[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻ ԳՈՐԾ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ԱՄՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆ

Առաջին անգամ է, որ ԱՄՆ Գերագույն դատարանի քննությանն է ներկայացվում Հայոց ցեղասպանությանն անուղղակիորեն վերաբերող բողոքը։ 2003 թվականին դատավարությունը սկսվելուց ի վեր՝ տարբեր դաշնային դատարաններ հակասական դիրքորոշումներ են ընդունել այս գործի վերաբերյալ։
Ներկայացնենք գործի համառոտ նախապատմությունը։ 2000 թվականին Կալիֆոռնիայի օրենսդիր մարմինն ընդունեց մի օրենք (Կալիֆոռնիայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 354.4 բաժին), որի համաձայն Հայոց ցեղասպանության զոհերի կամ նրանց ժառանգների կողմից՝ 1875-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում ապրողներին ապահովագրերի հետ կապված պահանջների վաղեմության ժամկետը երկարաձգվում էր սկզբում մինչև 2010 թվականը և ապա՝ 2016 թվականը։
 2003  թվականի դեկտեմբերին Կալիֆոռնիայի մի քանի հայ պահանջատերեր խմբային հայց ներկայացրեցին ԱՄՆ-ի դաշնային դատարան ընդդեմ գերմանական ապահովագրական ընկերությունների, որոնք հրաժարվում էին վճարել Օսմանյան կայսրությունում իրենց նախնիների կողմից գնված կյանքի ապահովագրերի հասույթը։ Թուրքիայի կառավարության կողմից սատարվող գերմանական ընկերությունները ներկայացրեցին հայցադիմումի առարկություն և փորձեցին կարճել վարույթը։ Նրանք պնդում էին, որ դատավարությունը թույլատրող Կալիֆոռնիա նահանգի օրենքը հակասահմանադրական է, քանի որ Հայոց ցեղասպանությանը հղում կատարելը հակասում էր դաշնային կառավարության մենաշնորհային քաղաքականությանը։   
2007 թվականի հունիսի 6-ին, երբ Դաշնային շրջանի դատարանը մերժեց ապահովագրական ընկերությունների պահանջը, նրանք բողոքարկեցին այդ որոշումը Իններորդ շրջանի դատարան, որը գործը լսում էր երեք դաշնային դատավորների կազմով։ 2009 թվականի օգոստոսի 20-ին, 2 կողմ և 1 դեմ ձայնով դատավորները որոշում կայացրեցին, որ Կալիֆոռնիայի օրենքը հակասում է Գործադիր մարմնի արտաքին քաղաքականության մենաշնորհային իրավասությանը։ Հայ պահանջնատերերը  խնդրեցին, որ միևնույն երեք դատավորների կազմով դատարանը գործը նորից լսի։ 2010 թվականի դեկտեմբերի 10-ին դատավորների մեծամասնությունը որոշում ընդունեց, որ Կալիֆոռնիայի օրենսդրությունը չի խախտում արտաքին քաղաքականության սկզբունքը։
Դժգոհ լինելով իրադարձությունների նման շրջադարձից՝ գերմանական ընկերությունները բողոքարկեցին վճիռը Իններոդ շրջանի դատարանին ամբողջ կազմով քննելու համար։ 2012 թվականի փետրվարի 23-ին դատարանը, 12 դաշնային դատավորների կազմով, միաձայն որոշում կայացրեց, որ Կալիֆոռնիայի օրենքը հակասահմանադրական էր, քանի որ ՙայն խոչընդոտում է դաշնային կառավարության արտաքին քաղաքականության բացառիկ իրավասությունը՚։ Հիմք ընդունելով ՙհազվադեպ կիրառվող՚ ՙմենաշնորհյալ ոլորտի՚ սկզբունքը՝ դատարանը վճռեց, որ 354.4 բաժինը հակասահմանադրական է ոչ այն պատճառով, որ այն հակասում է դաշնային կառավարության կոնկրետ գործողություններին, այլ որ առնչվում է դաշնային բացառիկ պատասխանատվության մի ոլորտի, հատկապես արտաքին հարաբերությունների հետ։
2012 թվականի հունիսի 22-ին ՙՓոլ Հեյստինգս՚ ՍՊԸ-ից Իգոր Տիմոֆեևը՝ հայ հայցվորների դատապաշտպանը, խնդրեց ԱՄՆ Գերագույն դատարանին վերանայել գործը։ Նա պնդեց, որ ՙսա հիանալի միջոց է արտաքին գործերի նախապատվության սկզբունքը՚ հստակեցնելու  համար և որ ՙԻններորդ շրջանի կողմից ՙոլորտի նախապատվության սկզբունքի անհիմն ընդլայնումը…կվտանգի նահանգային իրավասության ավանդական ոլորտներին վերաբերող նահանգների բազմաթիվ օրենքներին՚։ Հղում կատարելով Կոնգրեսի և գործադիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը սատարող հայտարարություններին՝ Տիմոֆեևը մատնանշեց, որ ԱՄՆ կառավարությունը ոչ միայն չի առարկել տարիներ շարունակ տարբեր նահանգների կողմից ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևերին, այլ նաև իրականում ողջունել է դրանք, ինչպես դա արեց Նախագահ Օբաման 2012 թվականի ապրիլի 24-ի իր հայտարարությունում։
Մինչդեռ, մեկ այլ գործով Գերագույն դատարանի վճիռը հավանաբար կնպաստի հայկական պահանջի հեռանկարներին։ Տիմոֆեևի կողմից հայցադիմումը ներկայացնելուց մի քանի օր հետո Գերագույն դատարանը վճիռ կայացրեց Արիզոնայի օրենսդրության վերաբերյալ, որն առնչվում էր ապօրինի ներգաղթողներին։ Արիզոնայի գործը բարձրացրեց հենց այն հարցը, որը գտնվում է Իններորդ շրջանի դատարանի՝ հայկական ապահովագրերի վերաբերյալ որոշման կենտրոնում. հատկապես, նահանգի մի օրենք, որը կարող է անուղղակիորեն ազդել արտաքին հարաբերությունների  որոշ հարցերի վրա, արդյո՞ք ենթակա է ՙոլորտի նախապատվության սկզբունքին՚ նույնիսկ տվյալ հարցում դաշնային գործունեության բացակայության պարագայում։
Արիզոնայի գործով որոշում կայացնելիս՝ մի քանի դատավորներ գտան, որ Արիզոնայի օրենսդրությունում չկա նախապատվության հարց։ Նույնիսկ դատավորների մեծամասնությունը, ովքեր գտան, որ Արիզոնայի օրենսդրության պարագայում որոշակի նախապատվության հարց գոյություն ունի, խիստ սահմանափակեցին ոլորտի նախապատվության սկզբունքի կիրառումը։ Հատկապես դատարանը որոշեց, որ  թեև նահանգները չեն կարող գործել այն ոլորտում, որտեղ դաշնային կառավարությունն ունի ՙամբողջական՚ ՙմիասնական և համապարփակ՚ կարգավորիչ համակարգ, նրանք կարող են այդպես վարվել այն դեպքերում, երբ դաշնային կառավարությունն արտահայտել է միայն ՙմասնակի մտահոգություն՚ կամ ՙոչինչ չի արել թելադրելու համար՚, որ նահանգների համար այդպես վարվելը ՙնպատակահարմար չէ՚։
Այս փաստարկներն ուժեղ հիմնավորումներ են Իններորդ շրջանի կողմից հայկական ապահովագրական պահանջների վերաբերյալ ընդունված որոշումը շրջելու համար։ Այդ կետն անկասկած կպնդեն հայցվորները Գերագույն դատարանում և Հայ իրավաբանների միության և այլոց կողմից ներկայացված աջակցողական դիմումներում։
Այս դատավարությունը հիմնականում վերաբերում է վավեր ապահովագրական պահանջների չվճարմանը և ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Գերմանական ապահովագրական ընկերություններն ամոթաբար շահագործում են ցեղասպանության հարցը պարզապես խուսափելու համար ապահովագրական պահանջ ունեցողներին երկար ուշացված ապահովագրավճարները վճարելուց։
Այս պահին հայտնի չէ, թե արդյո՞ք Գերագույն դատարանը կքննի այս բողոքը, քանի որ տարեկան կտրվածքով շատ քիչ քանակությամբ գործեր է քննության առնում։ 
 
 Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
ՙԿալիֆոռնիա Կուրիեր՚ 
թերթի խմբագիր