Logo
Print this page

ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Այժմ շատ են խոսում ինքնիշխան  ազգային պետությունների վեստֆալյան  համակարգի  փլուզման մասին։ Երեսնամյա պատերազմից հետո ստեղծված  և ավելի քան երեք հարյուր հիսուն տարի միջազգային  հարաբերությունների  իրավական  էությունը  պարզորոշած  վեստֆալյան  համակարգը  յուրաքանչյուր  կառավարության համար ամրագրել է բացարձակ իշխանություն և երկրի  ներսում ուժի կիրառման մենաշնորհ։ Նրա քայքայումն  սկսվել է  Սերբիայի  նախագահ  Սլոբոդան Միլոշևիչին տապալելու  նպատակով  Արևմուտքի  ռազմարշավից, որն ավարտվեց Հարավսլավիայի  տրոհումով  և Բոսնիայի, ապա և  Կոսովոյի ստեղծումով։  Այդ իրադրությունը  կրկնվեց  արդեն  երկրորդ իրաքյան  պատերազմի ժամանակ, որը հանգեցրեց  Սադամ  Հուսեյնի  պաշտոնազրկմանը, Իրաքի  փաստացի  փլուզմանը  և  դե ֆակտո անկախ  Իրաքյան  Քրդստանի ստեղծմանը։ 
Ոչ լրիվ  տասը տարի հետո  Լիբիայում  տեղի ունեցած  իրադարձությունները  հանգեցրին արդեն նրա  առաջնորդ Մուամար  Քադաֆիի դաժան  սպանությանը։ Վեստֆալյան  համակարգի  ապակայունացման  գործում  իրենց ավանդը ներդրեցին  հետխորհրդային  տարածությունում ճանաչված  և չճանաչված  նոր  պետությունների  ստեղծումը  և այնպիսի  նախադեպերը, ինչպիսին է Հարավային  Սուդանի  կազմավորումը։
Ամենևին  պատահական  չէ, որ  ԱՄՆ-ի  նախկին  պետքարտուղար Հենրի  Քիսինջերի  և  Սիրիայում  ստեղծված  իրադրության շուրջ  հայեցակարգի  հեղինակ  Անի-Մարի  Սլոթերի  միջև վիճաբանությունները  հանգեցվեցին  ինքնիշխանության և  համաշխարհային  կարգի  հիմնախնդրին,  այսինքն՝  այն գլոբալ  և հիմնարար  հասկացություններին, որոնց  վրա  է հիմնվում  ժամանակակից  համաշխարհային քաղաքական  համակարգը։ 
Անի-Մարի  Սլոթերը  հեղինակն է  հումանիտար  ինտերվենցիայի  անհրաժեշտության մասին  հայեցակարգի, եթե պետությունը  ցեղասպանական  գործողություններ է իրականացնում։  Քիսինջերը մնում է  վեստֆալյան  համակարգի կողմնակից և գտնում է, որ Արևմուտքի  հումանիտար  ինտերվենցիաները Մերձավոր Արևելքում խախտում են  ինքնիշխանության  սկզբունքները։ Վեստֆալյան  համակարգի  մեկնությունը, որն  առաջարկում է  Քիսինջերը, բախվում է մի շարք  էմպիրիկ հիմնախնդիրների։ Վեստֆալյան համակարգն  ավելի շուտ  մետաֆորա է,  և այն  շրջանցում է ինքնիշխանության հայեցակարգը՝ կատարելով  իրավական  նորմերի ոչ ձևական  բազմությունը կարգավորելու  խնդիրը։ 
19-րդ դարում  ինտերվենցիան  համաշխարհային  քաղաքական  համակարգում  կարող էր մի քանի  տարբեր ձևեր ընդունել։ Ինտերվենցիան  և պետության ներքին գործերին  միջամտելը  հավանություն էին գտնում, եթե նրա՝  այդ պետության,  գաղափարախոսությունը սպառնալիք էր ներկայացնում  մնացած  պետությունների  համար։  Հեղափոխական  Ֆրանսիային ոչ ոք լիովին չէր  վստահում  ֆանատիզմի, սեփական  քաղաքացիների  հանդեպ  ահաբեկչության  և  գաղափարախոսությունը  արտասահման արտահանելու  ցանկության պատճառով։  Ինտերվենցիան  հնարավոր է եղել  ոչ պետական իռեգուլյար (անկանոն)  խաղացողների՝ ծովահենների, ելուզակների  դեմ։ Ըստ որում  անթույլատրելի է  համարվել այս կամ այն  պետության  սահմանները խախտելը, քանի որ  դրանք իրենց  հետ սպառնալիք  էին բերում  միջազգային  կապուղիներին։ Եվ, վերջապես, այն դեպքերը, երբ Եվրոպայի բնակչությունը համակրանքով  էր վերաբերվում  այն ժողովուրդներին, որոնց  պաշտպանության համար  հումանիտար  ինտերվենցիաներ էին կազմակերպվում և անցկացվում։ 
Ամբողջատիրական 20¬րդ դարում  ինտերվենցիայի  բոլոր երեք  տեսակները կարող էին միախառնվել  բոլշևիզմի, քեմալիզմի և նացիզմի շրջանակներում, որոնք  գաղափարախոսական  պատերազմներ էին վարում և քաղաքականությունը  դիտում էին որպես  պատերազմի  շարունակություն։  Այդ պայմաններում  ինքնիշխանության  սկզբունքները դառնում էին պայմաններ  և  հաճախ խախտվում էին  նույն  Արևմուտքի  կողմից, որպեսզի  դիմակայի  ամբողջատիրական  գաղափարախոսությանը։ 
21-րդ դարում  Արևմուտքը  հումանիտար  ինտերվենցիայի  փաստարկը  վերստին  օգտագործում է  ամբողջատիրական և  ավտորիտար  ռեժիմների դեմ և  խախտում  ինքնիշխանության սկզբունքները, որպեսզի  դիմակայի  վտանգավոր  գաղափարախոսություններին, հումանիտար  ոճրագործություններին և  անկանոն  խաղացողներին։ Ըստ այդմ  ԱՄՆ-ը  միաժամանակ բոլոր երեք տիպի փաստարկներն օգտագործում է  ինտերվենցիան  արդարացնելու համար, ինչպես դա եղել է նույն 20-րդ  դարում։  Ըստ որում՝ փաստարկները  ձևակերպվում են հերթական՝  ՙգլոբալ պատերազմի՚ գաղափարախոսության շրջանակներում։ 
Ինքնիշխանության համար  շատ ավելի լուրջ հիմնախնդիր է  հանդիսանում  սպառնալիքը վերազգային  խմբերի կողմից, որոնք  բացարձակ  նպատակներ  են դնում  իրենց առաջ։ Վճռելով  հարված  հասցնել այդպիսի խմբերին, ԱՄՆ-ը և այլ պետություններ  հակասության մեջ են մտնում  ինքնիշխանության  սկզբունքների հետ։ Համանման  հիմնախնդիր է ծագում, երբ որոշում է  ընդունվում  մտնել  փլուզվող  պետությունների տարածքները։ Եվ այդ տեսակի  հիմնախնդիրներն այդպես էլ իրենց  լուծումը չեն գտել միջազգային իրավունքի  շրջանակներում։  Այդ պատճառով՝ պատասխանելով այն հարցին, թե ով է ձեռքից տվել  վեստֆալյան  համակարգը, կարելի է պատասխանել,  որ ոչ ոք, քանի որ  խոսքը գնում է  իդեալական  կառուցվածքի,  միջազգային  հարաբերությունների  շրջանակի մասին, որը միշտ հետ է մնացել միջազգային հարաբերությունների համակարգի իրական վիճակից։ 
Մյուս կողմից էլ՝ հարկ է նշել շատ ավելի  նվազ  նկատելի մի իրադարձություն,  որը մեզ  վերադարձնում է  1648 թվականին Վեստֆալյան  հաշտության  պայմանագրի  ուժի մեջ մտնելու դարաշրջանը։ Խոսքը  գնում է, թվում է, պատմության  գիրկն անցած  ավանդական  կայսրությունները  մեծ ասպարեզ  վերադառնալու  մասին։  Մեծ  Մերձավոր  Արևելքում  և Կենտրոնական Ասիայում  Թուրքիան  իր նոր  ձեռք բերած  տնտեսական  ու քաղաքական  զորությունն օգտագործում է  իր ազդեցությունն այն բազմաթիվ  երկրների վրա  տարածելու համար, որոնք  մի ժամանակ մտնում էին Օսմանյան  կայսրության կազմի  մեջ։  Մոսկվան,  իր իշխանությունն ու  ազդեցությունը  օգտագործելով՝  փորձում է  հետխորհրդային  տարածությունում վարել մի  քաղաքականություն, որը  կարող է դիտվել  որպես Ռուսական կայսրության  ՙհողերի հավաքում՚։  Ռուսաստանի և Թուրքիայի  կայսրապետական  ժառանգությունը  նրանց  խթան է տալիս  սեփական կարևորությունը  ոչ միայն  տարածաշրջանային, այլև համաշխարհային  ասպարեզում  մեծացնելու համար։ 
Բնականաբար, այս պետությունների միջև մրցակցություն և  բախումներ  գոյություն ունեն։ Թուրքիան ու Ռուսաստանը պայքարում են Կենտրոնական Ասիայում  և Կովկասում  ազդեցության համար։ Բայց  նրանք համաձայն են այն  բանում, որ Միացյալ Նահանգները չպետք է  այլևս  իրենց մենաշնորհը  համարեն գլոբալ  վճիռներ ընդունելու գործընթացը։  Նրանք մերժում են  ներկայիս  կարգը՝ այն անվանելով հնացած,  և համաձայն չեն  ինքնաբերաբար  ընդունել ամերիկյան  առաջատարությունը  որևիցե հարցում։ 
Դե ֆակտո չգործող  վեստֆալյան  համակարգի հարցում  ներկայիս  իրավիճակի  պարադոքսը կայանում է այն բանում, որ գոյություն չունի  պարզորոշ  կերպով արտաբերված  նախաձեռնություն գլոբալ  խորհրդաժողով  հրավիրելու մասին, որը պետք է  միջազգային  հարաբերությունների  նոր կանոններ  մշակի իրենց  հրատապությունը  կորցրածների փոխարեն։ 
Այժմ աշխարհն  ստիպված է խուսանավել  խափանումներ տվող  Վեստֆալի  և միջազգային  անարխիայի  միջև։  Աննա-Մարիա Սլոթերը  գտնում  է, որ պետք է նոր աշխարհակարգ հաստատվի՝ հիմնված  ինքնիշխանության  վրա՝ որպես  պատասխանատվության։ Տվյալ տեսակետն  ու  մոտեցումը  կիսում է  Օբամայի  վարչակազմը։  Երբ այս կամ այն  պետությունն անցնում է սահմանագիծը և ակնհայտորեն  ցեղասպանական  վարք ցուցադրում, կատարում  մարդկայնության դեմ  հանցագործություն,  էթնիկական  զտումներ և այլն, աշխարհը  պարտավոր է  գործել՝  հենվելով ՄԱԿ-ի կամ  տարածաշրջանային  կազմակերպությունների  մանդատի վրա, որպեսզի  կասեցնի  հանցագործությունները։ 
Սակայն բարոյական սկզբունքներն  ուղղակիորեն  միջազգային  իրավունքի մեջ  մտցնելը շահարկային  (սպեկուլյատիվ) և  սուբյեկտիվ   է  դառնում՝ թույլ տալով, մի դեպքում, խոսել  ինտերվենցիայի  անհրաժեշտության մասին, ինչպես դա տեղ  գտավ Լիբիայում, իսկ  այլ դեպքերում՝ լռել, ինչպես դա առկա է Բահրեյնում,  Սաուդյան  Արաբիայում կամ Սուդանում։ Այլ  խոսքով՝ համապիտանի  (ունիվերսալ)  արժեքներն սկսում են օգտագործվել  այն երկրի ազգային շահերի  պաշտպանության համար, որը դրանք  օգտագործում է։ Հիմա  մեկ այլ  երկրի ներքին  գործերին  միջամտելու  հարցը լուծվում է ամեն անգամ  բացառապես  գործնականության, այսրոպեական շահերի տեսակետից։ 
Իրավիճակը փոխելու համար  անհրաժեշտ է ստեղծել  միջազգային  հարաբերությունների նոր և լավ  մշակված   տեսություն։ Առայժմ այն  գոյություն չունի,  որոշումներն  ընդունվում են հումանիտար նախադեպի  հիման վրա, որը   ճանաչվում  է  միջազգային  հարաբերությունների  ոչ բոլոր մասնակիցների կողմից։ Այսպիսի վիճակը  ոչինչ լավ բան իր հետ չի բերում և  մեկ անգամ  ևս հաստատում է այն  փաստը, որ միջազգային  հարաբերությունների  վեստֆալյան  համակարգը, որը բանել է դարեր  ի վեր, 21-րդ դարում  ծնում է  բազում  հակասություններ և վերանայվելու է։ Հարցը կայանում է նրանում, թե դա ինչ կերպ է կատարվելու. միջազգային  հարաբերությունների  տեսության նորացված  տարբերակի  համատեղ  մշակման  համար  գերտերությունների  և խոշոր  խաղացողների միավորման միջոցո՞վ, թե՞  ըստ  նոր՝ արդեն 21-րդ դարում  ՙերեսնամյա  պատերազմի՚  արդյունքների։ 
 
Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ  
Քաղաքագետ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.