comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՄՆ կառավարության բոլոր երեք մարմինները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՆ կառավարության բոլոր երեք մարմինները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը

Թեև ընթերցողներն ընդհանուր առմամբ իրազեկ են, որ ԱՄՆ կառավարության գործադիր և օրենսդիր մարմինները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, շատերը տեղյակ չեն, որ ԱՄՆ դատական իշխանությունը ևս մի քանի առիթներով վերահաստատել է Հայոց ցեղասպանության փաստը: Իսկապես, ԱՄՆ կառավարության բոլոր երեք մարմինները պաշտոնապես հաստատել են, որ Հայոց ցեղասպանությունն իսկապես ցեղասպանություն է:

Գործադիր մարմինն առաջին անգամ անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը 1951 թվականին ԱՄՆ կառավարության կողմից Արդարադատության միջազգային դատարան ներակայացրած առանցքային փաստաթղթում: Այնտեղ նշվում էր. «Ցեղասպանության համաձայնագիրն արդյունք է անմարդկային և բարբարոսական գործողությունների կիրառումի, որը տարածված է եղել որոշ երկրներում մինչ երկրորդ համաշխարհային պատերազմը և դրա ընթացքում, երբ կրոնական, ռասայական եւ ազգային փոքրամասնությունների ամբողջ խմբեր ենթարկվել են կանխամտածված ոչնչացման սպառնալիքի և ոչնչացման: Ցեղասպանության երևույթը գոյություն է ունեցել ողջ մարդկային պատմության ընթացքում: Հռոմեացիների կողմից քրիստոնյաների հալածանքը, թուրքերի կողմից հայերի ջարդը, նացիստների կողմից միլիոնավոր հրեաների և լեհերի կոտորածը ցեղասպանության հանցագործության վառ օրինակներ են»:

Գործադիիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանությանը երկրորդ անդրադարձը արել է նախագահ Ռոնալդ Ռեգանը` 1981 թվականի ապրիլի 22-ի թիվ 4838 նախագահական հռչակագրում, որտեղ նշում էր. «Ինչպես նրանցից առաջ հայերի ցեղասպանությունը  և դրան հետևած կամբոջացիների ցեղասպանությունը և բազմաթիվ այլ ազգերի բազմաթիվ հալածանքների նման, Հոլոքոստի դասերը չպետք է երբևիցե մոռացվեն»:

Իսկ ԱՄՆ կառավարության օրենսդիր մարմինն ընդունել է երկու որոշում, որոնք հաստատում են Հայոց ցեղասպանության պատմական փաստերը: Առաջին որոշմամբ, որը հաստատվել էր 1975 թվականի ապրիլի 8-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից, 1975 թվականի ապրիլի 24-ը նշանակվեց որպես «հիշատակման օր ցեղասպանության բոլոր զոհերի,  հատկապես հայկական ծագումով անհատների, ովքեր 1915 թվականի ցեղասպանության զոհ դարձան»: Երկրորդ որոշմամբ, որը հաստատվել էր 1984 թվականի սեպտեմբերի 10-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից, 1985 թվականի ապրիլի 24-ը նշանակվեց որպես «հիշատակման օր ցեղասպանության բոլոր զոհերի, հատկապես 1915-1923 թվականներին Թուրքիայում իրագործված մեկուկես միլիոն հայ բնակչության ցեղասպանության զոհերին»: Ի լրումն, պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու հավելված 1996 և 2004 թվականներին Արտաքին գործառնությունների հատկացման ակտում:

 

Այնուամենայնիվ, շատերն անտեղյակ են, որ ԱՄՆ կառավարության երրորդ մարմինը` դատական իշխանությունը, առնվազն երեք դաշնային դատարանների կողմից վճիռ է կայացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Դատական իշխանության կողմից Հայոց ցեղասպանությանը առաջին անդրադարձը 2010 թվականի օգոստոսի 11-ին առաջին շրջանի վերաքննիչ դատարանի երեք դատավորի կազմով միաձայն ընդունված վճիռն էր: ԱՄՆ գերագույն դատարանի նախկին դատավոր Դեյվիդ Սութերի կողմից գրված որոշման մեջ դատարանը մերժեց ամերիկա-թուրքական խմբի պահանջն առ այն, որ Մասաչուսեթսի կրթության հարցերով հանձնաժողովի կողմից հրապարակված ուսումնական ուղեցույցը, որը բացահայտորեն վերաբերում էր Հայոց ցեղասպանությանը, պետք է ներառեր «ցեղասպանությանը հակակշռող» հղումներ:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկրորդ դատական գործը 2011 թվականի հունվարի 26-ին դաշնային դատավոր Քոլին Քոլար-Քոթելիի` Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի և հուշարձանի գործով վճիռն էր: Իր որոշման ներածական պարբերությունում դատավոր Քոլար-Քոթելին մեջբերեց Ադոլֆ Հիտլերի սոսկալի բառերը. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»: Նա բացատրեց, որ Հիտլերն ի նկատի ուներ «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրենց պատմական հողերի վրա ապրող հայկական բնակչությունը վերացնելուն ուղղված Օսմանյան Թուրքիայի կառավարության բավականաչափ հաջող ջանքերը, որն այսօր հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն»: Դատավորը տողատակում նշում է, որ «Դատարանի կողմից «ցեղասպանություն» եզրի օգտագործումը նպատակ չունի արտահայտել որևէ կարծիք այդ պիտակի պատշաճության մասին»:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ դատական երրորդ հղումը կատարվել է 2012 թվականի մայիսի 3-ին երեք դատավորի կազմով հանդես եկող ութերորդ շրջանի վերաքննիչ դատարանի կողմից, երբ մերժեց Ամերիկայի թուրքական կոալիցիայի հայցն ընդդեմ Մինեսոտա նահանգի: Դատավորները, միաձայն որոշմամբ, միանշանակ և առանց որակումների անդրադարձան Հայոց ցեղասպանությանը` նկարագրելով այն, որպես «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանություն»:

ԱՄՆ կառավարության բոլոր երեք անկախ մարմինները վերահաստատելով Հայոց ցեղասպանության փաստը` Միացյալ Նահանգներն իր արդարացի տեղը զբաղեցրեց առաքինի ազգերի շարքում, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Փաստորեն, շատ առումներով, Միացյալ Նահանգները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում ունի շատ ավելի համապարփակ դիրքորոշում, քան բազմաթիվ այլ երկրներ, որոնք պարզապես ընդունել են այս հարցի վերաբերյալ օրենսդրական որոշում:

 

 Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր