[ARM]     [RUS]     [ENG]

Վ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ. ՙԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ՕՐԵՆՔԻ ԱՌԱՋ ՀԱՎԱՍԱՐ ԼԻՆԵՆ՚

Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական հանդիպումները հուլիսի 15-ին տեղի են ունեցել Ստեփանակերտում: Զարգացման ընդհանուր, բոլորի համար հասկանալի եւ ընդունելի հայեցակարգ ունենալու, մի շարք ոլորտներում բարեփոխումներ կատարելու  անհրաժեշտություն. սրանք հանդիպումների ընթացքում բարձրացված հիմնական հարցերն են եղել: Նաեւ տեղական բնույթի խնդիրներ են բարձրացվել:
Վիտալի Բալասանյանի առաջին հանդիպումը Ստեփանակերտի Ալեք Մանուկյան փողոցի վրա տեղաբաշխված հանրակացարանի բնակիչների հետ է կայացել: Արդեն տասնամյակներ շարունակ` մի քանի անգամ վթարային ճանաչված շենքում շարունակում են ապրել Ստեփանակերտի հնաբնակների տիտղոսին հավակնողներն ու նրանց ընտանիքները: Բնականաբար, այստեղ քննարկումների հիմնական թեման բնակարանային խնդիրների շուրջ էր: Որպես առկա իրողության այլընտրանք` Վիտալի Բալասանյանն իր նախընտրական ծրագիրն է մատնացույց անում: 
Ստեփանակերտի մի քանի թաղամասերում ունեցած հանդիպումների ընթացքում նախագահի թեկնածուն արդեն համապետական բնույթի խնդիրներից է խոսել: Իր ընտրվելու պարագայում Վիտալի Բալասանյանը խոստանում է ոչ թե անձերի, այլ օրենքի իշխանություն: ՙԲոլորը պետք է օրենքի առաջ հավասար լինեն՚,- կարեւորում է Վիտալի Բալասանյանը:
Նախագահի թեկնածուն խոստանում է հենց օրենքի ուժով վերացնել աշխատավարձների եւ թոշակների վերին ու ստորին սահմանների միջեւ առկա հսկայական տարբերությունը, որը նա անընդունելի է որակում, որպես հավելում ընդգծելով, որ նվազագույն աշխատավարձն ու կենսաթոշակը դեռ շատ հեռու են սպառողական զամբյուղի` տարեցտարի բարձրացող նշաձողից:
Նաեւ արտաքին քաղաքականության խնդիրներ են բարձրացվել: Վիտալի Բալասանյանի համոզմամբ` պաշտոնական Ստեփանակերտը պետք է օր առաջ ներկայացնի իր մոտեցումները կարգավորման գործընթացի առթիվ եւ այդ մոտեցումները հիմք ընդունելով էլ` անմիջականորեն մասնակցի բանակցային գործընթացին: Իսկ դրանից առաջ Վիտալի Բալասանյանն անհրաժեշտ է համարում պայմանագրով հստակեցնել հայկական երկու հանրապետությունների հարաբերությունները: ՙԱրցախի եւ Հայաստանի հանրապետությունների հարաբերությունները պետք է կարգավորվեն ոչ թե երկրների ղեկավարների լավ կամ վատ հարաբերություններով, այլ հստակ փաստաթղթով, որով կառաջնորդվեն բոլոր նախագահները՚,- ասում է նախագահի թեկնածուն:
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ