պարադոքսի մասին։ Որքան ուժեղանա Թուրքիան, այնքան առնվազն պակաս բարեհարմարություն կզգան տարածաշրջանային պետությունները և աշխարհաքաղաքական մի շարք կենտրոններ, ինչը կբարձրացնի նրա խոցելիությունը։ Որքան հզորանա Թուրքիան, այն ավելի  խոցելի կլինի, և թուրքական ընթացիկ ռազմավարությունը կհանգի նրան, որ  կայունության և անվտանգության ժամանակաշրջանը, որքան հնարավոր է, երկարի։ Սակայն պետք է հիշել, որ խոսքը գնում է անցումային վիճակի մասին։ Անկայունությունը հարավում, իրանական ազդեցության ոլորտի աճը, Կովկասում ռուսական ազդեցության խորացումը և այն բանի հավանականությունը, որ ԱՄՆ¬ն կարող է փոխել իր մերձավորարևելյան քաղաքականությունը, թույլ չեն տալիս հուսալ, թե անցումային քաղաքականությունն ու ռազմավարությունը կդառնան մշտական։ 
Այսօր Թուրքիան գտնվում է այն փաստի իմաստավորման ու գիտակցման վիճակում, որ անցումը տարածաշրջանային գերտերության կարգավիճակին շատ ավելի դժվար է, քան սեփական հզորությունն ուղղակի ցուցադրելը։ Որակի փոփոխությունը միշտ ավելի բարդ մարտահրավեր է վերնախավի, հասարակության, պետության համար։ Առաջիկա տարիներին մենք կլինենք այն բանի վկան, թե Թուրքիան կկարողանա՞ հաղթահարել մարտահրավերը՝ դառնալով տարածաշրջանային գերտերություն, թե՞ կկոտրվի։ Կատարվող գործընթացներն, անշուշտ,  կշոշափեն և հայկական պետությունները, որոնց համար Թուրքիան շարունակում է մնալ ոխերիմ  թշնամի։ Թուրքական քաղաքականության և ռազմավարության անցումային վիճակն իր մեջ կրում է անկայունության սպառնալիք, ինչպես նաև այն բեմագրի հավանականությունը, երբ Թուրքիան, օժանդակություն ստանալով Արևմուտքի կողմից, պրոյեկցում է հզորությունը Կովկասում`  ձգտելով նեղացնել Ռուսաստանի ազդեցության ոլորտն ու մտնել աշխարհաքաղաքական դիմակայության ակտիվ փուլ։ Բացի այդ, ինչպես վերն ասվեց, Հայկական հարցը եղել և մնում է աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից Թուրքիայի վրա ճնշման գործոն, ինչը շոշափում է ողջ հայության շահերը։ Նման իրավիճակում հայկական քաղաքականությունը և դիվանագիտությունը պետք է ցուցաբերեն ստեղծագործ և ճկուն վերաբերմունք, միշտ պատրաստ լինեն արձագանքի, ինչպես արդեն դրսևորված, այնպես էլ` նոր և առայժմ անկանխատեսելի  սպառնալիքներին։ 
 
 
Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ