[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԱՏԱՐԻ Բ. ՍԱՀԱԿՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսելով իր նախընտրական ծրագրով նախատեսվող աշխատանքներից և  նշելով, որ դահլիճում հավաքված մարդիկ վերջին 5 տարիներին հանրապետությունում իրականացված բարեփոխումների անմիջական մասնակիցներն են, ԼՂՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Բ. Սահակյանն ասաց, որ առաջիկայում ևս, ընտրվելու դեպքում, ակնկալում է նրանց օժանդակությունը՝ սկսածը շարունակելու և ավարտին հասցնելու համար։ 
Վկայակոչելով Բ.Սահակյանի կողմից ռազմավարական մի շարք  ծրագրերում արձանագրված ձեռքբերումները՝ ԼՂՀ գործարարների միության նախագահ Դ. Դադայանն ասաց, որ Գործարարների միության խորհուրդը որոշում է կայացրել ընտրություններում սատարել նրան։ Վերջին տարիներին կառավարությունն զգալի բարեփոխումներ է կատարել նաև գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, ծրագրեր մշակել ՓՄՁ սուբյեկտների զարգացման, հարկային օրենսդրության մեջ և այլն։ 
Բ. Սահակյանը կարևորում է տնտեսության զարգացման մեջ արտաքին ու ներքին ռեսուրսների ներգրավումը, ինչը պիտի արվի պետություն-մասնավոր հատված համագործակցության միջոցով։ Խոսվեց նաև արտաքին տնտեսության աշխուժացման գործիքներից, ագրոարդյունաբերության զարգացման հեռանկարներից ու միջոցներից։ Վերջին տարիներին քիչ աշխատանք չի կատարվել բանկային համակարգի զարգացման ուղղությամբ. Արցախում հայաստանյան 6 բանկերի 30 մասնաճյուղեր են բացվել, գործում է  վարկային 3 կազմակերպություն, 4 անգամ ավելացել է բանկային հաճախորդների թիվը, հետևաբար և, բանկերի եկամուտները։ ՀՀ որոշ կազմակերպությունների՝ Արցախ ներգրավվելու շնորհիվ ոլորտում որակյալ կադրային ներուժի պատրաստման և օգտագործման հնարավորություններ են ավելացել։ 
Բ. Սահակյանին ուղղված հարցադրումները բազմաթիվ ու բազմապիսի էին. անձնական հարցերի կողքին  կային նաև հասարակական հնչողություն ունեցող խնդիրներ։ Խոսվեց, օրինակ, գերեզմանատեղերի հատկացումների մասին։ Պարզվում է՝ մայրաքաղաքի հարակից տարածքներում նման տեղեր գրեթե չկան։ Բ. Սահակյանը դա իրոք լուրջ հիմնախնդիր է համարում և խոստացավ քաղաքապետարանի հետ համատեղ լուծում տալ դրան։ Հեռարձակման ոլորտում փոխհարաբերությունների, տուրիզմի զարգացման հեռանկարների ու այդ զարգացմանը խոչընդոտող պատճառների առնչությամբ նախագահի թեկնածուն տվեց հիմնավոր պատասխաններ։ 
Խոսելով տուրիզմի հնարավորություններից ու հեռանկարներից՝ Բ. Սահակյանն, այնուամենայնիվ, շատ թույլ ու ցածր է համարում սպասարկման մակարդակը։ Հիմք ընդունելով վերջին շրջանում մասնագետների կողմից կատարված վերլուծությունների ու դիտարկումների արդյունքները, նա նշեց, որ, ըստ դրանց, տուրիզմի լուրջ զարգացում ապահովելու համար պետք է 543 կետի կիրառում ապահովել. դրանց մեջ են մտնում սպասարկումը, սննդի օբյեկտների բազմազանությունը, ենթակառուցվածքների զարգացումը և այլն։ Հարցեր հնչեցին օդանավակայանի շահագործման մասին, որին պատասխանելով, Բ. Սահակյանն իրազեկեց, որ այն լրիվությամբ պատրաստ է, ինչպես և պատրաստ են օդանավերն ու անձնակազմը։ Ունենք ժամանակակից չափանիշներին համապատասխան օդանավակայան, որի ռազմավարական նշանակության և նրա հետ կապված ծրագրերի մասին ևս ներկայացվեց մանրամասն։ 
Ի պատասխան նախագահի թեկնածուի մի շարք հարցերի՝ գյուղմթերքների վերամշակմամբ զբաղվող ՙԱրցախֆրուտ՚ ՓԲԸ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ անցյալ տարի 825 հազար բանկա է պահածոյացվել, այս տարի այդ թիվը պիտի հասցվի 1 մլն-ի։ Բ. Սահակյանը հետաքրրվեց նաև շինանյութերի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններով ու նրանց խնդիրներով՝ խոստանալով իր աջակցությունը դրանց լուծման գործում, քանի որ, ըստ նրա, շինանյութերի լայն պահանջարկ կա Արցախում, ինչը կցանկանային լրացնել տեղական արտադրության հաշվին, քանի որ դրսից ներկրելը ծախսատար է և արգելակում է հանրապետությունում  թափով ընթացող շինարարությանը։
Բ. Սահակյանը հորդորեց նաև  զարկ տալ գյուղի զարգացմանը, նշելով, որ երկիրը սնող հիմնական երակը գյուղն է։
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ