[ARM]     [RUS]     [ENG]

ՙԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԼՈՒՐՋ ՓԱՍՏԱՐԿՆԵՐ՚

 

ANGL._RUZAN.jpgՏարածաշրջանում, սակայն, միախառնվում են փողն ու քաղաքականությունը

Ստեփանակերտի թիվ 7 հիմնական դպրոցում տեղակայված 33-րդ ընտրական տեղամասում հանդիպեցինք Մեծ Բրիտանիայից ժամանած դիտորդների հետ։ Նրանք ժամի 10-ի դրությամբ ոչ մի խախտում չէին արձանագրել, դիտողություններ չունեին։ Դիտորդներն ասացին, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, մարդիկ հանգիստ ու անկաշկանդ քվեարկում են։ԱԱ՚-ի հետ զրույցում Դենիել Համիլտոնն ասաց, որ ինքը Պահպանողական կուսակցության անդամ է։ Լոնդոնում նա աշխատել է հայ համայնքի հետ, վերջին տարիներին նրան առավելապես հետաքրքրում էր Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Որոշել է գալ և տեսնել, թե ինչպես են այստեղ ապրում մարդիկ։
Ինչպե՞ս է պատկերացնում ղարաբաղյան հակամարտությունն ու կարգավորման ուղիները. հարցի առնչությամբ Համիլտոնը նշեց, որ հակամարտության կարգավորման գործընթացի վրա մեծ գումարներ են այսօր ծախսվում։ Նման պարագայում ամենալավը, որ կարող է անել Լեռնային Ղարաբաղը, այն է, որ այսօր ցույց տա աշխարհին ազնիվ ու արդար ընտրություններ։ Այդ հնարավորությունը նա ունի։ Ադրբեջանին դա բացարձակապես չի հերիքում։ Իր նպատակին հասնելու համար Ղարաբաղն արգելքներ պետք է հաղթահարի, քանզի անկախության իրավական ճանաչումն այս պարագայում այնքան էլ դյուրին գործընթաց չէ։ ՙՂարաբաղի ժողովրդի հիմնական խնդիրն է միջազգային հանրության ուշադրությունը մշտապես կենտրոնացած պահել Ղարաբաղի վրա, որպեսզի եվրոպացիներն իրենց աչքերով տեսնեն այն ամենը, ինչ կատարվում է այստեղ։ Իմ համոզմամբ, տեղեկատվության բացակայությունը, ինչպես նաև ապատեղեկատվությունն անում են իրենց գործը, այդ իսկ առումով միջազգային կառույցների ուշադրությունը պետք է սևեռեք ձեր երկրի վրա, որպեսզի նրանք հաճախակի լինեն այստեղ։ Գան ու համոզվեն, որ դուք զարգացնում եք  ձեր երկիրը՚։

Դ. Համիլտոնի խոսքով, պետք է աշխարհին ազդանշան տալ, որ գան ու տեսնեն, թե ինչպես են ադրբեջանցիները Նախիջևանում հայկական խաչքարեր ոչնչացնում։ Միջազգային հանրությունը պետք է տեսնի, որ Աղդամում մզկիթը շարունակում է կանգուն մնալ, իսկ Ադրբեջանում հակառակ պատկերն է. մարդիկ ոչնչացնում են հայկական պատմության և մշակույթի արժեքները։ Միջազգային հանրության մոտ պետք է համոզմունք ձևավորվի. այս տարբերությունը աշխարհը պետք է զգա։

Դենիելի հետ դիտորդական առաքելություն էր իրականացնում նրա հայրը՝  իրավագետ Ուոլս Համիլտոնը։ Նա ոչ մի քաղաքական կուսակցություն չի ներկայացնում, նրան հետաքրքրում են աշխարհի ամենատարբեր քաղաքական համակարգերը։ Այդ տեսանկյունից է նա մոտենում  իրողություններին։

Միջազգային իրավունքը թույլ է տալիս ժողովրդին՝ ինքնորոշվելու և ազատ տնօրինելու իր ճակատագիրը։ Եվրոպացի իրավաբանի կարծիքով, ի՞նչն է խանգարում այսօր Ղարաբաղի իրավական ճանաչմանը։ Ու. Համիլտոնը նշեց, որ խնդիրը ոչ այնքան իրավական շրջանակներում պետք է տեսնել, որքան՝  քաղաքական։ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շուրջ, այսպես ասած, միախառնվում են փողն ու քաղաքականությունը։

ՙՀարավային Կովկասում հնարավոր չէ կիրառել այն, ինչ հնարավոր է Եվրոպայում։ Կոնկրետ մեր պարագայում միանգամայն այլ իրավիճակ է, այլ հարթությունում են Մեծ Բրիտանիա-Շոտլանդիա հարաբերությունները։ Սակայն այստեղ կան  ավելի լուրջ փաստարկներ, անկախության ճանաչման հասնելու ավելի ծանրակշիռ հիմքեր։  Բանն այն է, որ եվրոպական նախադեպերը դժվար է այստեղ կիրառել։ Կարող եմ ասել, որ ձեր երկրի համեմատությամբ Աբխազիայում և Հարավային Օսիայում այդ բազան այնքան ուժեղ չէ։ Ուղղակի այստեղ խնդիրներն ուրիշ են՚,-  համոզմունք հայտնեց բրիտանացի իրավագետը։

 

 

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ