[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷՅՖՈՐԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԲՆՈՒՅԹ Է ԿՐՈՒՄ Իսկ ռասիզմի քաղաքականությունը կասկածի տակ է դնում ալիևյան վարչակարգի ապագան

Անցնող շաբաթվա ամբողջ ժամանակաընթացքում ականատես եղանք  միջազգային հանրության ակտիվ արձագանքներին, ինչը հայ սպային կացնահարած ազերի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու անմիջական հետևանքն էր։ Արձագանքներից զատ՝ այդ խայտառակ գործարքն իրականացնող երկու պետություններում՝ Ադրբեջանում և Հունգարիայում, սկսեցին ծավալվել  ներքաղաքական իրադարձություններ, որոնք  առավել քան ուշագրավ են, քանզի այդ գործարքի տրամաբանական շարունակությունն են։ Այդ երկրներից յուրաքանչյուրում տեղի ունեցող իրադարձությունները յուրովի բնութագրում են նրանցում իշխող բարոյական արժեքները, ներքին խնդիրներն ու հասարակական գիտակցության աստիճանը՝ հընթացս բացահայտելով մի շարք իրողություններ։

Դա միանգամայն բնական է, ի վերջո, ամեն մի գործողության հետևում պետք է փնտրել դրդապատճառն ու հետևանքը, և ամենակարևորը՝ պատկերացում կազմել տվյալ երկրում իշխող վերնախավի նկատմամբ հասարակական վերահսկողության մշակույթի մասին։ Տեսանք, թե ինչպես Ադրբեջանում գրեթե պետական տոնի  վերածվեց մարդասպանին ներում շնորհելը. շարունակվում են ցույցերն ու նրա հերոսացման արարողությունները։ Այդ հասարակության գործողությունների հիմքում հայատյացությունն է, ժամանակակից ֆաշիզմը, որը վերածվել է պետական քաղաքականության։ Ադրբեջանական ողջ քարոզչամեքենան այդ կեղտոտ գործարքը կապեց ղարաբաղյան խնդրի հետ՝ միջազգային պարսավանքի արժանացած երևույթին քաղաքական աստառ տալու, ստորությունն արդարացնելու միտումով։  Իսկ Հունգարիայում, հակառակը, առողջ ու դատող ուժերն ամոթից գլուխները կախել են հայ ժողովրդի առաջ։ Այնտեղ նույնպես մարդիկ փողոց են դուրս եկել, սակայն նրանք դուրս են եկել դատապարտելու և անարգանքի սյունին գամելու իրենց վարչապետ Վիկտոր Օրբանին, ով միանգամից ծանր հարված հասցրեց հունգար ժողովրդի արժանապատվությանը։ Ընդդիմադիր  կուսակցություններն իրար ետևից հանդես են գալիս երևույթը դատապարտող հայտարարություններով։ Երկու երկրներում կեղտոտ գործարքի ետևում բռնապետներ են, բայց երկու դեպքերում հասարակությունները դրսևորում են իրար հետ ընդհանրություն չունեցող, տրամագծորեն հակառակ վարքագիծ։ 
Անհնար է անուշադրության մատնել այն հանգամանքը, որ մինչ այդ գործարքի բացահայտումը՝ Ադրբեջանում հերթական ներքաղաքական խմորումներն էին սկսվել. այս անգամ աղմուկ էր բարձրացվել ընդդիմադիր գործիչներից մեկի՝ Ա. Քերիմլիի անվան շուրջ, ում ալիևյան կլանը որոշել էր մեղադրել երկրի նախկին նախագահ Էլչիբեյի դիտավորյալ սպանության մեջ։ Եվ ահա Սաֆարովի հետ կապված նորությունը կտրականապես փոխեց իրադրությունը երկրում։ Իշխանությունն ու ընդդիմությունը մի պահ իրար մոռացան, Ալիևի վարկանիշը կտրուկ աճեց՝ կապված  Սաֆարովի արտահանձնումը կազմակերպելու հետ, և նա սեփական ժողովրդի աչքում ներկայացավ որպես ՙհոգատար՚ առաջնորդ։
Այս օրերին զանգվածային  լրատվամիջոցներում տեղ գտած  հրապարակումներում հաճախակի էր շեշտվում այն միտքը, որ Ալիևը շատ բարձր գին է վճարել հանցագործի համար՝ Սաֆարովի կյանքը գնահատելով մոտ երեք միլիարդ եվրո։ Իրականում, պետք է ասել, որ նախագահը գնահատել է իր՝ հասարակության աչքում արդեն իսկ կորսված վարկանիշի փրկագինը։ Դատելով ադրբեջանական աղբյուրներից՝ հայ սպային քնած վիճակում սպանած տականքին պատժից ազատելն ադրբեջանական հասարակության համար հերոսություն է։ Իլհամ Ալիևի համար նշանակություն չունի, թե ինչ ճանապարհով է բարձրացնում իր վարկանիշը, ինչպես ասում են, նպատակն արդարացնում է միջոցները։ Սակայն երկրի ներսում հեղինակությունը բարձրացնելով՝ նա միջազգային հանրությանը ներկայացավ զրոյական վարկանիշով։
Բաքվում բավականին ակտիվ են աշխատում Իլհամի օգնականները, ովքեր սեփական անկյալ նախագահին աջակցելու համար պատրաստ են մոգոնել ցանկացած ապուշություն։ Այսպես, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության դեմքերից մեկը, ոմն Աբդուլաև, ասուլիս է հրավիրել՝ ասելու համար, որ Ռամիլ Սաֆարովի հարցը պետք է դիտել լեռնայինղարաբաղյան խնդրի և ՙադրբեջանական տարածքների օկուպացիայի՚ համատեքստում։ Բա չե՞ք ասի՝ այդ Ռամիլը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունից տուժածներից է։ Ազերական դիվանագիտական ՙմիտքը՚  չի մոռացել նաև նրան փախստականի կոչում տալու մասին։ Աբդուլաևի նպատակներից մեկն էլ այն էր, որ բացատրի, թե փարիզյան հանդիպմանը միջնորդներն ինչ են ասել  իրենց արտգործնախարար Է. Մամեդյարովին, կարծես մարդկության  համար անհասկանալի է մնացել միջնորդների հետ ադրբեջանական այդ պաշտոնյայի հանդիպման բուն նպատակը։ Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի և Հունգարիայի միջև տեղի ունեցածի կապակցությամբ, իսկ Ադրբեջանի արտգործնախարարության հիշյալ պաշտոնյան ասում է, որ Սաֆարովի հարցը կապված է ղարաբաղյան հակամարտության և մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների հետ։ Այստեղ արժե անպայման շեշտել, որ բոլոր ազերիները բոլոր ժամանակներում փախստականի կարգավիճակով են ապրել, քանի որ պատմական հայրենիք չեն ունեցել։
Այդ  նույն Աբդուլաևն այնուհետև հայտարարել է, որ մարդասպանի արտահանձնումը չի ուղեկցվել միջազգային չափանիշների խախտումով, և հարցը լուծվել է Ադրբեջանի և Հունգարիայի հարաբերությունների շրջանակներում։ Պարզ է, Աբդուլաևը միջազգային չափանիշ ասելով հասկանում է Մուհամեդ մարգարեից իրենց պատգամված առք ու վաճառքի օրենքը՝ մի բան պիտի տաս, որ փոխարենը մեկ այլ բան ստանաս։ Ադրբեջանն ի՞նչ ունի տալու աշխարհին. միայն փող, որը գալիս է նավթի ու գազի վաճառքից։ Ադրբեջանն իրենից ներկայացնում է ոչ թե պետություն, այլ մի մեծ վաճառասեղան, և իր հարաբերությունները կառուցում է այն պետությունների հետ, ովքեր մոտենում են այդ վաճառասեղանին։ Ուղղակի ցավալին այն է, որ դրան կարող է մոտենալ նաև քաղաքակիրթ հասարակություն ունեցող պետության կառավարության ղեկավարը։ Հենց այդ քաղաքակիրթ հասարակության ճնշման ներքո այդ երկրի կառավարության ղեկավարի քայլը պարսավանքի է արժանանում մտավորականության, քաղաքական և հասարակական ուժերի կողմից։ Հունգարացի քաղաքագետ Զոլտան Բիրոն ՙԱզատություն՚ ռադիոկայանին տված հարցազրույցում անհրաժեշտ է համարել շեշտել, որ, իշխող կուսակցությունից բացի, մյուս բոլոր կուսակցությունները քննադատության են ենթարկել իշխանությանը։ Քաղաքագետը կարևորել է Հունգարիայի խորհրդարանական հանձնաժողովներում կառավարության պատասխանատվության հարցի շուրջ քննարկումներ կազմակերպելու 3 ընդդիմադիր ուժերի նախաձեռնությունը։ Հունգար ժողովուրդը դուրս է եկել փողոց և ներողություն է խնդրում հայերից։ Այդ երկրի նախկին վարչապետի նամակը ՀՀ նախագահին վկայում է այն մասին, որ Ալիևի նման բռնապետի հետ կեղտոտ տնտեսական գործարքի մեջ կարող է մտնել միայն նրա նման մեկ այլ բռնապետ։ Սակայն ադրբեջանական հասարակությունը չես համեմատի հունգարականի հետ։ Հունգարիայի քաղախացիները ներողություն են խնդրում, իսկ ադրբեջանական հասարակությունն, իրոք, հիվանդ է. նրան  այդ վիճակին է հասցրել ալիևյան կլանը, որի նպատակն ավելի քան պարզ է՝ հավերժ պահել իշխանությունը։
Համաշխարհային պատմությունը, սակայն, մեկ այլ բան է սովորեցնում. բռնապետությունները չեն կարող հավերժ գոյատևել, որովհետև դրանց հիմքերն ամուր չեն լինում, դրանք, որպես կանոն, չեն մարմնավորում ժողովրդի իշխանությունը։
Հարևան երկրում սկսված քաղաքական էյֆորիան, իսկապես, ժամանակավոր բնույթ է կրում։ Կանցնի մի որոշ ժամանակ, և իշխանությունը ՙկհիշի՚ ընդդիմությանը, կամ հակառակը։ Բայց այս պարագայում սա չէ ամենակարևորը. ադրբեջանական հասարակությունը նախևառաջ պետք է հրաժարվի ռասիզմի գաղափարախոսությունից, որին դավանող ո՜չ մի երկիր ո՜չ մի ժամանակ լավ ապագա չի ունեցել։ Այդ հասարակությունը պետք է համոզվի, որ Ալիևն իրոք գլխացավանք է երկրի համար, որ օր առաջ պետք է ազատվել այդ բռնապետից՝ միջազգային հանրության հետ նորմալ հարաբերություններ կառուցելու և նրա հարգանքին արժանանալու համար։

 

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ