comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԺԿ¬Ն ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՀՍՏԱԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԺԿ¬Ն ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՀՍՏԱԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԻ

 altՀունիսի 2-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության 3-րդ համագումարը: Մինչ այդ արդեն անցկացվել էին կուսակցության տարածքային կառույցների խորհրդաժողովները, որոնց ընթացքում էլ կայացել էին հիմնական, մանրամասն քննարկումները:

 Այնպես որ,  համագումարում առանձնացվել են ընդհանուր գնահատականները,  հաստատվել առաջիկա տարիներին ԱԺԿ գործունեության ուղենշային դրույթները եւ կուսակցության ծրագրում ու կանոնադրությունում այն փոփոխությունները, որոնք կնպաստեն կուսակցական աշխատանքների արդյունավետությանը: 

Համագումարի ընթացքում ներկայացվել է նաեւ Արցախի ժողովրդավարական կուսակցության դիրքորոշումն առաջիկա նախագահական ընտրությունների կապակցությամբ:
 
Տասնամյակի սահմանագիծը հատած քաղաքական այս ուժի անդամների թվաքանակը  վերջին երկու տարվա ընթացքում ավելացել է եւս մի քանի հարյուրով եւ հասել  1725-ի:  Նրանցից համագումարին մասնակցելու համար ընտրված 359 պատվիրակներից ներկայացել էին 338-ը: Կազմը բավարար էր օրակարգային հարցերի քննարկման համար: 
 Համագումարի գլխավոր բանախոսը կուսակցության կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանն էր: Գնահատականները վերջին երկու տարիների կտրվածքով էին: Բնականաբար, առաջին տեղում արտաքին քաղաքականության խնդիրներն էին: Այդ հարցում կուսակցության մոտեցումները մնացել են  անփոփոխ. Արցախի ժողովրդավարները կողմնակից են հակամարտության խաղաղ կարգավորմանը` Արցախի ժողովրդի համար ընդունելի սահմաններում: Բանակցություններն այդ նպատակին հասնելու միակ ճանապարհն են: Սակայն ուժի կիրառման սպառնալիքը չպետք է լինի կողմերից մեկի մենաշնորհը, համոզված են Արցախի ժողովրդավարները: ՙԵթե պատերազմով սպառնալը բանակցային գործընթացում  որպես գործիք է դիտարկվում, ապա այն կարող է հավասարապես օգտագործվել հակամարտության բոլոր մասնակիցների կողմից՚,- գտնում է Աշոտ Ղուլյանը:
Ամեն դեպքում, պատերազմի մասին խոսելով հանդերձ` բոլորն էլ այսօր նախընտրում են խնդրի կարգավորման բանակցային ճանապարհը: ՙԸնդսմին պետք է ընդունել, որ վերջին տարիների ընթացքում կարգավորման հեռանկարը բոլորովին էլ չի մոտեցել՚,- եզրահանգեց  ԱԺԿ ղեկավարը:
Այդ իրավիճակը նաեւ որոշակի գործելաոճ է պարտադրում: Արցախի միջազգային ճանաչմանը հասնելու համար պարտադիր չէ սպասել մինչեւ խնդրի վերջնական կարգավորումը: Բանախոսը ներկայացնում է այդ առթիվ կուսակցության մոտեցումը` ակտիվացնել Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված քայլերը` այն անջատելով բանակցային գործընթացից:
Արտաքին ճակատում հաջողության գլխավոր նախապայմանը ժողովրդավարները ներքին կայունությունն ու զարգացումն են համարում: Աշոտ Ղուլյանը  նաեւ Արցախի սոցիալ-տնտեսական վիճակին է անդրադարձել: Այս առումով էլ գնահատականները միանշանակ չեն. որոշ ոլորտներում  ձեռքբերումներն են առկա, որոշ ոլորտներում` բացթողումները: 
Ներկայացված լինելով 2007 թվականի նախագահական ընտրություններից հետո ձեվավորված քաղաքական համաձայնության կառավարության կազմում` ԱԺԿ-ն ձեռքբերումներում՝ իր ավանդը, իսկ բացթողումներում` նաեւ իր պատասխանատվությունն է տեսնում, առավել եւս, որ  կառավարության ծրագրում, Նախագահի նախընտրական ծրագրի դրույթների հետ, տեղ են գտել նաեւ նրան աջակցող կուսակցությունների մի շարք ծրագրային կետեր: 
ՙԱյս առումով մենք էլ մեր պատասխանատվության բաժինն ունենք՚,- գտնում է ԱԺԿ նախագահը:
 Ձեռքբերումներն ամրապնդել, իսկ թերությունները վերացնել է պետք: Դրա ամենակարճ ու արդյունավետ ճանապարհը ժողովրդավարները մեկնարկած բարեփոխումների կուրսի շարունակականությունն ապահովելու մեջ են տեսնում: ԱԺԿ համագումարում նաեւ առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ կուսակցության դիրքորոշումն է հստակեցվել: Արցախի ժողովրդավարական կուսակցությունը սատարելու է գործող նախագահին: Հիմնավորումը` անցած հինգ տարիների ընթացքում Արցախում անզեն աչքով նկատելի դրական տեղաշարժն է եւ մեկնարկած ծրագրերը շարունակելու անհրաժեշտությունը:
Ժամանակը նաեւ նոր մարտահրավերներ է առաջ քաշում: Դրանց համահունչ` համագումարը մի շարք փոփոխություններ ու լրացումներ հաստատեց ԱԺԿ ծրագրում եւ կանոնադրության մեջ: Փոփոխություններ կլինեն ոչ միայն ծրագրի եւ կանոնադրության, այլեւ հասարակության հետ կապերի հարցում: Նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից ոչ այնքան գոհ ԱԺԿ-ն փորձելու է հետ բերել կորցրածը: ՙԿուսակցությունը հռչակում է հասարակական ակտիվության ուղեգիծ՚,- ամբողջացրեց Աշոտ Ղուլյանը: Նոր մոտեցումը կուսակցական աշխատանքներն ավելի ակտիվ լուսաբանելու եւ հասարակության հետ կապերն ամրապնդելու ենթատեքստն ունի:
Առաջիկա մարտահրավերներին կուսակցությունը դիմագրավելու է նորացված ղեկավար կազմով։ Հաստատվել է 25 հոգուց բաղկացած  կենտրոնական խորհրդի եւ կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմը: Կենտրոնական խորհրդի  նախագահ է վերընտրվել Աշոտ Ղուլյանը:
 
 
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ