[ARM]     [RUS]     [ENG]

Վ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ. ԸՆՏՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՆԵՄ ԱՄԵՆ ՀՆԱՐԱՎՈՐԸ...՚

Շարունակվում է ԼՂՀ նախագահի թեկնածու  Վիտալի Բալասանյանի  նախընտրական քարոզարշավը Մարտակերտի շրջանում: Հուլիսի 12-ին նա հանդիպումներ ունեցավ մի շարք գյուղերի եւ  Մարտակերտ քաղաքի բնակիչների հետ:
Նախքան հանդիպումը՝ Վիտալի Բալասանյանը քարոզարշավի մեջ ընդգրկված բոլոր գյուղերում, Մարտակերտ քաղաքում ծաղիկներ է դրել Արցախյան պատերազմում զոհված  ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշարձաններին:
Մարտակերտ քաղաքում հանդիպումը տեղի ունեցավ Արցախյան շարժման  առաջնորդ Վիգեն Շիրինյանի անունը կրող մարզադաշտում. այստեղ թեկնածուին դիմավորեցին աղ ու հացով, նաեւ` պաստառներով:
Խոսելով իր նախընտրական ծրագրից, նախագահի թեկնածուն ներկայացրել է դրա դրույթները, անդրադարձ կատարել մարտակերտցիների ապագային։ 
- Այսօր ունենք հաղթանակած Մարտակերտ, եւ, ընտրվելու դեպքում, կանեմ ամեն հնարավորը մեր հերոս ժողովրդին  բարեկեցիկ կյանք ապահովելու համար: Դուք  դարձյալ վերադարձել եք  հայրենիք եւ  կրկին շենացրել թշնամու կողմից  ավերված ու քանդված ձեր օջախները:  Դուք արժանի եք  ավելի բարվոք պայմաններում  ապրելու… Խոստանում եմ, ընտրվելու դեպքում,  իմ բոլոր ճիգերը գործադրել, որպեսզի Արցախի Հանրապետությունը լիարժեք ճանաչում ստանա  միջազգային հանրության կողմից: Իմ նպատակն է կյանքի կոչել մեր բոլորիս երազանքը` կառուցել ազատ քաղաքացիների  ազատ ու արդար երկիր,- ասել է Վիտալի Բալասանյանը:
Նա նշել է արցախյան հասարակության հոգեւոր եւ բարոյական հիմքերի ամրապնդման,  հայապահպանության գործին Արցախի մասնակցության, ավերված եկեղեցիների վերականգնման, ինչպես նաեւ Հայ Առաքելական եկեղեցու հետ համագործակցության մասին, ինչը կնպաստի եկեղեցիների ու վանքերի վերածննդին, գյուղատնտեսության արդյունավետ զարգացմանը, բնակչության բժշկական սպասարկման բարելավմանը:
Տեղեկացնենք, որ Վիտալի Բալասանյանի աջակցությամբ Հայաստանից  երգչախումբ էր եկել Մարտակերտ, եւ մարզադաշտում նաեւ  համերգ էր, որտեղ հայրենասիրական երգերի ներքո պարում էին մեծ ու փոքր: