[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԿԱԴԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆ ԻՐԵՆ ՏԵՍՆՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՔԻՆ

altՀուլիսի 19-ին, ժամը 12-ին Ստեփանակերտի թիվ 4 ընտրական տեղամասում քվեարկեց ԼՂՀ նախագահի թեկնածու Արկադի Սողոմոնյանը՝ տիկնոջ և որդու հետ։  Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ քվեարկել է Արցախի բարեկեցիկ ապագայի և ազատության, արդարության, համերաշխության համար։ Արցախը  նախագահի թեկնածուն տեսնում է բավականին զարգացած, քաղաքակիրթ, բնակչության սոցիալական հիմնահարցերին լուծում տրված։

Պարտվելու դեպքում Ա. Սողոմոնյանն ինչպե՞ս է շարունակելու իր քաղաքական պայքարն այն ծրագրի համար, որը ներկայացրել է հանրությանը։ Նա չի գտնում, որ որևէ թեկնածու պետք է պարտվի։ Հաղթողը միշտ լինում է ժողովուրդը։ Եվ շեշտեց, որ ինքը ներկայացրել է համաժողովրդական ծրագիր, որը վերաբերում է արցախահայությանը։ Ըստ նրա,  այդ ծրագրի իրականացումը հրատապ խնդիր է։ Եթե վստահության քվեն ստանա ուրիշը, ապա պարզ է, նրա ծրագիրը պետք է կյանքի կոչվի։
Շարունակելո՞ւ է, արդյոք, իր քաղաքական պայքարը հարցին Ա. Սողոմոնյանը դրական պատասխան տվեց։ Կլինի իշխանության կողքին, իրեն համարում է պետականամետ գործիչ։ Նրա խոսքերով, իր համար ընդունելի չէ այն, երբ մարդ պարտվելուց հետո միանգամից անցնում է ընդդիմության շարքերը, իսկ պաշտոն ստանալուց հետո դառնում դիմության ներկայացուցիչ։ Նա  բացասական երևույթներին  վերաբերվելու է որպես ընդդիմադիր, իսկ մեր պետականության ամրապնդմանը նպաստող դրական տեղաշարժերը, կողջունի։
ՙԻմ քարոզարշավի ժամանակ մշտապես հայտարարել եմ, որ նախագահի հենարանը պետք է լինի ժողովուրդը, իսկ վերջինս ում էլ որ տրամադրի իր վստահության քվեն, պատրաստ եմ շնորհավորել և կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին՝ համախմբվել ընտրված նախագահի շուրջը։ Մեր երկիրը պետք է զարգացնել արագ, որովհետև սպասելու ժամանակ չունենք։
Երկրին անհրաժե՞շտ են այլընտրանքային ծրագրեր ու մոտեցումներ. հարցի առնչությամբ թեկնածուն ասաց, որ այլընտրանքը միշտ էլ երկրին անհրաժեշտ է։ Այն  հնարարավորություն է ընձեռում երկրում բոլոր հարցերը քննարկել համալիր ձևով։ Այլընտրանքը զարգացման շարժիչ ուժ է. այն նաև թույլ կտա ավելի արագ տեմպերով  ապահովել երկրի առաջընթացը։ Եթե կա ընդդիմադիր մտածելակերպ, եթե կա այլակարծություն, ապա դրանք նպաստելու են առկա խնդիրների արագ լուծմանը։    

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ