[ARM]     [RUS]     [ENG]

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԽՈՒՄԲՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼ Է ԼԵԳԻՏԻՄ

28.jpgՀուլիսի 20-ին՝ ժամը 11-ին մամլո ասուլիս հրավիրեց ԼՂՀ նախագահի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած՝ Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը։
Պատվիրակության ղեկավար, ԱՊՀ երկրների ինստիտուտի բաժնի պետ Միխայիլ Ալեքսանդրովը,  ողջունելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին, նշեց, որ խմբի մեջ ընդգրկված է 16 հոգի՝ հիմնականում քաղաքագետներ, ՌԴ Պետդումայի և Հանրային պալատի անդամներ։ 
Դիտորդական առաքելություն իրականացրած խմբի կողմից պատրաստված հայտարարությունը  ներկայացրեց ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ալեքսանդր Բալբերովը։ Խմբի անդամները հատկապես նշել են ընտրությունների նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև՝ արդյունքները հաշվելու թափանցիկության մասին։ Ռուսաստանցի դիտորդներն այցելել են մեծ թվով ընտրական տեղամասեր՝ ընդգրկելով հանրապետության բոլոր վարչական շրջանները։ Խմբի անդամներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալ Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքին, ձայները հաշվելու գործընթացին։ Նշվեց, որ ԼՂՀ-ում նախագահական ընտրություններն անց են կացվել քաղաքական բարձր մրցակցության, զանգվածային լրատվամիջոցների համար ստեղծված հավասարության պայմաններում։
Ընտրական հանձնաժողովների աշխատանքում նկատված մի քանի թերություններ, որ արձանագրվել են խմբի անդամների կողմից, ավելի շատ կազմակերպատեխնիկական բնույթ էին կրում։ Ընտրական հանձնաժողովների անդամների և տեղական իշխանությունների նախաձեռնությամբ դրանք շուտափույթ  վերացվել են։
Ա. Բալբերովի ներկայացմամբ՝ ռուսաստանցի դիտորդներն անցկացված  ընտրությունների փուլերը դրական են գնահատում։ Ընտրողները քվեարկել են անձամբ։ Ինչ-որ միջադեպ կամ խախտում, որը կարող էր ազդել ընտրողների ազատ կամարտահայտության վրա, առաքելություն իրականացնող խմբի կողմից չեն արձանագրվել։ Դիտորդները հնարավորություն են ունեցել առանց խոչընդոտների ծանոթանալ ընտրությունների հետ կապված փաստաթղթերին, քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովների որոշումներին, նիստերի արձանագրություններին։ 
Քվեարկության արդյունքներով Ռուսաստանի դիտորդական խումբը  հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրությունները ճանաչել է լեգիտիմ, թափանցիկ, ազատ, բաց, ժողովրդավարական, արդարացի՝ ամբողջությամբ  համապատասխան հանրապետության Ընտրական օրենսգրքին և ժողովրդավարական տեսանկյունից՝ միջազգային չափանիշներին։
ՙԼՂՀ նախագահի 5-րդ ընտրությունները՝ այլընտրանքային սկզբունքով, երեք թեկնածուների մասնակցությամբ, վկայում են ժողովրդավարական ընտրությունների ինստիտուտի ամրապնդման հետագա գործընթացի, քաղաքացիական հասարակության զարգացման մասին։ Ընտրողների ակտիվությունը, նրանց մոտիվացիան և քաղաքացիական դիրքորոշումը վկայում են ժողովրդավարական գործընթացում ներգրավվածության մասին՚,- ասաց Ա. Բալբերովը։
Խմբի անդամները հատկանշեցին կայացած ընտրությունների կարևոր նշանակությունը  ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի ձևաչափում, ինչպես նաև ամբողջությամբ վերցրած՝ ԼՂՀ իշխանությունների արդյունավետ գործունեության համար։ Ջանքերն՝ ուղղված ժողովրդավարական, կատարելագործված ընտրական համակարգ ունենալուն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության կողմից պահանջում են համարժեք ուշադրություն,  ինչը կնպաստի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ, արագ կարգավորմանը, տարածաշրջանում ամուր, կայուն խաղաղության հաստատմանը։
Մամլո ասուլիսի մասնակիցների հարցերին պատասխանեցին Ռազմական կանխատեսումների կենտրոնի աշխատակից, ՌԴ ԳԱ թղթակից անդամ Անատոլի Ցիգանոկը, ՌԴ Հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը, Պետդումայի պատգամավոր Իվան Սուխարևը։
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ