comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔ,կամ Հակառակ արդյունք երգի մրցույթից
[ARM]     [RUS]     [ENG]

ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔ,կամ Հակառակ արդյունք երգի մրցույթից

 Դատելով համաշխարհային մամուլի վերջին հրապարակումներից, որոնցում ավելի ու ավելի հաճախ և կտրուկ ձևով է  քննադատվում Ադրբեջանում մարդու իրավունքների և խոսքի ազատության տեսակետից տիրող իրավիճակը, այդ երկրի համար սկսվում են ամենևին ոչ դյուրին ժամանակներ։ 

Պետք է ասել, որ Ադրբեջանում ժողովրդավարական ազատությունների հարցում հիմնախնդիրներ գործնականում միշտ են եղել, սակայն համապատասխան միջազգային կառույցները, մի շարք պատճառների բերումով, որոնց մասին կխոսվի ստորև, գերադասել են աչք փակել դրանց հանդեպ։ 

Կարելի է ասել՝ սառույցը շարժվել է այն բանից հետո, երբ երկու երիտասարդ ադրբեջանցի բլոգեր, որոնք համացանցում տեղադրեցին  երգիծական տեսահոլովակ, որում ծաղրում էին կոռուպցիան իշխանական կառույցներում, մեկուկես տարով բանտ նետվեցին։ Պաշտոնական Բաքվի այդչափ կոշտ արձագանքը զայրալից քննադատության փոթորիկ առաջ բերեց իրավապաշտպան շատ կազմակերպությունների, մասնավորապես՝ հայտնի Amnesty International¬ի (ՙՄիջազգային համաներում՚) կողմից։ Այդ ժամանակվանից հիմնական իրավունքների և ազատությունների կոպտագույն խախտումների առումով Ադրբեջանի ՙծառայության ցուցակն՚ անշեղորեն ընդարձակվել է՝ մեծացնելով կրիտիկական զանգվածը։ Ապոթեոզը վրա հասավ Ադրբեջանում ՙԵվրատեսիլ ¬ 2012՚ երգի միջազգային մրցույթի կազմակերպման ու անցկացման շրջանում։ 
Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, որ հենց այդ օրերին, այն է՝ մայիսի 24-ին, ծնվեց Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ՙՄարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության խախտման մասին՚ բանաձևը։ Բայց, կարծում ենք, դրանում ինչ¬որ օրինաչափություն կա։ Բանն այն է, որ ադրբեջանական իշխանությունները, որոնք աչքերին թոզ փչելու պատկառելի փորձ ունեն, մտադիր էին ՙԵվրատեսիլ ¬ 2012՚¬ի շնորհիվ իրենց ՙեվրոպականությունը՚ ցուցադրել աշխարհին՝ մրցույթի նախաշեմին բազմաթիվ լրագրողների թույլ տալով այցելել Ադրբեջան։ Ավաղ, սխալվեցին, քանզի  ՙԵվրատեսիլի՚ ընձեռած հնարավորություններից օգտվել շտապեցին նաև ընդդիմադիրները, որոնք իրենց բողոքի գործողություններով ուշադրություն հրավիրեցին Ադրբեջանում տիրող իրական իրադրության վրա։ Արդյունքը, որը հույս ունեին ստանալ ադրբեջանական իշխանությունները, կատարելապես հակառակը եղավ. նրանց թվացյալ բացեիբացությունը շուռ եկավ հենց իրենց դեմ, քանի որ Բաքվի երգի մրցույթի արտաքին փայլի տակ արտասահմանյան հյուրերն ու լրագրողները տեսան մարդու իրավունքների հարցում իրական վիճակը։ Այլ խոսքով, նրանց աչքի առաջ հառնեց ոչ թե եվրոպական  երկիր, այլ եվրոպական կեղծափայլ դրասանգով զարդարուն ՙպոտյոմկինյան (իմա՝ ալիևյան) գյուղը՚։
Ճակատագրի հեգնանքով նույն մայիսի 24-ին էլ հասարակայնության սեփականությունը դարձավ ՙԿայունության եվրոպական նախաձեռնություն՚ կազմակերպության զեկուցագիրը, որում փաստերի հիման վրա ցույց է տրված, թե ինչպես է պաշտոնական Բաքուն եվրապաշտոնյաներին կաշառելու միջոցով հասել Ադրբեջանում ՙժողովրդավարական գործընթացների մակարդակի՚ դրական գնահատականների։ Նման դիվանագիտության հաշվառումով, որը Բաքվի  իշխանությունների կողմից ցինիկաբար  հորջորջվել է ՙխավիարային՚, հազիվ թե կարելի էր եվրոպական կառույցների օբյեկտիվության և անկողմնակալության հույս պահել։ Ահա թե ինչու Եվրախորհրդարանի բանաձևի երևան գալը  քիչ¬ինչ տարօրինակ թվաց։
Բայց վերադառնանք բուն բանաձևին։ Նրա մեջ արտահայտված է իշխանությունների՝ քաղաքացիների իրավունքների և ազատությունների ճնշմանն ուղղված քաղաքականության քննադատություն, և  ԵՄ¬ի անդամ երկրներին կոչ է արվում նպատակային պատժամիջոցներ ձեռնարկել նրանց դեմ, ովքեր պատասխանատու են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների համար։ Բաքվի  արձագանքը լիովին կանխատեսելի էր։ Մայիսի 29-ին ադրբեջանական  Միլլի մեջլիսը դիմում ընդունեց՝ հասցեագրված Եվրախորհրդարանին, դատա պարտելով նրա բանաձևը և այն անվանելով ՙանարդար և Ադրբեջանի դեմ ուղղված՚։ Դիմումի մեջ, մասնավորապես, ասվում է, որ ՙԱդրբեջանի հաջողություններն անհանգստացնում են որոշ ուժերի, որոնք փորձում են հարված հասցնել երկրի ժողովրդավարական վարկին՚  (!!!)։ Տարօրինակ կլիներ, եթե պաշտոնական Բաքուն Եվրախորհրդարանի գործողություններում հայկական հետք չտեսներ, և այդ պատճառով դիմումի մեջ նաև ասված է, թե հայամետ ուժերը,  որոնք հանդես են գալիս  լեռնայինղարաբաղյան հակամարտության լուծման դեմ, ձգտում են սևացնել  Ադրբեջանը, և  Եվրախորհրդարանին  ուղղված  կոչ է պարունակվում՝ Հայաստանի  ցուցումներով չընթանալ։ Ուղղակի ասենք՝ սլաքները  Հայաստանի վրա փոխադրելու  անճոռնի քաղաքականություն։ Ասենք, իհարկե, Ալիևի  ամբողջատիրական  ռեժիմի համար դա անելն ավելի դյուրին է,  քան ի պատասխան օբյեկտիվ քննադատությանը  կատարել  Եվրոպայի  խորհուրդ մտնելու ժամանակ Ադրբեջանի ստանձնած  պարտավորությունները  և երկրի իրական ժողովրդավարացման միջոցներ ձեռնարկել։ 
Արդեն սովորական է դարձել, որ Ադրբեջանն իր բոլոր  դժբախտություններում  միայն ու միայն հայերին և  հայամետ  ուժերին է մեղադրում,  ինչի հաստատումն է հանդիսանում նաև Բաքվի արձագանքը Եվրախորհրդարանի  բանաձևին։ Սակայն չափազանց ուշագրավ մի  մեջբերում կատարենք. ՙՀամատարած  կոռուպցիայի  և քաղաքացիների  իրավունքների կանոնավորապես  ոտնահարման արդյունքում Ադրբեջանը  մշտապես ընկնում է աշխարհի ամենաանազատ երկրների ցուցակը՚։ Սա մի հատված է  ՙԶերկալո՚ թերթում հրապարակված՝ ադրբեջանցի հայտնի  գրող և  կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովի  հոդվածից, ում նույնիսկ ամենամեծ ցանկության  դեպքում էլ  հայամետ ուժերի  թվին չես դասի, որոնք ՙփորձում են հարված  հասցնել  երկրի  ժողովրդավարական  վարկին՚։ Մի երկրի, որը, նույն  Իբրահիմբեկովի բնորոշմամբ՝ մարդու իրավունքների խախտման  ոլորտում  իր նմանը չունի աշխարհում։ 
Ենթադրում ենք, որ Ադրբեջանի ներկայիս իշխանություններին  վաղուց արդեն հարկ էր  հասկանալ, որ երկրի վարկին,  ամենից  առաջ, հենց  իրենք  են խփում իրենց  հակաժողովրդական  գործողություններով՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ  արտաքինքաղաքական  ասպարեզում, և այդ պատճառով  ուրիշ տեղ  մեղավորներ  փնտրելու  հարկ չկա։  Ակնհայտ  է, որ  Ադրբեջանի իսկական ժողովրդավարացման դեպքում միայն կարելի կլինի վերջ դնել միջազգային  կառույցների  արդարացի  քննադատությանը։ Ինչպես  և հնարավոր կդառնա  ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումը, որով  պաշտոնական Բաքուն  այսօր իր  ամբողջատիրական  էությունն է  քողարկել փորձում։