[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆՔ՝ ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ԵՆ ՍՏԱՆԱԼՈՒ

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած՝ Հունգարիայի և Ադրբեջանի ամոթալի գործարքը՝ կապված մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից հայրենիք արտահանձնման հետ, բնականաբար, առաջացրել է հայ ժողովրդի ցասումն ու վրդովմունքը։ Այդ կապակցությամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում տեղի են ունենում բողոքի տարաբնույթ ակցիաներ։

Արցախի պետական համալսարանն առաջիններից մեկն արձագանքեց մարդկության դեմ ուղղված այդ խայտառակությանը։ Դեպքի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 1-ին, ԱրՊՀ-ում առաջին կուրսեցիների հետ կայացած հանդիպման ժամանակ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նրանց իրազեկեց  տեղի ունեցածի մասին, ինչն էլ համարժեք արձագանք ստացավ։
ԱրՊՀ ռեկտորատի սեպտեմբերի 5-ի նիստի օրակարգում մեկ հարց էր՝ հակահայկական այդ նողկալի արարքի դատապարտումը։
Բացելով նիստը՝ ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը նշեց, որ Սաֆարովի ազատ արձակումը նսեմացնում է այդ երկրներում օրենքի գերակայությունը և վտանգում տարածաշրջանի խաղաղությունը։
Նիստի մասնակիցներն իրենց  բողոքի ձայնը բարձրացրին Հունգարիայի կառավարության կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ, ով հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Այդ դաժան սպանությունը տեղի է ունեցել 2004թ.,  Բուդապեշտում՝ ՆԱՏՕ-ի ՙԳործընկերություն հանուն խաղաղության՚ ծրագրի շրջանակում անցկացված  դասընթացների ժամանակ։ 
Դատապարտելով Հունգարիայի ու Ադրբեջանի հակամարդկային արարքը՝ ելույթ ունեցողները վերհիշեցին Ադրբեջանի կողմից հայ ազգի հանդեպ կատարված ոճրագործությունների աղաղակող փաստերը, այն համոզմամբ, որ բոլոր ժամանակներում էլ թուրքը մնացել է նույնը։ ՙՄենք պետք է ուժեղացնենք մեր գաղափարական-քարոզչական աշխատանքը և միշտ պատրաստ լինենք պատերազմի. սա է հուշում նաև տեղի ունեցածը՚,- ասաց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Կարեն Արամյանը։ Պատմական գիտությունների թեկնածու Վալերի Ավանեսյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց պատմական մի փաստի՝ 1526թ. օգոստոսի 29-ին Նոր խաչի մոտ տեղի ունեցած ճակատամարտի վրա։ Մի կողմից թուրք-օսմաններն էին, մյուս կողմից՝ հունգարացիները՝ Լայոշ 2-րդ թագավորի գլխավորությամբ։ Հունգարացիները պարտվել են այդ ճակատամարտում և 150 տարի ապրում էին օսմանյան տիրապետության տակ։ Եվ ցավալի է, որ Հունգարիայի վարչապետը մոռացել է այդ աղաղակող փաստը, ասաց Վալերի Ավանեսյանը։
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Գագիկ Բաղունցի խոսքերով՝ ալիևյան վարչախումբն ավելի վտանգավոր է, ավելի լկտի ու անամոթ։ Նա  թքած ունի միջազգային հանրության, համամարդկային նորմերի ու սկզբունքների վրա։
Ադրբեջանի այս ցինիզմը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Դա տհաճ ուղերձ է ԵԱՀԿ համանախագահների և բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցման օգտին. այսպիսին էր ռեկտորատի անդամների ընդհանուր կարծիքը։
Նիստի ավարտին ԱրՊՀ ռեկտորատը հանդես եկավ Հունգարիայի և Ադրբեջանի վարքագիծը դատապարտող հայտարարությամբ։

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՀԱՆՑԱԳՈՐԾ
ՈՒ ՀԱՅԱՏՅԱՑ ԵՐԿԻՐ
ՙԱԱ՚-ի հետ իրենց մտորումները կիսեցին
ԱրՊՀ դասախոսները

Ստեփան ԴԱԴԱՅԱՆ,
ԱրՊՀ ռեկտոր.
- Որ Ադրբեջանը գնաց նման ստոր արարքի՝ մեզ համար պարզ է։ Իսկ Հունգարիայի վարքագիծը մի կողմից մտահոգություն է առաջացնում, մյուս կողմից՝ զայրույթ ու վրդովմունք։ Թուրքը մնաց թուրք՝ ինչպես միշտ։ Իսկ քաղաքակիրթ Եվրոպա՞ն։ Ի՞նչ է, պատմությունը դաս չդարձա՞վ… Եթե ոչ՝ հիշեցնում ենք՝ հայ ժողովուրդը չի ների այդ վայրասուն գործարքը։ Համոզված եմ՝ արժանի հակահարված են ստանալու և՜ Ադրբեջանը՝ որպես հանցավոր երկիր, և՜ Հունգարիան՝ որպես հանցանքը և ոճրագործությունը պարտակող։

Վահրամ ԲԱԼԱՅԱՆ,
ԱրՊՀ պրոռեկտոր.
- Քաղաքական վերջին զարգացումները նորից ապացուցեցին, որ Ադրբեջանը շարունակում է մնալ որպես հանցագործ և մարդատյաց երկիր, ուստի նրա հետ որևէ հարաբերություն ունենալը վտանգավոր ու անհեռանկար է։ Աշխարհը ամենայն հավանականությամբ հասկացավ, որ արցախահայության ազգային-ազատագրական պայքարը սոսկ տարածաշրջանային նշանակություն չունի, այն միտված է նաև համամարդկային արժեքների պահպանմանն ու բազմապատկմանը։ Ուրեմն՝ ժամանակն է ճիշտ հետևություններ անել։

Արզիկ ՄԽԻԹԱՐՅԱՆ,
ԱրՊՀ պրոֆեսոր, հոգեբան.
- Հայ կինը նույնիսկ օրորոցայինով արթնության է կոչել մանկանը՝ ՙԶարթիր, լաո, վտանգված է մեր էրգիր՚, հավանաբար դարերի համոզմամբ, որ թուրք ենիչերին չի խնայի անգամ քնած մանկանը, որ մանուկն անգամ պետք է պահապանը դառնա իր երկրի ու հայրենիքի։ Հեռավոր Հունգարիայում իր նախնիներից կես քայլ անգամ հեռու չկանգնած նորօրյա թուրք ենիչերին ՙհերոսացավ՚՝ քնած հայորդուն կացնահարելով։ Նողկալի ոչնչություն…
Իզուր չէ ասված, որ ձիթենու ճյուղը բորենու բերանը դնելով՝ նրան աղավնի չես դարձնի։ Սակայն բորենի է ոչ միայն քնած մարդու վրա ձեռք բարձրացնող տականքը, այլև բորենի են բոլոր այն մարդիկ, ովքեր ոչ միայն չդատապարտեցին, այլև, ընդհակառակը, փառաբանեցին ոճիրը։
Ժամանակին Անգլիայի իշխանավորներից մեկը՝ Ուինսթոն Չերչիլը, նշել է. ՙՀայ ժողովրդի ողբերգությունն այն է, որ նրա արյունը շատ ավելի թեթև է, քան նավթի կշիռը՚։ Մարդը լավ էր սերտել ոսկու ու նավթի լեզուն և գիտեր, որ աշխարհում համամարդկային հումանիզմի շղարշի տակ դեռևս շարունակվում են շահամոլությունն ու հուդայականությունը։ Եվ այսօր չերչիլյան տրամաբանությամբ եղավ օրինաչափ երևույթ՝ Հունգարիայի իշխանավորների սրտի միջով արյան փոխարեն հոսեց 30 արծաթանոց (թող որ լինի 3 միլիարդանոց) կեղտոտ նավթը։
Ժամանակին էլ Թուրքիան էր հովանավորում Գերմանիային, և ֆաշիզմի նախահայր Վիլհելմ 2-րդը ցեղասպանության գլխավոր դահիճ Թալեաթ փաշային պարգևատրեց ՙՍև արծիվ՚ շքանշանով։
Այսօր չենք զարմանում, որ Հունգարիայի իշխանավորները վիլհելմական կեցվածքով ոչ են ասում միջազգային իրավունքի նորմերին ու համամարդկային բարոյականությանը։
Համախմբվե՜ք, հայեր, դուք, որ  ցրված եք աշխարհով մեկ և հայոց ազգային ցավն եք պատմում երկրագնդի տարբեր ծագերում, ամեն մեկդ իբրև մի Թեհլերյան՝  կանգնե՜ք ու պահապանը դարձե՜ք Հայոց Մեծ Տան, բոլոր հայերիս Հայրենիքը դարձած Արցախ-Հայաստանի ու Հայի Պատվի։

 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ