[ARM]     [RUS]     [ENG]

ՍԱՖԱՐՈՎԻ ՙԴՐԱԿԱՆ՚ ՍԻՄՎՈԼԻԶԱՑԻԱՆ, կամ՝ Երբ էթնիկական հանրույթը չի հաղթահարել էթնոգենեզի բարբարոսության փուլը

Առհասարակ, վեհության մոլուցքն ու ամենազորության զգացումը դասվում են հնամենի (արխաիկ) էթնոպաշտպան գործընթացների շարքը: Այդպիսին է, օրինակ, ոչնչացման ծեսը, որը պարանոիդալ սարսափներից ազատվելու ուղի է համարվում (Ա. Նալչաջյան): Ժամանակին Բուդապեշտում ադրբեջանցի սպայի կողմից հայ գործընկերոջը կացնահարելու փաստը 2004 թվականին ցնցեց բոլորիս միտքն ու հոգին: Եվ ավելի նողկալի ու վայրագ արարք, քան քնած մարդուն կացնահարելն է, երևի հնարավոր չէր պատկերացնել:

Կրկնակի ցնցող էր Սաֆարովի՝ Ադրբեջան տեղափոխելն ու այս երկրի նախագահի կողմից ներում շնորհելու լուրը: Բաքվի իշխանությունների՝ կատարածի նկատմամբ ցուցաբերած խրախուսական դիրքորոշումը և ՙհերոսին՚ (իրենց պատկերացմամբ) ակնհայտ առանձնաշնորհումներ կատարելը, մեղմ ասած, նորից ընդգծում է հայերի նկատմամբ ունեցած ագրեսիվ վերաբերմունքի գոյության փաստը: Այս երևույթն իսկապես արխաիկ էթնոպաշտպան այնպիսի գործընթաց է հիշեցնում, ինչը սովորաբար օրինաչափ է դիտվում ձևավորման ու զարգացման նախնական փուլում գտնվող էթնիկական հանրույթների համար: Տեղի ունեցածը թույլ է տալիս ենթադրել, որ Ադրբեջանի ազգային ինքնապաշտպանական ռեպերտուարը կշարունակվի մնալ խիստ վտանգավոր, քանի որ հագեցած է ապամարդկայնացնող՝ արխաիկ երանգներով:
 Ռամիլ Սաֆարովին տարվա մարդ համարելն, ըստ էության, ադրբեջանցիների էթնիկական սիմվոլիզացիայի տիպիկ դրսևորում է, որը, որպես կանոն, նրանց համար կդառնա հոգեբանական նույնացման ու ներքնայնացման օբյեկտ:
Ադրբեջանական ՙԶերկալո՚ թերթի համարներից մեկում դեռևս 2004-ին այսպես է արտահայտվել Ադրբեջանի մարդու իրավունքների  պաշտպան Էլմիրա Սուլեյմանովան. ՙՌ. Սաֆարովը պետք է ադրբեջանական երիտասարդության հայրենասիրության օրինակը դառնա՚, իսկ Միլլի մեջլիսի պատգամավոր Ջահիդ Օրուջը  Սաֆարովի արարքի կապակցությամբ ասել է. ՙԵթե մենք այսօր չկարողանանք պաշտպանել Ռամիլ Սաֆարովին, ապա վաղը ոչ մի ադրբեջանցի անհրաժեշտության դեպքում զենք չի բարձրացնի հայերի դեմ՚: Այստեղ հստակ երևում է նպատակաուղղված էթնիկական սոցիալականացման, հետևապես և՝ կարծրատիպացման հոգեբանական խորքը: Ադրբեջանական մամուլի ուսումնասիրությունը Սաֆարովի արարքի նկատմամբ բացահայտում է գերարդարացման էֆեկտի առկայությունը (Overjustification effect), երբ մարդկանց գնահատում են այն բանի համար, ինչն առանց այն էլ հաճույքով են կատարել: Այսպիսի էֆեկտի արդյունքում մարդն իր արարքները կամ գործողությունները դիտարկում է ոչ թե իր ներքին մոտիվացիայի տեսակետից, այլ որպես արտաքին ղեկավարման արդյունք: Այսպիսի գերարդարացման էֆեկտի արդյունքում, անշուշտ, խրախուսվեց Սաֆարովի արարքը, իսկ նրա մարդկային կերպարը դառնում է որպես դրական և ընդօրինակման արժանի:
Կարծում ենք՝  Ադրբեջանի իշխանությունների այսօրվա պահվածքը հոգեբանական տեսանկյունից ինչ-որ առումներով օրինաչափ է, քանի որ այդ էթնիկական հանրույթը լիարժեք էթնոգենեզի գործընթաց չի ապրել և մնացել է բարբարոսության փուլում: Հայրենիքում նրան դիմավորելու ամբողջ ծիսակարգը կրկին վկայում է ադրբեջանական էթնիկական հանրույթի մանկամտության մասին: Այդ չափազանցված մեծարումն իրականում ընդգծված հոգեբանական ինքնապաշտպանություն է, որը ժամանակավորապես հագուրդ կտա Իլհամ Ալիևի թերարժեքության դրսևորումներին:
Չմոռանանք, որ էթնիկական պատկանելության ու էթնիկական ՙմենք՚-ի զգացում ադրբեջանցիներին ի սկզբանե բնորոշ չի եղել: Նրանց ուշադրության կենտրոնում սոսկ մանր կենցաղային խնդիրներ էին: Էթնիկական ինքնորոշման հարցը ծագեց շատ ավելի ուշ, որին ամեն կերպ նպաստում էին Մոսկվայի իշխանությունները: Ազգային պատկանելության գաղափարախոսություն չունեցող այս եկվորներն էթնիկական տեսակետից խայտաբղետ էին. նրանց մեջ էին թալիշներ, թաթեր, լեռնային հրեաներ, ուդիներ, մահմեդականացված վրացիներ և այլն: Ադրբեջանցիների մոտ բացակայում էր էթնիկական պատկանելության զգացումը, ինչը խոսում էր էթնիկական տարբերակման այնպիսի գործոնների բացակայության մասին, ինչպիսիք էին պատմական հիշողությունը, հետևապես հուզական ուժեղ կապի բացակայությունը անցյալի հետ, նախնիների մասին ավանդույթները, ազգային ու պրոֆեսիոնալ մշակույթը և այլ արժեքներ: Եվ նույնացման համապարփակ պահանջմունքը, որը մարդուն մղում է աուտենտիկ (իսկական, վավերական) սոցիալական կարգավիճակի  որոնման, չէր կարող ստանալ իր  լիարժեք բավարարումը: Ադրբեջանցին չուներ և չէր կարող ունենալ էթնիկական ինքնագիտակցության կարևորագույն տարրերից մեկը՝ նախնիների վարքային չափանիշը: Փաստորեն ադրբեջանցիները գտնվում են իրենց էթնոգենեզի նախնական շրջանում, և ցավալի է, որ որպես չափանմուշային կերպարներ ընտրվում են Սաֆարովի նմանները: Ու հենց այսպես են ձևավորվում հիվանդագին ինքնավեհացում ունեցող էթնիկական խմբերի առասպելները: Միջազգային հանրության ամենատես աչքի առաջ ձևավորվեց Սաֆարովի կենդանի միֆը, որն այսօր արդեն մոդալ (եղանակավորող) անձ է Ադրբեջանի երիտասարդության ու աճող սերնդի սոցիալականացման համար:
Եթե քաղաքակիրթ աշխարհն արժանի գնահատական չտա տեղի ունեցածին, ապա ցեղասպանության սկզբունքները արդարացված լինելով հոգեբանական պլանում՝ կսկսեն նպաստել այնպիսի մի երևույթի զարգացմանը (հատկապես երիտասարդության շրջանում), ինչպիսին դեսակրալիզացիան է: Սա հոգեբանական այն անառողջ ինքնապաշտպանությունն է, որը տեղի է ունենում համամարդկային արժեքներից ու բարոյականությունից հիասթափված երիտասարդության շրջանում: Եվ մեկ անգամ երեսպաշտություն ճաշակած երիտասարդը երկրորդ անգամ չի էլ դիմում մեծահասակի ճիշտ խորհրդին կամ լսում նրա հորդորը: Այս առումով համամարդկային արժեքների տեսանկյունից Սաֆարովի արարքին ճիշտ գնահատական տալը բարոյական ու գաղափարական դաստիարակության հզոր ուժ ունի:

 

 

Լուսինե ՂԱՐԱԽԱՆՅԱՆ
Հոգեբան