[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾ ԿՈՒՆԵՆԱ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԸՆՏՐՎԱԾ ՄԱՐԴՈՒ ՀԵՏ

 

 

4_GRUPPA_MEGDUNARODNOGO_EKSPERT_SHENTRA.jpgԱրձանագրում է Ընտրական համակարգերի եվրոպական կենտրոնը 

ԼՂՀ  ԿԸՀ առընթեր մամլո կենտրոնում հուլիսի 20-ին, ժամը 11.30-ին տեղի ունեցավ Ընտրական համակարգերի եվրոպական կենտրոնի մամլո ասուլիսը, որի ժամանակ կենտրոնի անդամները (Գերմանիա, Հունգարիա, Չեխիա, Իսրայել) ներկայացրին ԼՂՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ իրենց եզրակացությունը։ Եզրակացության մեջ նշված է, որ Ղարաբաղ ժամանելուց հետո անմիջապես ծանոթացել են ԼՂՀ Ընտրական օրենսգրքին և Սահմանադրությանը։ Ընտրություններից մեկ օր առաջ՝ լռության օրը, կենտրոնի ներկայացուցիչները չեն արձանագրել քարոզչության փաստեր, ինչը հաստատվել է ԼՂՀ նախագահի թեկնածուների կողմից։ Հանրապետության ղեկավարության շահագրգռվածությունը ժողովրդավարական ընտրությունների անցկացման հարցում ակնառու է, ինչի հավաստումն է միջազգային դիտորդների մեծաքանակ  խմբի հրավիրման փաստը։ Գոհունակություն հայտնեցին ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակիցներին՝ միջազգային դիտորդների աշխատանքի համար պայմաններ ապահովելու առնչությամբ։ Քվեարկության օրը Ընտրական համակարգերի եվրոպական կենտրոնի անդամները եղել են թվով 52 ընտրական տեղամասերում։ Ընդհանուր առմամբ, ընտրություններն անցել են ժողովրդավարական չափանիշներով, մրցակցային պայքարի և ընտրողների բարձր ակտիվության պայմաններում, լիովին համապատասխանելով միջազգային ընտրական իրավունքին։ Քվեարկության ընթացքում արձանագրվել է ընտրողների կամքի ազատ արտահայտում։ Ընտրատեղամասերում քվեների հաշվումը, ընտրությունների արդյունքների նկատմամբ վերահսկումը համահունչ են եղել միջազգային նորմերին։ Դիտորդական առաքելությունը գոհունակություն է հայտնում այն փաստի առիթով, որ քվեարկության ընթացքում խախտումներ չեն եղել։ Չնայած որոշ ընտրատեղամասերում տեխնիկական բնույթի խախտումներ են տեղ գտել, մասնավորապես մարդկանց կուտակումներ և ընտանեկան քվեարկության դեպքեր, այդուհանդերձ, ԼՂՀ նախագահի ընտրությունները ընթացել են հաջող, իսկ տեղ գտած տեխնիկական անհարթությունները չեն կարող ազդել ընտրությունների լեգիտիմության վրա։ Եզրակացության համաձայն, Կենտրոնի անդամների կողմից ընտրակեղծիքների դեպքեր չեն արձանագրվել։ 
Կենտրոնի փորձագիտական խմբի կարծիքով, ԼՂՀ նախագահի 2012թ. ընտրությունները կայացել են։ Դրանք ժողովրդավարական են և վկայում են հանրապետության քաղաքացիների կամքի ազատ արտահայտման մասին։ Ու նաև  լիովին համապատասխանում են ընտրական իրավունքի  միջազգային նորմերին։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Աննա Չուրդովան ասաց, որ լիարժեք տեղեկատվություն է ստացել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև հնարավորություն է ունեցել հետևել ընտրությունների ընթացքին։ Ընտրական տեղամասերում կատարված աշխատանքն արժանի է հիացմունքի։ Ա. Չուրդովան ընդգծեց նաև քվեների թափանցիկ հաշվումը։ 
ՀՀ-ում և Վրաստանում Իսրայելի առաջին դեսպան Բարուխ Բեն Ներիան, խոսելով իր նկատառումների մասին, նշեց, որ իշխանությունները բոլոր ջանքերը գործադրել են, որպեսզի ընտրություններն անցնեն թափանցիկ, իսկ դիտորդների աշխատանքը լին  արդյունավետ ու հարմար։ Ընտրությունների ժամանակ խախտումներ ու միջադեպեր չեն նկատվել։ Ընտրական հանձնաժողովի անդամները հստակ պատկերացնում էին իրենց պարտականությունները։ Եղել են նաև թերություններ.  քաղաքացին ընտրատեղամաս է եկել երկու անձնագրով, որից մեկն անվավեր էր։  Այն տեղամասերում, որտեղ իրենք շրջել են, քվեարկողների մասնակցությունը կազմել է 55-60 տոկոս։ Բոլոր տեղամասերում ներկա են եղել իրավապահ համակարգի ներկայացուցիչներ։ Դիտորդը խորհուրդ տվեց բարեկարգել շրջկենտրոնը հեռավոր գյուղերին միացնող գլխավոր ճանապարհները։   
Հունգարիայի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ, քաղաքագիտության պրոֆեսոր Լասլո Կեմենի համոզմամբ, ԼՂՀ նախագահի ընտրությունները ցույց տվեցին, որ երկիրը ճանաչված է իր ժողովրդի կողմից։ Ընտրությունները միաժամանակ հաստատեցին, որ այս ժողովուրդը հովանավորների կարիք չունի. անհրաժեշտություն չկա ենթարկվել այն գերտերություններին, որոնք փորձում են իրենց շահը տեսնել տարածաշրջանում։ 
Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ ժողովուրդը մեծ էնտուզիազմով մասնակցեց ընտրություններին. Բարձր ակտիվությունը վկայում է այն մասին, ժողովուրդը իրենն է համարում այս երկիրը։
Հանդիպելով թեկնածուների հետ՝ Լ. Կեմենը տպավորություն է ստացել, որ նրանք հասարակ քաղաքացիներ են, և երբ նրանց հարրցրել է, թե հետագայում ինչպիսիք  կլինեն հարաբերությունները, պատասխանը հնչել է միանշանակ՝ ՙԱշխատելու ենք միասին՚։ Շատ կարևոր է, որ այստեղ մրցակիցները կարողանում են աշխատել միասին։
Ընտրական համակարգերի եվրոպական կենտրոնի ներկայացուցիչ, Կենտրոնական Եվրոպայի քաղաքական դիտարկումների խմբի համանախագահ Ալեքսանդր Լուրիեն, համակարծիք լինելով իր գործընկերների ասածին, ավելացրեց, որ ղարաբաղյան օրենսդրությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Դրա հետ մեկտեղ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ օրենքով նախատեսված չեն հնարավորություններ տարեցների, հաշմանդամների քվեարկությունն ապահովելու համար։ Այդ կարգի քաղաքացիների քվեարկությունը, ինչ-որ տեղ դժվար է մյուս կողմից, այսպես ասած, ընտանեկան քվեարկության համար բարենպաստ հող է ստեղծվում։ Գաղտնի և անձնական քվեարկությունը կարող է կասկածի տակ դրվել, ինչը ցանկալի չէ։ Ընդհանուր առմամբ, օրենքը նա գնահատեց լավ մտածված, ընտրությունները՝ բարեհաջող կազմակերպված, այնպես որ, շատ պետություններ կարող են օրինակ վերցնել Ղարաբաղից։
Կենտրոնի անդամներից մեկի խոսքով, մի՞թե ԵԱՀԿ-ին կամ մյուս միջազգային կազմակերպություններին ձեռք կտար այն վիճակը, որ երկրում բացակայեն  քաղաքացիական հասարակության ինստիտուտները, որ երկրում անկարգություններ լինեն և տիրի անվերահսկելի մթնոլորտ։ Հակառակը, այս իրադրությունում, միջազգային կառույցներին ձեռք է տալիս այստեղ տեսնել ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ, թեկուզև՝ չճանաչված պետության, ով իրավունք կունենա ժողովրդի անունից ստորագրել այս կամ այն փաստաթուղթը։ Ինչո՞ւ չճանաչել այս ժողովրդավարական ակտը։
Հույս հայտնեցին, որ ԼՂ ներկայացուցիչները կդառնան խաղաղ բանակցությունների սուբյեկտ, և միջազգային կառույցները կհամոզվեն, որ ժողովրդավարական ճանապարհով ընտրված մարդու հետ գործ ունենալը ամենալավ տարբերակն է։ 
    

 

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ