[ARM]     [RUS]     [ENG]

ՙՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ՚ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ք. Ստեփանակերտ, 15 սեպտեմբերի 2012թ.

Մենք` Ստեփանակերտում անցկացված ՙՔաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում՚ առաջին ֆորումի մասնակիցներս, կարևորելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների քաղաքական կուսակցությունների համագործակցությունը և պարբերական շփումները երկու պետությունների կապերի սերտացման և փոխադարձ ինտեգրման, քաղաքական համակարգի զարգացման, համահայկական նշանակության, այդ թվում` ԼՂՀ միջազգային ճանաչման հարցերում, քննարկելով մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարները, ընդհանուր խնդիրները, տարածաշրջանում և երկու հանրապետություններում առկա իրավիճակը, կարևորեցինք.

1. Տեղեկատվական հասարակության դարաշրջանում նորագույն տեխնոլոգիաների կիրառությունը` կուսակցությունների ծրագրերը, գործունեությունը հասարակություններին իրազեկելու, Հայաստանի և Արցախի միջեւ համապարփակ տեղեկատվական փոխանակություն ապահովելու և այն միջազգային հանրությանը ներկայացնելու գործում,
2. Կուսակցությունների հետագա զարգացման համար պետական աջակցության ավելացումը, ինչն ավելի երաշխավորված կդարձնի հետևողական գործունեությունը` առաջադրված խնդիրները լուծելու և շոշափելի արդյունքներ ձեռք բերելու տեսանկյունից,
3. Երկու պետություններում քաղաքացիական հասարակության կայացումը, պետություն-քաղաքացիական հասարակություն առողջ համագործակցությունը և նրա ներուժի օգտագործումը` միջազգային ձևաչափերում Արցախի ու Հայաստանի հանրապետությունների անվտանգության խնդիրները և շահերը ներկայացնելու նպատակով,
4. Արցախի և Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցների փոխգործակցության ձևաչափերի ձևավորումը,
5. Արտաքին քաղաքականության ոլորտում կուսակցությունների խոր համագործակցությունը` ԼՂՀ համար ռազմավարական նշանակության հարցերն իրենց հասու խողովակներով և ինստիտուտներով միջազգային ատյաններում բարձրացնելու, առավելագույնս միասնաբար կամ փոխպայմանավորված հանդես գալու ԼՂՀ միջազգային ճանաչումը հասունացնելու նպատակով,
6. Արցախում ժողովրդավարական գործընթացների խորացումը, տարիների ընթացքում ընտրությունների որակի էական բարելավումը և բարեփոխումների շարունակականությունը` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետություններում միջազգային չափանիշներին համապատասխան քաղաքական համակարգ կառուցելու նպատակով:
Ֆորումի մասնակիցները որոշեցին պարբերական դարձնել նման միջոցառումների անցկացումը Արցախի Հանրապետությունում:

Հայաստանի Հանրապետական կուսակցություն
ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցություն
ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցություն
Արցախի ժողովրդավարական կուսակցություն
ՙՕրինաց Երկիր՚ կուսակցություն
Հայ Հեղափոխական Դաշնակցություն
ՙԺառանգություն՚ կուսակցություն
ՀՅԴ Արցախի կառույց