[ARM]     [RUS]     [ENG]

Ա. ՂՈՒԼՅԱՆ. ՙԻՇԽԱՆԱԿԱՆ ԹԵՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ՚

DSC_1236.jpgԸնտրությունների օրը ՙԱզատ Արցախի՚ ստեղծագործական խումբը նույնպես ընտրատարածքներում էր, ընտրողների ու դիտորդների հետ, և մենք անձամբ համոզվեցինք գործընթացի  կազմակերպվածության բարձր մակարդակի հարցում։ 
Մենք այցելել էինք Ստեփանակերտի թիվ 10, 16, 17 և 33 ընտրատեղամասեր, զրուցել հանձնաժողովների նախագահների, տեղերում աշխատող վստահված անձանց, դիտորդների, ընտրողների հետ։
Առավոտյան ժամը 8-ից մինչև ժամը 13.00-ը մեր այցելած ընտրատեղամասերում որևէ թերություն չէր արձանագրվել, բացառությամբ թիվ 16-ի, որտեղ մեկ ընտրողի անուն ցուցակներում չէր եղել, ինչը կարճ ժամանակաընթացքում վերականգնվել է, և նա կարողացել է քվեարկել։ Այդ 4 ընտրատեղամասերում աշխատող 3 թեկնածուների ներկայացուցիչներն էլ (նրանցից միայն մեկ ընտրատեղամասում  ներկայացված չէր Ա.Սողոմոնյանի վստահված անձը) որևէ օրինախախտում կամ ճնշում որևէ ընտրողի ընտրական իրավունքի նկատմամբ չէին արձանագրել։ Սա երևի ԼՂՀ առաջին ընտրություններն էին, որտեղ զարմանալիորեն լավ էին կազմված նաև ընտրացուցակները (նախորդ բոլոր ընտրություններում  բազմաթիվ սխալներ են եղել՝ ընդհուպ մինչև մահացած անձանց այդ ցուցակներում ընդգրկելը)։
Ինչ վերաբերում է ընտրողների ակտիվությանը, ապա այս առումով էլ իրավիճակը վատ չէր, չնայած տեղացած անձրևին, նախնական տվյալներով՝ ժամը 15.00-ի կողմերը ընտրողների մոտ 50%-ն արդեն քվեարկել էր։ Թիվ 10 տեղամասում (3-րդ դպրոց) 1396 ընտրողներից 12.30-ի դրությամբ մոտ 500 մարդ արդեն քվեարկել էր։ 
Մինչև ժամը 12.00-ն մամուլի կենտրոնում շարունակվում էին բրիֆինգներ, ճեպազրույցներ միջազգային ու տեղական դիտորդների հետ, ԿԸՀ-ն պարբերաբար հաղորդում էր տվյալներ՝ ընտրություններին քվեարկողների մասնակցության վերաբերյալ։ Ժամը 9.30-ին մեկնաբանություններով հանդես եկավ նաև ԼՂ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ, ոստիկանության մայոր Ֆելիքս Հարությունյանը, որը ներկայացրեց հաղորդագրություն քվեարկության ընթացքում հասարակական կարգի պահպանման մասին։
Նա նշեց, որ ոստիկանությունը, որն այդ ժամանակ ծառայություն էր իրականացնում ԿԸՀ-ում, տեղամասային ընտրական հանձնաժողովներում, ընտրական տեղամասերում, իր պարտականությունները կատարել է պատշաճ մակարդակով։ Լրագրողների հարցին՝ կապված ընտրական մի քանի տեղամասերում Վիտալի Բալասանյանի վստահված անձանց կողմից արձանագրված խախտումների ու  Աստղաշենում   տեղի ունեցած միջադեպի (ըստ տվյալների՝ Վ. Բալասանյանի վստահված անձի նկատմամբ բռնություն է կիրառվել) մասին, Ֆ. Հարությունյանը նշեց, որ ոստիկանությունը, ԿԸՀ-ից ստանալով այդ տեղեկատվության մասին փաստաթղթերի փաթեթը, բոլոր համապատասխան տվյալներն ի մի է բերել և ուղարկել Ասկերանի շրջանի դատախազություն՝ ճշտելու։
ՙԱյսօրվա դրությամբ՝ հասարակական կարգի խախտման այլ փաստեր չենք ստացել՚,- ասաց նա։
Ինչևէ, փոքրիկ թերությունները չխոչընդոտեցին ընտրությունների ընթացքին, և  73,43% քվեարկության արդյունքներով՝ ԼՂՀ նախագահական ընտրությունները կայացան։
Ի՞նչ տրամադրությամբ և ի՞նչ ակնկալիքներով են մեր ընտրողները դուրս եկել ընտրությունների, փորձեցինք պարզել նրանց հետ փոքրիկ ճեպազրույցներում։
 
Աշոտ ՂՈՒԼՅԱՆ,  ԱԺ նախագահ. 
- Ընտրություններին ներկայացել եմ շատ բարձր տրամադրությամբ։ Եվ Ստեփանակերտում, և, վստահ եմ, նաև հանրապետության մյուս բնակավայրերում մարդիկ գիտակցում են օրվա կարևորությունը, և, ինչպես սովորաբար լինում է, արցախցիները վճռական պահերին կարողանում են միահամուռ լինել, իմաստնություն ցուցաբերել։ Ես համոզված եմ, որ այսօրվա ընտրությունների արդյունքներով մենք հերթական հաջողությունն ենք արձանագրելու պետականաշինության, ընտրական համակարգի կատարելագործման և, ընդհանրապես՝ երկրի առաջընթացի առումով։  Քվեարկել եմ հանուն Արցախի ապագայի, որն, իմ պատկերացմամբ՝ լինելու է կայուն, խաղաղ և դինամիկ զարգացող։ Գտնում եմ, որ նախորդ տարիներին մեր կուտակած փորձը շատ կարևոր նախադրյալներ է ստեղծել այդ ապագան կերտելու և ճիշտ ճանապարհով ընթանալու համար։
Մեկնաբանելով Եվրամիության բարձր հանձնակատարի հայտարարությունը ԼՂՀ նախագահական ընտրությունները չճանաչելու մասին՝ կարող եմ ասել, որ  եվրոպական որոշ կառույցների կողմից (կարծում եմ, հետագայում որոշ տեսակետներ կլինեն) հնչած հայտարարությունները նախորդ տարիների համեմատ, այս անգամ կարծես թե ավելի զուսպ են։ Երևում է, մեր հարևանների գործադրած ջանքերը միշտ չէ, որ հասնում են իրենց նպատակներին, բայց ամենակարևորը, կարծում եմ, այն է, որ որևէ երկրում ընտրական համակարգը կամ իշխանությունների ձևավորումը չի կարող կատարվել երրորդ երկրների կամ միջազգային կառույցների ոչ խորհուրդներով, ոչ հորդորներով։ Եվ ԼՂՀ-ն այստեղ բացառություն չէ։ Ինչպես 1991թ. սկսել ենք անկախության, ազատության, ինքնուրույն պետականության կերտման ճանապարհը, այնպես էլ 2012թ.՝ ավելի քան 20 տարի անց, իշխանական թևերի ձևավորումը  շարունակելու ենք միայն ու միայն ընտրությունների միջոցով։ Կարծում եմ, ժամանակի ընթացքում նույն եվրոպական կառույցների կողմից դա միայն ողջույնի է արժանանալու։
 
Կարեն ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ, ԼՂՀ քաղաքաշինության նախարար. 
- Հերթական նախագահական ընտրություններին ես ներկայացել ու քվեարկել եմ մեր երկրի զարգացման, բարգավաճման օգտին։ Կարծում եմ՝ իմ ընտրած թեկնածուն՝ ԼՂՀ գործող նախագահը, այդ առումով ամենահարմարն է։ Մենք երախտապարտ ենք նրան՝  այս հինգ տարիների բարեփոխումների, զարգացման համար, և համոզված, որ ընտրվելու պարագայում այն շարունակություն կունենա. հաջորդ 5 տարում ավարտին կհասցնենք սկսված ծրագիրը՝ ի շահ երկրի բարգավաճման։  
 
Կարեն ՆԵՐՍԻՍՅԱՆ, ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ.
- Ընտրությունների եկել եմ նորության, բարեփոխումների ակնկալիքով։ Կարծում եմ՝  նախընտրական շրջանում բոլոր թեկնածուների կողմից առաջարկված այդ փոփոխություններն  անհրաժեշտ են մեր պետության զարգացման այս փուլում։ Ուստի ով էլ ընտրվի, կարծում եմ, նոր մոտեցումներով կառավարում կիրականացնի։ Ժողովուրդը, իր վստահության քվեն տալով այս կամ այն թեկնածուին, իրական արդյունքներ է ակնկալում և՜ տնտեսության, և՜ սոցիալական ոլորտներում, ինչու չէ՝ նաև կադրային քաղաքականության առումով։ Կարծում եմ, ընտրությունները կունենան իրենց դրական ազդեցությունը հանրապետության միջազգային ճանաչման առումով ևս։ 
Ինչ վերաբերում է ընտրողներին, ապա, կարծում եմ, նրանք գիտակցում են իրենց ընտրության կարևորությունը. դրանից են կախված պետության ապագան, զարգացման ընթացքը։ Այսօր էլ տեսնում եմ, որ մեր ժողովուրդը բավականին ոգևորված է դուրս եկել ընտրությունների, սա նշանակում է, որ սպասելիքները մեծ են։ Ինչպես շատերը, ես նույնպես այսօր ընտանիքով ներկայացել եմ քվեարկության, սա հաճելի փաստ է, վկայություն մեր  ժողովրդի քաղաքացիական պատասխանատվության մասին։
 
Միքայել ՍԱՐԳՍՅԱՆ, Հայրենական մեծ պատեազմի վետերան. 
- Ակնկալիքս այն է, որ ընտրված  նախագահը ժողովրդի մասին մտածի։ Քանի որ  ժողովուրդը միայն ընտրության պահի ապահովման համար չէ։  Է՛, ինչ ասեմ, աշխարհը ծուռ է, ծուռ։ Իմ ընտրած թեկնածուից  ակնկալիքս այդ ծռայությունը շտկելն է։ Տեսնենք  ինչ կտան նոր ընտրությունները, սպասենք։ 
 
Զարա ՆԱԶԱՐՅԱՆ, լրագրող.  
- Ես անչափ տպավորված եմ նրանով, որ ժողովուրդը շատ մեծ ոգևորությամբ է մասնակցում ընտրություններին. եղել եմ բազմաթիվ ընտրատեղամասերում, և ամենուր դա նկատելի է։ Արդյունքներն ինչպիսին էլ լինեն, կարևոր է այն, որ մարդիկ հավատով, վստահությամբ են իրենց քվեն տալիս, նոր դրական փոփոխությունների ակնկալիքով։ Ինչ վերաբերում է կազմակերպվածությանը, ապա այն հրաշալի էր, սա անկեղծ եմ ասում. առանց ավելորդ աժիոտաժի, ամեն ինչ հստակ, պարզ։ Այս առումով, կարծում եմ, շատ երկրներ, նույնիսկ զարգացած, կարող են նախանձել Լեռնային Ղարաբաղին։
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ