Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԵՆՔ ՄԵԶ ՉՊԻՏԻ ԹՈՒՅԼ ՏԱՆՔ ՇՌԱՅԼՈՐԵՆ ԾԱԽՍԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ՚

ԼՂՀ նախագահի թեկնածու Արկադի ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ հունիսի 22-ին հրավիրած մամլո ասուլիսում ներկայացրեց իր նախընտրական ծրագրի առանցքային  հիմնադրույթները, ուղղություններն ու նպատակը։ Պետականության հզորացում, ազատության, արդարության, համերաշխության և օրենքի վրա հիմնված հասարակության կառուցում. այս գաղափարների վրա է հենվում թեկնածուի նախընտրական ծրագիրը։ 
Ա. Սողոմոնյանին, նախևառաջ, չեն գոհացնում մեր երկրի զարգացման տեմպերը։ Նախորդ տարիներին իրականացվել են լայնածավալ աշխատանքներ, բայց կան ոլորտներ, որոնցում առկա են լուրջ թերացումներ։ Գոհացուցիչ չէ մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքի ցուցանիշը. հասարակության մի զգալի մասն ապրում է աղքատության մեջ, գործազրկության մակարդակը դեռևս բարձր է։ Ցավալի է հատկապես արտագաղթը, որին չի կարելի ուշադրություն չդարձնել. աշխատանք փնտրելու համար երիտասարդը ստիպված մեկնում է արտերկիր։ Կառավարությունը, ըստ թեկնածուի, թույլ է տվել մի շարք բացթողումներ կրթության բնագավառում, կադրային քաղաքականության մեջ, ֆինանսական ոլորտում։ Ամենալուրջ խնդիրը կադրային քաղաքականությունն է. կառավարությունում այդպես էլ չձևավորվեց արհեստավարժ թիմ, որը կարողանար ժամանակին լուծում տար երկրի առջև ծառացած հիմնահարցերին։ Հանրապետության նախագահի առաջ քաշած մի շարք ծրագրեր մնացին կիսատ։ Չկան պարենային անվտանգության ռազմավարական հստակ ծրագիր, ազգային անվտանգության հայեցակարգ, արտաքին քաղաքականության ռազմավարություն։ Նա ուշադրություն հրավիրեց երկու առանցքային խնդիրների վրա։ Առաջին՝ գիտակրթական ոլորտ, որտեղ լրիվությամբ պետք է վերացվի վճարովի համակարգը։ Երկրորդ՝ մտահոգիչ է բնակչության բուժօգնության և բուժսպասարկման այսօրվա մակարդակը։ Թեկնածուն առաջարկում է վճարովի համակարգից անցնել անվճար համակարգի։ Չունենք աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր, չկան կայացած, անկախ լրատվամիջոցներ։ Քաղաքական դաշտը կատարելագործման կարիք ունի, իսկ լրատվամիջոցները դեռևս չունեն իրենց ուրույն տեղը։ Նա հարկ համարեց խոսել նաև պետբյուջեի մասին. բարձր տոկոսով աճ է գրանցվել, բայց կառավարությունը թույլ է տվել ըստ տարիների անընդհատ ավելացնել բյուջեի դեֆիցիտը։ Դա բացասական երևույթ է։ Թեկնածուն առաջարկում է հինգ տարում պետական բյուջեի դեֆիցիտը հասցնել զրոյական մակարդակի։ 
ՙԿառավարության պահուստային ֆոնդը նախատեսված է չհաշվարկված երևույթների՝ աղետների դեմն առնելու համար,- ասաց Ա. Սողոմոնյանը,- սակայն ֆոնդից կատարվում են անթույլատրելի ծախսեր՝ մարդկանց հոբելյաններ են նշում, գիրք են տպագրում և չգիտես էլ ինչ։ Պահուստային ֆոնդի համար նախատեսված 2 միլիարդը առաջարկում եմ կրճատել երկու անգամ՝ սահմանելով խիստ հսկողություն դրա ծախսման նկատմամբ՚։ 
Նախագահ ընտրվելու դեպքում Ա. Սողոմոնյանը կստեղծի նոր կառույց՝ նախագահի վերահսկողական ծառայություն, որն ի զորու կլինի օպերատիվ կերպով վերահսկել կառավարության ամբողջ գործունեությունը և ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը։Կառաջարկի ծառայողական մեքենաների թվաքանակը կրճատել՝ հասցնելով նվազագույնի (մեկ միլիարդից ավելի ծախսեր են արվում այդ ոլորտի համար)։ 
Ըստ թեկնածուի՝ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև պետք է ստորագրվի միջպետական համաձայնագիր։ Մի քանի տարի առաջ ԱԺ-ում նման քննարկումներ անցել են, ընդ որում, նախաձեռնությունը եղել է ՀՀ-ից։ 
Նրա խոսքով՝ եթե մենք ուզում ենք, որ արտաքին աշխարհը ճանաչի ԼՂՀ-ն, ապա  առաջինը Հայաստանը պիտի ճանաչի։ 
Ընտրվելու դեպքում իր առաջնահերթ քայլերից մեկը լինելու է Սահմանադրությամբ սահմանված կարգով Ազգային ժողովի ցրումը։ Խորհրդարանը լիարժեք չի կատարում իր օրենսդրական գործառույթը, չի ազդում կառավարության տնտեսական քաղաքականության վրա։ Ա. Սողոմոնյանն առաջարկելու է կատարել օրենսդրական փոփոխություններ. պատգամավորների թվակազմը կրճատել երկու անգամ՝ դարձնելով 17, մշտական գործող 5 հանձնաժողովներով, իսկ խորհրդարանը պետք է գործի մշտական, պրոֆեսիոնալ հիմունքներով։ Նրա կարծիքով, այսօր խորհրդարանն ի վիճակի չէ վերահսկել գործադիրի գործունեությունը։  
Ներածական խոսքից հետո Ա. Սողոմոնյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ 
ՙԴուք ներկայացնում եք բավականին համարձակ նախընտրական ծրագիր, որը ենթադրում է արմատական վերափոխումներ, հետևաբար՝ լուրջ նախընտրական պայքար։ Իսկ նման պայքարին նախապատրաստվում են մի քանի տարի առաջ, գնում են համապատասխան թիմով։ Դուք միայնա՞կ եք փորձում կյանքի կոչել այդ ծրագիրը՚. մեր հարցին պատասխանելով՝ նախագահի թեկնածուն ասաց, որ ինքը բաց ճակատով է կանգնում ժողովրդի առաջ և ուզում է ծրագրային այդ հիմնադրույթները քննարկել ժողովրդի հետ։ ՙԵս փորձելու եմ իրականացնել այն պրոֆեսիոնալ թիմով։ Նմանատիպ ծրագիրը, ինչքան էլ ծանր լինի, ես կարող եմ իրականացնել՚,- համոզված հայտարարեց Ա. Սողոմոնյանը։ Ինչ վերաբերում է քաղաքական թիմին, նա հարկ համարեց շեշտել, որ մեզ մոտ կուսակցությունները կարծես նրա համար են, որ սպասեն հինգ տարի ու որոշեն, թե նախագահի որ թեկնածուին պաշտպանեն։ Շատ հաճելի կլիներ, որ այս նախագահական ընտրություններում ԼՂՀ-ում գրանցված բոլոր 10 կուսակցություններն էլ առաջադրեին իրենց թեկնածուներին։ Այդ դեպքում կորոշվեին յուրաքանչյուր կուսակցության արժեքը և ժողովրդի վստահության աստիճանը։ 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ